ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քաղաքացին օրենք է ստեղծում
Հայաստանի որոշ համայնքներ հրաժարվում էին տարածք տրամադրել «ՀայաՔվե»-ին՝ ստորագրահավաք կազմակերպելու համար: Պաշտոնյաներն իրավա-վարչարարական ինչ-որ դրույթների էին հղում անում, ինչին ի պատասխան նախաձեռնության անդամներն ասում են, թե ՀՀ իշխանությունները փորձում են խափանել ստորագրահավաքի գործընթացն ու տապալել նախաձեռնությունը: Իրականում ի՞նչն է խնդիրը: Անդրադառնալով հարցին՝ ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմանյանն «Ազգի»-ի հետ զրույցում նախ հիշեցնում է՝ ինչի մասին է նախաձեռնության առաջարկած օրենքի նախագիծը:
«Քրեական դատավարության օրենսգրքում» առաջարկում ենք կատարել լրացում առ այն, որ առաջին՝ Հայաստանի Հանրապետությունից հանդես եկող պաշտոնյան, որն իր գործողություններով Արցախը կճանաչի որեւէ այլ պետության կազմում, պատժվի 10-15 տարվա ազատազրկմամբ, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պաշտոնյան, որ կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ կնսեմացնի դրա վտանգավորությունն ու պատմական նշանակությունը, պատժվի 10-15 տարի ազատազրկմամբ: Պետք է նշել, որ այս գործընթացը կարգավորվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով:
Մեր դիմումներին մերժումով պատասխանած Երեւանի վարչական շրջանների ղեկավարները պատճառաբանում էին, թե իրենք իրավասու չեն տրամադրել տարածք, որ այդ իրավասությունը Երեւան համայնքի ղեկավարությանն է պատկանում, իսկ Երեւանի համայնքնապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դիրքորոշման էությունն այն էր, որ իրենք համայնքի սեփականության տարածք տնօրինման եւ օգտագործման կարող են տրամադրել միայն այն դեպքում, երբ դա առկա է իրենց ամենամյա պլաններում. դե իսկ 2023-ի համար Երեւանի քաղաքապետարանը չի պլանավորել հանրաքվեի գործընթաց: Այս միտքն առաջին հայացքից աբսուրդ է թվում, իրականում էլ աբսուրդ է, սակայն երբ հաշվի ենք առնում, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են մեր առաջարկած օրինագիծը չընդունվելու համար, ապա պարզ է դառնում, որ նրանց մնում է միայն նման աբսուրդ պատճառաբանություններ բերել: Ինչեւէ, նախաձեռնող խմբի եւ քաղաքացիների եռանդուն բողոքի ու աղմուկ բարձրացնելու արդյունքում Երեւանի քաղաքապետարանն օրեր անց հայտնեց, որ տրամադրում է տարածքներ, եւ արդեն քանի օր է՝ ստորագրահավաքն ընթանում է: Երեւանի վարչական շրջանների շենքերում»,- նշում է նա:
Միջազգայնագետը հասկանում է՝ որեւէ երաշխիք չկա, որ օրենսդրական փաթեթը խորհրդարան հասնելուց հետո ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից չի տապալվի: Բայցեւ վստահ է՝ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան մարդիկ, որ դեմ են Արցախի հարցում փաշինյանական վարչախմբի քաղաքականությանը, սակայն վախենում են ձայն հանել. «Իսկ ստորագրահավաքի ընթացքում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ տեղի կունենան լսումներ, քննարկումներ, քաղաքացիական պահանջի գործողություններ, հենց այս մարդիկ կարող են ներսից ազդել. դա իրենց իսկ շահերից է բխում, քանի որ իրենց ղեկավարությունը հավերժ չի իշխելու եւ երբ գա պատասխանատվության պահը, այդ պատասխանատվությունը լինելու է թե՛ կոլեկտիվ, թե՛ անհատական: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիներին փոխանցելու ենք իրենց ստորագրություններին տեր կանգնելու ակնկալիքը. եթե քաղաքացին իր ազատ կամաարտահայտությամբ, իր անձնագրով միանում է օրենսդրական նախաձեռնությանը, դրան մաս կազմում, ապա, կարծում եմ, ըստ հնարավորության, պետք է պատրաստ լինի նաեւ մասնակցելու քաղաքական ճնշման գործողություններին»:
Սողոմոնյանն ասում է, որ նախաձեռնության շրջանակներում խորհրդակցություններ են անցկացրել թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այն ուժերի հետ, ովքեր Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ են: Եվ այդ ուժերը բոլորն էլ հավանություն են տվել նախագծին. «Իսկ նախագիծն Ազգային Ժողով մտնելու պահին, բնականաբար, ակնկալում ենք, որ ընդդիմությունը կաջակցի դրա ընդունմանը: Եթե, օրինակ, փակ գաղտնի ընթացակարգ սահմանվի քվեարկության համար, կարծում եմ՝ լավ կլինի, քանի որ իշխող խմբակցության պատգամավորների մի մասը եւս գուցե քվեարկի նախագծի օգտին՝ ցանկանալով գաղտնի պահել իր ընտրությունը»:
ԵՊՀ դասախոսը ցավով է արձանագրում, որ այժմ հայտնվել ենք այնքան ամոթալի վիճակում, որ ստիպված նման նախաձեռնությամբ ենք հանդես գալիս ու ՀՀ այսօրվա իշխանություններին ասում՝ իրավունք չունեն ոտնահարելու ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը: «Իրականում «ՀայաՔվե» նախաձեռնության նպատակն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են: Այդուհանդերձ «ՀայաՔվե» նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անմիջապես չի թիրախավորել: Եթե Փաշինյանը հրաժարական տա ու նրա փոխարեն գա մեկ ուրիշը, որ կշարունակի նույն կործանարար քաղաքականությունը, ապա մեր նպատակը դառնում է կանխելն Արցախը որեւէ այլ պետության կազմում նախատեսող գործողությունը ՀՀ անունից: Եթե նախաձեռնությունը հասնի մի կետի, որ առաջ գա համաժողովրդական շարժում, եւ Փաշինյանն էլ շարունակի պնդել, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ապա պարզ է դառնում, որ համաժողովրդական ճնշման ներքո նա հեռացվելու է: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքացիներն իրենք են օրենք ստեղծում, իսկ այս օրինաստեղծումը կապված է մեր կարեւորագույն գոյաբանական հարցերի հետ՝ Արցախի ինքնորոշման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հետ: Ուստի այս նախաձեռնությանը միանալ՝ նշանակում է ձգտել նվազագույնը նրան, որ կանխվի հակաարցախյան կործանարար փաստաթղթի ստորագրումը»,- ամփոփում է մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ