Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից: Եվ այդ պահից սկսած Հայաստանի 908 բնակավայրեր միավորվել, խոշորացել են, արդյունքում այս պահին մեր երկրում 72 միավորված համայնք կա: Ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ պետությունը եկել է այն եզրահանգման, որ միավորված համայնքներն ինչքան խոշոր են, այնքան հնարավորություններն ավելի մեծ են՝ թե՛ մասնագիտական կարողությունների, թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական եւ այլ առումներով:
Աժմ, փաստորեն, արդեն իսկ միավորված 13 համայնքներ նորից պետք է միավորել ավելի մեծ փնջերի մեջ, ու գործող միավորված 13 համայնքների փոխարեն ունենալ 5 միավորված համայնք: Օրենքի նախագիծը երեկ՝ հունիսի 9-ին, խորհրդարանը հաստատեց: Մինչ խորհրդարանական լիագումար նիստեր հասնելն այս թեմայով ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում լսումներ է նախաձեռնել, ինչի ժամանակ «Ազգ»ը թեմայի վերաբերյալ զրուցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Գարիկ Սարգսյանի ու Դավիթ Խուդաթյանի հետ:
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հիշում է՝ 2016-ին, երբ արդեն խոսվում էր համայնքների խոշորացման մասին, որոշ համայքնապետեր ու քաղաքական շրջանակներ հարց էին տալիս, թե արդյո՞ք ծրագիրը կարդարացնի իրեն: «Բայց անցավ մեկ շրջափուլ՝ 2016-2021-ը, պիլոտային ծրագրի շրջանակներում խոշորացված համայնքները սկսեցին գործել, ու ժամանակը ցույց տվեց, որ այդ մոդելը, թեեւ թերություններ ունի, բայց արդարացնում է իրեն: Այսօր կարող ենք փաստել, որ խոշորացումը տալիս է իր դրական արդյունքը: Մեր մարզում՝ Արարատում, օրինակ, 13.6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, գրեթե եռապատիկ կամ քառապատիկ ավելի՝ քան նախորդ տարի ենք ունեցել: Վեդի համայնքի մասով կարող եմ ասել, որ այս տարի ունենք ավելի քան 2 մլրդի սուբվենցիոն ծրագրեր, որ կյանքի կոչվելուց հետո մարդկանց կյանքի որակն են փոխելու»,- նշում է Արարատի նախկին մարզպետը:
Դիտարկմանը, թե փոքր համայնքները խոշորացման հետեւանով կարող են «կորչել», բացասական պատասխան է տալիս՝ արձանագրելով՝ ամեն ինչ կախված է ավագանու ճիշտ որոշումներից ու գործելաոճից: Օրինակ է բերում մարզի 500-ից պակաս բնակիչ ունեցող համայքներից մեկը, որի ավագնին կողմ է քվերարկել խոշորացմանը:
Արմավիրի քաղաքապետ Խուդաթյանն է հաստատում թիմակցի՝ Սարգսյանի խոսքը: «Փոքր համայնքներն առաջինն են շահում խոշորացումից,- «Ազգ»ի հետ զրույցում ասում է նա՝ ավելացնելով՝ տասնամյակներով կուտակված կենսական ու որեւէ կերպ չլուծվող խնդիրներն այժմ լուծվում են:
«Մի պարզ օրինակ բերեմ բոլոր նրանց համար, որ դժգոհում են համայնքների խոշորացումից: Համայնքների զգալի մասին բյուջեն 50 մլն դրամ է, մանկապարտեզինը՝ 30 մլն դրամ, հասկանալի է, չէ՞, որ գոյություն ունեցող բյուջեով գյուղերը դատապարված էին երբեւէ մանկապարտեզ չունենալու»,- շեշտում է Խուդաթյանը:
ՔՊ-ականների հետ նաեւ քաղաքական հարցերի շուրջ զրուցեցինք: Արդեն ավելի քան մեկ ամիս փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների գործողությունների մասով Գարիկ Սարգսյանն ասում է. «Ցանակցած ընդդիմադիր էլ կարող է պահանջել օրվա իշխանության հրաժարականը, բայց փաստարկված պետք է ներկայացնեն, թե ինչու պետք է նոր ընտրված կառավարությունը հրաժարական տա: Ընտրական փուլում, քարոզարշավի ժամանակ ժողովրդին տրված մեր ո՞ր խոստումը չի կյանքի կոչվել, որ հրաժարական պետք է տանք: Եվ դա այն ընդդիմության պահանջն է, որ իր աշխատանքը պատշաճ չի կատարում, չի ներկայանում Ազգային ժողով, ժողովրդի՝ իրենց մասով սպասումները չեն արդարացնում»:
Ինչ վերաբերում է «խաղաղության օրակարգին», որ ՔՊ-ն այն իր համար ուղենիշ է համարում, ապա ըստ Սարգսյանի պատկերացումների՝ ՀՀ յուրքանչյուր քաղաքացի՝ կլինի դաշտում աշխատող գյուղացի, թե պաշտոնյա, պետք է ամեն ինչ անի, որ երկիրը կայունանա, սահմաններն ամուր լինեն: «Սա է խաղաղության օրակարգի իմ պատեկերացումը: Մեզանից ամեն մեկն իր ուժերի առավելագույնը պետք է անի ու ցեխ չշպրտի դիմացինի վրա: Մենք, մեր հասարակությունը պատրաստ չենք նոր պատերազմի, դա արհավիրք է: Ժողովրդի մեծամասնությունը դեմ է պատերազմի ու ողջունում է խաղաղության դրաշրջան մուտք գործելը»,- ընդգծում է Գարիկ Սարգսյանը:
«Խաղաղությունն այն միջավայրն է,որտեղ Հայաստանի հանարպետությունը պետք է զարգանա: Կարծում եմ՝ առանց քաղաքական շրջանակների՝ այս մտքի հետ անհաշտ մարդիկ չկան: Նոր պատերազմ չպետք է լինի»,- «խաղաղության օրակարգի» մասին ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանի տեսակետն այսպիսին է:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պայքարին, ապա ասում է, որ գնահատական պետք է տա ժողովուրդն՝ իր մասնակցությամբ: Ինքն անձմաբ այս պահին իշխանափոխության հավանականություն չի տեսնում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ