«Ազգ»ի նախորդ համարում իրազեկել էինք Քյոլնում ապրիլի 28-ին եւ 29-ին Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգության վերաբերյալ բանախոսությունների մասին: Ի լրացումն այս տեղեկատվության՝ հավելենք, որ Գերմանայահայոց թեմի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Բեռլինում գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ նախկին ՄԻՊ, այժմ իրավունքի եւ արդարադատության «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը Բեռլինում հանդիպել են ԵՄ-ի եւ Գերմանիայի կառավարության Ավետարանական եկեղեցու լիազոր ներկայացուցիչ Աննե Գիդիոնի եւ նրա փոխանորդ դոկտ. Շտեֆան Իրոյի հետ: Մասնակիցները լիազոր ներկայացուցչին ներկայացրել են Արցախի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, Ադրբեջանի հակահայկական ու հակամարդկային սանձարձակ գործողությունները, մշակութային ժառանգության ոչնչացումը՝ խնդրելով նրան եվրոպական, գերմանական պատկան մարմինների ուշադրությունը կրկին հրավիրել Արցախի հարցի վրա:
Գերմանիայի ավետարանական եկեղեցու, Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց խորհրդի (Deutsche Bischofskonferenz), Գերմանահայոց թեմի հրավիրած ապրիլի 28-ին Քյոլնի մայր տաճարին մերձակա Դոմֆորում սրահում «Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական վտանգված մշակույթը» վերնագրով բանախոսությունը երկմասանի ձեռնարկ էր. առավոտյան այն համախմբել էր գերմանացի եւ հայ հոգեւորականների, իրավաբանների, հայագետների, մշակութաբանների, լայն հանրության համար փակ էր, իսկ երեկոյան Արցախի մշակութային ժառանգության մասին ելույթները զուգորդվեցին ոչ միայն բազմամարդ սրահում ներկաների՝ բանախոսներին ուղղված հարցերով, այլ՝ երաժշտական «դադարով»: Սաքսոֆոնահար Արամ Պողոսյանի, դաշնակահար Թոմ Պաուլսի մատուցած գեղեցիկ կատարումներն արժանացան հանդիսասրահի բուռն ծափերին: Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը, Հարալդ Զյուրմաննը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» բանախոսությամբ անդրադարձավ տեսական հարցերի, իսկ հաջորդ բանախոսները՝ միջազգային իրավունքի գերմանահայ մասնագետ Սառա Բաբայանը («Հայոց քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից»), Մայր աթոռ սուրբ Էջմիածնից՝ Յասմին Դում Թրագութը («Հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը եւ յուրացումը ադրբեջանական իշխանութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում») իրենց բովանդակալից ելույթներն ուղեկցեցին դիտապաստառի վրա բանախոսության առարկա փաստական հարուստ նյութը ցուցադրելով, ինչն առավել ընկալելի դարձրեց վերջիններիս ելույթը: Հանդիսությունը վարում էր աստվածաբան, քաղաքական գործիչ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախկին արտգործնախարար (1990 թվականի ապրիլից օգոստոս) Մարկուս Մեկելը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 29-ին, Քյոլնի Հայ տանը «Հայաստան եւ Արցախ՝ հին ու նոր մարտահրավերներ» երեկոյի բանախոսները՝ մշակութաբան, հուշարձանագետ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ դոկտ. պրոֆ. Համլետ Պետրոսյանը, ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, Ս.Էջմիածնի Արցախ հանձնախմբի պատասխանատու Գարեգին վրդ. Համբարձումյանն իրենց հայերեն խոսքն ուղղեցին գերմանահայ լսարանին: Համլետ Պետրոսյանը խաչքարային արվեստի, Արցախում եզակի պատկերագրային նմուշների միջոցով ներկայացրեց, թե Արցախն ինչպես է դիմագրավել թշնամուն: Եթե առավել վերացարկված՝ ապա «ինչպե՞ս հաղթել» հարցի պատասխանը պիտի գտնել այդ պատկերաքանդակներում: Զենքո՛վ, հայ զինվորո՛վ: Նրա դիտարկած պատկերագրային քարե կոթողներում չկա ռազմի տեսարան, բայց բոլոր դրվագներում մարդը պատրաստ է կռվի: Արցախցի Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ Արցախն օրհասական օրեր շատ է տեսել, «պիտի դասեր քաղել եւ իմաստուն դառնալ»:
Արման Թաթոյանն անդրադարձավ Հայաստանի եւ Արցախի համար կենսական հարցերին: Նա փաստական տվյալներ, ապացույցներ ներկայացրեց ՀՀ սահմանների, խոցելի բնակավայրերի, Արցախում, Հայաստանում Ադրբեջանի կատարած մարդու իրավունքների խախտումների, վայրագությունների , պատերազմական հանցագործությունների, ցեղասպան գործողությունների մասին: Թաթոյանը խոսեց Ալիեւի՝ հայերի դեմ ատելության քարոզի վտանգավորության, հայատյացության չնվազող պետական քաղաքականության եւ միջազգային ասպարեզում դրանց դեմ Հայաստանի հնարավոր քայլերի մասին: Թաթոյանը շեշտեց, թե Արցախի հարցում պիտի հենվել ինքնորոշման իրավունքի վրա՝ հիշատակելով ԳԴՀ կանցլեր Շոլցի Բեռլինում ՀՀ վարչապետի հետ ասուլիսում հնչեցրածը:
Մայր Աթոռի Արցախի ժառանգության պահպանման գրասենյակի աշխատանքները ներկայացրեց Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Լսարանի՝ բանախոսներին եւ հատկապես Արման Թաթոյանին ուղղված հարցերը վկայեցին, որ Հայաստանից դուրս ապրող հայ մարդն անտարբեր չէ իր հայրենիքի ճակատագրի հանդեպ: Բայց, մեր տպավորությամբ, չգիտի ի՞նչ անել, ինչպե՞ս գործել:
Եկեղեցիները մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
Քյոլնում տեղի ունեցած համաժողովի ավարտին կազմված տեղեկագիրը փաստում է, որ համաժողովը հրավիրած վերոհիշյալ հոգեւոր կառույցները մտահոգություն են հայտնում տարածաշրջանում հակամարտության հետագա սրման առիթով, ավելի քան հազարամյա պատմություն ունեցող քրիստոնեական բազում վանքերին ու եկեղեցիներին սպառնում է օտարացում եւ ոչնչացում: Տեղեկագիրը ահազանգում է մարդասիրական աղետի մասին:
kathpress-ը ապրիլի 28-ին անդրադարձել էր վերոհիշյալ համաժողովին՝ կարեւոր եզրափակմամբ՝ «ով ագրեսիայի ժամանակ լուռ է մնում, իր համերաշխությունն է ցույց տալիս ագրեսորին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետագա քայլերն անելիս կքաջալերվի »:
Արցախի հարցը միջազգային հարթակներում հնարավորինս շատ պիտի արծարծել: Տեղեկատվական պայքարը անդուլ աշխատանք է: Քանի չկա հարցի քաղաքական լուծումը, այն է՝ կարգավիճակի հարցն անորոշ է, պիտի ակտիվացնել քարոզչական աշխատանքը: Պիտի անընդհատ հիշատակել կանցլեր Շոլցի ձեւակերպումը:
Թուրքիայի նախագահական եւ պառլամենտական ընտրությունների նախօրյակին Ադրբեջանը հակահայկական նոր ծրագրեր է կազմում, արթո՛ւն լինենք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա