Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման ջանքերը մի մայրաքաղաքից մյուսն են տեղափոխվում չափազանց արագ հաջորդականությամբ` պտտահողմի ազդեցություն թողնելով ինչպես գործող անձերի, այնպես էլ դիտորդների վրա։
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Պրահայում հանդիպեցին քննարկելու համար երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։ Հոկտեմբերի 14-ին նրանք դարձյալ հադիպեցին, այս անգամ Աստանայում (Ղազախստան), նախկին խորհրդային հանրապետությունները միավորող ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորումի շրջանակներում։ Հանդիպումների ոչ միայն վայրերն էին տարբեր, այլ նաեւ մասնակիցները, որոնք ունենալով քաղաքական տարբեր հեռանկարներ եւ օրակարգեր, մրցակցում էին միմյանց հետ, որպեսզի հնարավորինս կարողանային օգուտ քաղել իրադրությունից։
Հոկտեմբերի 6-ի հանդիպումը Պրահայում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական հասարակության պլատֆորմի շրջանակներում, որտեղ գլխավոր դերակատարը Ֆրանսիան էր, եւ հիմնական գործող անձը` այդ երկրի նախագահը։
Եվրոպան եւ արեւմուտքն ընդհանրապես իրենց ուշադրությունը բեւեռել են Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա եւ նրանք ամեն հնարավորություն օգտագործելու են Ռուսաստանին պաշտպանողական դիրքերում պահելու եւ Կովկասում նրա ազդեցությունը թուլացնելու համար։
Ի հակադրություն, Աստանայի հոկտեմբերի 14-ի հանդիպման գլխավոր դերակատարն ու գործող անձը Ռուսաստանն ու նրա նախագահն էին, որոնց նպատակն էր նախկին խորհրդային հանրապետությունները համահունչ պահել երկրի կայսերական փառասիրությունների հետ։
Հայաստանն ու Ադրբեջանը սոսկ շախմատային զինվորներ են, որոնց օգտագործում են աշխարհի հզորները։ Դա է քաղաքականության բնույթը։ Որպես երկրորդական դերակատարներ նրանք փորձելու են ընդհանուր քաղաքական դաշտում սողանցքեր գտնել, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն եւ առավելագույն օգուտն ստանան։
2020 թվի 44-օրյա պատերազմի օրերին համաշխարհային հանրությունը բացարձակ լռություն էր պահպանում, թույլ տալով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, Ռուսաստանի մեղսակցությամբ, պարտության մատնեն Հայաստանին։ Ներկայիս կարծես ինչ-որ բան փոխվել է, եւ Հայաստանը աջակիցներ է գտել միջազգային հարթակում, չնայած այդ աջակցությունը առայժմ բավականին մեղմ միջոցներով է արտահայտված։
Երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան այցելեց, նրա գլխավոր նպատակը Ռուսաստանին եւ Իրանին մարտահրավեր նետելն ու որոշակի ուղերձ հղելն էր, ու թեեւ երեւանյան այցելությունը երկրորդական նշանակություն ուներ, այն ինչ խոսք ուժեղ ազդեցություն ունեցավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա` խափանելով լայնածավալ ագրեսիան Բաքվի կողմից, որն այժմ դարձել է ավելի խիզախ։
Այս անգամ Ֆրանսիան է թիրախավորել Ռուսաստանին` պաշտպանելով անարգված Հայաստանի շահերը։
Պրահայի հանդիպումը մի քայլ առաջ տարավ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը` որոշում ընդունելով 40 եվրոպացի դիտորդներ տեղաբաշխել երկու երկրների սահմաններում։ Չնայած Ադրբեջանը հրաժարվեց իր տարածքում հյուրընկալել այդ դիտորդներին, նրանց ներկայությունը անկասկած զսպողականլ դեր է կատարելու սանձելու համար Ալիեւի ռազմամոլությունը առնվազն երկու ամիս, երբ նրանց լիազորություններն ավարտվեն։ Այդ դիտորդներն այժմ տեղում են եւ կատարում են իրենց պարտականությունները։
Աստանայի հանդիպումը սովորականից շատ ավելի թեժ մթնոլորտում ընթացավ։ Առաջին առճակատումը Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի միջեւ էր, երբ վերջինս սարկաստիկ ձեւով հարցրեց, թե հայ ղեկավարները ի՞նչ գործ ունեն Եվրոպայում, երբ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում` նոյեմբերի 9-ի հրադադարի տեսքով։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին անգամ հանդգնեց հարցնել, թե ո՞րն էր, ի վերջո, Մոսկվայի դիրքորոշումը եւ քննադատեց Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ կազմակերպության անգործունեությունը։ Դա Լավրովի ցավոտ տեղին դիպավ եւ նա ՀԱՊԿ-ին հանդիմանեց ասելով, որ կազմակերպությունը ինքը կարող էր դիտորդներ ուղարկել եւ զեկուցագիր ներկայացնել մինչեւ որ Հայաստանը, որպես կազմակերպության ներկա նախագահող անցներ համապատասխան օղակներով։ Նման բյուրոկրատիզմ, անշուշտ, պետք չէր եղել կիրառել, երբ Մոսկվան Հայաստանին խնդրեց զորք ուղարկել Ղազախստանում բռնկված խժդժությունների օրերին։
Առավել սուր առճակատումը, սակայն, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ԱՊՀ ղեկավարների ներկայությամբ, որոնք Հայաստանի դաշնակիցները լինելով պաշտպանում էին Ադրբեջանին։ Առճակատման հիմքում ընկած էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիրավորական խոսքերն ուղղված Ադրբեջանին եւ Ռուսաստանի։ «France 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնը Ադրբեջանին էր մեղադրել որպես ագրեսոր, որը Հայաստանի ինքնիշխան տարածք էր ներխուժել եւ ավելացրել. «Ի՞նչ է տեղի ունենում սահմանում վերջին երկու տարիների ընթացքում։ …5000 ռուս զինվորներ են իբր այնտեղ տեղակայված երաշխավորելու համար անվտանգությունը սահմանում, (բայց) Ռուսաստանը օգտագործում է դարավոր այս հակամարտությունը եւ Ադրբեջանի խաղն է խաղում, Թուրքիայի մեղսակցությամբ, թուլացնելու Հայաստանը, որը մի ժամանակ շատ մոտիկ էր իրեն»։
Իսկ ամենակարեւորը, Հայաստանի առնչությամբ նախագահ Մակրոնը նշել էր. «Ֆրանսիան Հայաստանին մենակ չի թողնի։ Մեր արժեքներն ու սկզբունքները չեն վաճառվում ոչ գազով, ոչ էլ նավթով։ Ֆրանսիան հատուկ կապեր ունի Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանը միշտ էլ պայքարել է հանուն հանդուրժողականության եւ տարածաշրջանի խաղաղության»։
Ֆրանսիան պատմական հիշողություն ունեցող երկիր է։ Ֆրանսիացի ղեկավարները դեռեւս հիշում են, թե ինչպես 1921-ին նրանք Կիլիկիայի հայերին թողեցին անպաշտպան` ի դեմս Աթաթուրքի ասպատակող հրոսակախմբերի։ Դա երեւի ընդմիշտ կխոցի նրանց քաղաքական խիղճը եւ գուցե դրա համար նրանք այժմ փորձում են հակակշռել իրենց այդ ամոթալի արարքը։
Մակրոնի խոսքերը, առաջին հերթին, 180 աստիճանով հեռու էին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունից։ Վերջինս անցյալ ամիս շտապ Բաքու էր այցելել բռնապետ Ալիեւին հավաստիացնելու համար, որ նա «վստահելի դաշնակից է»։ Սակայն նրա քայլը վրդովեցրել էր Մոսկվային։
Աստանայում Փաշինյանը նաեւ կարողացել էր հստակեցնել իր տեսակետը։ Իր երկար ելույթում նա ներկայացրել էր պատերազմի ամբողջական նկարագրությունը, ներառյալ գազանությունները եւ դեռեւս Ադրբեջանում պատանդ պահվող հայ ռազմագերիների վիճակը, հատուկ շեշտադրում կատարելով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիեւի պահանջին։
Հայաստանը երեք անցակետեր է առաջարկել, որոնցով Ադրբեջանը կարող է հասնել Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, բայց Ադրբեջանը մերժել է առաջարկը, փոխարենը պահանջելով Հայաստանի տարածքից մի հատված։ Դրանով, Փաշինյանը եզրափակել է իր ելույթը, Ադրբեջանը ոչ թե առեւտրի շրջանառությունն է ցանկանում մեծացնել, այլ պարզապես մասնատել Հայաստանը։
Փաշինյանը նաեւ ՀԱՊԿ-ին էր մեղադրել անգործության մեջ, երբ Հայաստանը դիմել էր կազմակերպությանը Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։
Հետաքրքրական է, որ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի ղեկավարներն իրենց ցասումն ուղղում էին Մակրոնին եւ ոչ թե Փաշինյանին, որովհետեւ վախենում էին, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերը եւ վարած քաղաքականությունը կարող են Ռուսաստանին դուրս մղել կովկասյան տարածաշրջանից։
Փաշինյանի ելույթի պատասխանը հնչեց Անկարայից, որտեղ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շարունակեց հանգերգել «միջանցքի» հարցի մասին, որն իր գնահատմամբ կարող էր սատարել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կամ էլ խոչընդոտել այն։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված էր Ադրբեջանի հետ այդ պայմանագրի ստորագրումով։ Եթե պայմանագիրը չստորագրվի, Հայաստանի համար «անախորժությունները շարունակվելու են», սպառնաց նա։
ՌԴ նախագահ Պուտինը Մակրոնին մեղադրեց ասելով, որ նա «չի հասկանում ղարաբաղյան հիմնախնդիրը»։ Արտաքին գերատեսչության հակադարձումը շատ ավելի դաժան էր։ Խոսնակ Մարիա Զախարովան Կովկասում քաղաքականությունը պղտորելու մեջ մեղադրեց արեւմտյան բոլոր դերակատարներին։
Ուշադրությունը արեւմտյան այդ դերակատարներից շեղելու նպատակով, Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին հրավիրեց Մոսկվա` բանակցելու համար խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Նա մտադիր չէր օտարելու Թուրքիային եւ Ադրբեջանին, քանի որ Աստանայի ժողովում նա Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր Թուրքիան դարձնել ռուսական գազի տեղաբաշխման կենտրոն, թույլ տալով, նույնիսկ, որ գործընթացի գինը որոշեն միասնաբար։ Եվ սա նախքան միջուկային պայմանագրի ստորագրումը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որի արդյունքում արեւմտյան շուկաները կհեղեղվեն իրանյան գազով։
Մինչ Աստանայում տեղի էր ունենում այս գագաթաժողովը, Իրանը որոշեց իր երրորդ զորավարժություններն անցկացնել Նախիջեւանի հետ իր սահմաններում, ահաբեկված այն դավադրությամբ, որ ծրագրում էին Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, որոնց պաշտպանության նախարարները մի շաբաթ առաջ հավաքվել էին Բաքվում։
Ցարդ Իրանը խիստ չեզոքություն է պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ։ Այս անգամ զորավարժությունների հրամանատար, բրիգադայի գեներալ Մոհամմադ Փաքփուրն իր ելույթում կրկնեց երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի եւ նախագահ Էբրահիմ Ռաիսիի նախազգուշացումներն այն մասին, որ Իրանը կարմիր գծի խախտում է համարելու սահմանների որեւէ փոփոխություն։ Փաքփուրը մի քայլ առաջ գնալով նաեւ հայտարարեց, որ «Իրանը չեզոքություն չի պահպանելու», եթե սահմանների որեւէ փոփոխություն տեղի ունենա։
Իրանն առանց այն էլ թիրախավորված է Ադրբեջանի եւ Իսրայելի հետախուզության կողմից 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի հետ սահմանի երկարացման պատճառվ։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ցանկություններից եւ ծրագրերից անկախ, տարածաշրջանում քաղաքականությունը զարգանում է հօգուտ իրեն եւ իր հետապնդած դատի։ Եվրոպան, եւ ի մասնավորի Ֆրանսիան, մեծ ծրագրեր ունեն տարածաշրջանում եւ հավատացած են, որ Հայաստանը այն հիմնաքարերից մեկն է, որով այդ ծրագրերը կարող են իրականություն դառնալ։ Իրանը, առաջին անգամ, չեզոքություն պահպանելու իր դիրքորոշումից ամբողջովին անցել է Հայաստանի կողմը։ Ինչ խոսք, որ յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր քաղաքական շահերով, բայց այդ շահերը խաչվում են Հայաստանում։ Արեւմուտքի եւ Իրանի շահերի միջեւ որեւէ կապակցվածություն կամ համաձայնեցում չկա։ Այնպես որ, մարտահրավերը Հայաստանի արտաքին գերատեսչության վրա է նետված։ Նա պետք է կարողանա ինքնուրույն ձեւավորել իր միջազգային քաղաքականությունը եւ օգտվել իրարից անկախ առաջացող դրական զարգացումներից։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)