Իրանական «Շարղ» օրաթերթն այսպես է վերնագրել Շուշիում անցկացված հակաիրանական միջոցառման մասին իր հրապարակումը
Իրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթի փոխանցմամբ՝ հնգամյա պարբերականությամբ անցկացվող «Աշխարհաթափառ ազերիների կոնգրեսը» (WAC) ապրիլի 22-ին նիստ է գումարել Շուշիում՝ Իլհամ Ալիեւի ու նրա տեղակալի մասնակցությամբ: Թերթի բնորոշմամբ՝ միջոցառման խնդրահարույց դրվագներից էր Թուրքիա ճողոպրած Իրանի անջատողականությունը տարփողող որոշ իրանցիների մասնակցությունը, որոնք սոցցանցերի միջոցով համագումարի ետնաբեմում Ադրբեջանի նախագահի տեղակալուհու հետ իրենց ջերմ զրույցները հավերժացնելու պատեհություն ունեցան:
Խոսքն այն «կոնգրեսի» մասին է, որ նախկինում էլ իր աշխատանքներն ամփոփել է հակաիրանական հայտարարությունների հրապարակմամբ, ու անպատժելիության պայմաններում շարունակել անխախտ պարբերականությամբ գումարել հերթական նիստերը:
Խոսքն այն «կոնգրեսի» մասին է, որ 2008 թվականին նույնպես հրավերներ էր ուղարկել անջատողականություն քարոզող մի շարք իրանցիների, ինչը դիվանագիտական խիստ ձեւակերպումներով հակադարձվել էր պաշտոնական Թեհրանի կողմից ու կանխվել վերջիններիս մասնակցությունը «կոնգրեսի» հետագա նիստերին:
Թերթի համոզմամբ, պաշտոնական Թեհրանի կողմից հակադարձման չափաբաժինը հավանաբար եղել է անբավարար, քանի որ Ադրբեջանն իրեն թույլ է տվել մեկ անգամ եւս ստուգել իրանական կողմի համբերության բաժակի տարողունակությունը:
Անջատողականների ներկայությունը Շուշիում եւ նրանց նկատմամբ Բաքվի իշխանությունների ջերմ վերաբերմունքը, ամենայն հավանականությամբ, որոշակի ուղերձներ էր պարունակում:
«Շարղ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ ազգագրագետ Էհսան Հուշմանդը Շուշիում անցկացված միջոցառման մասին խոսելիս, նախ անդրադարձել է Թուրքիայի դերակատարությանն, ու նշել. «Չնայած Իրանի, եւ հատկապես, նորագույն շրջանում Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են ձեւավորվել, սակայն Թուրքիան մի խումբ իրանցի անջատողականների ապաստան տալուց բացի որոշակի հնարավորություններ է տրամադրել վերջիններիս՝ հովանավորելով «Թավրիզ» անվանումով վերլուծական կենտրոնի գործունեությունը, որտեղ հավաքվել են հանրությանը ոչ հայտնի մարդիկ, որոնք ո՛չ տեսաբան են, ո՛չ էլ քաղաքական գործիչ, որոնց միավորող միակ գործոնը Թուրքիայի կառավարության եւ անվտանգության մարմինների նկատմամբ անվերապահ նվիրվածությունն ու Իրանի ապագայի մասին ցնորական ծրագրերի մշակումն է:
Փորձագետի կարծիքով, «Թավրիզ» կոչված վերլուծական կենտրոնում նույնիսկ մշակվել ու կազմվել է «Իրանի հետիսլամական շրջանի» սահմանադրությունը, որին ցայսօր ԻԻՀ արտաքին գերատեսչությունն ըստ արժանվույն չի հակադարձել:
Թուրքիայի խափանարար գործունեույթյան հետեւանքների մասին Էհսան Հուշմանդն իր միտքն ավելի պատկերավոր արտահայտելու համար, համեմատություն է անցկացրել, ու նշել. «Արդյո՞ք կարելի է պատկերացնել Թուրքիայի արձագանքը, եթե, օրինակ, Թեհրանում գործունեություն ծավալեր «Դիարբեքիրի հետազոտությունների կենտրոն» անվանումով գրասենյակ, որի առջեւ դրված լիներ Թուրքիայի տարանջատման խնդիրը»:
Շուշիում անցկացված միջոցառման հետեւանքների շուրջ «Շարղ» օրաթերթի հետ զրույցի ժամանակ տեսակետ է արտահայտել նաեւ «VATAN YOLI» պարբերականի տնօրեն Դավուդ Դաշթբանին, որ մասնավորապես ասել է. «Չպետք է մոռանալ նաեւ, որ իրանցիների մոտ համերաշխությունն ու փոխադարձ կապն այնքան ամուր ու անխախտ է, որ նման միջոցառումների անցկացումը չի կարող դիտվել որպես Իրանի տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգ: Սակայն, միջոցառման անցկացումը կարելի է գնահատել որպես Իրանին սահմանակից Ադրբեջանի կողմից թշնամանք ու անբարյացակամություն արտահայտող վերաբերմունք»:
«Շարղ» օրաթերթի հետ նույն թեմայի շուրջ զրույցի ժամանակ տեսակետ է արտահայտել նաեւ ադրբեջանագետ Սալար Սեյֆ էդ-դինին եւ «Համագումարի» անցկացման տրամաբանության մեջ երեք խնդրահարույց հակաիրանական ենթատեքստ նկատել, որոնցից առաջինը համարել է Իրանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Հայաստանի Սյունիքի մարզը պատկերող միջոցառման լոգոն: Սեյֆ էդ-դինիի կարծիքով, բացառապես ադրբեջանցի զինվորականներով ու անվտանգության աշխատակիցներով զբաղեցված Իրանին սահմանակից Շուշի քաղաքի ընտրությունը, որպես միջոցառման անցկացման վայր, նույնպես ենթատեքստ էր պարունակում: Եվ վերջապես, Իրանի անջատողականների մասնակցությունը համագումարին, Սեյֆ Էդ-դինիի նկատած հակաիրանական ուղղվածություն պարունակով երրորդ ենթատեքստն էր:
Հիշեցնենք, որ Շուշիում կազմակերպված «ցնորաց խրախճանքից» մի քանի օր առաջ, WAC հորջորջվող կազմակերպության խոսնակ Թողրոլ Ալլահվերդիլին, մեկ այլ հակաիրանական ենթատեքստ պարունակող հայտարարությամբ էր հանդես եկել՝ խոստանալով հաջորդ նիստը գումարել Իրանի Թավրիզ քաղաքում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ, դիվանագետ