Մինչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու բանակցությունները թեւակոխում են չափազանց զգայուն եւ վճռական փուլ, ակնկալվում էր, որ կողմերը դրսեւորեն ծայրահեղ զգուշավորություն եւ զսպվածություն, եթե անշուշտ իրոք շահագրգռված են, որ դրանք դրական արդյունք ունենան։ Բայց տեսնում ենք, որ սադրանքների հանդեպ հայկական կողմի ծայրահեղ զսպվածության, նույնիսկ վախկոտության պայմաններում թուրքական կողմը չի դրսեւորում նույնպիսի զգուշավորություն։
Բանակցությունների գործընթացն սկսվեց Մ. Նահանգների նախագահի խորհրդով, եթե չասենք ճնշման տակ, բայց Թուրքիան պետք է հաշվի առներ այդ նախաձեռնության առավելություններն ու թերությունները։ Հայկական կողմի համար առավելություններն ակնհայտ են։ Թուրք-ադրբեջանական շրջափակման վերացումը հայկական շուկայի առաջ բացելու էր ճանապարհ դեպի արտաքին աշխարհ։ Թուրքիայի համար, մյուս կողմից, բանակցությունների հաջողությունը ճանապարհ էր հարթելու դեպի Կենտրոնական Ասիա, որտեղ Անկարան ծրագրում է իրականացնել իր պանթուրանական կայսրությունը, բայց միաժամանակ առաջացնելու էր տնտեսական ակտիվ գործունեություն անարդյունավետ դարձած Արեւելյան Թուրքիայում կամ Արեւմտյան Հայաստանում, որտեղ այժմ բնակվում են հիմնականում քուրդ փոքրամասնության ներկայացուցիչներները։
Մնում է սպասել եւ տեսնել, թե Թուրքիայի կառավարութունը իրո՞ք շահագրգռված է այդ շրջանի տնտեսական վերազարթնումով, քանի որ դա կարող է առաջ բերել ժողովրդավարության, հավասար իրավունքի եւ նույնիսկ անկախության պահանջներ։ Չմոռանանք, որ քրդերի մեջ կան նաեւ «թաքնված» հայեր, եւ գաղափարների միջէթնիկական շփումը սահմանից այն կողմ գտնվող հայերի հետ կարող է առաջացնել որոշակի պահանջատիրական զգացմունքներ։
Ինչպես նշեցինք, Անկարան պետք է կշռադատի իր քայլերը նախքան շատ առաջ գնալը բանակցությունների այս գործընթացում։ Մինչ օրս գործողությունները ցույց են տվել, որ Թուրքիան լավագույն դեպքում դժկամ գործընկեր է, որը մի խոչընդոտ մյուսի ետեւից է ստեղծում, իսկ Հայաստանի կառավարությունը ո՛չ բողոքում է, ո՛չ էլ հակադարձ քայլեր ձեռնարկում։
Երկու կողմերը նախ համաձայնել էին, որ բանակցությունները անցկացվելու են առանց նախապայմանների։ Հետո թուրքական կողմը օրակարգում ընդգրկեց մի նոր կետ, որով պայմաններ թելադրելու նախաձեռնությունը փոխանցում էր Ադրբեջանին։ Վերջինս հինգ կետից բաղկացած խաղաղության մի պայմանագիր ներկայացրեց, որին Երեւանը համաձայնեց, առանց իր կողմից ավելացնելու որեւէ նախապայման։
Մինչ Հայաստանը շարունակում է երկկողմ բանակցությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին առաջ է քաշում Զանգեզուրի միջանցքի հարցը, որն ընդգրկված չէր բանակցությունների օրակարգում։
Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած հիշատակի արարողությունները երեւան հանեցին նաեւ պաշտոնական Թուրքիայի մտադրությունների եւ վարքագծի վերաբերյալ այլ փաստեր եւս։
Նախ տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ցնցող «ժեստը» Ուրուգվայում, ապա դրսեւորվեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հիշատակի ելույթի առթիվ պաշտոնական Թուրքիայի հակադարձ վերաբերմունքը։
Թուրքիան անցյալ շաբաթ Հարավային Ամերիկա էր ուղարկել իր արտգործնախարարին։ Երկիրն ու այցելության ժամանակահատվածը պատահականորեն ընտրված չէին։ Դրանք որոշակի ազդանշաններ էին ուղարկում հայ համայնքին։ Ուրուգվայը առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 1965 թվի ապրիլի 20-ին։
Չավուշօղլուն Մոնտեվիդեո ժամանեց ապրիլի 23-ին՝ Թուրքիայի նոր դեսպանատան բացումը կատարելու այդ քաղաքում, որտեղ հայ համայնքը մեծ թիվ է կազմում։ Կարծես բավական չէր, որ «Արմենիա» անունը կրող գլխավոր պողոտայով պետք է անցներ, նա նաեւ պետք է նույն անունը կրող հրապարակով անցներ, որտեղ Ցեղասպանության փաստը ընդունելու պահանջով հավաքված էին հայ ցուցարարները։ Դիվանագիտական ամենաանպատշաճ դրսեւորումով արտգործնախարարը կորցնելով իր ինքնատիրապետումը, բացահայտեց իրական դեմքը` ցուցադրելով Թուրքիայում նեոֆաշիստական ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Գորշ գայլերի» մատների հատուկ ժեստը։ Արժանապատվություն ունեցող եւ բանակցությունների հաջող ելքով մտահոգված որեւէ դիվանագետ պետք է, որ ինքնատիրապետում դրսեւորեր։ Բայց Չավուշօղլուի դիվանագիտական կրթությունը, հավանաբար, բավական չէր խայտառակ չլինելու համար ամբողջ աշխարիհ առաջ։
Միջադեպը մեզ հիշեցնում է մի այլ դրվագ` կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ, որոնք 2017-ին Վաշինգտոնում սկսեցին հարվածել խաղաղ ցուցարարներին` առաջացնելով դիվանագիտական լարվածություն Ամերիկայի հետ։
Զարմանալի չէ, որ Չավուշօղլուի միջադեպը տեղի ունեցավ հենց այն նույն օրը, երբ թուրքական դատարաններից մեկը այդ երկրի ամենասկզբունքային քաղաքացուն` Օսման Կավալային ցմահ բանտարկության դատապարտեց առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի` դեմ դուրս գալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որ 2019-ին անօրինական էր ճանաչել նրա բանտարկությունը եւ պահանջել նրա անմիջական ազատ արձակումը։
Ուրուգվայի կողմից հակադարձությունը արագ էր, պատշաճ եւ արժանապատիվ, շատ ավելի նպատակային, քան հայկական կառավարության արձագանքը, որ հնչեց իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Էդուարդ Աղաջանյանի կողմից։ Նա դատապարտեց թուրք դիվանագետի պահվածքը` ասելով, որ կատարվածը պարսավանքի արժանի արարք է, որը չի նպաստում փոխադարձ հասկացության մթնոլորտ ձեւավորելուն եւ երկու երկրների միջեւ երկխոսություն ծավալելուն։ Որոշ մեկնաբաններ էլ չբացառեցին, որ դրանով Թուրքիան դրդում էր Հայաստանին հրաժարվել բանակցությունների գործընթացից։ Երեւանի արտաքին գերատեսչությունը լուռ էր, հավանաբար խնդիրներ չառաջացնելու պատրվակով։
Պետք է նշել, սակայն, որ Ուրուգվայի նախագահ Լուի Լաքալ Պուի արձագանքը շատ ավելի ուժեղ էր եւ հասցեական. «Թուրքիայի արտգործնախարարը դժբախտաբար Մոնտեվիդեոյի հայ համայնքի ներկայացուցիչներին ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնամոլական խմբակցության` Գորշ գայլերի ողջույնի մատնանշանը։ Թուրք արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի պահվածքը խստորեն դատապարտելի է։ Հայկական համայնքը իրավացիորեն վիրավորված է», ասաց նա եւ հավելեց, որ իր երկրի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառության ոլորտում ամրապնդվող կապերը չեն նշանակում, որ իրենք համաձայն են մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ։ Ավելի ուշ, թուրք դեսպան Հուսեյին Մուֆթուօղլուն հրավիրվեց Ուրուգվայի արտգործնախարարություն, իսկ հանդիսությունների ժամանակ խորհրդարանի խոսնակն ու նրա տեղակալը ելույթներ ունենալով հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ պախարակեցին Չավուշօղլուին։
«Գորշ գայլերը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելված է Ավստրիայում եւ Ֆրանսիայում։ Խմբավորումը ներգրավված է եղել բազմաթիվ ահաբեկչական արարքների մեջ, ինչպես օրինակ` Հռոմի պապ Հովհաննես Պողոսի դեմ մահափորձ կազմակերպելու եւ լրագրողներ Աբդի Իփեկչիի եւ Հրանտ Դինքի սպանությունները։
Չավուշօղլուի անխոհեմ արարքը հավասարակշռվեց Էրդողանի թուրքահայ համայնքին եւ նրանց միջոցով աշխարհասփյուռ հայությանը ուղղված երկդիմի ելույթով։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի նախագահը փորձում է Ստամբուլի հայոց պատրիարքարանին ուղղված իր ելույթներով կարեկցել հայերին` ինչպես այս տարի նշեց` «ցավալի իրադարձության կապակցությամբ, որ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին»։ Նա ավելացրեց այնուհետեւ. «Ես հարգանքի տուրք եմ մատուցում, դարձյալ, վախճանված օսմանյան հայերին եւ իմ խորին ցավակցությունները հայտնում նրանց վերապրած հարազատներին»։ Իր ելույթում սպանվածների համար փոխանակ իթթիհատականների կառավարությանը մեղադրելու, մեղադրեց «պատերազմի պատճառով» ստեղծված պայմանները, եւ խորհուրդ տվեց «կերտել ապագան միասին եւ չչափազանցել տառապանքը»։ Վստահաբար նա չի գիտակցում, որ տառապանքն այնքան մեծ է եւ աննկարագրելի չափերի է հասնում, որ «չափազանցելու» տեղ չի մնում։
Թուրքիայի ներքին տնտեսությունը մահամերձ է, եւ 2023 թվականին վերընտրվելու Էրդողանի մշուշոտ հեռանկարները սանձել են նրա փառասիրական արկածախնդրությունները արտասահմանում։ Ներկայիս նա ամեն ջանք գործադրում է բարելավելու իր հարաբերությունները հայ-թուրքական մերձեցման գործընթացը նախաձեռնող Բայդենի վարչակազմի հետ։ Նա նաեւ օր ու գիշեր աշխատում է վերականգնել իր հարաբերությունները Միջին Արեւելքում Մ. Նահանգների դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ, ինչպիսիք են մասնավորապես Եգիպտոսը եւ Իսրայելը։ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ լավ հարաբերությունները արդեն տվել են իրենց պտուղները։
Ռուսական S-400 հրթիռները պահելու Թուրքիայի համառության դիմաց տեղի է տվել Մ. Նահանգները եւ առաջարկել գնել իր F-16 կործանիչները։ Վաշինգտոնը նաեւ հասկացրել է, որ ցանկանում է Հունաստանի փոխարեն Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Եվրոպային, Միջերկրականից։
Այս խիստ զգուշավոր ժամանակահատվածում, նախագահ Բայդենի ցեղասպանության տարելիցի առթիվ արտասանած ելույթը, որի ընթացքում նա երկրորդ անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրը, զայրույթ չառաջացրեց Թուրքիայում։ Կարիք չեղավ նաեւ ետ կանչել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։ Փոխարենը, հակառակ իր սովորական ոճին, Էրդողանը մեղմորեն նշեց, որ «հայկական պահանջատիրության հետ կապված հայտարարությունները մեզ համար նշանակություն չունեն։ «Ահա թե ինչպես ենք վերաբերվում Մ. Նահանգների նախագահի ելույթին։ Մենք նույնիսկ արժանի չենք գտնում կենտրոնանալ դրա վրա, որովհետեւ այդ բոլորը հիմնված է սուտ եւ կեղծ տեղեկությունների վրա», ասաց նա։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը նույնիսկ ավելի մեղմ արտահայտվեց, ասելով` Թուրքիայի «պատմությունը մաքուր է»։
Ցեղասպանության այս տարվա հիշատակումները եւ դրանց առաջացրած վիճահարույց երեւույթները միայն մեկ մասն են կազմում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական ընթացիկ բանակցությունների։ Հայաստանում վախ եւ վատ նախազգացում կա, որ կառավարությունը շատ զիջումներ է կատարում բանակցությունների այս սկզբնական փուլում։
ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջացած ճեղքը ստիպում է Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների համանախագահներին ավելի ակտիվ գործողություններով Հայաստանին դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից եւ դեպի Արեւմուտք շրջադարձել։ Վախենալով նման իրավիճակից, Ռուսաստանը անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա հրավիրեց ստորագրելու 30 կետից բաղկացած մի համաձայնագիր, թողնելով սակայն ղարաբաղյան եւ թուրք-հայկական հարաբերությունների հարցերը 3+3 ձեւաչափի տնօրինությանը։
Այդ ձեւաչափի մեջ են մտնում մի կողմից Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, իսկ մյուս կողմից` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Այդ ձեւաչափում, մասնակից ոչ մի կողմ չի կարող Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել հօգուտ Հայաստանի։ Այդ պատճառով էլ Հայաստանը այդ ձեւաչափին է միանում չափազանց զգուշավորությամբ, պայման դնելով, որ Ղարաբաղի հարցը կքննարկի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։
Դժբախտաբար, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները չափազանց բարդ են, որպեսզի Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցները կարողանան գլուխ հանել դրանցից։ Իսկ ներքին ընդդիմությունը է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը եւ սրում մարտահրավերը։
Հայաստանի բնակչությունը շփոթված է իշխող ապաշնորհ վարչակազմի գործողություններից եւ աղմկահարույց ընդդիմությունից, որ քաղաքական ոչ մի մրցունակ օրակարգ չի առաջարկում։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Mirror-Spectator)