Մարտի 29-ին Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ երեւանյան հանդիսատեսը ներկա եղավ հիրավի պատմական իրադարձության. մեզ հնարավորություն ընձեռնվեց ունկնդրել Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան՝ համերգային կատարմամբ, բնագիր իտալերեն լեզվով, ինչպես որ այդ ստեղծագործությունը գրվել էր կոմպոզիտորի ձեռամբ՝ 155 տարի առաջ, Կոստանդնուպոլսում:
Համերգն անչափ տպավորիչ էր երեւանյան ունկնդրի համար: Երեկոյի ընթացքում հնչում էր քնարական, նրբագեղ, իտալական բելկանտոյի կանոններին համապատասխան չուխաճյանական հրաշալի երաժշտությունը: Այս օպերան լիովին նոր բացահայտում էր ունկնդրի համար, որը ծանոթ էր խորհրդային տարիներից ի վեր բեմականացված եւ օպերային թատրոնի խաղացանկում իր տեղը զբաղեցրած «Արշակ Բ»-ին, եւ ակնհայտորեն սա Չուխաճյան կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգության եւս մեկ անսպասելի բացահայտում էր բոլոր երաժշտասերների համար:
Կատարումն իրականություն դարձավ շնորհիվ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Փարիզի «Տիգրան Չուխաճյան» միջազգային կենտրոնի՝ ի դեմս կենտրոնի տնօրեն, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանի եւ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանի:
Ընտրված էր մենակատարների ընտիր կազմ, որն իր բարձր վարպետությամբ փայլեց ողջ երեկոյի ընթացքում. ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյան՝ Արշակ Բ, Լուսինե Մակարյան՝ Օլիմպիա, Նարինե Անանիկյան՝ Փառանձեմ, Արտավազդ Սարգսյան (Ֆրանսիա)՝ Վաղինակ, Հովհաննես Անդրեասյան՝ Գնել, Հայկ Տիգրանյան՝ Ներսես, Սերգեյ Ստեփանյան՝ Վարդան, Թամարա Դադոյան՝ Պոլիսենա: Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը:
–Հարգելի՛ Ժիրայր, պատմեք մի փոքր այս համերգային կատարման նախաձեռնության պատմությունը: Ի՞նչ ճանապարհ եք անցել որպես Տիգրան Չուխաճյանի երաժշտության մասնագետ եւ հետազոտող:
-Իրականում շատ երկար է պատմությունը, սկսվել է 1998-99 թվականներին, երբ տեղեկացա, որ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի մի հայ ջութակահար համոզել էր բեմադրել «Արշակ Բ»-ն եւ կապվելով ինձ հետ՝ խնդրեց անգլերեն լիբրետո ուղարկել իրեն: Երբ խոսակցության ժամանակ ասացի, որ կա այլ տարբերակ՝ բնօրինակ, որը երբեք չի կատարվել, խնդրեց երկու տարբերակների ամփոփումն ուղարկել իրեն, եւ արդյունքում օպերային թատրոնի ղեկավարության ընտրությունը կանգ էր առել օրիգինալ տարբերակի վրա: Այդ ժամանակ ես ասացի, որ դա միայն ինքնագիր ձեռագիր է, որը պահվում է Երեւանի Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում: Հաջորդիվ բացահայտեցինք, որ Եգիպտոսում բնակվող երաժշտագետ, Չուխաճյանի երաժշտության գիտակ Հայկ Ավագյանը դեռեւս իր ուսանողական տարիներին այդ արխիվը կարողացել էր տանել Եգիպտոս եւ ինքն էլ այդ բնօրինակը հավաքեց համակարգչի մեջ եւ պատրաստեց հրատարակության: Այդ աշխատանքները տեւեցին մոտ երկու տարի, եւ ընթացքում արդեն մենք օպերան ուղարկում էինք Սան Ֆրանցիսկո:
Աշխատանքի ընթացքում ես հայտնաբերեցի, որ կան բավական բացթողումներ, լիբրետոյում՝ որոշ տարօրինակ, ոչ համոզիչ անցումներ, օրինակ՝ երբ Փառանձեմը Թովմաս Թերզյանի լիբրետոյում վրեժ լուծելու համար սպանում է Արշակի եւ Օլիմպիայի որդուն, բայց հաջորդ տեսարանում վերջինս ներկա է լինում պարահանդեսին: Եզրակացրինք, որ Չուխաճյանը Թերզյանի լիբրետոն օգտագործել է ոչ ամբողջությամբ, գուցե որովհետեւ այն շատ երկար կտեւեր բեմադրելու համար, բայց քանի որ ինքը թատերագիր չէր, ուրեմն այսպիսի բացթողումներ է թույլ տվել: Հեղինակային ձեռագրի ամբողջական պահպանմամբ, այսինքն՝ ուռտեքստ ասվածով, «Արշակ Բ»-ը հրատարակվեց 2000 թվականին՝ Կահիրեի ՀԲԸՄ-ի եւ Փարիզի «Տիգրան Չուհաճյան» միջազգային հիմնարկի կողմից, իր ստեղծումից 132 տարի անց:
Սակայն կատարման ճանապարհին այն հանդիպեց մի շարք խոչընդոտների: Հայ երաժշտական շրջանակներում այս լուրը լավ արձագանք չստացավ, քանի որ Թերզյանի լիբրետոյում Արշակը բացասական կերպար է, եւ նույնիսկ հոդվածներ գրվեցին այն մասին, թե ինչո՞ւ իտալերեն պետք է բեմադրվի: Ուստիեւ թատրոնի տնօրենը որոշեց հայերեն բեմադրել օպերան, եւ ինձ խնդրեցին իտալերենից թարգմանել հայերեն: Ես թարգմանեցի, լրացրեցի եւ սրբագրեցի, բայց այնտեղ մեծ սխալ գործեցին՝ օպերան կրճատելով, եւ երեք ժամ տեւողությամբ օպերան դարձավ երկժամանոց: Բայց պետք է նշել, որ բավական ջանքեր եւ միջոցներ էին ներդրել, բեմադրիչն էր Ֆրանչեսկա Զամբելլոն, նվագավարը՝ Լորիս Ճգնավորյանը, եւ ներկայացմանը մասնակցում էին միջազգային ճանաչում վայելող հիանալի երգիչներ:
Ու չնայած 2001 թվականին կայացած այս բեմադրությունը ունեցավ թե՛ լավ, թե՛ վատ արձագանքներ, սակայն այն ամբողջական բնօրինակ ներկայացում-առաջնախաղ չի կարելի համարել:
–Իսկ ե՞րբ սկսվեցին աշխատանքները այս նոր տարբերակի վրա:
-Սան Ֆրանցիսկոյի բեմադրությունից տարիներ անց ինձ հետ կապվեց կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը, որը ներկա էր եղել այդ բեմադրությանը եւ այնքան էլ գոհ չէր մնացել:
Ուսումնասիրելով Հայկ Ավագյանի հրատարակությունը, համոզված էր, որ պետք է «Արշակ Բ»-ը գոնե մեկ ամբողջական ձայնագրություն անել իտալերենով:
Սկսեցինք աշխատել իտալերեն լիբրետոյի վրա, եւ քանի որ անհրաժեշտություն կար պահպանել 19-րդ դարի իտալերեն լեզվի պոետիկ կանոնները, Ջոնը կարողացավ այդ աշխատանքներում ներգրավել իտալերենի բարձրակարգ մասնագետների, եւ Թերզյանի լիբրետոն մաքրվեց, դրվեց նոտաների տակ՝ որոշ փոփոխություններով: Ամբողջ լիբրետոն ստուգել եւ խմբագրել են 19-րդ դարի իտալերենի եւ օպերայի լիբրետոների պոեզիայի խիստ կանոնների գիտակ երկու մասնագետներ՝ Լուչիա Տոպին (Միլանի եւ Կրեմոնայի գրադարանների գրադարանավար) եւ Անջելա Ռոմանիոլին (Պավիայի համալսարանի դոցենտ):
–Արդյոք կա՞ն էական տարբերություններ կամ գուցե փոփոխություններ Թովմաս Թերզյանի լիբրետոյի եւ Չուխաճյանի պարտիտուրի մեջ:
-Որպես բեմադրիչ՝ ես Արշակի կերպարը ներկայացրի ողբերգական եւ ավելի բազմաշերտ, որը մտահոգ է երկրի ճակատագրով եւ ուզում է Հայաստանը միավորել: Եվ այդ գիծն այստեղ առաջին պլանում է, սակայն, երաժշտության մասով ոչ մի նոտա կամ եղանակ փոփոխության չի ենթարկվել, նուրբ եւ ոսկերչական աշխատանք է կատարվել:
–Ե՞րբ հնարավորություն ընձեռնվեց վերջապես կատարելու եւ հանդիսատեսի դատին ներկայացնելու օպերայի այս վերականգնված տարբերակը:
-Հայկ Ավագյանի հրատարակությունից հետո՝ 2015-ին, ես եւ Ջոն Սարգսյանը ստեղծեցինք այս երկրորդ տարբերակը, բայց հուսահատ էինք, թե՞ ով հանձն կառնի բեմադրել: Հայաստանում դեռ առկա էր բացասական կարծիքը Արշակի կերպարի վերաբերյալ, սակայն, այս մասին սկսել էր խոսել նաեւ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայիս տնօրեն Աննա Ասատրյանը, որը եւս մեծ ցանկություն ուներ բեմադրված տեսնել ո՛չ միայն «Արշակ Բ», այլեւ Չուխաճյանի «Զեմիրե» եւ այլ օպերաները:
Աստիճանաբար սառույցը տեղից շարժվեց, եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը կապվելով Ջոն Սարգսյանի հետ՝ խնդրեց պարտիտուրը: Ընդունվեց շատ ճիշտ որոշում՝ երգել ամբողջական օպերան, առանց կրճատումների, համերգային կատարմամբ: Ապագայում գուցե բեմականացման համար լինեն որոշակի փոփոխություններ, օրինակ՝ կրկնողությունների կրճատում եւ այլն, բայց այս դեպքում, մարտի 29-ին կայացած համերգային կատարման մեջ, մաեստրո Դուրգարյանի պնդմամբ նաեւ, այն կատարվել է բացառապես օրիգինալ տարբերակով:
Ըստ դիրիժոր Դուրգարյանի՝ նախորդ տարբերակը, որը խորհրդային տարիներին մեծամասամբ հորինվել էր կոմպոզիտոր Լեւոն Խոջա-Էյնաթյանի եւ բեմադրիչ Արմեն Գուլակյանի կողմից, կարող է ներկայացվել որպես Չուխաճյանի երաժշտության հիման վրա հորինված ստեղծագործություն, որը, իհարկե, ոչ մի կապ չունի նրա ոճի, մասնավորապես իտալական բելկանտոյի հետ:
Գուցե նպատակահարմար լինի այս տարբերակն անվանակոչել «Օլիմպիա», քանի որ ինքը՝ Չուխաճյանը եւս, այն անվանել է Օլիմպիա, ենթադրաբար հուսալով, որ օպերան կխուսափի Աբդուլ Համիդ սուլթանի գրաքննությունից, սակայն, թուրքերն անխելք չէին եւ հասկանում էին, որ բեմահարթակ կբաձրանա հայերի փառապանծ անցյալի մի էջ, եւ օպերան այդպես էլ չի բեմադրվել: Այսպիսով, «Արշակ Բ» օպերայի համաշխարհային առաջնախաղը կարելի է համարել հենց այս՝ ամբողջական իտալերեն տարբերակը:
–Այժմ էլ մի փոքր խոսենք բուն համերգային կատարման ընթացքի մասին: Ի՞նչպես էին ընթանում փորձերը, որքա՞ն ժամանակ տեւեցին համերգի պատրաստությունները:
-Ես եւ Ջոնը խորհրդատու էինք այս աշխատանքի մեջ, եւ կարող եմ ասել, որ համերգի պատրաստությունը եղավ շատ կարճ ժամանակում: Տենորի ընտրության պարագայում մենք առաջարկեցինք ֆրանսաբնակ երգիչ Արտավազդ Սարգսյանին, որը մեծ սիրով եւ խանդավառությամբ եկավ եւ մասնակցեց համերգին: Հոյակապ էին բոլորը. թե՛ Նարինե Անանիկյանը, թե՛ Լուսինե Սահակյանը իրենց դերերը կատարեցին բարձր վարպետությամբ եւ շատ բնորոշ: Ավելորդ է ասել, որ հատկապես փայլուն էր Առնոլդ Քոչարյանի կատարումը որպես Արշակ Բ: Հանդիսատեսը զարմացած էր այս տարբերակը լսելուց հետո, քանի որ իրենց իմացած նախորդ տարբերակում այս երաժշտության, կարելի է ասել, 20 տոկոսն է օգտագործվել: Միակ հատվածը, որն անփոփոխ է երկու տարբերակներում, Փառանձեմի արիան է, իսկ նախերգանքն ընդհանրապես երկար ժամանակ կորած էր համարվում եւ ձեռագրերի մեջ չկար: Այս պատմությունն էլ հետաքրքրական է. կրկին Հայկ Ավագյանը թանգարանում անվերնագիր եւ առանձին գործիքների պարտիաներ էր գտել եւ հավաքելով բոլորը, տեսել էր, որ սա օպերայի նախերգանքն է: Ստեղծել էր պարտիտուրը, այնուհետեւ՝ նաեւ կլավիրը եւ նույնիսկ հնչեցրել էր Եգիպտոսում (դեռ 1991-ին):
Սկզբում, մեր երաժիշտ-պրոֆեսորների շրջանում վստահություն չկար, թե սա իսկապես նախերգանքի երաժշտությունն է, սակայն Հայկ Ավագյանին հաջողվել էր պարզել եւ հայտնաբերել, որ այս նախաբանը Պոլսում հրատարակված է եղել որպես կլավիր, եւ նա կարողացավ գտնել այդ հրատարակությունը, որը նոտա առ նոտա համապատասխանում էր իր հավաքած պարտիտուրին: Եվ Ավագյանի հրատարակության մեջ այդ ծանոթագրությունը կա:
Հետաքրքրական է, որ դեռեւս Սան Ֆրանցիսկոյի բեմադրության հետ կապված, ես մեկ անգամ խոսել էի երգիչ, Պետօպերայի տնօրեն, հանգուցյալ Տիգրան Լեւոնյանի հետ եւ փորձել էի պարզաբանել նրան իմ կատարած աշխատանքը, ինչին ի պատասխան նա առաջարկել էր, որ գուցե մեկ այլ տարբերակ ստեղծվի, եւ այդ խոսքերը մշտապես իմ ականջում լինելով՝ ես հետամուտ եղա այս գործին եւ իսկապես կարող եմ այս տարբերակը նվիրել իր հիշատակին:
-Հարգելի՛ Ժիրայր, թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել այսչափ հետաքրքրական զրույցի համար, իսկ «Արշակ Բ» օպերային մաղթենք առաջիկա բեմականացում եւ բազում բեմահարթակներ այն հնչեցնելու եւ մեծ վարպետի՝ Տիգրան Չուխաճյանի երաժշտությունը կենսունակ պահելու համար:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Երաժշտագետ