Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանրահավաքը «նոստալգիկ» հիշողությւոններ է արթնացրել 1988-ին նույն հրապարակում «միացում» գոռացող արցախահայության ու առհասարակ հայության մոտ: Հենց այդ շարժումն էր, որ Հայաստանին անակախություն բերեց, ու թեեւ Արցախը ստիպված էր մի քանի տարի ձգվող պատերազմների միջով անցնել, բայց Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանն ու հայերը կարողացան հայական երկու հանրապետություն հռչակել:
Մեր օրերում, երբ Հայաստանը պատմական օրեր է ապրում, եւ ամեն պահի կարող է վճռվել մեր ինքնիշխանության լինել-չլինելու հարցը, երբ Ռուսաստանն Արցախի փոքր կտորից չհրաժարվելու հստակ «մեսիջներ» է տալիս, պաշտոնական Երեւանն օրվա իշխանության ձեռամբ շարունակում է մանեւրել՝ փորձելով թե՛ գայլերին կուշտ, թե՛ ոչխարներին անվնաս պահել: Փաշինյանի՝ դեռեւս չթրծված ու անփորձ կադրերն իր իսկ գլխավորությամբ փորձում են գերտերությունների «գազանների» հետ ոտք մեկնել՝ չգիտակցելով, որ երեսին ժպտացող գիշատիչները պետք եղած դեպքում ժանիք են ցույց տալու:
«Ազգ»-ի՝ դեռ ամիսներ առաջ լույս տեսած համարներից մեկում էի գրել, որ Հայաստանի հետագան, ինչպեսեւ 1988-ին, այնպես էլ այժմ Արցախից է կախված: Եվ, այո, Արցախյան երկրորդ շարժումը կարող է երկրորդ շնչառության տալ 44-օրյա պատերազմից հետո այդպես էլ ուշքի չեկող Հայաստանի հանրապետությանն ու հայությանը ոտքի հանել: Այս օրերի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ու Հայաստան փոխանցվող լիցքերը ճիշտ օգտագործելու պարագայում, դրանք իրական բալասան կարող են դառնալ համայն հայության համար: Հետեւաբար՝ վերընձյուղվելու համար նորից Արցախի ու Արցախյան հարցի շուրջը միաբանվելու կարիք կա, քանի որ պահն, այո, օրհասական է, մե՜ծ պայթյունն՝ անխուսափելի: Եվ ուրեմն՝ պետք է գործել Երեւանից, բայց՝ Արցախի հարցի օրակարգով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ