Հյուսիսամերիկյան «Ամերիքըն թինքըր» (American Thinker) պահպանողական էլեկտրոնային հանդեսի փետրվարի 9-ի հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք զգալի կրճատումներով:
Նյութի հեղինակը գիտության դոկտոր, Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող ՓԻԹԵՐ ԿՐԱՆԻՑՆ է:
Վաշինգտոնի պատասխանը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը սկսվում է Հայաստանում, եւ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Հարավային Կովկաս՝ դրա համար հող նախապատրաստելու նպատակով: Թրամփի «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին» (TRIPP) կարող է դառնալ առաջին քարը հսկայական տրանսպորտային ցանցի եւ տնտեսական միջանցքների հիմքը, որոնք կոչված են ապահովելու Միացյալ Նահանգների համար կենսականորեն կարեւոր եվրասիական մատակարարման շղթաները եւ դիմակայելու չինական ու ռուսական ազդեցությանը:
Կենտրոնական Եվրասիան դարձել է ժամանակակից մեծ տերությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ, վերջերս, Միացյալ Նահանգների միջեւ մրցակցության հիմնական ասպարեզ: Այս տարածաշրջանը ռազմավարական կարեւոր դիրք է գրավում՝ լինելով սահմանակից Աֆղանստանին, Իրանին եւ Չինաստանին, ու նաեւ բացառիկ հարուստ է հանքային պաշարներով: 1990-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո Չինաստանը արագորեն դարձավ այս տարածաշրջանի առաջատար ներդրողը: Հենց Կենտրոնական Եվրասիայում է Չինաստանը մշակել իր հավակնոտ գլոբալ ռազմավարությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: 2013 թվականին Ղազախստանի Աստանա քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման մասին, որը հետագայում վերածվեց Պեկինի առաջատար աշխարհաքաղաքական նախագծի: Այսօր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով Չինաստանը ձգտում է ընդլայնել իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում եւ Ասիայում: Սակայն նախագծի մեկնարկից ի վեր Կենտրոնական Եվրասիան մշտապես մնացել է դրա հիմնական կոորդինացիոն կենտրոններից մեկը:
ԱՄՆ-ը ներկայումս Եվրասիայում իրականացնում է վերանայված մեծ ռազմավարություն՝ մայրցամաքում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար: Այս ռազմավարությունը ներառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրոպայում պարտավորությունների կրճատման, Մերձավոր Արեւելքում Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման, Հնդկաստանի ռազմավարական հավասարակշռման զսպման եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գերիշխանության ամրապնդման ջանքեր: Չնայած Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը նախկինում երկրորդական էին ԱՄՆ արտաքին-քաղաքական մտածողության մեջ, Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք իրավիճակը փոխվել է: 2025 թվականի նոյեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ղեկավարներին եւ հայտարարեց 20 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի մասին՝ նախատեսված գլխավորապես տեխնոլոգիաների զարգացման եւ կարեւորագույն հանքային հանածոների արդյունահանման համար: Բայցեւայնպես, տարածաշրջան ԱՄՆ-ի ֆիզիկական հասանելիությունն ապահովելու համար նախ պետք է ստեղծվի տարանցիկ միջանցք: Այս դերը վերապահված է ԹՐԻՓՓ-ին՝ «Թրամփի ուղուն՝ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար»:
Կառուցել ԹՐԻՓՓ-ը՝ ընդսմին առանց ծուղակի մեջ ընկնելու
Առաջին հայացքից ԹՐԻՓՓ-ը կարող է թվալ համեստ եւ բավական աննշան ենթակառուցվածքային նախագիծ այնպիսի սահմանափակ աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է: Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի միջեւ նախատեսված, հարավային Հայաստանով անցնելիք միջանցքն ընդամենը 42 կիլոմետրանոց ճանապարհ է, որը պետք է կառուցեն եւ պահպանեն ամերիկյան ընկերությունները: Սա ամերիկյան վերահսկողության ներքո ամբողջ աշխարհում հազարավոր կիլոմետրերով ստեղծվող առեւտրային ուղիների միայն մի փոքր մասն է: Սակայն ԹՐԻՓՓ-ը սկզբունքորեն տարբերվում է սովորական ենթակառուցվածքային նախագծերից: Այս երթուղին կարող է դառնալ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը հակազդելուն ուղղված աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մեծ ռազմավարության անկյունաքարը Եվրասիայում: ԱՄՆ-ին Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիա մուտք ապահովելով՝ այս միջանցքը կարող է նաեւ դառնալ ռազմավարական կարեւոր հարթակ Ռուսաստանի, Իրանի եւ, ի վերջո, Չինաստանի հետ հարաբերություններում մանեւրելու համար:
Թրամփի երթուղին կձգվի հայ-իրանական սահմանի երկայնքով, որոշ հատվածներում անցնելով Իրանի տարածքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Սրանով է բացատրվում Թեհրանի վաղուց եւ կտրուկ դեմ լինելն այս նախագծին:
Թղթի վրա ԹՐԻՓՓ-ը լավ մտածված ծրագիր է՝ ապահովելու ամերիկյան կայուն ներկայությունն ու շահերը աճող աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջանում, ինչպես նաեւ հաստատելու անդրկասպյան կապեր մեծ տերությունների աշխարհատնտեսական մրցակցության սրման պայմաններում: Այն պահանջում է համեմատաբար քիչ ֆինանսական ներդրումներ եւ զորքերի ներկայություն չի պահանջում, սակայն այս նախագիծը կարող է զգալի աշխարհաքաղաքական շահաբաժիններ բերել ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ նրա տարածաշրջանային գործընկերներին: Նույնիսկ 42 կիլոմետրանոց միջանցքը կարող է փոխել ուժերի տարածաշրջանային հաշվեկշիռը Արեւմուտքի օգտին եւ դյուրացնել տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցական այնպիսի ցանցի ստեղծումը, որը կկարողանա հակակշիռ դառնալ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից վերահսկվող ավանդական ու նոր երթուղիներին:
Այնուամենայնիվ կան նաեւ որոշ լուրջ ռիսկեր: Թրամփի երթուղին կարող է հեշտությամբ վերածվել ծուղակի Միացյալ Նահանգների ու նրա տարածաշրջանային գործընկերների համար: Հարավային Կովկասն առաջվա պես բզկտում են կոշտ հակամարտությունները: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնություն նույնիսկ չի նշմարում: Շատերը կարծում են, որ Մերձավոր Արեւելքում 2026 թվականին լարվածությունը կսրվի, եւ նման որեւէ զարգացում կարող է անկայունացնել Իրանի անմիջական աշխարհագրական հարեւանությունը՝ Ադրբեջանից մինչեւ Հայաստան եւ Թուրքիա, առաջացնելով շղթայական ռեակցիա, որը կբորբոքի տարածաշրջանային հակամարտությունները: Թեհրանը, հավանաբար, իր անմիջական հարեւանությամբ ենթադրվող սպառնալիքներին կարձագանքի ճնշող ուժով, քանի որ այն արդեն իսկ ԹՐԻՓՓ-ը համարում է ռազմավարական մարտահրավեր: Նույն կերպ եւ Կրեմլի ղեկավարության ներկայացուցիչները Հարավային Կովկասը համարում են Ռուսաստանի անվտանգության եւ մեծ տերության կարգավիճակի համար առաջնային նշանակություն ունեցող տարածք, ինչի հետ կապված՝ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ընդլայնման դեմ Ռուսաստանի էական հակաքայլերը միանգամայն հավանական են:
Եկեք արտահանենք «Ռեալպոլիտիկ»-ը
Բարյացակամության աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է: Այժմ ռեալիզմը կրկին ձեւավորում է միջազգային հարաբերությունները: «Ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տառապում են ըստ հարկի»,- գրել է Թուկիդիդեսը երկու եւ կես հազարամյակ առաջ: Այդ ժամանակվանից ի վեր այս ասացվածքը ծառայել է որպես ուժերի հարաբերակցության հստակ բնութագրում: Սակայն այսօր միջազգային տնտեսական փոխկախվածության խիտ ցանցը սահմանափակում է ուժի անսանձ կիրառումը եւ կանխում ջունգլիների օրենքի բացարձակ տիրապետությունը: Ժամանակակից Realpolitik-ը չի նշանակում պրագմատիզմից հրաժարում, ավելի շուտ այն արտացոլում է պրագմատիկ լուծումների աճող գերազանցումը լիբերալ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսական դոգմաների նկատմամբ:
Որպեսզի ԹՐԻՓՓ նախագիծը հաջող լինի, այն պետք է իրականացվի կարեւորագույն հարցերի եւ հնարավոր բախումների նկատմամբ ճկուն, պրագմատիկ մոտեցումների օգնությամբ: Սա ներառում է Ռուսաստանի մտահոգությունների ճանաչումը՝ կապված տարածաշրջանային ուժերի փոփոխվող հաշվեկշռի հետ, եւ այդ խնդիրների լուծումը՝ համակարգման ու համագործակցության միջոցով, շինարարական ընկերությունների հետ գնումների պայմանագրերից մինչեւ Եվրասիական զարգացման բանկի նման հաստատությունների հետ քաղաքականության համակարգումը: Նման միջոցառումները կօգնեն ապահովել, որ արեւելքից արեւմուտք ձգվող ԹՐԻՓՓ առանցքը չխաթարի հյուսիսի եւ հարավի միջեւ գործող կապերը: ԹՐԻՓՓ-ի միացումը վաղուց արդեն գործող տրանսպորտային ցանցերին՝ կօգնի նվազեցնել այս միջանցքի ընկալումը իբրեւ ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկերների համար բացառիկ ու պոտենցիալ ռազմականացված ուղու: Միայն նման լավ մտածված ռազմավարության միջոցով կարելի է խուսափել վճռական ու նույնիսկ ագրեսիվ հակազդեցություններից: Եվ միայն այդ դեպքում կարելի կլինի անվտանգ դարձնել «Թրամփի ուղին» դեպի Ասիայի սիրտը:
Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ





