Ապրիլի 19-ին Վարշավայի գետոյի ապստամբության 80-ամյակն էր, եւ պատմական այդ իրադարձությունը մեզ՝ հայերիս այս օրերին հուշում է կարեւոր մի բան մտահան չանել: Անհույս, ընկճված, մահվան տեսիլքն աչքերում 750 հրեա՝ կին թե տղամարդ որոշեցին ապստամբել, մինչեւ վերջին շունչը մարտնչել գերմանական վեհրմախթի դեմ: 4 շաբաթ տեւեց պայքարը, մինչեւ նացիոնալ -սոցիալիստները հիմնովին ոչնչացրին գետոն, ապստամբների մի մասին տեղում գնդակահարեցին, մյուս մասին ճամբար արտաքսեցին: 56 000 հրեա զոհվեց ապստամբության ժամանակ: Չորեքշաբթի օրն առաջին անգամ Վարշավայում այդ առիթով ի նշան հարգանքի հրեա ապստամբների հուշարձանի առջեւ գլուխ խոնարհեցին երեք առաջնորդներ՝ Լեհաստանի, Իսրայելի, Գերմանիայի նախագահները: «Նրանք գիտեին, որ չեն հաղթելու, բայց չէին կամենում առանց պայքարի հանձնվել», շեշտում էր վերապրողներից մեկը: Իսկ Իսրայելի նախագահ Հերցոգն էլ լրացրեց. «Ապստամբների մեծ մասը կենդանի չմնաց, բայց նրանց ոգին հաղթեց: Ապստամբ հրեաները հերոս են»:
Առիթ եմ ունեցել «Ազգ»ում գրելու գերմանացի գրաքննադատ Մարսել Ռայխ Ռանիցկիի՝ Վարշավայի գետոյի մասին հրապարակային պատմությունը: Նա ականատես է եղել, որ իր հայրենակից բախտակիցները այդ գետոյում մոմի լույսի տակ կարդացել են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» գիրքը, արտասվել եւ ուժ առել:
Ընդվզման ոգին ինքնապահպանման, պայքարի, հաղթանակի միակ ուղին է: Վերհիշենք մեր պատմությունը, հրեաներին էլ առիթ տանք համերաշխության այս օրինակները վերաբարձրաձայնելու: Մեր դիվանագետները թող իրենց համեստությունը մի կողմ դնեն՝ գրառումներ անեն մեզ համար կարեւոր այս տարեթվերն ու փաստերը հիշեցնելով:
Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի կողքին ապագայում տեղ կունենան մեր հարեւան այն երկրների ղեկավարները, որ կմերժեն ֆաշիզմն ու ցեղասպան վարքը: Այդժամ կարտոնվի նրանց գլուխ խոնարհումը Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում: Առանց դրա չկա ո՛չ հաշտություն, ո՛չ խաղաղություն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա