Մեր ապրած ժամանակների բազմադեմ իրականության պատկերը տալու նկատառումն ունի Մարիետա Խաչատրյանը՝ իր նորատիպ «Դեպի կյանք» գրքում զետեղելով տարբեր ժանրերի գործեր, հիմնականում՝ արձակ, ավարտին նաեւ՝ չափածո ստեղծագործություններ: Դրանց մեծ մասը վավերագրություններ են՝ համադրված հուշագրության, քնարական շեղումների, մարդկանց ու երեւույթները գնահատող հեղինակային մտածումների տարրերով, տեղ-տեղ ֆանտաստիկ, իրականությունից վեր՝ անսովոր զարգացումներով, երբեմն կտրուկ ավարտներով, որոնք ենթադրում են հետագա շարունակություն եւ կամ ընթերցողին ազատություն տալիս ցանկացած կերպ պատկերացնելու շարադրանքների ավարտը:
Գրքում տարբեր ծավալների գործեր են մեկտեղված: Թե՛ վիպակը եւ թե՛ մի քանի կամ ընդամենը մեկ-մեկուկես էջանոց կարճ պատումներից շատերը իրապատումներ են, որոնցում հեղինակն առաջին կամ երրորդ դեմքով, հասարակարգերի փոփոխության մեր դարանցման սեփական դիտանկյունով եւ անձնական ուղիղ գնահատականներով, լրագրողի գրչին հատուկ ոչ խուճուճ բնորոշումներով՝ նկարագրում է մարդկային տարօրինակ ճակատագրեր, քաղաքային կյանքի անցուդարձից դրվագներ, ժամանակին շրջանառված լուրերի վրա կառուցված հեղինակային վարկածներ, ընդ որում՝ դա արվում է երբեմն հրապարակախոսի ուղիղ խոսքով, գեղարվեստականությունը համադրելով ականատեսի վկայաբանությամբ:
Նման գործ է «Դեպի կյանք» վիպակը, որը սկսվում է հենց 1980-ականների վերջերի հասարակական զարգացումների, հանրահավաքների փաստական նկարագրությամբ, որոնցում կան հեղինակային ուղիղ գնահատականներ, եւ որոնք կարող են ծառայել նաեւ՝ իբրեւ մեր օրերի բնութագրումներ: Օրինակ, 88-ի բուռն հանրահավաքային օրերի եւ ամիսների մասին սթափ, քննական հայացքով գրում է. «…Բայց ուրիշ անգամ պարզունակ թվացող միտքը հանրահավաքի հարթակից բարձրաձայնվելով՝ հնչում էր՝ որպես աներկբա մարգարեություն: Լինում էր, որ մարդիկ իջնում էին միասնության բարձր ոլորտներից եւ վերածվում ամբոխի. ողջամիտ մեկի խոսքը եթե դուր չգար, չհասկանային պարզապես, ծեծում էին տեղնուտեղը»:
Նման գնահատումներ պարունակող նկարագրությունները մեկնակետ կարող են լինել երեք տասնամյակից ավելի վաղեմության՝ արդեն իսկ պատմական իրադարձությունները նորովի քննության առնելու, ինչը գրական արտահայտություն ստանալուց բացի կարիք ունի գիտական խորաքնին վերլուծության: Ականատեսի եւ մասնակցի հեղինակային իրավունքով արձակագիրը հնարավորինս ճշգրիտ է նկարագրում մարդկանց տրամադրությունները, տիրող ընդհանուր մթնոլորտը՝ սյուժետային գիծը զարգացնելով դետեկտիվային ժանրի տարրեր պարունակող պատմությամբ,՝ համեմված սիրո պատմությամբ:
Սիրո սյուժետային գիծը, մեր ընկալմամբ, առաջնային չէ, ծառայում է միայն որպես շարժառիթ՝բացատրելու վիպակի հերոսի քայլերի եւ անակնկալ հոգեմաքրման տրամաբանությունը: Գաղտնի գործակալի կյանքի եւ ծագման անհավանական պատմությունը հանգուցալուծվում է սեփական հայկական արմատների բացահայտմամբ, սիրո շնորհիվ հոգեհեղաշրջմամբ, ինչը եւ որոշիչ է դառնում երկրի համար բախտորոշ քայլեր ձեռնարկելիս: Շարադրանքի ոճը թելադրված է Մարիետա Խաչատրյանի՝ տասնամյակներ ձեւավորված գրելաձեւով՝ լրագրողական հստակություն, նկարագրական հատվածների գերակայություն, զուսպ զգացմունքայնություն, գեղարվեստական արտահայտչամիջոցների սուղ գործածում, մարդկանց եւ երեւույթներին հեղինակային ուղիղ գնահատականներ, որոնցով սյուժետային գիծը մեջմեջում է հեղինակը:
Իր իսկ բնութագրական բառով՝ Մ. Խաչատրյանը «դարափոխն» է նկարագրում՝ դրա «ծանրությունն ուսած մարդկանց ճակատագրերով»: Այդ ծանրությունը, սակայն, մարդկային դիմագծերը չի ջնջել իր պատմվածքների հերոսների երեսից: Այդ մարդկանց շարքում է երջանկության փնտրումից հոգնած եւ հիասթափված, բարդույթներից տառապող Նարեն «Հարազատներ» պատմվածքում, որ նովելային անսպասելի ավարտ ունի.կինն առանց երկմտելու իր փայփայած ինչքն ու իր անձը նվիրում է վաղեմի հանկարծահայտ սիրուն եւ իր սիրած տղամարդու զավակին, որը հաշմվել է արցախյան պատերազմում:
44-օրյա պատերազմի թեման արծարծվում է մի այլ իրապատումի մեջ, որ վերնագրել է «Դժբախտություն եւ սեր»: Մտերիմների մահ ու արհավիրք տեսած երիտասարդ սրտերը, չնայած պատերազմի դաժանությանը, բաց են սիրո համար. չվերջակետված պատմվածքի ավարտին հավատում ես, որ թշնամուն հանձնված Շուշիի մոտակա կիրճում ապաստանած երիտասարդները պետք է որ կարողանան ճեղքել անհայտության խավարը եւ փրկվեն:
Բարության եւ անշահախնդրության ամենահաղթ ուժի հանդեպ հավատի մասին է «Կյանքի անակնկալը» պատմվածքը.սեփական զավակի եւ հարազատների անտարբերությանն ու շահախնդրությանը բախված տարեց տղամարդուն չի չարացրել կյանքը, ընդհակառակը՝ պատրաստ է իր վերջին ունեցածը կիսելու մահացու վտանգի մեջ հայտնված անծանոթի հետ: Եվ խնամքի կենտրոնում ապրող մարդուն պիտի մի օր հատուցվեր իր հոգատարության դիմաց. իրեն նոր, արժանավայել կյանք սկսելու հնարավորություն ընձեռում է հենց իր ձեռքով փրկվածը:
Իրականությանը միախառնված երեւակայական – ֆանտաստիկ պատմությունների շարքից է «Մանու»-ն, որում այլաշխարհային ուժերի թելադրանքով իրական ընտրյալ մարդկանց են հաղորդվում հայերին փրկելու գաղտնագրությունները: Մի այլ՝ երեւակայական – խորհրդավոր պատմություն է «Ներկայություն»-ը, որում հանգուցյալ ամուսնու առարկայական ներկայությունն իր տանը սկզբում տարօրինակ, ապա սովորական է դառնում կնոջ համար:
Գրքի մի գլուխ են կազմում մանր պատումները՝ փոքրիկ ակնարկներ – հիշողություններ՝ շտրիխներով գծված հասարակ մարդկանց, մտավորականների կերպարներով, հոգեբանական դիտարկումներով, միջադեպերի նկարագրությամբ, մեզանում տեղ գտած ոչ գովելի բարքերի նշավակումով, վաղ երիտասարդության քաղցր հուշերից պատառներով:
Հնօրյա պատմությունների շարքում առանձնանում է «Մամիկի վրեժը». Հայոց ցեղասպանությանից մազապո՞ւրծ էր մամիկը, որ շատ ծեր լինելու պատճառով մնացել էր իր տանը՝ թուրքի «մարդասիրությանն» ապավինելով: Կյանքի վերջին տարիներին իր տունը զավթած թուրքի մի պատառ հացին նայող ծերուհին վրեժի ի՜նչ զգացում պիտի ունենար, որ վերջին շնչում ոչ թե համբուրում է թրքուհու ձեռքը, այլ իր բերանի վերջին՝ երկու ատամներով կծում է այն՝ «Իմ սիրտ հովցավ» ասելով հոգին Աստծուն տալով:
Գրքի համարյա ավարտին, մտորելով հայի մերօրյա ընդհանրական կեցվածքի, հայի նախնական «կոդի», վերստին «բարու հայրենիք» ստեղծելու մասին, հեղինակը հռետորական հարցեր է ուղղում ինքն իրեն, հանրությանը, ընթերցողին. «Ի՞նչ, ի՞նչ չենք անում այնպես: Ինչո՞ւ է այս հողը տաղանդներով սնում այլոց երկրները եւ չարին ծառայող երկրավորների»:
Մեր տպավորությամբ, այս կարճ պատումներից եւ նովելներից, ակնարկներից շատերը, առավել ծավալուն արձակ ստեղծագործությունների համար հիմք կամ նախագծումներ կարող են ծառայել, եթե հեղինակը մտադրություն ունենա հետագայում զարգացնելու թեմաները՝ սյուժետային գծերի եւ կերպարների նոր հորինվածքներով:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստաբան