Վահրամ Փափազյանի ընտանեկան կյանքը, ինչպես նրա ողջ կյանքն առհասարակ, լի է հարցականներով։ Մեծ դերասանի հայերեն եւ ռուսերեն ինքնակենսագրական հատորները ոչ միայն չեն լուսաբանում, այլ է՛լ ավելի են խճճում եղած հարցերը։ Պատճառները բազում են՝ դերասանի անզուսպ երեւակայությունը, փաստերին անփույթ վերաբերվելը, ժամանակագրության չհետեւելը, իրարամերժ ու հակասական տվյալներ հաղորդելը, որոշ հարցերի շուրջ առհասարակ լռելը եւ այլն…
Անորոշ հարցերից մեկն էլ վերաբերում է նրա որդիներին, մեկը ծնված արտամուսնական կապից, մյուսը՝ առաջին ամուսնությունից…
«Փետուրի նման նուրբ մանչուկը»
Իր «Հետադարձ հայացք» հուշագրության մեջ, գրելով Աթենքում իր հյուրախաղերի մասին (Սոֆոկլեսի «Օրեստես» ողբերգությամբ), Փափազյանը հիշել է իր խաղընկերուհի, հույն դերասանուհի Եվտերպեին։ «Նրա դերի ու տարիքի հարակցությունը մտերմացրել էր մեզ։ Օրը մթնում էր թե չէ, թեւանցուկ իջնում էինք մինչեւ Ֆալերոն, որտեղ ծովափնյա աղմկոտ ու զվարթ ճաշարաններից մեկում ընթրելուց հետո բարձրանում էինք դեպի Ակրոպոլ, ուր Պարթենոնի աստիճանների վրա թեք ընկած՝ լուսինն էինք դիտում մինչեւ լույս, եւ մի գեղեցիկ գիշեր պատահեց, որ երկար նայեցինք լուսնին…. 1911 թվականի աշնան մի գիշեր, Զմյուռնիայում, ուր խաղում էի (իրականում այդ հյուրախաղերը եղել են դեկտեմբերին – Ա. Բ.), բեմի հետեւում հանդիպեցի իմ Եվտերպեին։ Ամուսնացել էր։ Ամուսինը հույն բանակումն էր, Սալոնիկի տակ, իսկ ինքը եկել ապաստանել էր իր զմյուռնիաբնակ հորաքրոջ մոտ… զավակի հետ։ Երեխայի աչքերին նայեցի թե չէ, ողջ էությունս հիմքից ցնցվեց։ Երկու տարեկան փետուրի նման նուրբ մի մանչուկ էր, որ նայում էր ուղիղ աչքերիս. սեղմեցի կրծքիս, թաթիկները վզիս փաթաթեց, շղթաներից ավելի ամուր և իսպառ այդ թաթիկները ես չեմ մոռացել եւ չեմ մոռանա մինչեւ աչքերս փակեմ։ Մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը Եվտերպեն տեղյակ էր պահում ինձ փոքրիկի կյանքին, նրանից հետո լռեց… Մութն է ամեն ինչ… Դեռ անցյալ տարի, ըստ իմ խնդրանքի, Աթենքի մեր դեսպանատան որոնումները արդյունք չտվեցին, ու դեռ հազիվ ծագած այդ գեղեցիկ արեւը, ավաղ, հոգուս մեջ քնեց…» (Վահրամ Փափազյան, Երկեր հինգ հատորով, հ. 1, Երեւան, 1979, էջ 236)։
Մի քիանի տարի անց գրած «Համլետը ինչպես տեսա» գրքում Փափազյանը, սակայն, հույն դերասանուհու եւ իր զավակի մոր անունը հիշել է Իրինա։ «Բազում Օֆելիաների մեջ մեծ ադամանդի պես փայլում է օրիորդ Իրինա Թավուլարիսը՝ բազմաքանքար հույն ողբերգու Թավուլարիսի աղջիկը, որ մի քանի գիշեր Օֆելիա եղավ ինձ Աթենքում՝ 1910-ի ամռանը։ Ճիշտ է, հայրը ջանք չխնայեց աղջկան այդ դերում պատրաստելու համար, բայց արդյունք չէր լինի, եթե հողը, որի վրա թափվեց այդ աշխատանքը, ամուլ լիներ։ ….Իմ այդ շատ սիրելի Օֆելիայի մասին վաղուց ի վեր տեղեկություն չունեմ։ Մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը մեկ–մեկ տեղեկություններ էր հասնում ինձ Աթենքի մեր դեսպանատան միջոցով։ Հոր մահվանից հետո վերջնականապես տեղավորվել էր Աթենքի «Վասիլիկոն» թատրոնում եւ կենտրոնացել հելլեն կլասիկների վրա։ Խոսում էր մեր մանչուկից, որ դատելով վերջին լուսանկարից` հայի եւ հույնի խառնուրդով խելացի երեխա էր թվում։ Պատերազմի սկզբից ի վեր ոչ մի լուր ո՛չ մորից, ո՛չ երեխայից։ Իմ բոլոր որոնումները մեր դեսպանատան առաջին քարտուղարի միջոցով՝ զուր անցան, եւ այսօր, երբ ավելի քան քսան տարի է անցել, հոգումս ծնված այս հեռավոր ձայնը իսպառ լռեց» (Վահրամ Փափազյան, Երկեր հինգ հատորով, հ. 3, Երեւան, 1983, էջ 149-150)։
Այսպիսով, Փափազյանը երկու անգամ հիշատակել է, որ ինքը հույն դերասանուհուց զավակ է ունեցել։ Չի բացառվում, որ այդպես էլ եղել է, չնայած Փափազյանի կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը լռում է 1910-ի Աթենքի հյուրախաղերի մասին, ավելին, նշում է, որ 1910-ի ամռանը նա իտալական թատերախմբի հետ շրջել է Եվրոպայում։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ Փափազյանը կարճ ժամանակահատվածում ստեղծված գրություններում այդ դերասանուհուն տվել է տարբեր անուններ եւ համարել է դուստրը հույն նշանավոր դերասանի, որի կենսագրությունը, սակայն, լրիվ ուրիշ բան է ասում։ Դիոնիսիոս Թավուլարիսը (1840–1928) իսկապես եղել է 1870–1890-ական թթ. հունական թատրոնի կենտրոնական դեմքերից եւ իսկապես ունեցել է դերասանուհի դուստր, որի անունը, սակայն, եղել է ոչ թե Եվտերպե կամ Իրինա, այլ՝ Էլենի (Էլենի Ֆյուրսթ) եւ որը Փափազյանի տարեկիցը չի եղել, այլ նրանից մեծ է եղել 15 տարով։
Դարձյալ գործ ունենիք փափազյանական հերթական ինքնահնար առասպելներից մեկի հետ…
Առաջին տիկին Փափազյանը
«Հետադարձ հայացք»-ում Փափազյանն իր առաջին ամուսնության մասին գրել է առանց որեւէ տարեթիվ նշելու, սակայն թատերագետ Բաբկեն Հարությունյանը, հղելով հանդերձ Փափազյանին, նրա ամուսնության տարեթիվը նշել է 1911 թվականի նոյեմբերի 15-ը (տե՛ս Բաբկեն Հարությունյան, «Վահրամ Փափազյան. Կյանքի եւ ստեղծագործության տարեգրություն 1888–1968», Երեւան, 2012, էջ 70)։
Փափազյանն իր առաջին կնոջը՝ Աղավնի (Հրաչուհի) Դերձակյանին (բեմական անունը՝ Հրաչյա) ըստ երեւույթին հանդիպել է 1909 թվականի դեկտեմբերին, երբ երկուսով Պոլսի «Նոր բեմ» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես են եկել Զմյուռնիայում (տե՛ս Հարությունյան, նույն տեղում, էջ 56)։ Մեկ տարի անց Փափազյանը ձեռնամուխ է եղել նոր թատերախումբ կազմելու գործին, որի առաջին ներկայացումները կայացել են 1911-ի հունվար-մայիս ամիսներին։ Ըստ իր հուշերի, այդ թատերախումբ հրավիրված Աղավնի եւ Ադրինե Դերձակյան քույրերը «…շատ համեստ ուժեր էին երկուսն էլ, եւ հակառակ ջանքերին՝ չհաջողվեց սիրողականությունից բարձրացնել նրանց գոնե մի որոշ պրոֆեսիոնալիզմի։ Զարգացած աղջիկներ էին. թեեւ որոշ ժամանակ ուսուցչուհու պաշտոն էին վարել, իսկ մեծ քույրը՝ Աղավնի Դերձակյանը, որի բեմական անունը Հրաչյա էր, քաջ հայագետ էր, լայն աշխարհայացք ուներ եւ բանաստեղծական շնորհ, բոլորից մեծ էր տարիքով, ինչպես եւ փորձառությամբ։ Վերջապես իմ եւ Արուսյակի (Ոսկանյան – Ա. Բ.) ուսուցչուհին էր եղել տարիներ առաջ նախակրթարանում, բայց դերասանուհի չէր։ Եթե Ադրինեն շնորհիվ իր թարմության ու գրավիչ արտաքինի որոշ արդյունքի հասնում էր, Հրաչյան, սակայն, բոլորովին զուրկ կանացի շնորհից, չէր կարող երբեք համոզիչ լինել իր ուժերից վեր դերերով, որոնցով ստիպված էինք ծանրաբեռնել նրան։ Եվ հանդիսատեսը նրան չընդունեց» (Փափազյան, հ. 1, էջ 284-285)։
Այնուհետեւ Փափազյանը գրել է, որ թուրքական թատրոնը Դերձակյան քույրերին «շլացուցիչ» պայմաններով աշխատանք է առաջարկել, որին երկուսն էլ համաձայնել են։ Արդեն իսկ նկատելի է որոշ հակասություն. ինչո՞ւ պիտի թուրքական թատրոնն աշխատանքի հրավիրեր սկսնակ, «կանացի շնորհից զուրկ», հանդիսատեսից չընդունված մի սիրող դերասանուհու…
Փափազյանը շարունակել է, որ Դերձակյան քույրերի «դասալքությունն» իրեն այն աստիճան է կատաղեցրել, որ անկողին է ընկել։ «Սաստիկ ջերմախտից գալարվում էի, երբ առավոտյան Սարգիս էֆենդին (հայկական թատերախմբի տնօրենը – Ա. Բ.)հորաքրոջս եւ մեր դերասաններից մի երկուսի հետ այցի եկան ինձ… մի առաջարկով։ ……«Առաջարկությունը», որով եկել էին մոտս՝ ինձ մեր դերասանուհիներից մեկն ու մեկի հետ ամուսնացնելն էր եւ մեր ամուսնությամբ երկուսին մեկտեղ վերջնականապես թատրոնի հետ կապելը: Ամուսնանալ մեծ քրոջ՝ Աղավնու հետ, որը իրականորեն տան գլխավորն էր: Իմ առարկությունը, որ օրիորդը առնվազն տասնհինգ տարով մեծ էր ինձնից, որ ուսուցչուհիս էր եղել, եւ, որ վերջապես, կարիք չէի զգում ամուսնության՝ ընդհանրապես եւ այդ ամուսնությանը՝ մասնավորապես,– համոզիչ չեղավ: ….Դեռ հույս ունեի, որ ինքը՝ Աղավնին կհասկանա այդպիսի մի քայլի անհեթեթությունը եւ, որպես տարեց կին, կհրաժարվի։ Սակայն մեծ եղավ զարմանքս, երբ հաջորդ օրը երկու քույրերը վերադարձան թատրոն, որից հեռացել էին մի քանի օր առաջ, եւ նստեցին փորձի: Մի շաբաթ անց, առանց աղմուկի, գողնիգող, ծնողներիցս ծածուկ, բոլորը թափվեցին գլխիս ու ինձ ամուսնացրին… » (Փափազյան, նույն տեղում, էջ 285-286)։
Փափազյանի վկայությունը, որ Հրաչյան «առնվազն տասնհինգ տարով մեծ էր ինձնից», չի համապատասխանում իրականությանը։ Աղավնի-Հրաչյա Դերձակյանը ծնվել է 1885 (այլ տվյալով՝ 1886) թվականին, այսինքն՝ Փափազյանից մեծ է եղել ընդամենը երկու-երեք տարով։ Այս թվականն է նշել հայ թատրոնի պատմաբան Գառնիկ Ստեփանյանն իր հատորներում (Կենսագրական բառարան, հ. Բ, Երեւան, 1981, էջ 230, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երեւան, 2008, էջ 297)։ Այս փաստը միանգամայն հերքում է Փափազյանի հավաստիացումը, որ իբր Աղավնի Դերձակյանը նախակրթարանում եղել է իր ուսուցչուհին։ Իր անցանկալի կնոջը ներկայացնելով իրենից նվազագույնը տասնհինգ տարի մեծ՝ Փափազյանը ցանկացել է է՛լ ավելի դրամատիկական դարձնել իր ամուսնության պատմությունը եւ արդարացնել ընտանիքը լքելու իր արարքը։
Չափազանցված է նաեւ Փափազյանի՝ Աղավնի Դերձակյանին շնորհազուրկ դերասանուհի համարելը։ Նույն Գառնիկ Ստեփանյանն իր «Ամերիկահայ թատրոնի պատմություն» աշխատության մեջ մոտ յոթ էջ է նվիրել դերասանուհուն՝ ժամանակի մամուլի դրվատալից թատերախոսականների հիման վրա ամբողջացնելով նրա դիմանկարը (էջ 297-304)։ Նրա վկայությամբ՝ քսան տարուց ավելի հայ եւ թուրք թատրոնին ծառայած Հրաչյան համարվել է դրամատիկ լավագույն դերասանուհի, կատարել այնպիսի պատասխանատու դերեր, ինչպիսիք են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Էմիլիա, Սեդա («Հին աստվածներ»), Մարգարիտ («Պատվի համար»), Սոնա («Նամուս») եւ այլն։ Վահրամ Փափազյանի եւ Հրաչյայի եգիպտական հյուրախաղերի ժամանակ «Թերթերը հոն իրմով (Հրաչյայով – Ա. Բ.) զբաղեցան եւ դրուատեցին իր բեմական ներկայանալի կարողութիւնները» (Թէոդիկ, Ամենուն տարեցոյցը, 1921, էջ 272-273)։ Այդ թվականի եգիպտահայ մամուլը բացակայում է Հայաստանում, եւ Փափազյան զույգի հյուրախաղերի մասին եգիպտահայ մամուլի արձագանքները ցարդ անհայտ են մնացել թատերագիտությանը։ Ընդառաջելով մեր խնդրանքին՝ եգիպտահայ մտավորական Հայկ Ավագյանը մեզ սիրալիր կերպով տրամադրեց դրանք։ Կատարենք մի քանի մեջբերում այդ թատերախոսականներից, որոնք ցույց են տալիս, որ տիկին Հրաչյան բնավ էլ շնորհազուրկ սիրող դերասանուհի չի եղել.
«Տիկին Փափազեան, արժանի արուեստակից իր տաղանդաւոր ամուսնոյն, արդար բաժին մը ունեցաւ այս թատերախաղին յաջողութեանը մէջ, երիտասարդ արուեստագիտուհին իր կարգին ուրիշ յայտնութիւն մըն է։ Տէր եւ տիկին Փափազեան հայ բեմին նորածագ երկու աստղերն են անկասկած» (Թատերասէր, Վ. Փափազեան «Քին»ի դերին մէջ, «Յուսաբեր», 15.03.1913)։
«Վահրամ Փափազեանին առընթեր արուեստագիտական յայտնութիւն մը եղաւ նաեւ տիկին Փափազեան, եւ արդար է իրեն ալ մեծ բաժին մը հանել ներկայացման յաջողութենէ։ ….Անշուշտ, Տիկին Փափազեանի դերը կամ դերերը (քանի որ փոխն ի փոխ եղաւ թատերախաղին Կոմսուհի Էլէնան եւ Օր. Տ’Ամպին) չունէին գլխաւոր կեդրոնական անձնաւորութեան – Քինի – դերին ռոմանթիկ ուժգնութիւնը, ճոխութիւնն ու բարդութիւնը, բայց դժուար ու փափուկ դերեր էին, խորապէս սրտաշարժ, եւ զմայլելիօրէն ցաւագին դեր մը, փափկօրէն երանգաւորուած, որ խոր հասկցողութիւն, նուրբ զգայնութիւն եւ յուզողական (էմօթիֆ) կարողութիւն կը պահանջէր։ Այս բոլոր ձիրքերը գերազանցօրէն ունի Տիկին Փափազեան, որուն մէջ ուրախութեամբ կ’ողջունենք հայ բեմի իգական փառքերէն մին։
Ոչինչ կրնայ արտայայտել իր ձայնին հոգեթափանց ու խանդաղատեցնող քաղցրութիւնը, իր առոգանութեան ականակիտ ադամանդիկ ջինջութիւնը, բիւրեղեայ մաքրութիւնն ու թրթռականութիւնը. դերասանուհիի մը համար անգին ձիրք։ Գողտր ու խորունկ յուզման եւ տառապանքի պահերուն՝ կը զգաս, որ արցունքներ կը փայլին ու կը գլորին այդ ձայնին մէջ…
Կատարեալ էր, վերին աստիճանի տպաւորիչ էր եւ բաթեթիք Տիկին Փափազեան՝ այն կարեւոր տեսարանին մէջ, ուր, յուզումի արուեստով մը, երանգներու զգացողութեամբ մը եւ արտայայտութեամբ մը, որոնք հրաշալի էին պարզապէս, ըսաւ, հասկցուց աւելի Քինի՝ իր ամօթխած ու քօղարկուող սէրը, իր երախտագէտ զմայլանքը՝ արուեստագէտին համար, զոր տեսած էր Ռօմէօի, Օթէլլօի եւ Համլէթի դերերուն մէջ, ճանչնալով այսպէ՛ս, իրարու ետեւէ սէրը, նախանձը եւ տառապանքը, եւ հանճարեղ արուեստագէտին մէջէն սիրելով յանկարծ թատրոնը եւ կեանքը, ինք որ զայն վայր ապրած էր անզգայ ու անկենդան սիրտով մը, որ ոչ մէկ հաճոյքէ համ կ’առնէր։
…..Փափազեան զոյգին ներկայութիւնը մեր մէջ գեղարուեստական օպէն (sic) մըն է, որմէ չօգտուելու համար մարդ կա՛մ բնաւ թատերասէր ըլլալու չէ, կա՛մ «մէյտան օյունի» միայն սիրելու է» (Մ. Ս. Կիւրճեան, «Քին»ի ներկայացումը Աղէքսանդրիոյ մէջ, «Յուսաբեր», 18.03.1913)։
«Տիկին Հրաչեայ, մեզի համար նորեկ մը, իրմէ շատ ետ կը թողու արդէն հայ բեմին վրայ իբրեւ աստղ փայլող կարգ մը դերասանուհիներ, զորս առիթ ունեցանք Աբէլեան–Արմէնեան, Զարիֆեան–Ստեփանեան եւ այլ թատերախումբերու մէջ ճանչնալու, սահմանադրական մէկ–երկու անդրանիկ տարիներու շրջանին, Պոլսոյ եւ Իզմիրի մէջ» (Սուրէն Պարթեւեան, «Փրկանքը». (թատերական քրոնիկ), «Յուսաբեր», 5.04.1913)։
«Տիկին Հրաչեայ, Տէզտէմօնայի դերին մէջ, սիրատարի (sic) կնոջ եւ սեւ զրպարտութեան մը անմեղ զոհի բարդ կացութիւնը մինչեւ վերջը գիտակից կարողութեամբ պահպանեց իր տաղանդաւոր ամուսնոյն քովն ի վեր եւ իւրացուց հանդիսականներու խանդավառ ցոյցերէն արդար ու կարեւոր բաժին մը» (Կարօ Պալեան, «Օթէլլօ», «Յուսաբեր», 22.04.1913)….
Սակայն նույն 1913 թվականի աշնանը Փափազյանը մեկնել է Թիֆլիս, որ փաստորեն դարձել է նրանց բաժանման սկիզբը։ Երբ 1914-ի հուլիսին Փափազյանը դարձյալ Պոլիս է եկել, այդ մասին իմանալով՝ Սալոնիկում գտնվող Հրաչյան շտապել է Պոլիս՝ ամուսնու հետ հաշտվելու, սակայն փորձն ապարդյուն է անցել, եւ զույգն ընդմիշտ բաժանվել է (Հարությունյան, նույն տեղում, էջ 108)։
Հրաչյայի քույրը՝ Ադրինեն, ամուսնացել է դերասան Մկրտիչ Ջանանի հետ եւ նրա հետ տեղափոխվել Խորհրդային Հայաստան, իսկ Հրաչյան 1921 թվականին որդու հետ մեկնել է ԱՄՆ։ Այնտեղ նա մինչեւ 1930-ականները հանդես է եկել Պողոսյան թատերախմբում։ Հրաչյան «Մե՛րթ փորձել է մոռանալ, ներկայացումների հայտարարություներում ու ազդագրերում իրեն ներկայացնելով պարզապես «տիկին Հրաչյա», բայց մե՛րթ իր հոգու խորքում թաքնված առկայծումների ազդեցության տակ օգտագործել է Փափազյան ազգանունը, դրանով մի տեսակ տաքացնելով իր հոգին, մանավանդ որ մամուլն էլ, համառորեն, միշտ նրա մասին գրելիս՝ չի մոռացել Փափազյան ազգանունով պատվել» (Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, էջ 303)։
Ըստ Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանի»՝ Հրաչյան մահացել է 1972-ին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա կյանքից հեռացել է 1957 թ. հունվարի 16-ին, Ուոթերթաունում, ինչը վկայված է ժամանակի մամուլում (տե՛ս Դերասանուհի տիկ. Հրաչիայի յուղարկաւորութիւնը, «Զարթօնք», 22.01.1957)։
Սիսակը
Հայտնի է, որ Փափազյանն առաջին ամուսնությունից ունեցել է որդի, երկրորդից (Վալենտինա Կաուրովայից)՝ դուստր։ Եվ եթե վերջինս՝ Մարիա Փափազյանը, հայտնի է որպես ռուսական թատրոնի դերասանուհի եւ հոր մասին հուշագրության հեղինակ, ապա նրա անդրանիկ զավակը մնում է անհայտության մեջ…
Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Փափազյանը եւ Հրաչյա Դերձակյանն ունեցել են որդի, ծնված 1911-1912 թթ.։ «Հրաչեան նախկին ուսուցչուհի էր եւ խելօք դերասանուհի։ Վահրամ Փափազեանի առաջին կինն է, որմէ մանչ մը զաւակ ունեցաւ, այժմ Ամերիկա են» (Երուանդ Թոլայեան, Կավռօշ-նամէ, Ստանպուլ, 2019, էջ 414)։
Փափազյանը, սակայն, իր հուշերում չի հիշել օրինական որդուն։ Գառնիկ Ստեփանյանի վկայությամբ՝ դերասանը չի հավատացել, որ որդին իրենն է, կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, որ իբր ողջ քաղաքն իմացել է այդ դավաճանության մասին եւ որ այդ պատճառով է ինքնը հեռացել Պոլսից (տե՛ս Ստեփանյան, Վահրամ Փափազյանի հետ, Երեւան, 1979, էջ 45-50)։ Սակայն Գառնիկ Ստեփանյանը եւ Արման Կոթիկյանը վկայել են, որ Հրաչայի եւ մանուկ որդու լուսանկարից ակնհայտ է եղել մանչուկի նմանությունը դերասանին։ Այս լուսանկարը պահվել է Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում, սակայն ըստ Լիլիթ Ավագյանի «Փափազյանի տարօրինակ ամուսնությունն ու կորած լուսանկարը» հոդվածի (https://mediamax.am/am/news/pahoc/29517)՝ թանգարանի ֆոնդերից այն անհետացել է…
Բաբկեն Հարությունյանը նշել է Վահրամ եւ Հրաչյա Փափազյանների որդու ծննդյան կոնկրետ թվականը, օրը եւ վայրը՝ 1912-ի օգոստոսի 20, Պոլիս, անունը՝ Սիսակ, որը եղել է «թերահաս երեխա» եւ «որի վերաբերյալ ստույգ տվյալներ չունենք» (տե՛ս Հարությունյան, նույն տեղում, էջ 74)։ Իր սկզբնաղբյուրները բարեխղճորեն նշող Հարությունյանն այս անգամ, ցավոք, չի հիշել, թե որտեղից է քաղել իր տվյալները։ Ի՞նչ է նշանակում «թերահաս երեխա» (յոթ ամսակա՞ն, թե՞ մարմնական ինչ-որ արատ ունեցող)։ Համենայնդեպս, Սիսակ Փափազյանը (կամ գուցե՝ Դերձակյանը) ողջ է եղել տակավին 1957-ին, քանի որ ինչպես նշված է վերոհիշյալ «Դերասանուհի տիկ. Հրաչի յուղարկաւորութիւնը» հոդվածում, Հրաչյայի թաղմանը ներկա են եղել որդին եւ քույրը…
Կինոդերասա՞ն որդի
Գառնիկ Ստեփանյանը, նշելով հանդերձ, որ Փափազյանն աննպաստ է արտահայտվել առաջին կնոջ մասին, գրել է. «Չէ՛, նա չէր մոռացել ո՛չ Հրաչյային, ո՛չ էլ որդուն, որի մասին ասում էին, թե ընթացել է հոր շավղով, դարձել է կինոդերասան» (Ստեփանյան, Վահրամ Փափազյանի հետ, էջ 49)։ Իսկ թե որտեղի՞ց է այս տեղեկությունը՝ Ստեփանյանը, ցավոք, չի նշել… Տարիներ անց գրած իր մեկ այլ աշխատության մեջ Ստեփանյանը վկայել է. «Հրաչյան անձնվիրաբար սիրել է Փափազյանին եւ բաժանվելուց հետո էլ այլեւս չի մտածել նոր ամուսնության, նոր ընտանիք կազմելու մասին, ամբողջվին նվիրվել է իր մանկիկին» (էջ 300), որին «Մեծացրել է մայրը հազար ու մի դժվարություններով, մղել է դեպի արվեստը։ Կա կարծիք, որ մի շարք հոլիվուդյան ֆիլմերում փայլել է որպես գլխավոր դերակատար, սակայն տարբեր անուն ազգանունով, հեռացել է, մերը չէ։ Հայերը մերժել են նրան… մերժել ոչ թե անվանափոխության համար, որ մոդայիկ երեւույթ է, այլ՝ վարքագծի։
Թե որն է եղել նրա վարքագծում մերժելին, այնպես էլ չենք կարողացել պարզել։
Տարիներ առաջ, երբ Հայաստան այցելեցին Հրաչյայի մերձավորներից մեկ երկու հոգի, հանդիպեցինք Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ինչ–որ համերգի ընդմիջմանը, ծանոթացանք, հարցեր տվեցինք, պատասխաններ ստացանք, բայց երբ հարցրինք, թե ինչ ճակատագիր ունեցավ Վահրամ Փափազյանի միակ արու որդին՝ մեր խոսակիցը խոժոռեց դեմքը եւ ակնհայտնի դժվարությամբ պատասխանեց.
–Մի՛ հարցրեք։ Անիկա անարժան որդի մը եղավ…
Բայց թե ինչո՞վ՝ չասաց պատվարժան հյուրը եւ մենք էլ ավելորդ համարեցինք փորփրել հանգած ու մոռացված մի տխուր հուշ…» (Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, էջ 303-304)։
Հավանաբար այդ մերժման պատճառով է, որ հատկապես կինոյում հանդես եկող հայրենակիցների հանդեպ զգայուն եւ անմիջապես արձագանքող սփյուռքահայ մամուլը երբեւէ չի հիշատակել մի շարք հոլիվուդյան ֆիլմերում փայլած հայազգի այդ դերասանի, իսկական անունով՝ Սիսակ Փափազյան (Դերձակյա՞ն)։ Մյուս կողմից, Համացանցի կինոշտեմարանում (www.imdb.com) 1912-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում ծնված կինոգործիչների ցանկում չկա ամերիկյան կինոյի որեւէ դերասան…
Փափազյանի կինոդերասան որդու մասին ասեկոսեն ունի նաեւ այլ դրսեւորումներ…
Երբ 1971 թվականի ամռանը խորհրդային կինովարձույթ է մտել ամերիկյան «Երաժշտության հնչյունները» հայտնի կինոմյուզիքլը (ի դեպ, առաջին ցուցադրություններից մեկը կայացել է Մոսկվայի «Երեւան» կինոթատրոնում), հայ հանդիսականներից շատերը նմանություն են տեսել ֆիլմի գլխավոր դերակատար Քրիսթոֆեր Փլամերի եւ երեք տարի առաջ վախճանված Վահրամ Փափազյանի միջեւ։
Իսկապես, Փլամերի առնական, խրոխտ նայվածքը, շուրթերի գծագրությունը, առինքնող հմայքը բավական հիշեցնում են հայ բեմի մեծ ողբերգուին։ Եվ քանի որ Հայաստանում ոմանք գիտեին, որ Փափազյանն ԱՄՆ-ում որդի ունի, ծնունդ է առել Փլամերի՝ Վահրամ Փափազյանի որդին լինելու առասպելը, որը չի մարել մինչեւ վերջերս։ Երբ 2002-ին էկրան բարձրացավ Ատոմ Էգոյանի «Արարատը» Քրիսթոֆեր Փլամերի խաղարկությամբ, ոչ քիչ թվով հանդիսականներ ինձ հարցնում էին, թե որքանո՞վ է ճիշտ, որ նա Փափազյանի որդին է…
1970-ականների խորհրդային իրականության մեջ չափազանց դժվար, եթե ոչ անհնար էր ստույգ տեղեկություններ ստանալ արտասահմանյան, այն էլ՝ բուրժուական երկրների արվեստագետների վերաբերյալ, ուստիեւ ծնվում էին հազար ու մի ասեկոսեներ։ Մարդիկ չգիտեին, որ կանադացի կինոդերասան Քրիսթոֆեր Փլամերը ծնվել է Փափազյանի օրինական որդու ծնունդից 18 տարի անց, 1930 թվականին, որ նրա ծնողներն էին առեւտրական Ջոն Օրմե Փլամերը եւ նկարչուհի Իզաբելա Մերի Աբոթը, եւ որ 1929–1930 թվականներին Խորհրդային Միությունում արդեն կիսով չափ «բանտված» Փափազյանը չէր կարող լինել օվկիանոսի մյուս ափին զավակ ունենալ։ Ուստիեւ այս ասեկոսեն էլ հարկ է ընդմիշտ մոռանալ…
Այսպիսով, Փափազյանի առեղծվածային որդիները շարունակում են մնալ առեղծվածային։ Կարծում ենք, որ եթե հույն դերասանուհուց ծնված զավակի դեպքն անլուծելի է, ապա հայ դերասանուհուց ծնված նրա ամերիկաբնակ «անարժան» որդու վերաբերյալ թերեւս տակավին հնարավոր է ինչ-ինչ տվյալներ գտնել ամերիկյան աղբյուրներից։ Անգամ եթե նա, ամենայն հավանականությամբ, չի եղել հայտնի կինոդերասան…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ