Այս օրերին, երբ դեռ շարունակում է հրապարակավ քննարկվել Մ. Նահանգներից տիեզերք բաց թողնված Հայկական կոչված իսպանաշեն արբանյակի ինչպեսն ու ինչուն եւ զուգահեռաբար հիշվում ոչ շատ հեռու անցյալում հայկական տիեզերագիտության նվաճումներն ու բարձրագույն մակարդակը, մասնավորաբար Վիկտոր Համբարձումյանի եւ տիեզերական «Օրիոն» համակարգերի հեղինակ Գրիգոր Գյուրզադյանի ու մեր մյուս մեծերի անունները, որոշեցինք մեր քույր հրատարակության՝ «Պայքար» շաբաթաթերթից արտատպել Վահագն որդի Գրիգոր Գյուրզադյանի տիեզերագիտությանը վերաբերող այս ակնարկը:
Խմբ.
Ես ներքին մեծ բաւականութեամբ եւ ուղղակի հաճոյքով եմ գրում այս տողերը, որովհետեւ երբ խօսում կամ գրում եմ լաւ բաների, գեղեցիկ երեւոյթների, առաւել եւս՝ հրաշալի մարդկանց մասին, իրօք բաւականութիւն է եւ հաճոյք: Այսօր ես ընթերցողին ուզում եմ ծանօթացնել մի փառահեղ մարդու, տաղանդաւոր գիտնականի եւ ընտիր մտաւորականի: Մեր մէջ ասած,- ամեն մարդու ասելու բան չի, – ես հպարտ եմ իր հետ իմ ընկերութեամբ եւ բարեկամութեամբ:
Վահագն Գուրզադեանը գիտնական է եւ շատ խոշոր գիտնական: Այսօր նա Հայաստանում Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի ղեկավարն է: Իր կեանքի ուղին շատ հարուստ եւ հետաքրքրական է:
Վահագն Գուրզադեանը իր մասնագիտական կրթութիւնը ստացել է Մոսկուայում, աշակերտելով շատ խոշոր գիտնականների, խորհրդային միջուկային զէնքի հեղինակներից Նոբելեան մրցանակի դափնեկիր Վիտալի Գինզբուրգին եւ շատ նշանաւոր Եակով Զելդովիչին: Դեռեւս 1979 թուականին Գինզբուրգը դիմում է Միջազգային աստղագիտական միութեան նախագահին` խնդրելով 23-ամեայ Վահագն Գուրզադեանին հրաւիրելու Գլխաւոր ասամբլէայում ելոյթ ունենալու: Համբաւաւոր Nature գիտական ամսագիրը հրապարակում է երիտասարդ գիտնականի աշխատութիւնը: Ամենքը գիտեն, որ մեզանում գիտական երկու աստիճան կայ՝ գիտութիւնների թեկնածու եւ գիտութեան դոկտոր: Այն տարիներին թեկնածու դառնալն արդէն դիւրին չէր: Եւ այնուամենայնիւ գիտութիւնների թեկնածու Վահագն Գուրզադեանը երեսուներկու տարեկանում դառնում է գիտութիւնների դոկտոր:
Սկսւում է նրա մեծ ընթացքը: 1989 թուականին նա դասախօսութիւններ է կարդում Ճապոնիայի չորս համալսարանում: Դրանից յետոյ հրաւիրեալ պրոֆեսոր Վահագն Գուրզադեանը աշխատում է օտարերկրեայ մի շարք համալսարաններում, այդ թւում՝ Սասեքսի (Մեծ Բրիտանիա) եւ 2001 թուականից Հռոմի «Լա Սոպիենցիա» համալսարանում:
Վահագն Գուրզադեանը քանիցս մասնակցել է միջազգային շատ պատուաւոր գիտաժողովների: 2000 թուականին մասնակցել է 22-րդ Սոլվէյի ֆիզիկայի գիտաժողովին: Ի դէպ, 1911 թուականից սկիզբ առնող այս համբաւաւոր գիտաժողովներին հայ գիտնականներից մասնակցել է միայն Վիկտոր Համբարձումեանը: 2012 թուականին տիեզերքի հետազօտութեան առաջնահերթութիւններին նուիրուած շուէյցարական գիտութեան 9-րդ բիենալէի երկու գլխաւոր բանախօսներից մէկը եղել է Վահագն Գուրզադեանը:
Հիմա մի շատ բարդ, շատ դժուար, ասեմ ձեզ, ինձ համար էլ, որ դպրոցն ավարտելուց յետոյ պատրաստվում էի աստրօֆիզիկայի բաժանմունք ընդունվելու, շատ դժվար նախադասութիւն եմ գրելու: Վահագն Գուրզադեանի հետազօտութիւնները վերաբերում են գալակտիկական միջուկներում սեւ խոռոչների ակրեցիային, աստղային համակարգերում քաոսային երեւոյթներին, տիեզերական մնացորդային ճառագայթման յատկութիւններին եւ տիեզերքում ցածր խտութեան հսկայական տիրոյթների բացայայտմանը: Նա առաջարկել է ինֆորմացիոն պանսպերմիայի վարկածը, ինչը համարուել է Ֆերմիի պարադոքսի հնարաւոր լուծում: Ըստ Վահագն Գուրզադեանի վարկածի՝ տիեզերական ազդանշաններով հնարաւոր է փոխանցել կեանքի հիմնարար տարրերի գենոմի վերաբերեալ սեղմ կոդաւորուած ինֆորմացիան:
Բան հասկացա՞ք: Մեզ` անտեղեակներիս համար մաքուր չինարէն է, չէ՞: Աւելի լաւ է՝ դա չշարունակեմ, բայց ասեմ, որ Վահագնը ներկայումս եւրոպական արբանեակային ծրագրերից մէկի ղեկավար կազմի մէջ է: Գիտնականները արբանեակ են արձակում Եւրոպական տիեզերական գործակալութեան Կուրու կայանից (Ֆրանսիական Գվիանա):
Վահագն Գուրզադեանը լայն հետաքրքրութիւնների տէր անձնաւորութիւն է: Նա համագործակցել է Փարիզի, Հարվարդի, Չիկագոյի հնագէտների հետ:
Տիգրան Մեծի յայտնի դրամի պատկերը կար հայ ժողովրդի պատմութեան մեր դպրոցական բոլոր դասագրքերում: Արքայից արքայի թագի վրայ թռչող աստղ կար պատկերուած: Ինչքա՜ն երկար ենք նայել ու դիտել: Բայց ահա Վահագն Գուրզադեանն է կարողացել ուշադրութիւն հրաւիրել դրա վրայ, գիտականօրէն ապացուցելով այն նոյնացրել է Հալլէի նշանաւոր գիսաւորի հետ: Գիտական այս յայտնագործութիւնը վիթխարի դեր է խաղացել հին աշխարհի պատմութեան ժամանակագրութեան մէջ շատ կարեւոր եւ նշանակալից ժամանակային ճշտումներ կատարելու գործում: Այսօր աշխարհի բազմաթիւ հանրագիտարաններում այդ յայտնագործութիւնը արձանագրուած է:
Ափսոս որ հնարաւորութիւն չկայ, – թերթում դա հարմար չէ, – իր գոնէ շատ կարեւոր ու գլխաւոր գիտական աշխատութիւններն ու հրապարակումները թուարկելու, իր հնագիտական յայտնագործութեան հետ կապուած հրապարակումները նշելու:
Այսքանը գրեցի, որ վերջապէս մօտենամ ամենակարեւոր ասելիքին: Եւ դուք կ՛իմանաք իմ` պարզ ու սովորական հայիս հպարտութեան պատճառներից մէկը:
Վահագն Գուրզադեանը սերտօրէն համագործակցել է մեծանուն գիտնական, անգլիացի ֆիզիկոս եւ մաթեմատիկոս, Լոնդոնի արքայական ընկերութեան անդամ, Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Ռոջեր Փենրօուզի հետ:
Երկու տարի առաջ, մեզ համար չարաղէտ 2020 թուականին, Ռոջեր Փենրօուզը արժանացաւ Նոբելեան մրցանակի: Դեկտեմբերի 8-ին գիտնականը շուէդական ակադեմիայի դահլիճում կարդում է իր նոբելեան դասախօսութիւնը, որի մէջ ամփոփում եւ ի մի է բերում բնագաւառի գրեթէ մէկ դար տեւած ընթացքը: Իր դասախօսութեան մէջ Փենրօուզը խօսում է Վահագն Գուրզադեանի հետ համագործակցութեան, հայ գիտնականի հետազօտութիւնների կարեւորութեան եւ նշանակալիութեան մասին: Առաջին անգամ շուէդական ակադեմիայի դահլիճում Նոբելեան մրցանակի առիթով տրւում է հայ գիտնականի անուն, այն էլ՝ որոշակի վերաբերմունքով:
Դէ, հիմա ասեք, ես, պարզ հայս, չհպարտանա՞մ: Միգուցէ ուրիշ ժողովուրդների, մեծ եւ հզօր պետութիւնների ժողովուրդների համար դա մեծ բան չէ, բայց մեզ համար, մեզ, որ լաւ գիտենք մեր իրականութիւնն ու մեր գիտութեան արդի վիճակն ու մակարդակը, իհարկէ, մեծ բան է:
Եւ էլի մի կարեւոր ու հետաքրքրական իրողութիւն: 2004 թուականին Վահագն Գուրզադեանը ձեռնարկում է մի յանդուգն փորձ՝ բարձրանալ Արարատ լերան գագաթը, բայց բարձրանալ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի եւ մեր լուսապայծառ Խաչատուր Աբովեանի վերելքի ճանապարհով: Արարատ լերան Արարատեան դաշտի դիմահայեաց լանջը խիստ ռազմականացուած տարածք է՝ մուտքի խստագոյն արգելքով: Սակայն Թուրքիայի ռազմական ղեկավարութիւնը, յարգելով Վահագն Գուրզադեանի գիտական վաստակն ու միջազգային գիտական ճանաչումը, նրան թոյլ է տալիս իրագործելու այդ վերելքը: Այս վերելքի ընթացքում Վահագն Գուրզադեանը յայտնաբերում է 5-6-րդ դարերի հայկական անյայտ բազիլիկային շինութիւն, ինչպէս նաեւ ասուպի մի անյայտ խառնարան: Այս վերջինի մասին հետազօտութիւն է տպագրում բրիտանական աստղագիտական հանդէսում:
Պահեցի, որ վերջում ասեմ, որ Վահագն Գուրզադեանը որդին է մեծանուն գիտնական, ուղղակի լեգենդական անհատականութիւն Գրիգոր Գուրզադեանի: Վահագն Գուրզադեանը թոռն է նշանաւոր հնագէտ-հայագէտ Աշխարհբեկ Քալանթարի, որի գիտական աշխատութիւնների ընտրանին երեք հատորով հրատարակուեց Փարիզում «Civilisatione du Proshe-Orient» մատենաշարով:
Ահա թէ ինչ է նշանակում ընտանեկան կրթութիւն եւ դաստիարակութիւն, ինչ է նշանակում մտաւորական ընտանիքի ժառանգական ընթացք: Մի խոսքով` այն, ինչ մեզանում դժբախտաբար չկայ:
Ի դէպ, Վահագն Գուրզադեանի որդին, տակաւին երիտասարդ մաթեմատիկոս Արամ Գուրզադեանը, հասցրել է ստանալ Ռուսաստանի երիտասարդ գիտնականների առաջին մրցանակը եւ ներկայումս աշխատում է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա):
Գրածս շատ համառօտ եւ կցկտուր եղաւ, բայց յուսով եմ, որ ընթերցողին ծանօթացրի մի իսկական գիտնականի և մի հրաշալի, ընտիր հայ մտաւորականի:
ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
«Պայքար»