Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյուզան Աճեմյան. Ստեղծագործության լուռ ուժը

27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ   Սյուզան Աճեմյանը բազմաճյուղ տեսողական արվեստագետ է, որի կյանքն ու ստեղծագործությունը կոփվել են պատերազմի, տեղահանության եւ մանկուց ունեցած հաշմանդամության փորձառության բովում: Ծնված լինելով Բեյրութում եւ մեծանալով Լիբանանի քաղաքացիական պատերազմի բռնությունների միջավայրում՝ նա արվեստը բացահայտել է ոչ թե որպես զբաղմունք, այլ որպես փրկօղակ, մի ոլորտ, որտեղ գույնը, գիծը եւ երեւակայությունը կարող են գոյատեւել նույնիսկ շրջակա աշխարհի փլուզման պայմաններում:

Սյուզանն ուսանել է Լիբանանի Կերպարվեստի ակադեմիայում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, որտեղ մասնագիտացել է գեղանկարչության մեջ եւ հեղինակավոր կրթաթոշակով դարձել «Դելֆինա Ստուդիո թրասթ» կեցավայրի արվեստագետ:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Լոնդոնում եւ Հոնկոնգում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ում: 1999 թվականին Անգլիայի Արվեստի խորհրդի աջակցությամբ ներկայացրել է Միացյալ Թագավորությունը Լոս Անջելեսում կայացած «Շատ հատուկ» (Very special) արվեստի փառատոնում: Նրա գործերն այսօր պահվում են հանրային եւ մասնավոր հավաքածուներում՝ Լիբանանում, Անգլիայում, Հոնկոնգում, Թայվանում եւ ԱՄՆ-ում: Սյուզան Աճեմյանը նաեւ անգլերեն բանաստեղծություններ է գրում, որոնցից մի քանիսը ներառված են առցանց «The Hangout» էլեկտրոնային գրքում:

– Սիրելի՛ Սյուզան, դուք արվեստը բնութագրել եք որպես ապաստան եւ լեզու դեռ վաղ տարիքից: Ինչպե՞ս են պատերազմի, տեղահանության եւ հաշմանդամության ձեր մանկության փորձառությունները ձեւավորել ձեր ստեղծագործական առաջին քայլերը:

– Իմ մանկությունն անցավ պատերազմի ստվերի, աքսորի եւ հիվանդության պատճառով ընդմիշտ փոխված մարմնի պայմաններում, եւ այդուհանդերձ արվեստը դարձավ միակ տարածքը, որին չէր դիպչում կործանումը: Մի աշխարհում, որն անդադար փախչում էր ոտքերիս տակից, նկարչությունը դարձավ անշարժ կետ, փոթորկի մեջ գտնվող լուռ սենյակ: Այն ինձ հնարավորություն տվեց խոսել, երբ բառերը լռում էին, կառուցել մի տիեզերք, որտեղ կարող էի ազատ գոյություն ունենալ: Ստեղծագործությունը դարձավ իմ ապաստանը, իմ դիմադրությունը եւ գոյատեւման առաջին գիտակցված քայլը:

– Լոնդոնում «Դելֆինա ստուդիո թրասթ»-ում անցկացրած ժամանակը ձեզ ներառեց միջազգային արվեստագիտական միջավայրում: Ինչպե՞ս ազդեց այդ ժամանակահատվածը ինքնության, ընկալման եւ մարդկային փորձառությունը ձեւավորող իրողությունների ձեր ուսումնասիրության վրա:

– «Դելֆինան» իմ առջեւ բացեց աշխարհը՝ լայն բացված պատուհանի պես: Շրջապատված մոլորակի տարբեր անկյուններից եկած արվեստագետներով՝ ես սկսեցի հասկանալ ինքնությունը որպես մի հոսուն, բազմաշերտ եւ մշտապես վերածնվող երեւույթ: Լոնդոնի մշակութային խտությունը սրեց իմ զգայությունը՝ հասկանալու, թե ինչպես է ձեւավորվում ընկալումը՝ պատմությամբ, հիշողությամբ եւ այն անտեսանելի կառուցվածքներով, որոնք ժառանգում ենք: Այդ տարիներն ինձ տվեցին համարձակություն՝ հարցականի տակ դնելու ամեն ինչ, անգամ տեսնելու գործողությունը:

– Ձեր մասին ես առաջին անգամ իմացա սիրիահայ գրող, հանգուցյալ Թորոս Թորանյանի ուղեգրությունից, երբ աշխատում էի Չինաստանի հայերի մասին գրքիս վրա: Ավելի քան երկու տասնամյակ դուք ապրել եւ ստեղծագործել եք Հոնկոնգում: Ի՞նչ տվեց այդ փորձառությունը ձեզ՝ թե՛ որպես արվեստագետի, թե՛ որպես մարդու:

– Հոնկոնգը լույսի եւ խտության քաղաք էր՝ մի վայր, որտեղ շարժումը երբեք չէր դադարում, եւ հակադրությունները գտնվում էին համակեցության մեջ: Նրա ռիթմը ներծծվեց իմ աշխատանքի մեջ՝ սովորեցնելով գեղեցկություն գտնել բեկվածության մեջ եւ ներդաշնակություն՝ հակասությունների ներսում: Սակայն այդ փայլի ներքո ես ունեցա մի երկարատեւ, լռեցնող ամուսնություն, որը փորձում էր ջնջել իմ ձայնն ու իմ արվեստը: Դրանից փրկվելն ինձ սովորեցրեց, որ ստեղծագործությունը փխրուն չէ. այն սպասում է, դիմանում է եւ վեր է բարձրանում, երբ հոգին պատրաստ է:

– Այժմ դուք վերակառուցում եք ձեր ստեղծագործական կյանքը «Իմ նոր եսը» նախագծի միջոցով: Ի՞նչ է խորհրդանշում այն եւ ինչպե՞ս է արտացոլում ձեր ներկա ստեղծագործական տեսլականը:

– «Իմ նոր եսը» վերադարձ է դեպի իմ ներաշխարհը, մի տարածք՝ որը կորցրել էի եւ այժմ կրկին ձեռք եմ բերել: Իմ աշխատանքն այլեւս չի սկսվում արտաքին աշխարհից. այն սկիզբ է առնում հիշողությունից, ներըմբռնումից եւ ինքնության սրբազան ճարտարապետությունից: Յուրաքանչյուր ստեղծագործություն բուժման ծես է, ընդհատված կյանքի կտորները նորից իրար միացնելու փորձ: Այս նախագիծն իմ վերածնունդն է՝ անցում լռությունից ներկայության, գոյատեւումից՝ լիարժեք գոյության ճանապարհ:

– Տարբեր երկրներում ապրելով՝ կապ ունե՞ս հայ արվեստագիտական համայնքի հետ:

– Ես նաեւ Հայաստանի քաղաքացի եմ եւ հայկական ստեղծագործական ոգու հետ իմ կապը արմատացած է իմ էության մեջ: Այն ապրում է ժառանգած դիմադրողականության, սերունդներով փոխանցված պատմությունների, մոխիրներից վերակառուցվելու բնազդի մեջ: Նույնիսկ հայ շրջանակներից հեռու լինելով՝ ես զգում եմ համընդհանուր հիշողության եւ ստեղծագործական եռանդի տրոփյունը: Երբ հանդիպում եմ հայ արվեստագետների, դա ավելի շատ ճանաչում է, քան ծանոթություն:

Այո՛, ես ունեմ Հայաստանի քաղաքացիություն, սակայն դեռ չեմ կարողացել այցելել Հայաստան: Պատանեկության տարիներին պատկերացնում էի, թե ինչպես եմ այնտեղ սովորում եւ ապրում՝ քայլում նույն ճանապարհներով, որոնցով քայլել են իմ նախնիները, օդում լսում եմ իմ լեզուն, զգում եմ այն լուռ ճանաչումը, որը միայն հայրենիքն է տալիս: Բայց իմ հաշմանդամության պատճառով ճանապարհորդությունը երբեք հեշտ չի եղել: Այն ճանապարհը, որին տենչում էի, միշտ մի փոքր անհասանելի մնաց՝ մի վայր, որը կարող էի տեսնել սրտով, բայց ոչ դիպչել ձեռքերով: Այնուամենայնիվ, հենց այդ կարոտն էլ դարձավ ուղեկից՝ ներքին մի Հայաստան, որն ամբողջ կյանքում կրում եմ իմ մեջ:

– Իմ հաջորդ հարցը ավանդական է. ի՞նչ կարող եք պատմել ձեր նախնիների մասին:

– Հայրս՝ Անտուան Աճեմյանը, ծնվել է Անթաքիայում (Անտիոք), որը Հայոց ցեղասպանության ժամանակ կարեւոր անցակետ էր: Վաղ տարիքից կորցնելով հորը՝ նա պատասխանատվություն է ստանձնել իր երկու կրտսեր եղբայրների եւ տարեց մոր հանդեպ: Տասնվեց տարեկանում մեկնել է Սիրիա, սովորել ֆրանսիական ռազմական դպրոցում, տիրապետել յոթ լեզվի եւ ծառայել Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում որպես թարգմանիչ՝ վերահսկելով միջազգային հեռարձակումները՝ գաղտնագրված նացիստական հաղորդագրություններ հայտնաբերելու նպատակով:

Երբ հայ փախստականները տեղափոխվել են Լիբանան, հայրս օգնել է նրանց վերականգնել ինքնության փաստաթղթերը: Հետագայում հրաժարվել է Մադագասկարում թարգմանչական պաշտոնից՝ մնալու համար հիվանդ մոր կողքին, հեռացել է ֆրանսիական բանակից եւ Բուրջ Համուդում աշխատել է որպես բազմալեզու ոստիկան:

Մայրս՝ Եղիսաբեթ Ճապրայանը, Լիբանան է հասել մանկության տարիներին, երբ իր ընտանիքը ցեղասպանության ժամանակ փախել էր Բելենից (Բեյլան)՝ Իսքենդերունի մոտակայքից: Նա ամուսնացել է հորս հետ, թեեւ իր երազանքը՝ դառնալ օպերային երգչուհի, չեն քաջալերել: Միասին նրանք մեծացրել են երեք դուստրերի՝ Դիքիին, Մառլենին եւ ինձ:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երեք տարեկանում, ես վարակվեցի պոլիոմիելիտով եւ ավելի քան հինգ տարի անցկացրի Մոնսենյոր Քորթբաուի հիվանդանոցում: Ծնողներս վաճառեցին իրենց ունեցվածքը՝ կյանքս փրկելու համար: Երբ հիվանդանոցը հարձակման ենթարկվեց, բուժումս ընդհատվեց, եւ ես մշտապես մնացի սայլակով:

Նախնիներս իմ ստեղծագործության լուռ պահապաններն են՝ ձեւավորելով այն ամենը, ինչ ստեղծում եմ: Հայաստանը մեր նահապետուհին է՝ դիմադրության կենդանի մի արխիվ, որը վերապրել է անասելին եւ շարունակում է կանգուն մնալ: Ես կրում եմ նրա վկայությունը եւ տեղ եմ բացում անլսելի ձայների համար: Ես չեմ եղել Հայաստանում, սակայն նա ապրում է իմ սրտում եւ երեւակայության մեջ: Մի օր հույս ունեմ կանգնել այնտեղ, որտեղ առաջին անգամ արմատավորվեցին նախնիներիս պատմությունները:

– Կա՞ն հայ արվեստագետներ եւ գրողներ, որոնք առանձնահատուկ են ձեզ համար:

– Շատ հայ արվեստագետներ խորապես թանկ են ինձ համար: Իմ երեւակայությունը ձեւավորած նկարիչներից են Արշիլ Գորկին, Ժան Գառզուն, Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Գեւորգ Մուրադը եւ Սոսի Մածունյանը: Նրանց ստեղծագործություններում զգում եմ մեր ժողովրդի գույները, վերքերը եւ ոգին:

Գրողներից Վիլյամ Սարոյանը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Նրա պատմությունները փառաբանում են սովորական հայերի դիմացկունությունը, եւ նրա խոսքում ես միշտ ճանաչել եմ ինձ: Խորապես կապված եմ նաեւ բրիտանահայ հեղինակ Նուրիցա Մաթոսյանի ստեղծագործությանը, որը գրել է «Սեւ հրեշտակը. Արշիլ Գորկու կյանքը» գիրքը: Նրա կենսագրությունը հազվադեպ անկեղծությամբ փոխանցում է Գորկու ցավն ու փայլը: Նուրիցայի հետ ընկերացանք, եւ նա նույնիսկ 1998 թվականին ներկա եղավ իմ ցուցահանդեսին Քուաքերների ցուցասրահում՝ իր գրքի հրատարակումից անմիջապես առաջ: Այդ հիշողությունը մինչ օրս թանկ է ինձ համար:

– Իսկ կա՞ն հայ արվեստագետներ, որոնց անձամբ հանդիպել եւ սիրել եք:

– Ինձ ձեւավորած հայ արվեստագետներից մի քանիսին բախտ եմ ունեցել ճանաչել անձամբ: Իմ ուսուցչուհին՝ քանդակագործ Գյուլեն Թորոսյան Տեր-Պողոսյանը, իմ առաջին ոգեշնչումներից էր: Ես միշտ հիացել եմ նաեւ նրա ամուսնու՝ Շահե Տեր-Պողոսյանի, ինչպես նաեւ նրանց դուստրերի՝ Մարալի եւ Նանորի աշխատանքներով, որոնք ինքնուրույն արվեստագետներ են: Խորը սեր եմ տածում նաեւ Լեւոն Ժամկոչյանի նկարների եւ անմոռանալի Փոլ Կիրակոսյանի արվեստի նկատմամբ:

Շատ հայ արվեստագետների գործեր եմ սիրել, սակայն Հեռավոր Արեւելքում ապրած տարիներն ինձ հեռու պահեցին հայ արվեստի աշխարհից: Հոնկոնգում երկար ժամանակ ես միակ հայ արվեստագետն էի՝ միայնակ կրելով իմ ժառանգությունը, բայց միշտ կենդանի պահելով այն իմ աշխատանքներում:

Իմ հայկական ներշնչումները գալիս են այն պատմություններից ու ավանդույթներից, որոնք ընտանիքս տարել է պատերազմի, աքսորի եւ գոյատեւման միջով: Ես պահպանում եմ իմ մշակույթն առօրյա փոքր ծեսերում՝ մեր տոներում, մեր երաժշտության մեջ, մեր հիշողություններում: Նույնիսկ երբ իմ գործերում բացահայտ հայկական խորհրդանիշներ չկան, ոգին միշտ ներկա է: Իմ ժողովրդի դիմադրողականությունը, ընտանեկան կապերի նրբությունը եւ անհետանալուց հրաժարված ազգի հպարտությունը ձեւավորում են ինձ եւ իմ ստեղծագործությունը…

ՍՅՈՒԶԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԻՇՈՂ ՊԱՐՏԵԶԸ

Իմ հոգու լուռ հողից

հիշող պարտեզն է զարթնում.

աչքեր՝ գունատ լուսինների պես բարձրացող,

փաթիլներ՝ ականջ դնող

հողի տակ թաքնված հին երգերին:

Յուրաքանչյուր գիծ շշուկ է,

յուրաքանչյուր հյուսվածք՝ գաղտնի հմայք,

յուրաքանչյուր ձեւ՝ մի հիշողություն,

որ բացվում է մթության մեջ:

Այս նկարը մի փոքրիկ կախարդանք է,

մի վայր, որտեղ անտեսանելին է հայտնվել:

Այստեղ, այս սրբազան կանաչում,

ես թե՛ պահապանն եմ,

թե՛ ծաղիկը:

ԴԻՏՈՂ ՊԱՐՏԵԶԸ

Լռության մեջ՝ արմատի ու երկնքի արանքում,

ուր պարույրներն են ծաղկում, ստվերները՝ հառաչում,

պարտեզը դիտում է՝ լիովին արթուն.

յուրաքանչյուր աչք՝ հայելի, յուրաքանչյուր ցողուն՝ սյուն:

Նրանք չեն թարթում, նրանք չեն քնում,

հազար հայացքներ՝ մեղմ ու խոր,

հսկում են այն երազները,

որ չենք համարձակվում արտաբերել:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հասմիկ Ինճեճիկյան՝ երաժշտագետն ու հայ ազգային մշակույթի համեստ նվիրյալը

Հաջորդ գրառումը

Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
27 Փետրվարի, 2026

Միայն թե ընտրեք մեզ…

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նախկիններ եւ ավելի նախկիններ

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին

27/02/2026
Հաջորդ գրառումը

Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական