«ՍՊԱՍՈՒՄ» ներկայացումը՝ Գյումրու թատրոնի բեմում
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերջին տարիներին աչքի է ընկնում իր ակտիվությամբ՝ համատեղ բեմադրություններ, համագործակցություն մայրաքաղաքից հրավիրված բեմադրիչների եւ դերասանների հետ, նոր դրամատուրգիա, ուշագրավ ներկայացումներ։ Խաղացանկում հայտնված վերջին առաջնախաղը հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք է։ Ժամանակակից հանրահայտ դրամատուրգի պիեսի շուրջ ֆրանսաբնակ հայ բեմադրիչ, դերասանուհի Սաթէ Խաչատրյանը համախմբել է Երեւանից հրավիրված եւ Գյումրու թատրոնի դերասաններին, Ֆրանսիայից հատուկ ժամանել է բեմանկարիչ Բենժամեն Լբրըտոնը՝ ստանալու համար բեմադրիչի պատկերացրած գերժամանակակից, մինիմալիստական եւ պրակտիկ բեմական կոնստրուկցիան, զգեստների ձեւավորումը՝ Էդգար Մանուկյանինն է։ Ժոել Պոմրայի դրամատուրգիային նվիրված նախագիծը պատկանում է բեմադրիչ եւ դերասանուհի Սաթէ Խաչատրյանին եւ նրա ղեկավարած «Սաթէ-Աթրը» ֆրանսիական թատերական միությանը, որը վերջին տարիներին մշտապես հանդես է գալիս Հայաստանում ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակմամբ։ Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված «Սպասում» ներկայացումն այդ նախագծի գլխավոր թատերական իրադարձությունն է։ Սաթէ Խաչատրյանի վերցրած ուղղության եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հայ ընթերցողն ու հանդիսատեսն արդեն ծանոթացել են Արթյուր Ադամովի, Քսավիե Դյուրանժեի, Ֆլորիան Զելլերի, Յասմինա Ռեզայի դրամատուրգիային, որոնց պիեսների թարգմանությունների հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Նա նախաձեռնել է այդ հեղինակների պիեսների ժողովածուների առաջին հայերեն հրատարակումները, պիեսների թատերականացված ընթերցումներ, բեմադրություններ Երեւանում եւ մարզերում։ Մեր նախորդ հրապարակումներում պարբերաբար անդրադարձել ենք Սաթէ Խաչատրյանի գործունեությանը, ուստի նոր ներկայացումը դիտելու համար մեծ սիրով ընդունեցինք բեմադրիչի հրավերը՝ մեկնել Գյումրի։
Ժամանակակից ֆրանսիացի հեղինակ եւ ռեժիսոր Ժոել Պոմրան (ծն. 1963, Ռոան) 1990 թվականին ստեղծել է սեփական թատերախումբը՝ «Կոմպանի Լուի Բրույարթ»։ 2006 թվականին Պոմրայի միանգամից երեք ներկայացումներ` «Դեպի աշխարհ», «Կարմիր գլխարկ» եւ «Առեւտրականները», ցուցադրվել են Ավինյոնի 60-րդ փառատոնի շրջանակներում եւ մեծ համբավ բերել հեղինակին։ Վերջինիս դրամատուրգիան Հայաստանում հանրահռչակելու նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանատունը, Օվեռն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Լիոնի մետրոպոլը, Ֆրանսիական ինստիտուտը, Իզեր դեպարտամենտը։ Բեմադրիչն ընդգծում է նաեւ Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի աջակցությունն ու գրկաբաց ընդունելությունը, առանց որոնց նման որակի ներկայացում չէր կայանա։
Թատրոնը բարեկարգ էր եւ տրամադրող։ Լեփլեցուն դահլիճում հանդիսատեսն անհամբերությամբ սպասում է «Սպասումին», առաջնախաղի՝ նոյեմբերի 12, 13-ին կայացած ներկայացման համբավն էր հավանաբար թատրոն բերել նորություն ու թատերական փորձարարություն սիրող գյումրեցի հանդիսատեսին։ Բեմառաջքում անսպասելիորեն հայտնված էքցենտրիկ հարսանեկան զույգը՝ հարսնացուն (Տաթեւ Հովակիմյան), փեսացուն (Արկադի Ղարագուլյան) եւ հարսնացուի ամենատարբեր տարիքի քույրերը (նույն զգեստներից են կրում, հետեւաբար նաեւ հարսնաքույրերն են) իրենց առաջացրած խառնաշփոթով, այնքան ծանոթ տեքստերով ու իրավիճակներով, տպավորություն են ստեղծում, թե գործ ենք ունենալու ֆրանսիական հերթական սալոնային կատակերգության հետ՝ իրավիճակների կոմեդիայի սկզբունքով, «սիրային եռանկյունի» դասական կառույցով, սակայն րոպեներ անց բացվում է այլ իրականություն։ Հերթական պատմությունները խաղալիս դերասաններն սկսում են զգալ եվրոպական պիեսի շունչը, ներքաշվել խոսքի եւ մեկը մյուսին հաջորդող իրավիճակների հերթագայությամբ պիեսի դրամատուրգիական շերտերը։ Փոխվում է բեմադրական ոճը՝ առաջինի ռեալիստական խաղից հետո դերասանների խաղում սկսում են գերիշխել կիսատոները, դերասանական խաղը դառնում է ավելի ներհայեցողական ու կենտրոնաձիգ։ Սրան նպաստում է նաեւ երաժշտական ձեւավորումը, որի հեղինակը նույնպես բեմադրիչն է եւ որը ներկայացմանը հաղորդում է բարձր ճաշակ, համապատասխան մթնոլորտ ու տրամադրություն (կոմպոզիտոր` Արման Ամար)։
Աչքի է զարնում մասշտաբային բեմական ձեւավորումը՝ պտտվող, պերսպեկտիվային սենյակ-բեմահարթակը բեմի մեջտեղում, որի ներսում էլ իրենց հերթին մի քանի շարժական միջնորմ-շիրմաներ կան։ Սրանց միջոցով էլ, նաեւ բծախնդրորեն բեմադրված լուսային էֆեկտների, հանդիսատեսի աչքի առջեւ բացվելու են մի քանի տարածաչափական հարթություններ, տարբեր իրականություններ։ Ասես աշխարհի պատուհանն է՝ հավերժ կրկնվող, բայց միշտ յուրովի տարբեր կին եւ տղամարդ հարաբերությունների, մարդկային սիրո, երջանկության, դժբախտության, արժեհամակարգերի բախման թեմաներով, որոնք որքան էլ կրկնված լինեն, սակայն միշտ հուզում են հանդիսատեսին։ Նկատենք, որ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների միավորումը» պիեսը բաղկացած է 20 էպիզոդներից, որոնցից ռեժիսորն ընտրել եւ թարգմանել է 10-ը, սրանցից մեկը՝ «Ամուսնալուծությունը», կրկնվում է երեք անգամ՝ սկզբում, միջնամասում եւ ավարտին (ամեն անգամ՝ այլ դերասանների կատարմամբ)՝ դառնալով ներկայացման դրամատուրգիական ողնաշարը։ Պարզ է դառնում, որ սա բեմադրիչի համար ասելիքի ծանրության կենտրոնն է, որտեղ բաժանվող կինը վստահ է, որ ավելի լավ է հեռանալ, քան ապրել առանց սիրո։ «Ես այդ մենակությունը նախընտրում եմ սիրո բացակայությունից»,- համոզված ասում է կինը։ Սակայն, այնուամենայնիվ, ներկայացումը վերնագրված է «Սպասում», որը պիեսի դրվագներից մեկի վերնագիրն է, եւ ըստ բեմադրիչի՝ սպասման զգացողությունը ներկայացման բոլոր սյուժեներով անցնող կարմիր թելն է։
Ի դեպ, ներկայացման մեջ զբաղված երեք սերնդի միեւնույն դերասանները պարբերաբար հանդես են գալիս կոմպոզիցիոն կոլաժային սկզբունքով կառուցված ներկայացման տարբեր դրվագներում՝ ամեն անգամ խաղալով այլ տարիքի եւ այլ սոցիալական խմբի պատկանող հերոսի, հանդես գալով այլ ամպլուայում։ Սրա շնորհիվ հանդիսատեսի համար ավելի պարզ է դառնում յուրաքանչյուր դերասանի հնարավորությունները եւ ինքնաբերաբար մղում համեմատելու նրա կերտած նախորդ կերպարը մյուսի հետ։ Խճանկար հիշեցնող 12 պատմությունների հիմքում սերն է, սպասումն ու մարդկային հարաբերությունները։ Սիրահարներ, ընկերներ, ամուսիններ, հին պատմություններ, իսկական սեր ու անցողիկ հարաբերություններ… Երբեմն սերը բավական չէ, երբեմն էլ՝ այն նույնքան անհնարին է, որքան երկու Կորեաների վերամիավորումը… Մոդեռն բեմում ամեն բան լուծված է պայմանական եւ մինիմալիստական սկզբունքով։ Բեմադրիչը կարեւորում է առաջին հերթին դրամատուրգիան, որն իր բնույթով ստատիկ է, գրեթե առանց գործողությունների եւ որտեղ կարեւոր է խոսքի կառույցը, ռիթմը, երաժշտականությունը։ Այս ընդգծելու նպատակով ռեժիսորը միտումնավոր դերասաններին զրկում է բեմական ռեկվիզիտից՝ կենտրոնացնելով արտաբերվող տեքստի վրա։ Կա տեքստ, մարմին, ձայն ու դատարկ տարածություն, որտեղ դերասանը ստիպված է աշխատեցնել ներքին մեխանիզմները։ Պարզ է, որ այս փորձարարությունը բոլորովին նոր եւ բարդ խնդիր է դերասանների համար, որոնք հոգեբանական, ռուսական դպրոցի հետեւորդներ են։
Ներկայացման բեմադրական գյուտն ու բարձրակետը «Սերը բավական չէ՛ տեսարանն է։ Բնակարանի մեջտեղից կիսված շարժական պատի աջում՝ տարեց, իսկ ձախում՝ երիտասարդ զույգը միեւնույն դրվագն են խաղում՝ բաժանում։ Միաժամանակ ընթացող խաղի ընթացքում զույգերը սահուն շարունակում են միմյանց տեքստերը՝ ասես պինգ-պոնգի գնդակի պես մտքի թելը փոխանցելով բեմի աջ ու ձախ կողմերը։ Տաթեւ Հովակիմյանը եւ Արսեն Միքայելյանը խաղում են իրական, տաք, հոգեմաշ ապրումներով, երիտասարդկան մաքսիմալիզմով ու անհուսությամբ, ավագները՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Գրիգորյանը՝ իրենց տարիքին բնորոշ ավելի հանդարտ, առանց կրքի եւ ավելորդ զգացմունքների, կյանքի հերթական հարվածի հետ հաշտ։ Բեմադրիչը կարողացել է ստատիկ, զուտ երկխոսության վրա հենված տեսարանն այնքան թատերային ու դինամիկ խաղարկել, որ աչք կտրել չի լինում։ Երիտասարդներն ավելի բուռն են վերապրում, բաց նրանք չգիտեն, որ իրենք պակաս ապերջանիկ են, քանի որ դեռ մի ամբողջ կյանք ունեն առջեւում։ Երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը համահունչ խաղընկեր է իր զույգին։ Նա աչքի է ընկնում ֆիզիկական պատրաստվածությամբ, բեմական գեղեցիկ ու կերպարային արտաքինով եւ վստահաբար՝ թատրոնի ամենահեռանկարային ուժերից է։ Վերջերս նա աչքի է ընկել Մաուգլիի դերակատարմամբ՝ միեւնույն թատրոնում բեմադրված համանուն ներկայացման մեջ։
Նկատենք, որ Երեւանից հրավիրված դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը հանդես է գալիս Սաթէ Խաչատրյանի գրեթե բոլոր ներկայացումներում եւ արդեն հստակ կարելի է ասել, որ նա այս բեմադրիչի նախընտրած դերասանուհին է։ Սակայն եթե սիրային հարաբերությունները դերասանուհու դերացանկում մշտապես հանդիպողներից են, եւ դերասանուհու գերզգացմունքային ձեռագիրը միշտ ճանաչելի է նման կերպարներում, ապա առավել անսպասելի եւ հետաքրքրական է Հովակիմյանը «Հղի» դրվագում Անիի՝ հղի կնոջ դերում, որն ի հեճուկս աշխարհի, բանականության, տրամաբանության, վիճակագրության, սոցիալական աշխատողի, իր անմխիթար սոցիալական եւ առողջական վիճակի, որոշել է այս անգամ պահպանել իր զավակին, քանի որ սիրո պտուղ է։ Խենթավուն, իր համոզմունքներում անդրդվելի, ասես այլ աշխարհից, սիրո ու մայրության բերկրանքով լուսավորված, աշխարհից վերացած, կեսժպիտ հայացքով դերասանուհին տպավորիչ է իր անմիջական, առանց սենտիմենտի խաղով, եւ բացահայտում է նոր հնարավորություններ։
Բազմապլան եւ դրամատիկական ներքին ուժով է հանդես գալիս Գյումրու թատրոնի երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանը։ Հատկապես հիշարժան է «Երեխաներ» տեսարանում, որտեղ դերասանուհին խաղում է կարծեցյալ երեխաների դայակ։ Անելանելի վիճակում հայտնված հերոսուհուն վախի, ընկճվածության, կասկածների, տագնապների ներքին հոգեվիճակներով է անցկացնում դերասանուհին՝ դրության եւ խաղի ներքին հաջորդականությամբ լռության ու հակիրճ խոսքի սիմֆոնիա ստեղծելով։ Նա մի շարք դրվագներում այնքան տարբեր է, որ երբեմն դժվար է հասկանալ, որ նույն դերասանուհին է։
Անսպասելի ու միշտ հետաքրքիր է ներկայանում Նառա Սանթոյանը։ Նրա բնական եւ օրգանական խաղը տպավորվել էր դեռեւս երեւանյան հյուրախաղերից մեկի ժամանակ։ «Ամուսնալուծություն» դրվագում նա ի հայտ է բերում ներքին դրամատիզմի, զուսպ խաղի հնարավորություններ, սակայն դերասանուհին կարող է նաեւ միեւնույն ժամանակ համոզիչ լինել կատակերգական դերերում՝ չանցնելով կենցաղային տոնայնությունների։ Միագիծ չէ նրա ստեղծած անբարո կնոջ՝ Էլիզի կերպարը «Գումար» դրվագում. այս դրվագում շահեկան վիճակում է նաեւ Արկադի Ղարագուլյանը Դանիելի դերում։ Մինչեւ վերջ հասկանալի չէ՝ սահմանափակ ու պարզունակ տղամա՞րդ, սրիկա՞ թե՞ մանկան պես միամիտ մեկն է մեր առջեւ եւ միեւնույն կերպ երբեմն պարզ չէ՝ արդյո՞ք կինն իրոք թեթեւաբարո է, թե՞ տղամարդն է նրան սխալ ընկալել։ Իսկ գուցե սերը կերպարանափոխել է կնոջը, որն աննկատ է մնացել հոգեւորական տղամարդու հայացքից։ Տեսարանը տրագիկոմիկական երանգներ ունի։
Անահիտ Քոչարյանը համոզիչ է «Հիշողություն» դրվագում՝ հիշողության կորստով հիվանդ կնոջ կերպարում, որին ամեն օր կլինիկա այցելության է գալիս իր ամուսինը (Սամվել Գրիգորյան), եւ ամեն օր նրանք ամեն բան սկսում են զրոյից։ Կնոջ դանդաղկոտությունը, ամոթխածությունը, խոսքի մի տեսակ անբնական երանգը կերպարին տիպականություն են հաղորդում։ Գրեթե բոլոր դրվագներում համաչափ ու բնական է նրա խաղընկերը՝ Սամվել Գրիգորյանը, որը տեսարանից տեսարան բեմադրության ներքին հավասարակշռվածությունն է պահում եւ դառնում է ներկայացման հենարաններից։
Ըստ բեմադրիչի՝ ժամանակակից ֆրանսիական թատրոնը հենվում է տեքստի վրա (եւ ոչ ենթատեքստի կամ հոգեբանական շերտերի), որի հիմնական գործառույթն է խոսքի միջոցով ապրում փոխանցելը՝ ապահովելով տարածություն ցավի եւ կերպարի միջեւ։ Հետեւաբար, դերասանից պահանջվում է ոչ թե վերապրում ու հոգեբանական խաղ, այլ շեշտադրված տեխնիկա։ Իր հերթին հանդիսատեսը խնդիր չունի ապրումակցվելու կերպարներին, նա դիտում է, լսում է, եւ ներկայացումն իր մեջ հարցադրումներ է առաջացնում։ Այս սկզբունքով է աշխատել բեմադրիչը դերասանների հետ, որոնց համար, անշուշտ, հեշտ չի եղել ֆրանսիական դպրոցի համադրումը հայկականին, սակայն կարեւոր փորձառություն է բոլորի համար։ Վստահորեն կարելի է ասել, որ խնդիրը հաղթահարված է, եւ թատրոնն ունի տարբերվող, ճաշակավոր նոր ներկայացում։
«Սպասումը» Գյումրու դրամատիկական թատրոնում բեմ կրկին կբարձրանա փետրվարից։ Բեմադրիչը նախաձեռնում է նաեւ փետրվար-մարտ ամիսներին հեղինակի մեկ այլ պիես բեմադրել Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնում, իսկ Պոմրայի պիեսների հայերեն ժողովածուն կտպագրվի գարնանը։ Գրքի շնորհանդեսի շրջանակում տեղի կունենան նաեւ թատերականացված ընթերցումներ։
ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու, թատերագետ