Բելգիահայ, այժմ երեւանաբնակ Սեդա Դեւլեթյան Փափազյանի հետ ծանոթացա Ռուբեն Մամուլյանին նվիրված գրքիս շնորհանդեսին։ Գնահատելի էր սահուն արեւմտահայերեն խոսող, սակայն գրավոր հայերենին վարժ չտիրապետող հայրենադարձուհու՝ հայերեն գիրք ձեռք բերելու ցանկությունը։ Ինձ առավել հետաքրքրեց Սեդայի՝ անցյալում պարարվեստի գործիչ լինելը, ուստիեւ մեր հաջորդ հանդիպումը չուշացավ, որի ընթացքում ծնվեց հետեւյալ զրույցը։
–Սեդա՛, ուրախ եմ հայտնաբերել պարարվեստի եւս մեկ սփյուռքահայ գործչի։ Ինչպե՞ս պարը մուտք գործեց քո կյանք։
–Միշտ եմ սիրել պարը, բայց դրանով սկսեցի լրջորեն զբաղվել 14 տարեկանից, եւ ամեն օր դպրոցից հետո պարի դասերի էի հաճախում Բրյուսելի Մոնեի Թագավորական թատրոն։ Նույն շենքում նաեւ Մորիս Բեժարի պարողներն էին պարապում։ Ծնողներս շատ համաձայն չէին, որ պարուհի դառնամ, չէին սիրում այդ մթնոլորտը, բայց նաեւ դեմ չէին, որ պարի ուսուցչուհի լինեմ, ինչն ավելի «շնորհքով» գործ էին համարում։ Չնայած դրան, երբեմն բեմ եմ բարձրացել տարբեր ներկայացումներում՝ դասական եւ մոդեռն բալետներում, նաեւ օպերային ներկայացումների եմ մասնակցել, օրինակ՝ Վագների «Վալկիրիային»։ Դպրոցից հետո Անվերս գնացի, որտեղ երկու տարի ուսանեցի հատուկ բալետի ուսուցիչներ պատրաստող «Ֆլանդրիայի բալետ» խմբի դպրոցում։ Քսան տարեկանում դիպլոմս ձեռքս՝ մեկնեցի Փարիզ, ամուսնացա եւ 16-րդ շրջանի կոնսերվատորիայում սկսեցի բալետ դասավանդել։ Գրեթե քսան տարի դասավանդել եմ, միաժամանակ պարել հայկական «Նաիրի» պարախմբում։ Այնուհետեւ հանդիպելով պարող Ժիրայր Մադիլյանին՝ ստեղծեցինք «Արմեն դանս» պարային դուետը եւ սկսեցինք բեմադրել ու ներկայացնել հայկական պարային համարներ։ Մեր ամենահաջող գործը՝ «Հայաստանի արքայադուստրը», ցուցադրել ենք Ստրասբուրգում՝ բեմի վրա, բայց հատկապես՝ ֆրանսիական եւ հայկական դպրոցներում։ Երեխաներին հեքիաթ էինք պատմում ֆրանսերենով, ես մենապարում էի, Ժիրայրը շալախո էր պարում, վերջում բոլորս հերոսների հարսանիքին քոչարին էինք պարում։ Շատ հաջող համար էր, բոլորը սիրում էին։
–Բայց ավելի շատ մանկավարժությամբ ես զբաղվել։
–Այո՛, կոնսերվատորիային զուգահեռ Փարիզում մոտ քսան տարի տնօրինել եմ «Սեդա Դեւլեթյան Փափազյանի պարի դպրոցը», հարյուրավոր աշակերտներ եմ ունեցել՝ հինգ-վեց տարեկանից մինչեւ քառասուն եւ ավելի տարեկան։
–Նրանց մեջ հայեր եղե՞լ են։
–Շատ քիչ։ Բայց մի այսպիսի պատմություն եղավ։ Մի անգամ մոտս եկավ մի անուշիկ սեւամորթ աղջիկ եւ անսպասելիորեն սկսեց հայերեն խոսել։ Պարզվեց՝ հայրը հայ է, մայրը՝ աֆրիկուհի։ Մի քանի շաբաթ անց եկավ մի անուշիկ ճապոնացի աղջկա հետ։ «Ընկերուհի՞դ է»,– հարցրի։ «Ո՛չ, քույրս է»,– ասաց նա։ Պարզվեց՝ հոր մյուս կինն էլ ճապոնուհի է…
–Պարզ է, դու հանդիպել ես Անուշ եւ Վարդուհի Եզեկիելյաններին՝ ֆրանսահայ գործարար Ռայմոն Եզեկիելյանների դուստրերին…
–Ճիշտ է։ Անուշը շատ հայասեր է, շատ լավ խոսում է հայերեն։
–Այո՛, կարճ ժամանակ միասին աշխատել ենք Երեւանում… Սեդա՛, իսկ քո դպրոցում երբեւէ հայկական թեմայով բեմադրություն կատարե՞լ ես։
–Տարեվերջին ավարտական հանդեսներին միշտ իմ բեմադրած ներկայացումներն էինք ցուցադրում, եւ 1988-ի երկրաշարժից հետո բեմ հանեցի Հայաստանին նվիրված մի բեմադրություն՝ Ազնավուրի եւ այլոց երաժշտությամբ։
–Որտեղի՞ց են նախնիներդ։
–Հայրս՝ Նուբար Դեւլեթյանը, արդեն Բրյուսելում է ծնվել։ Նրա հայրը Կ.Պոլիսը թողել էր Ցեղասպանությունից առաջ, որովհետեւ զգացել էր, որ վիճակը լավ չէ։ Իսկ հորս մայրը փրկվել էր Տրապիզոնի ջարդերից։ Հայրս սիգարետի գործով է զբաղվել։ Մայրս՝ Մաննո Դեւլեթյան Պետրոսյանը, պարսկահայ էր, Թեհրանից։ Քսան տարեկանում որոշել է Ամերիկա մեկնել՝ համալսարանական կրթության, Եվրոպայով է անցել, հանդիպել է հորս եւ ո՛չ Ամերիկա է գնացել, ո՛չ համալսարան ընդունվել։ Ծնողներս շատ հայասեր էին, նրանց շնորհիվ լավ հայ մեծացա։ Երբ Բրյուսելում էի, հայերը շատ քիչ էին, հայաստանցիներ առհասարակ չկային։ Մայրս ֆրանսերեն հետո է սովորել, այնպես որ շատը ի՛ր շնորհիվ հայերեն սովորեցի։ Որպես պարսկահայ՝ մորս մեջ շատ կար հայրենակիցներին օգնելու ձգտումը։ Հայրս շատ սիրված, պատվված մեկն էր։ Բելգիայի հայ գաղութը չորս տարին մեկ համայնքի նախագահ էր ընտրում, եւ հայրս երկու անգամ ընտրվել է։
–Եվ զարմանալի չէ, որ նման ընտանիքի զավակն այսօր ապրում է Հայաստանում։
–Հինգ-վեց տարի է, ինչ Հայաստանում եմ՝ երկու որդիներիս հետ, իսկ դուստրս Ֆրանսիայում է։ Երեք զավակներս էլ շատ հայասեր են։ Մի որդիս արդեն այստեղ ընտանիք է կազմել սիրիահայուհու հետ, արդեն երկու զավակ ունեն։ Նրանք ուրախ են, որ այստեղ են ապրում, ես էլ եմ ուրախ, քանի որ Ֆրանսիայում հայ մնալը շատ դժվար է։ Իմ առաջին լեզուն ֆրանսերենն է, ես ֆրանսերեն եմ մտածում, բայց երբ առաջին զավակս ծնվեց, որոշեցի հետը հայերեն խոսել։ Այսօր աղջիկս, չնայած ապրում է Ֆրանսիայում, ինձնից լավ է հայերեն խոսում, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն դասախոսություններ է կարդում։ Կարեւորը՝ որ թոռնիկներս այստեղ են մեծանում, դպրոց գնում ու այստեղ մնալով՝ հայ կմնան։
–Փաստորեն զավակներդ չորրորդ սերնդի եվրոպահայ են, բայց այսօր ապրում են Հայաստանում, ինչը հրաշալի է։ Որպես նոր հայրենադարձ՝ ի՞նչ կասես Հայաստանի կյանքի մասին եւ ի՞նչ կուզես փոխանցել սփյուռքահայերին։
–Կուզեմ սփյուռքահայերին ասել՝ եկե՛ք Հայաստան, այստեղ լավ կյանք կարող եք ունենալ։ Դժվարություններ կան, բայց ո՞րտեղ չկան։ Եթե տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող են գալ եւ իրենց լավ զգալ այստեղ, ինչո՞ւ հայերը չեն կարող դա անել։ Երբ Փարիզում եմ, հայերը մշտապես խոսում են միայն Հայաստանի վատ կողմերի մասին։ Ես էլ նրանց ասում եմ՝ եկե՛ք Հայաստան ու տեսե՛ք նաեւ հայաստանյան կյանքի եւ ժողովրդի լավ կողմերը։
–Նույնիսկ պատերազմից հետո՞։
–Պատերազմից հետո հայրենադարձությունն է՛լ ավելի է պետք քաջալերել, որ մեր այսքան կորուստներից հետո դրսի հայ տղամարդիկ գան եւ այստեղ ընտանիք կազմեն։ Որքան էլ հայասեր լինեն Սփյուռքում՝ այնտեղ անկարելի է հավիտենապես հայ մնալ։ Եթե հայերը պիտի գնան սփյուռքում ապրեն, ո՞ւմ համար ենք աշխատում, պարապ երկրի՞ համար։ Եկե՛ք այստեղ, ձեր ականջներո՛վ լսեք, ձեր աչքերո՛վ տեսեք Հայաստանի առավելությունները։ Այնքա՛ն լավ երիտասարդություն կա, Հայաստանում մե՛ծ պոտենցիալ կա։ Դասավանդումը թողնելուց հետո հիմա իմ գործը տեսնում եմ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերը սերտացնելու մեջ։ Այստեղ կան «Ի գործ», «Հայ կամավորականների միություն», «Birthright Armenia», «Repat Armenia» կազմակերպությունները, սիրով կաշխատեմ նման միությունների համար։ Այսօր չկա ավելի անհրաժեշտ գործ, քան արտագաղթած հայերին քաջալերելն ու օգնելը, որպեսզի նրանք գան, ապրեն եւ աշխատեն Հայաստանում։ Այնպես որ կրկնեմ իմ կոչը Սփյուռքի ու առհասաակ դրսում ապրող հայերին՝ եկե՛ք Հայաստան…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ