Ս/թ դեկտեմբերի 9-ին, ժամը 17:00, Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի համերգասրահում տեղի կունենա Երեւանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Գրիգոր Հարությունյան):
Համերգն իրականացվում է Հայաստանի Կոմպոզիտորների միության հետ համատեղ եւ նվիրված է տաղանդավոր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի ծննդյան 105 ամյակին:
Ծրագիրը կազմված է հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններից (այդ թվում՝ պրեմիերաներ):
«Սարյան 105» համերգային երեկոյի ընթացքում միասնական ելույթ կունենան «Սարյան» երգչախմբի 105 սաներ: Համերգի նպատակն է հանրայնացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Սարյան» երգչախումբը որդեգրել է առաքելություն. այն է՝ կատարել, տարածել եւ հանրայնացնել գերազանցապես հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս համերգը եւս մեկ խթան կլինի, որ երաժշտասեր հանրությունը ծանոթանա հայ խմբերգային արվեստին:
Համերգային ծրագրում կհնչեն Արամ Սաթյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահե Հայրապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Մարտին Վարդազարյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Ազիզյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի եւ Ղազարոս Սարյանի խմբերգերը:





