Ջազ դաշնակահար Ռեմի Փանոսյանը ծնվել է 1983 թվականին, Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում, հայ հոր եւ ֆրանսիացի մոր ընտանիքում: Դաշնամուր նվագում է յոթ տարեկանից: Սովորել է Մոնպելյեի Ժան Մոնե լիցեյում, Մոնպելյեի ջազի դպրոցում եւ Թուլուզի երաժշտական քոլեջում, ստացել է Ջազի եւ իմպրովիզացիոն երաժշտության ազգային դպրոցի վկայական: Փանոսյանը ջազային դաշնամուր է դասավանդել «Ջազի զավակներ» արվեստանոցում եւ Քեյփ Բրետոնի ջազ տրիոների միջազգային դպրոցում: 2009 թվականին հիմնադրել է «Ռեմի Փանոսյան տրիոն», որի կազմում են նաեւ Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս) եւ Ֆրեդերիկ Պըտիպրեն (հարվածային գործիքներ): 2011 թվականին տրիոն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Add fiction»-ը, որին հետեւել է եւս յոթ ալբոմ: Տրիոն ավելի քան 500 համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Կանադա, Նորվեգիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Հնդկաստան, Թայվան, Բրազիլիա, Վենեսուելա եւ այլն):
Անցյալ փետրվարի 27-ին «Ռեմի Փանոսյան տրիոն» մեկ համերգով հանդես եկավ Երեւանում՝ առաջին անգամ լինելով Հայաստանում: Աննկարագրելի էր հանդիսատեսի ոգեւորությունը ոչ միայն բարձրակարգ ջազային համերգ վայելելու, այլեւ եւս մեկ տաղանդավոր հայրենակցի բացահայտելու համար…
-Ռե՛մի, քո եռյակի կատարումն ուղղակի կախարդական էր: Ինչի՞ց ես ոգեշնչվում քո անսահման «դրայվի» եւ կրքի համար:
-Կարծում եմ՝ հիմնականում ճամփորդելիս եւ տարբեր մարդկանց, մշակույթներ, ազգային ուտեստներ բացահայտելիս: Իսկապես ոգեշնչող է, երբ նոր բաներ ես բացահայտում:
-Տեսնում եմ, որ Մաքսիմի եւ Ֆրեդերիկի հետ դուք ոչ միայն գործընկերներ եք, այլ նաեւ մտերիմ ընկերներ, ճի՞շտ է:
-Այո՛, մենք միմյանց ճանաչում ենք 20 տարի եւ ընկերներ ենք եղել այս տրիոն ստեղծելուց դեռեւս 13 տարի առաջ: Մենք իրար շատ մոտ ենք ապրում: Կարծես մեկ ընտանիք լինենք:
-Մի քիչ խոսենք ջազի մասին: Ոմանց համար ջազը երաժշտական անվերջ արտահայտություն է, ոմանց համար՝ պարզապես երաժշտական շատախոսություն…
-Ջազն իմ կրոնն է: Մարդիկ միշտ ջանք են թափում՝ նկարագրելու, թե ինչ է ջազը: Որոշ մարդկանց համար ջազը դադարեց 1959 թվականին, ուրիշների համար այն անսահման է: Ես իսկապես չգիտեմ: Ինձ համար ջազն ազատություն է: Փորձում եմ լավ երաժշտություն նվագել մեծ ներգործությամբ եւ մեծ ազատությամբ:
-Ոմանք ջազին վերագրում են տարբեր «մեղքեր»: Ամերիկահայ երգչուհի Քեթի Բերբերյանը մի անգամ ասել է, թե ջազը 20-րդ դարի բոլոր չարիքների հիմքն է: Բերբերյանի հանդեպ իմ ողջ հարգանքով եւ հիացմունքով հանդերձ՝ նրա կարծիքը բավական ապակողմնորոշիչ եմ համարում:
-Ես կասեի՝ ընդհակառակը. ջազը 20-րդ դարի բոլոր հրաշալիքների արմատն է՝ լինի սոուլ ֆանք, ռոք, հիփ հոփ եւ այլն: Երբ երաժշտությունը լավն է, կարեւոր չէ՝ ինչ անուն են տալիս նրան:
-Շատ քչերը գիտեն, որ հայ երաժիշտ Գրեգորը՝ Գրիգոր Քելեկյանը (1898-1971) եղել է ֆրանսիական ջազի հիմնադիրներից մեկը (նրա մասին տե՛ս մեր «Աշխարհի առաջին հայազգի ջազմենը» հոդվածը՝ «Ազգ», 22.09.2017 – Ա. Բ.): Իսկ ձեր ուսուցիչներից մեկը ջազ դաշնակահար Ստեփան Քոշոյանն էր:
-Ես հանդիպեցի Ստեֆանին, երբ 14 տարեկան էի: Նա ինձ շատ բան սովորեցրեց եւ մի քանի տարի անց, երբ ինձ ուսուցչի աշխատանք տվեց իր ստուդիայում, միշտ հետեւում էր իմ աշխատանքներին: Նա հիանալի երաժիշտ է եւ հրաշալի անձնավորություն:
-Դու երաժշտակա՞ն ընտանիքից ես:
-Իրականում՝ ոչ: Մայրս սոցիալական աշխատող էր, իսկ հայրս՝ հոգեբան: Նրանք այժմ թոշակառու են, բայց միշտ սիրել են երաժշտությունն ու առհասարակ արվեստը եւ ինձ շատ են աջակցել:
-Համերգին ասացիր, որ քո պապից ընդամենը մի քանի հայերեն բառ ես սովորել: Ի՞նչ բառեր են: Եվ խնդրեմ պատմի՛ր ձեր ընտանիքում եղած ամեն հայկականի մասին:
-Դժվար է իմանալ, թե իրականում որտեղ են ծնվել իմ հայ նախնիները: Պապս՝ Քամեր Փանոսյանը, Ցեղասպանության վերապրող էր: Նա բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, մինչեւ հասել է Ֆրանսիա: Ես բախտ ունեցա շատ ժամանակ անցկացնել նրա հետ: Նա ոգեշնչման անսպառ աղբյուր էր: Նա հաճախ ասում էր ինձ՝ «կամա՛ց», «նստե՛» եւ «աչքաբաց»: Այս երեք հայերեն բառերն եմ հիշում նրանից: Հայրս հիանալի խոհարար է: Ֆրանսիայում շատ հայկական ուտելիքներ էի ուտում` քյոֆթե, բյորեկ, սուջուխ, բաստուրմա եւ այլն: Տատիկս` Մարի Բարոնյանը, շատ էր երգում հայկական ժողովրդական երգեր: Հատկապես հիշում եմ «Երազ» անունով երգը: Ես այն նվագել եմ դուդուկահար Լեւոն Մինասյանի հետ:
-Կարծիք կա, որ հայ ավանդական երաժշտությունն ունի ջազի տարրեր, այդ իսկ պատճառով ֆոլք ջազը շատ տարածված է Հայաստանում, դեռ 1930-ականներից: Ի՞նչ է քո՛ տպավորությունը:
-Լիովին համաձայն եմ: Ժամանակին մի քանի հայ ժողովրդական երգեր էի նվագում եւ, անշուշտ, զգում էի այդ երկու երաժշտության միջեւ եղած կապը: Իսկապես հրաշալի է հանկարծաբանել հայ ժողովրդական երգերով:
-Երբեւէ համագործակցե՞լ ես այլ հայ երաժիշտների հետ:
-Դաշնակահար Տիգրան Համասյանին վաղուց եմ ճանաչում. մենք միասին հյուրախաղերով հանդես ենք եկել Ճապոնիայում: Իսկ հիմա ճանաչում եմ թավջութակահար Արտյոմ Մանուկյանին. մենք միասին մի քանի գործ ենք նվագել, նա ուղղակի հիասքանչ է:
-Ինչպե՞ս կբնութագրես քո այցելությունը Հայաստան եւ համերգը Երեւանում:
-Դա իսկապես յուրահատուկ էր, կարծես տանն էի. առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ թվում էր, թե արդեն եղել եմ այնտեղ: Չեմ համբերում՝ երբ եմ վերադառնալու:
-Մենք եւս անհամբեր ենք՝ կրկին լսելու քեզ: Հայաստանում քեզ հետ ինչ-որ արտասովոր բան պատահե՞լ է, որ կցանկանայիր նշել:
-Իրականում՝ ոչ, թերեւս միայն այն, որ սկսեցի արտասվել Երեւանի ռեստորաններից մեկում, ընթրիքի ժամանակ՝ լսելով հայկական գեղեցիկ դուդուկի երաժշտություն:
-Ռե՛մի, մենք ուզում ենք քեզ հաճախ տեսնել Հայաստանում եւ հայկական բեմերում: Եվ մի օր լսել հայ երաժշտության քո ջազային մեկնաբանությունները:
-Շա՛տ շնորհակալություն: Մեծ հաճույք կլինի ինձ համար:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Ժան-Պոլ Մարտիի