ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ – Մեծ Բրիտանիայում ծնված եւ կրթություն ստացած գրող, լրագրող Ջուլիա Հարլի-Գրինը մասնագիտորեն սկսել է գրել Ավստրալիայում 1970-ականներին, որտեղ եղել է «Սանդեյ մորնինգ հերալդ» պարբերաթերթի մշտական հեղինակը: 1986 թվականին երգահան, նվագավար Լորիս Ճգնավորյանի հետ ամուսնությունից հետո տեղափոխվել է Նյու Յորք: Երեք տարի անց, Հայաստանի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, նրանք տեղափոխվել են Երեւան, որտեղ Ջուլիան զբաղվել է գրականությամբ, ներկայացրել անգլերեն հաղորդումներ տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ դասավանդել անգլերեն: Միացյալ Նահանգներ է վերադարձել 1992 թվականին եւ հաստատվել է Փալմ Բիչում (Ֆլորիդա)՝ դառնալով սյունակագիր տեղական թերթերի եւ ամսագրերի համար: Այնտեղ նա նաեւ սկսել է աշխատել որպես համաշխարհային կամավոր տարբեր երկրներում, այդ թվում՝ Ուկրաինա, Մոնղոլիա եւ Ռումինիա: Նրա գրությունները լույս են տեսել միջազգային մամուլում եւ ժողովածուներում, իսկ կարճամետրաժ գեղարվեստական եւ հեռուստատեսային սցենարներն արժանացել են չորս մրցանակների: 2015 թվականին Ջուլիա Հարլի-Գրինը վերադարձել է Լոնդոն: Նրա հուշերը՝ «Երբեք՝ ակվարիումում» վերնագրով, հրատարակվել է Բրիտանիայում, 2022 թվականի սեպտեմբերին եւ հասանելի է YPDBooks.com եւ Amazonkindle կայքէջերում:
–Ջո՛ւլիա ջան…
-Այո՛, Արծվի՛ ջան…
–Հուզիչ է ձեզ հետ այս հարցազրույցն անելը: Ավելի քան 32 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլին, երբ ես ընդամենը 20 տարեկան էի, վարել եմ իմ առաջին հարցազրույցը, եւ դա ձեզ հետ էր: Այն ժամանակ չէի պատկերացնում, որ հարցազրույցներ վարելը, հատկապես անգլերենով, կարող է մշտական բան լինել իմ կյանքում: Ես ոգեւորվել էի՝ իմանալով, որ Հայաստանում, դեռեւս խորհրդային, ապրում է մի բրիտանացի հեղինակ: Այդ հարցազրույցի համար ես նույնիսկ հատուկ մասնակցեցի անգլերենի մեկամսյա ինտենսիվ դասընթացի: Ենթադրում եմ, որ այդ ժամանակ դուք Երեւանի միակ արեւմուտքցին էիք…
-Շնորհակալությո՛ւն, Արծվի՛, նման բարի ներածության համար, բայց դու պետք է իմանաս, որ ինձ համար էլ շատ հուզիչ է այսքան ժամանակ անց կրկին խոսել քեզ հետ: Երկրաշարժից հետո Հայաստանում ապրելն ու աշխատելը հեշտ ժամանակ չէր, այնքան ցավ ու վիշտ կար, սակայն հայերի ցուցաբերած բարությունն ու շռայլությունը հանուն իմ բարօրության՝ միշտ կլինեն ինձ հետ: Նրանց մտահոգությունը փայլում էր խավարի միջից, եւ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր կարող շատ մեծ դժվարություն լինել, եթե նրանք կարողանային հոգալ ինձ համար:
–Հայաստանում ոմանք ձեզ հիշում են ձեր հեռուստահաղորդումից: Անգլերենը հետզհետե սկսել էր տարածվել Հայաստանում, եւ դրա խթանողներից մեկն էլ դուք էիք:
-Տեղական հեռուստաալիքով անգլերեն հաղորդումներ դասավանդելը եւ ներկայացնելը նոր փորձառություն էր ինձ համար: Ես լավ հիշում եմ, որ գնացի ստուդիա եւ ինձ փորձեցին հաղորդման համար: Դրանից շատ չանցած սկսեցի անգլերեն տեքստ գրել առանձին հաղորդումների համար, իսկ մի երիտասարդ հայ պրոֆեսոր դրանք թարգմանում էր հայերեն եւ օգնում էր ինձ դրանք ասել երկու լեզուներով: Հեռուստաընկերության տնօրենն անգլերեն չգիտեր, բայց նախքան հաղորդումը ձայնագրելը, նա սովորեց մեկ բառ: Կողքի սենյակից, երբ լույսերը միացնում էին ու ես անհանգիստ սպասում էի, նա բարձրաձայն հայտարարեց. «Smile, Julia, SMILE!» (ժպտա՛, Ջուլիա, ժպտա՛):
Այսօր, այս հիշողությունների հետ մեկտեղ, ինձ հաճելի է նաեւ իմանալ, որ մի երիտասարդ հայ աղջիկ, որն այդ ժամանակ դիտում էր իմ հաղորդումները, այսօր ոչ միայն վարժ խոսում է անգլերեն, այլեւ հիմա իմ (խորթ) հարսն է՝ խորթ որդուս կինը:
-«Գեղարվեստ» թերթում տպագրված իմ վերոհիշյալ հարցազրույցում նշել էիք ձեր ընթացիկ նախագծի՝ «Արմենիա» հյուրանոց» վեպի մասին: Ենթադրում եմ, որ այն չիրականացվեց:
-Ես շատ ջանք թափեցի՝ փորձելով հրատարակիչ գտնել «Արմենիա» հյուրանոց» վեպիս համար, որը գրել էի Երեւանում ապրածս ժամանակ, բայց այդպես էլ չհաջողվեց: Այնուամենայնիվ, ձեռագիրը տեղեկատվական նպատակներով օգտակար եղավ ինչպես իմ հուշագրության, այնպես էլ Հայաստանի մասին գրածս հետագա հոդվածների համար, որոնք բոլորն էլ տպագրվել են Միացյալ Նահանգներում:
-1992-ին Երեւանի կանանց «Առագաստ» շաբաթաթերթին տված ձեր հարցազրույցում ես թերահավատորեն ընդունեցի ձեր կարծիքը, թե Հայաստանում ամենաշատը ձեզ զարմացրել են կանայք եւ որ հայուհիներն իրենց գեղեցկությամբ գերազանցում են մյուսներին: Այն ժամանակ ինձ նման երիտասարդի համար այդ «դրսի հայացքն» անսովոր էր, բայց հետո ես համոզվեցի, որ դուք իրավացի եք, քանի որ հայ կանանց գեղեցկությունն ակնհայտ դարձավ սերնդափոխության եւ կյանքի պայմանների բարելավման շնորհիվ:
-Մենք այստեղ ասում ենք, որ «գեղեցկությունը դիտողի աչքերի մեջ է», եւ, անշուշտ, ես հայ կանանց համարում եմ թե՛ զմայլելի, թե՛ ներքուստ գեղեցիկ: Իրականում, համոզված եմ, որ մեկը չի կարող լինել առանց մյուսի: Ներքին գեղեցկությունը փայլում է մուգ մազերի, մուգ աչքերի եւ գեղեցիկ դեմքի հետ միասին:
Եվ քանի դեռ խոսում ենք գեղեցկությունից, ես նկատել եմ, թե այսօր որքան են նորաձեւությանը հետեւում երիտասարդ հայուհիները: Երբ ես այդտեղ էի 1989-ին, եւ երկիրը խորհրդային իշխանության տակ էր, քչերն էին տաբատ հագնում, մեծ մասը համեստ էր հագնված՝ կիսաշրջազգեստներով եւ սանդալներով: Այժմ նրանք նորաձեւության սիրահարներ են, որոնք լիովին գիտակցում եւ հետեւում են եվրոպական եւ ամերիկյան վերջին միտումներին:
–Ես հիշում եմ, որ մի քիչ հայերեն էիք խոսում ու կարդում, բայց հիմա երեւի մոռացել եք…
-Ավա՜ղ, այլեւս չեմ կարողանում հայերեն լավ խոսել: Ես դեռ պահում եմ հայերեն բառեր ու արտահայտություններ պարունակող այն փոքրիկ կարմիր գիրքը, որը տարիներ առաջ միշտ հետս էր լինում: Այսօր, նախքան Հայաստան վերադառնալս, գիրքը մեջտեղ եմ բերում ու թերթում եմ, որպեսզի գոնե բոլորին բարեւեմ եւ, երբ առիթը լինի, հայերեն արտահայտություններ օգտագործեմ:
Դուք նաեւ պետք է իմանաք, որ մինչ որպես հեղինակ ես ստորագրում եմ «Ջուլիա Հարլի-Գրին» անունով, ես պահպանում եմ «Ջուլիա Ճգնավորյան» պաշտոնական անունս: Համոզված եմ, որ շատ հայեր գիտեն, որ իմ ընտանիքի մի քանի անդամներ աչքի են ընկել իրենց ասպարեզներում նախկին ամուսնուս՝ հայտնի երգահան եւ նվագավար Լորիսի հետ. նրա ավագ որդի Զարեհը (իմ խորթ որդին) փորձառու կինոբեմադրիչ է, իսկ Լորիսի երկրորդ որդին՝ Էմանուելը, երիտասարդ ականավոր ջութակահար է եւ դիրիժոր: Մենք ապրում ենք տարբեր երկրներում, բայց երբ մեր ճանապարհները խաչվում են, մենք հանդիպում ենք…
–Ձեր հայաստանյան կյանքի փորձառությունը դուք նկարագրել եք ձեր նոր լույս տեսած գրքում՝ «Երբեք՝ ակվարիումում» բնորոշ վերնագրով: Ես կարդացի Հայաստանի վերաբերյալ գլուխը, որն ինձ սիրով տրամադրեց Զարեհ Ճգնավորյանը: Մինչեւ հիմա ի՞նչ արձագանքներ ունեք ձեր գրքի վերաբերյալ:
-Բոլորը հիանալիորեն դրական են, շնորհակալությո՛ւն: Ընդ որում, տպագրվելուց երեք ամսից էլ քիչ ժամանակահատվածում գիրքը վերատպվել է եւ լավ է վաճառվում գրախանութներում եւ առցանց տարածքում: Ես զբաղված էի՝ Լոնդոնի շրջակայքում գտնվող գրքի ակումբներում եւ այլ կազմակերպություններում ներկայացնելով գիրքս, իսկ վերջերս անձնական նամակ ստացա Նորին Մեծություն թագուհի Քամիլայից, որտեղ ասվում էր, որ նա անհամբեր սպասում է կարդալ այն:
–Հիանալի էր իմանալ, որ դուք շարունակում եք ճանապարհորդել Հայաստան եւ տեսնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են 1990-ականներից հետո:
-Այո՛, 1992-ին մեկնելուցս ի վեր ես մի քանի անգամ վերադարձել եմ Հայաստան եւ ականատես եմ եղել ողջ երկրում կատարված զարմանալի փոփոխություններին:
Երկրաշարժից ավերված քաղաքները, այդ թվում՝ Գյումրին, այլեւս զերծ են այն ավերածություններից, որոնց առաջին անգամ ականատես եղա: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այն վերածվել է ժամանակակից մետրոպոլիսի: Շատրվանները, սրճարաններն ու ծաղկանոցները անճանաչելիորեն փոխել են քաղաքը: Ես տեսել եմ, թե ինչպես են վերանորոգվել փողոցները եւ նշել անթիվ նոր հյուրանոցներն ու եվրոպական բուտիկները:
–Ռուս գրող Անդրեյ Բիտովի գիրքն իմ երկրի մասին կոչվում է «Հայաստանի դասերը»: Ո՞րն էր ձե՛ր դասը:
-Ես միշտ հիշում եմ հայկական ասացվածքը, որ հյուրն Աստծունն է եւ պետք է ըստ արժանվույն վերաբերվել նրան: Այդքան տարիներ առաջ Հայաստանում ապրելն ու այդքան ջերմ ընդունելության արժանանալը, չնայած ծանր հանգամանքներին, իմ մեջ սերմանել է դրա կարեւորությունը: Ողջ կյանքը կազմված է տալուց եւ բաժին հանելուց, անկախ այն բանից, թե որքան քիչ է ունեցածդ: Սա է, որ գոհունակություն է առաջացնում եւ ահագին բան է վերադարձնում կատարման առումով:
–Ջո՛ւլիա ջան, շատ շնորհակալություն պատասխանների համար: Մաղթում եմ ձեզ նոր հետաքրքրական ճամփորդություններ եւ գրքեր: Իսկ դուք, որ ժամանակին հայ ժողովրդի հարսն էիք, միշտ բարո՛վ գաք Հայաստան… կրկին ու կրկին:
-Ես կվերադառնամ, Արծվի՛: Հայաստանը հսկայական տեղ ունի իմ սրտում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ