Կահիրեի «Ջահակիր» շաբաթաթերթը լույս ընծայեց 2023 թ. իր չորս նոր Յաւելուածները (թիւ 53-56), որոնց առաջին երեքը նուիրուած են Արամ Խաչատրեանի ծննդեան 120-ամեակին:
Հայկ Աւագեանի «Արամ Խաչատրեանի Եգիպտոսի այցելութիւնը (1961)» (220 էջ, համացանցային յղումը՝ https://archive.org/details/tchahagir-supplement-no.-53) ներկայացնում է հայ մեծ երգահանի այցը Բուրգերի երկիր, երբ նա պետական հրաւէրով գտնուել է Եգիպտոսում՝ Կահիրէի Սիմֆոնիկ նուագախմբի հետ ղեկավարելու համար իր ստեղծագործութիւնները: Աւագեանն արդէն իսկ «Արամ Խաչատրեանի ընկալումը եգիպտական շրջանակներու մէջ. փոխուող յարացոյցներ» աշխատութեան մէջ (2019) համառօտ անդրադարձել էր այդ այցելութեանը. ներկայ յաւելուածը նիւթը ներկայացրել է աւելի ընդարձակօրէն՝ ներառնելով բազմաթիւ նոր տուեալներ:
Յաջորդ՝ «Արամ Խաչատրեանի գործերուն կատարումները Եգիպտոսի մէջ (մինչեւ 1970 թուական), պատրաստեց՝ Հայկ Աւագեան» հատորը (67 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-54) փորձ է՝ ցուցակագրելու Խաչատրեանի ստեղծագործութիւնների կատարումները Եգիպտոսում: Այն սկսուել է 1941-ին եւ ընդգրկում է տեղեկութիւններ երգահանի բազմաթիւ (հիմնականում՝ կամերային) գործերի կատարումների մասին:
«Սամհա Ալ-Խուլի Արամ Խաչատրեանի մասին, թարգմանեց՝ Հայկ Աւագեան» հատորը (46 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-55) բովանդակում է եգիպտացի երաժշտագիտուհիներից Սամհա Ալ-Խուլիի (1925-2006)՝ Արամ Խաչատրեանի մասին գրած երեք արաբերէն գրութիւնները հայերէն թարգմանութեամբ:
Եւ չորրորդ հատորն է «Նիւթեր եգիպտահայ նկարչութեան եւ քանդակագործութեան մասին (մինչեւ 1970 թուական), պատրաստեց՝ Հայկ Աւագեան» (242 էջ, https://archive.org/details/tchahagir-supplement-no.-56): Գրքի առաջին գլուխն ամփոփում է նախաեղեռնեան շրջանի եգիպտահայ նկարչութեան եւ քանդակագործութեան տուեալները եւ դէմքերը՝ Թէոդորոս Քէսունցի (12-րդ դար), Եուհաննա Ալ-Արմանի (18-րդ դար), Յակոբ, Երուանդ Տէմիրճեան, Աննա Սքարչելլի, Արաքսի Առաքելեան, Տիրան Կարապետեան, Թադէոս Պաղտասարեան, Ոսկան Շիմշիտեան, Շնորհք Երէցեան, ինչպէս նաեւ ցուցահանդէսներով հանդէս եկած այցելու նկարիչներ Արսէն Շապանեան եւ Վարդան Մախոխեան: Նշուած է, որ ներշնչանքի եւ ուսումնասիրութեան համար Եգիպտոս են այցելել Յովհաննէս Այվազովսկին (1869), Արշակ Ֆեթվաճեանը (1909) եւ Մարտիրոս Սարեանը (1911)՝ առանց մասնակցելու ցուցահանդէսների կամ տեղական կեանքին: Ըստ Աւագեանի՝ եգիպտահայ գեղարուեստի վերելքային թափը սկսուել է 1920-ականներին, ինչպէս կարելի է տեսնել ցուցահանդէսների ժամանակագրությունից, որը բովանդակում է 1902-1970 թթ. կատարուած 265 ցուցահանդէսների տուեալներ՝ 158 անուններով:
Գրքի երրորդ գլուխը յատկացուած է եգիպտահայ նկարիչների (Ոսկան Շիմշիտեան, Տիրան Կարապետեան, Շնորհք Երէցեան, Գրիգոր Մկրտիչեան, Տիգրան Անդրանիկեան, Յովսէփ Եղոյեան, Յասմիկ Պալլարեան եւն) ցուցասրահներին:
Չորրորդ եւ վերջին գլուխը փորձ է՝ մատենագրելու 1920-ականների երկրորդ կէսից սկսեալ եգիպտական եւ եգիպտահայ մամուլում տեղ գտած հայ կերպարուեստագէտների սեւ-սպիտակ լուսանկարային վերատպութիւնները եւ մամուլի համար յատուկ պատրաստուած նկարներն ու երգիծանկարները:
Ա. Բ.