Սոչիում Էրդողանն ու Պուտինը բացի հացահատիկի գործարքի վերականգման հարցերից, անդրադարձել են նաեւ Սիրիայում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
Սեպտեմբերի 4-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը նախաձեռնել էր Թուրքիայի նախագահը: Այն լայն արձագանք գտավ Թուրքիայում, Արեւմուտքում, տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Հայաստանում: Մեծ էր հանդիպման հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, այն աստիճանի, որ մեկնաբանությամբ դրան արտերկրյա մամուլն արձագանքել էր նախքան կայացումը:
Haberturk TV-ն դրա առնչությամբ օրեր առաջ գրել էր. «Քանի որ Ռուսաստանի նախագահ մեծարգո Պուտինը հանգամանքների բերումով չեր կարող ժամանել Թուրքիա, ուստի մեր նախագահը որոշեց Ռուսաստան մեկնել»: Էրդողանը մտադիր էր Պուտինին հանդիպել Թուրքիայում, այդ իսկ պատճառով էլ համառորեն հրավիրում էր նրան: Նույնիսկ շտապել էր հայտարարել, որ նա օգոստոսին կժամանի Թուրքիա: Բայց ապարդյուն, որքան էլ Թուրքիան վավերացրած չլինի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (ստատուտ), այնուամենայնիվ ՌԴ նախագահը չհամարձակվեց թռչել ինքնաթիռով, թեկուզ Թուրքիա, իր լավագույն ընկերոջ մոտ:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը դեռ չկայացած արձագանքել է նաեւ Ասսոշիեյտեդ պրեսսը, մատնանշելով, որ օրակարգի առաջնահերթ խնդիրը լինելու է հացահատիկի սեւծովյան միջանցքի վերագործարկումը: Ամերիկյան գործակալությունը միաժամանակ նշում էր, որ Էրդողանը հույս ունի համոզել Պուտինին վերադառնալու 2022-ի հուլիսին ՄԱԿ-ի միջնորդությամբ ստորագրված հացահատիկի մատակարարման համաձայնագրին, ապա եւ ավելացրել. «Նախագահ Էրդողանը Ուկրաինայի դեմ արդեն 18 ամիս շարունակվող պատերազմը սանձազերծած Պուտինի հետ սերտ հարաբերությունների մեջ է: Նա չի մասնակցում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, դարձել է վերջինի առեւտրային գլխավոր գործընկերներից մեկը: Սակայն նրա սետ հարաբերությունները չեն խանգարում, որ Թուրքիան աջակցի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:
Համաձայն թուրքական լրատվամիջոցների Պուտին-Էրդողան հանդիպումը երեք ժամ է տեւել, որի ընթացքում կողմերը կենտրոնացել են հացահատիկի սեւծովյան միջանցքի վերագործարկման խնդիրների վրա:
Մինչ արդյունքներին անդրադառնալը նշենք, որ Թուրքիայում իշխանամետ մամուլը Սոչիում տեղի ունեցած հանդիպումը թուրք ընթերցողին ներկայացրեց «Ջերմ ազդանշաններ ԱՄՆ-ին. Էրդողանը հաղթանակով վերադարձավ» խորագրով, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները նշեցին, որ նախագահը Թուրքիա վերադարձել է ձեռնունայն, որովհետեւ Պուտինը նշված միջանցքի վերագործարկման համար Արեւմուտքից պահանջել է վերացնել պատժամիջոցները: Անկախ Պուտինի պահանջներից, որոնք ի չիք են դարձրել հացահատիկի սեւծովյան միջանցքի գործունեությունը վերականգնելու շնորհիվ Արեւմուտքին հաճոյանալու Էրդողանի հաշվարկները, Haberturk TV-ի էկրանից մեկնաբանը նշեց, որ իրատեսական չէ Թուրքիայի վերադարձը Արեւմուտք, որովհետետեւ նա չի կարող հրաժարժվել Ռուսաստանի հետ Սիրիայում ծավալվող համագործակցությունից:
Մեկնաբանին հերքեց թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, պաշոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինը, թե Թուրքիան մինչեւ օրս չէր աջակցել որեւէ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց հիմա Ուկրաինայից զատ աջակցում է նաեւ Վրաստանի անդամակցությանը, 2014-ին նա դատապարտել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, իսկ 2018-ին Էրդողանը մտահոգությամբ հայտարարել՝ «Սեւ ծովը վերածվում է ռուսական լճի»:
Որքան էլ, սեպտեմբերի 5-ի համարում իշխանամետ «Ենի Շաֆաք»-ի վկայությամբ, Էրդողանը մամուլի համատեղ ասուլիսում նշի հացահատիկի գործարքի վերականգման համար նոր փաթեթ պատրաստելու մասին, համարելով դրա գործարկումը հավանական, ավելին՝ միաժանակ հորդորի Ուկրաինային մեղմելու Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը, այնուամենայնիվ Պուտինն ու Էրդողանը հացահատիկի գործարքի շուրջ համաձայնության չեն եկել: Դա պաշտոնական ՏԱՍՍ-ի գլխավորությամբ հաստատում են նաեւ ռուսական ազդեցիկ բոլոր գործակալությունները: Ավելին՝ Մոսկվայում BBC-ի թղթակից Ալեքսեյ Կալմիկովը նշում է, որ այդ գործարքը պետք չէ Պուտինին, դա անհրաժեշտ է Ուկրաինային ու Էրդողանին, ավելացնելով. «Ընդհակառակը, գործարքի շնորհիվ Ուկրաինան զգալի գումար է վաստակում, միաժամանակ հացահատիկի առումով հանդիսանում է տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր մրցակիցը»: Այսինքն, խնդիրը սոսկ պատժամիջոցները չեն, դրանք ընդամենը, ըստ BBC-ի թղթակցի, Պուտինի պատճառաբանություններն են միայն:
Էրդողան-Պուտին քննարկումները, ինչ խոսք, չեն սահմանափակվել հացահատիկի գործարքով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանն է նշել, որին հաստատում է նաեւ թուրքական մամուլը. կողմերը հանդիպմանը միաժամանակ քննարկել են Թուրքիայում նախատեսվող գազային հանգույցի ստեղծման, Մերսին քաղաքի նավահանգստից ոչ հեռու «Աքքույու» ատոմակայանի գործարկման, Սիրիայում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ Սեւ ծովի առափնյա քաղաքներից Սինոփում եւս ատոմակայան կառուցելու Պուտինի առաջարկը: Թե առաջարկին ինչ պատասխան է տվել Էրդողանը, հայտնի չէ, պարզապես նա հերթական անգամ ՌԴ նախագահին Թուրքիա է հրավիրել, իսկ վերջինը Էրդողանից պահանջել է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, որը ենթադրում է ի չիք դարձնել սիրիական սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգ գոտի ստեղծելու, այսպիսով քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին՝ YPG-ին վնասազերծելու թուրքական ծրագրերը, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական PKK-ի սիրիական մասնաճյուղը, իսկ ԱՄՆ-ը՝ Սիրիայի դեմոկրատական ուժեր, զինում եւ հովանավորում է, եւ այս հանգամանքը չի խանգարում, որ վերջիններս ներկայացուցչության ունենան նաեւ Մոսկվայում:
Թե Հարավային Կովկասում տիրող իրավիճակին անդրադառնալիս ի՞նչ հարցեր են քննարկել Էրդողանն ու Պուտինը՝ չգիտենք, որովհետեւ այդ մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնել: Բայց կռահել կարելի է, որ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցը, արծարծել «Զանգեզուրի» միջանցքը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը, որը Մոսկվան դիտարկում է որպես լուրջ սպառնալիք Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ