Հրապարակվել է «Արցախի շրջափակումն ու բնակչության բռնի տեղահանումը» վերնագրյալ փաստահավաք զեկույցը
Նոյեմբերի 18-ին «Անի» հյուրանոցում «ՍիվիլՆեթի» հրավիրած «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանը նախ առիթ եղավ ծանոթանալու կարեւոր մի արձանագրության՝ «Արցախի շրջափակումն ու բնակչության բռնի տեղահանումը» վերնագրյալ փաստահավաք զեկույցի սեղմագրին, որ 2025-ին պատրաստել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը՝ Մարդու իրավունքների եւ արդարադատության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Սեղմագրում ներառված են ամբողջական զեկույցի ներածությունն ու մեթոդաբանությունը, եզրահանգումներն ու իրավական գնահատականները, իսկ ամբողջական զեկույցում (որին կարելի է ծանոթանալ առցանց https://drive.google.com/file/d/1LGcJfLWX4dzusjlScq70lFyRWcoaQ2de/view?usp=sharing), նաեւ հետազոտության բուն արդյունքները՝ մարդկանց հետ իրականացված հարցազրույցներից հարյուրավոր մեջբերումներ եւ բացահայտված փաստեր: «2022-ի դեկտեմբերից սկիզբ առած Արցախի շրջափակումը եւ բնակչության բռնի տեղահանումը 2023-ի սեպտեմբերին, ներկայացնում են հայության դեմ իրականացված համակարգային ճնշման եւ էթնիկ զտման նոր փուլ: Զեկույցը փաստագրում է այդ գործընթացները՝ մարդկային պատմությունների միջոցով, վեր հանում բռնությունների եւ մարդկային արժանապատվության դեմ ուղղված հարյուրավոր դեպքեր եւ անվտանգության ճգնաժամի դրսեւորումներ՝ տալով դրանց իրավական գնահատականը՝ մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում», գրված է զեկույցի ներածության մեջ: «Ազգի» սուղ տարածքում չենք կարող շատ ծավալվել, բայց հատուկ կարեւորելով սույն մասնագիտական աշխատանքը, հաշվի առնելով այն փաստը, որ մեր թերթը կարդում են նաեւ Հայաստանից դուրս, ներկայացնենք զեկույցը՝ վերնագրերով ծանուցելով:
«Արցախի բնակչության կյանքը շրջափակման պայմաններում», «Անվտանգային միջավայրը շրջափակման պայմաններում», «2023 թ. սեպտեմբերի 19-ի հարձակման նախապատրաստումը եւ մեկնարկը», «Քաղաքացիական բնակչության պատսպարման պայմանները՝ սեպտեմբերի 19-ի հարձակման ընթացքում», «Քաղաքացիական բնակչության տարհանումը 2023-ի սեպտեմբերին», «2023-ի սեպտեմբերյան հարձակման հետեւանքները կյանքի եւ առողջության համար», «2023-ի սեպտեմբերյան հարձակման հետեւանքով անհետ կորած եւ գերեվարված անձինք», «2023-ի սեպտեմբերյան հարձակման ազդեցությունը բնակավայրերի, պետական եւ համայնքային գույքի եւ բնակչության կենսագործունեության վրա», «Բնակչության բռնի տեղահանումն Արցախից», «Մասնավոր գույքի կորուստները՝ Արցախի բնակչության բռնի տեղահանման հետեւանքով», «Արցախցիների հետագա կյանքը ՀՀ-ում»: Զեկույցում տրված է նաեւ իրավական գնահատական, որի մեջ ներառված են «Արցախի բնակչության իրավունքների խախտումները շրջափակման պայմաններում», «Արցախի բնակչության իրավունքների խախտումները 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում», «Արցախի բնակչության իրավունքների խախտումները բռնի տեղահանության արդյունքում»:
«Արցախի տեղահանումից հետո. Մարտահրավերներ եւ լուծումներ»
Քննարկման երեք բանախոսներից առաջինը՝ վերոհիշյալ զեկույցի հեղինակային խմբի ղեկավար, իրավապաշտպան, «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը, պատասխանելով «ՍիվիլՆեթի» լրագրող, բանավեճը վարող Արշալույս Մղդեսյանի՝ «Ո՞րն եք համարում առավել հրատապ լուծում պահանջող խնդիր» ձեւակերպմանը, առաջնահերթ նկատեց Ադրբեջանում հայ գերիների, անհետ կորած, բռնի անհետացածների նկատմամբ խոշտանգման, ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի մասին բարձրաձայնումը: «Հայ գերիների ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցների ընթացքում շարունակաբար ստանում ենք տագնապալի տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցները ենթարկվում են խոշտանգումների, եւ երկարատեւ անազատության մեջ մնալն առաջ է բերել ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական լուրջ հետեւանքներ»: Սահակյանը հիշատակեց նախորդ օրը մամուլում հրապարակված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի վիճակի մասին նրա տիկնոջ ահազանգը, որ շարունակական բռնությունը հանգեցրել է Վիգենի հաշմանդամության, չի կարողանում քայլել, իսկ սայլակ եւ դեղորայք չի տրամադրվում: Նույնն է հայ մյուս գերիների պարագայում, որոնք զրկված են բուժօգնությունից, պատշաճ սննդից, հաց ու թեյ են ստանում միայն: Բռնի անհետացածների հարցում Ադրբեջանը միակողմանի հրաժարվում է հետաքննությունից եւ կարեւոր է պետության համար քաղաքական կամ իրավական պարտականությունների կոչող միջազգային մեխանիզմների կիրառումը, որի միջոցով կհետաքննվեն միջադեպերը եւ տեղեկատվություն կտրամադրվի ընտանիքներին, շեշտեց Սիրանույշ Սահակյանը:
Երկրորդ առաջնահերթն, ըստ իրավապաշտպանի, Արցախի հայերի վերադարձի իրավունքի իրացումն է: «Քանի դեռ միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը չի ապահովվել, գործ ունենք մարդկության դեմ ուղղված շարունակական հանցագործության հետ: Վերադարձի իրավունքը ենթադրում է կոլեկտիվ ասպեկտ: Որքան էլ միջազգային ատյանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքով արձանագրեն, որ բռնի տեղահանվածն իր բնակավայր վերադառնալու, իր գույքից օգտվելու իրավունք ունի, այն փաստացիորեն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային այնպիսի միջավայր, որի շնորհիվ նրանք կարող են անվտանգ, արժանապատիվ վերադառնալ իրենց հայրենիք», ասաց Սիրանույշ Սահակյանը:
Երկրորդ բանախոսը՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, նույն հարցին պատասխանելով հրատապ համարեց արցախցիների՝ իրենց իրավունքներին, մասնավորապես գույքային, սեփականության իրավունքին տեր կանգնելու հարցը, փաստաթղթեր ունենալու պարագայում միջազգային ատյաններին դիմելը:
«Ադրբեջանը մինչեւ հիմա չի հայտարարել՝ ի վերջո ազգայնացրե՞լ է հայերի թողած գույքը, թե՞ ոչ: Գիտեն՝ այն պահից, երբ օրենքը հրապարակվեց, այն լեգիտիմ չի լինի, որովհետեւ չեն կարող ազգայնացնել մի գույք, որը պատկանում է ոչ թե պետությանը, այլ մասնավորին: Բայց տեսնում ենք, որ այդ գույքը պետությունը տալիս է ոմն Հասանովի կամ Ալիեւի, նշանակում է՝ այդ գույքը սկզբում ազգայնացվել է, հետո միայն հանձնվել մասնավորին:
Մասշտաբային առումով՝ ամենակարեւորը գույքն է. 120 000 հայեր գույք են թողել: Հյուսիսային Կիպրոսում 230 հույն մի քանի օրվա ընթացքում թողեց իր գույքը, բայց 41 տարի անց Թուրքիան համաձայնեց փոխհատուցում վճարել: Ադրբեջանն իր աչքի առջեւ ունի այս օրինակը եւ գիտի, որ վաղ թե ուշ կա՛մ պետք է փոխհատուցի ամբողջությամբ, նույնիսկ՝ բարոյական վնասը, կա՛մ թույլ տա, որ որոշ մարդիկ վերադառնան եւ ապրեն», ասաց Ղազարյանը՝ հստակեցնելով, որ գույքը թե՛ անշարժ, թե՛ շարժական է, թե՛ մասնավոր կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գույքն է, թե՛ հանրային գույքը, եւ թե՛ կրոնական կազմակերպությունների գույքը:
Երրորդ բանախոսը՝ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար, այժմ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը հրատապ համարեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին բարձրաձայնումը:
«Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից՝ 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց, որ ձեւավորվել էին մինչեւ 19-րդ դարը: Այսինքն՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մի ստվար հատված այսօր թշնամին բռնազավթել է: Հայկական մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն, թե ինչ ավերածություններ է գործում Ադրբեջանն Արցախում: Տարբեր աղբյուրներից տեղեկացանք, որ արդեն գոյություն չունեն Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը), Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Հադրութի շրջանի Մոխրոնես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում թափառող կենդանիներ են պահվել, ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը եւ շարունակեց՝ լավատեսության քիչ հիմք կա՝ միջազգային կազմակերպությունները, որ կոչված են պահպանելու նյութական եւ ոչնյութական ժառանգությունը, Ադրբեջանի հարցում քար լռություն են պահպանում»:
Քննարկումը հետաքրքրական էր, քանի որ թե՛ բանախոսները, թե՛ վարողը Արցախի բռնագաղթի, հայ գերիների մասին խոսելիս նախ իրենց խոսքն ամրացնում էին փաստերով, ապա արցախցիների իրավունքների մասին խոսելիս շեշտում դրանք ներկայացնելու անկյունը՝ ոտնահարվել է մարդու իրավունքը: Բանախոսները հայության գերակա պահանջների մասին էին հուշում, որ առօրյա քաղաքական՝ հաճախ անկարեւոր բառուբանի մեջ կորչում, լուսանցք են մղվում:
Քննարկմանը մասնակցում էին մեծ թվով արցախցիներ: Կարծում եմ բանախոսներն ամրացրին նրանց մեջ այն հույսը, որ իրավունքների համար պայքարը չի կարող արդյունք չտալ, երկարատեւ ընթացք է, որին պիտի պատրաստ լինել: Միջազգային իրավունքը տալիս է մեզ հաջողության, արդարության հասնելու բանալին:
Նորից կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարը՝ «ՍիվիլՆեթի» հեղինակ՝ Անի Բալայան
| 7:59 PM (32 minutes ago) | ||





