Տեղ գյուղի ռազմական էսկալացիայի ավարտից հետո միայն գործողման մեջ գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստան հասավ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Բրյուսել էր մեկնել՝ այցելելու ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Պապիկյանի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էր տեղեկացրել, որ նախարար Պապիկյանը, պայմանավորված սահմանային իրավիճակով, ընդհատել է գործուղումն ու Հայաստան է շտապում: Տեղ գյուղի դիրքերում գրանցված արյունոտ մարտի ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարը ոչ միայն դեպքի վայրում, այլեւ ընդհանրապես երկրում չի եղել: Սա, իհարկե, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանական ոլորտի մասին հարեւանցի պատկեարցում ունենալու մասին է խոսում, երբ հակառակորդը տանդ մեջ հանգիստ վերուվար է անում, բայց դու նախընտրում ես «վոյաժների» մեկնել ու հանդիպումներ ունենալ այնպիսի մի կազմկերպության հետ, որի պատճառով քո ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինայի հետ պատերազմում է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերոջ նկատմամբ նման վարքագիծ է դրսեւորում: Համբարյանի գնահատմամբ՝ Պապիկյանի՝ ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարության հետ հանիպումը շատ ավելի երկրորդական կամ երրորդական դեպք է: Նա ավելի տխուր դեպք է հիշեցնում, երբ, օրինակ, Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հակառուսական հանրահավաքներ էր կազմակերպում: «Ազգ»-ի հետ զրույցում քաղաքագետը հարց է տալիս՝ բարոյական կամ իրավական ի՞նչ իրավունքով է Ուկրաինայի դեսպանը Հայաստանում մեկ այլ՝ երրորդ երկրի դեմ հանրահավաք կազմակերպում: Իսկ այդ մեկ այլ՝ երրորդ, երկիրը, տվյալ դեպքում, մեր դաշնակիցն է:
«Այնպես որ, Սուրեն Պապիկյանի կամ Փաշինյանի կաբինետի մեկ այլ անդամի տարօրինակ վարքագիծը, կապված ՀՀ ռազմավարական գործընկերոջ հետ, ինձ համար բացարձակ զարմանալի չէ: Ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վաղուցվանից ենք անբարո վերաբերմունք ցուցաբերում: Այն հանգամանքը, որ քաղաքականապես ոչ այդքան հասուն հասարակությանն իշխանությունն ու նրա հետ փոխկապակցված շրջանակները համոզել են, թե, իբրեւ, մեր բոլոր դժբախտութունների մեջ Ռուսատանն ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է մեղավոր, արդեն իսկ նույն օպերայից է: Այսօր Փաշինյանի իշխանությունն ու նրա իշխանությանը հարող անձինք հիբրիդային պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ: Ես բազմիցս եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ Արցախյան վերջին պատերազմը ոչ այնքան Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ պատերազմ էր: Այդ պատերազմի գլխավոր նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից վերջնականապես վտարելն էր: Բոլորս գիտենք՝ քանի դեռ կա Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում պահպանվելու է: Երբ չլինի Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի ազեցությունն էլ կզրոյանա: Հենց պատերազմից հետո եմ նշել, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է հիբրիդային պատերազմի պատրաստվի, քանի որ մեր հասարակությանը բավական հեշտ է համոզելը, որ բոլորիս դժբախտությունների մեջ Ռուսաստանն է մեղավոր, եւ այլն»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պաշտպանության նախարարը նման լարված իրավիճակում ոտքը Հայաստանից դուրս է դրել, ապա Համբարյանի համար զարմանալին ոչ թե դա է, այլ այն, թե ինչպե՞ս կարելի էր պաշտպանության նախարարի աթոռը Սուրեն Պապիկյանին վստահել: «Գիտեք՝ ի՞նչ տպավորություն է, որ մանկապիղծին մանկապարատեզի վարիչ դարձնես: Մարդ, որ ժամանակին իր հրամանատարին դանակահարել ու բանտ է նստել, այժմ ինչպե՞ս է պաշտպանության նախարարությունն ու հայկական բանակը ղեկավարում: Սա ինքնին աբսուրդի ժանրից է: Ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանի «վոյաժներին», ապա պարզից էլ պարզ է, որ մարդը Բրյուսել գնացել էր հստակ ու հատուկ հանձնարարություններ ստանալու նպատակով»,- զրույցն ամփոփում է քաղաքագետը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ