Հոկտեմբերի 19-23-ը Մայնի Ֆրանկֆուրտը հյուրընկալեց գրքի եւ ընթերցանության սիրահարների՝ աշխարհի տարբեր անկյուններից: Համավարակը խափանել էր տոնավաճառի անցկացումը, սակայն գրքի հանդեպ սերը, բարեբախտաբար, չի նվազել: Գրքի՝ աշխարհում ամենամեծ 74-րդ տոնավաճառի կազմակերպիչները փաստում են, որ տանը փակված մարդն առավել շատ է մոտեցել ընթերցանությանը: Ստորեւ գրքի տոնավաճառից տպավորություններ է փոխանցում նույն քաղաքում բնակվող բանաստեղծ եւ լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը, որ ուր էլ լինի, փաստը կադր է դարձնում, այս դեպքում նաեւ՝ գիր: Նրա հայացքն առավել խորն է, զգայարանները բաց՝ Անահիտը 5 երեխայի մայր է:
Հանգիստ ապրել չկա, երբ Մայնի Ֆրանկֆուրտում, քեզնից մի քանի կանգառ հեռու, Գրքի միջազգային տոնավաճառի չորրորդ սրահում Չարենցն է, Հայաստանը ներկայացնող տաղավարը ու դեմ դիմաց հայոց պատմությունը շարադրող հսկայական, 8,5 կգ-անոց կաշվե գիրքը, թեպետ գիրք անվանելն այս դեպքում այդքան էլ ճիշտ չէ։ Հոկտեմբերի 19-ին մեկնարկել է Ֆրանկֆուրտի գրքի փառատոնը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հրատարակչությունները, տպագրատները, թերթերը, գրական գործակալները ներկայացնում են իրենց գրքերը, նոր պայմանավորվածություններ ձեռք բերում, հեղինակային իրավունքներ գնում կամ՝ ուղղակի փորձ փոխանակում: Տաղավարները եռում են. հարցազրույցներ, քննարկումներ, որոշները մարդաշատ են, մի մասը՝ անասելի մարդաշատ։
Այս տարի հատուկ հյուրը Իսպանիան է։ Իսպանական գրականությունն ամենուր է։ Իսպանիան ներկայացնող ընդարձակ սրահում պոեզիան կախված է սպիտակ վարագույրներից, գրված է ամենուր, պոեզիան թափվում է առաստաղից, նստում ես սրահում տեղադրված հարմարավետ աթոռներից մեկին, ու վերևից կախված բարձրախոսը ընթերցում է հատուկ քեզ համար, անգամ իսպաներեն չիմանալը չի խանգարում, որ զգաս պոեզիայի կենարար ուժը։ Քննարկումներ, նկարահանումներ, հարցազրույցներ են մեկը մյուսի հետևից, երաժշտություն, լուսանկարների ցուցահանդես։ Շատ հետաքրքրական էր այդ ամենը վայելելը։ Չկային դրոշ, սիմվոլներ, այլ՝ միայն թեթև, պարզ ու նորարար մոտեցումներ։ Սրահ այցելեցի մի քանի անգամ, տարբեր միջոցառումներ էին, միշտ լեփ-լեցուն։ Հատուկ հյուրերը միշտ հատուկ ուշադրության էին արժանանում։ Հարյուրավոր գրքեր են թարգմանվել ու տպագրվել գերմաներենով ու տարբեր լեզուներով։ Հաջորդ տարի հատուկ հյուր կլինի Սլովենիան։ Հուսամ, որ մի օր Հայաստանի հերթն էլ կգա։
Այս տարի հայկական տաղավարները երկուսն են, մեկը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարը, մյուսը՚ ԱՄՆ-ում բնակվող արգենտինահայ Ալեքսի ENCYCLOPAEDIA MUNDI նախագծի տաղավարն է, որին «Ազգն» անդրադարձել է հոկտեմբերի 14-ին՝ Նաիր Յանի «Սա էլ կապրենք. «Հավերժական Հայաստանը»՝ վկա» հրապարակմամբ:
Ալեքս Նահապետյանը, հանդիպելով Միգել Հյուգեին, որ արդեն իսկ ֆաքսիմիլային երկու գիրք ուներ, որոշում է, որ պետք է ներկայացնել նաև հայոց հարուստ պատմությունը։ Ֆաքսիմիլները վերարտադրում են փաստաթղթի տեքստը, թե տեսքը այն բոլոր նյութական հատկություններով, ինչպիսիք են էջերի չափերը, թղթի քաշը, որակը, դեկորների գունային տիրույթը, նյութերը և թանկարժեք տարրերը: Գրքի կազմը փայտե տախտակի վրա ամրացված գառան կաշի և մագաղաթ է, պատրաստվում է Իտալիայում:
Չորս մասնագետ է աշխատել նախագծի վրա։ Նրանք ճամփորդել են, հավաքելով տարբեր արխիվներում, գրադարաններում, պահոցներում, հավաքածուներում հայոց պատմությանն առնչվող փաստերը, փաստաթղթերը, կնիքները։ Գիրքը պատրաստվել է 991 օրինակից, վաճառվել է մոտ երկու հարյուր օրինակ։ Արժե տասը հազար դոլար։ Գրքում կարող ես տեսնել ու շոշափել պատմական իրադարձությունները վկայող պայմանագրերի քառասունմեկ օրինակ, որոշներն՝ իրենց կնիքներով։ Ոմանք գիրքը գնում ու տեղադրում են ապակու տակ, լուսավորում ու ձեռքով չեն դիպչում, այն դառնում է ցուցանմուշ, ոմանք էլ գնում են երեխաների համար։ Ալեքսը մեծ ներդրում է արել գրքի պատրաստման մեջ։
«Երևի մի օր իմ ներդրումը հետ կգա, չգիտեմ՝ երբ», ասում է նա։ Միգելն փոխանցում է, որ ինքը նախաձեռնության տեխնիկական մասի ապահովողն է, իսկ նախագծի հոգին Ալեքսն է։ Ալեքսին հարցրի՝ «արդյոք տաղավարի ընտրությունը հատո՞ւկ է արված»: Պատասխանեց՝ այո: Տեղն ընտրելիս խնդրել է, որ իրեն տաղավար հատկացնեն Հայաստանի տաղավարի դիմացի հատվածում։ Սկզբում ասել են, որ տեղերը զբաղված են, բայց հետո համաձայնվել են, իր բախտը բերել է։
Էս դեպքում երևի Հայաստանի բախտն էլ է բերել, քանի որ իրար այնքան լրացնող, թև ու թիկունք լինող էին այդ երկու տաղավարները, ինձ համար նաև խորհրդանշական էր Հայաստան-Սփյուռք միասնությունը։ Ու եթե Հայաստանը ներկայացնող տաղավարը նվիրված է Չարենցի 125-ամյակին, կարմիրի միջից վեր է հառնում մեծ պոետի մեծ դիմանկարը, ապա դիմացի տաղավարում գերիշխողը եռագույնն է ու հայկական գերբը։ Եթե այսքանին էլ գումարենք տարբեր տաղավարներում հայտնի ու նոր բացահայտվող հայանուն տարբեր գրքերը, հայ հեղինակների թարգմանված ստեղծագործությունների ընթերցումները, հարևանությամբ գտնվող ռումինական տաղավարում գերմանաբնակ Սևակ Արամազդի գրքի ներկայացումը, մի քանի հայ պոետների թարգմանությունների ընթերցումները, ապա կարելի է համարել, որ երեք տարվա դադարից հետո Հայաստանը ներկայացավ ինչպես հարկն է։
Հարևաններից ներկա էին Վրաստանը՝ Ուկրաինայում ընթացող պայքարին իր սատարումով և Թուրքիան՝ իր հսկայածավալ տաղավարով։ Առհասարակ տաղավարներից շատերում էին Ուկրաինային սատարող տեքստերը։ Արցախին ու Հայաստանին սատարող որևէ դրոշ ու տող, ավա՜ղ, չգտա։ Չգիտեմ՝ լա՞վ է, որ քաղաքականությունն այսքան շատ է արվեստում, թե՞ վատ, բայց փաստ է, որի մասին պետք է մտորել։
Մի տղամարդ օրեր շարունակ պտտվում էր հայկական տաղավարի շուրջը: Ինչպես պարզվեց, պարսիկ էր, զբաղվում էր գորգերի առուծախով, մի քանի գիրք ուներ ներկայացված հարևան Աֆղանստանի տաղավարում։
«Քաղաքական իրավիճակից ելնելով՚ Իրանն այս տարի չի ներկայանում գրքի փառատոնին», գուգլ թարգմանչով ինձ ասում է նա։ «Մայրս շատ լավ է խոսում հայերեն, մենք ապրում էինք մի գյուղում, որ նախկինում հայկական էր», շարունակում է մեզ համար թարգմանել հարևան պարսիկը գուգլով, որին ի սկզբանե ադրբեջանցու տեղ էի դրել։ Ես անիմաստ եմ համարում անգլերեն խոսելն ու ձեռքս սրտիս տանելով հայերենով ասում եմ, որ սիրտս ցավում է Իրանի համար։ Հաջորդ օրն արդեն ընկերականով մեզ բրդյա գորգ է առաջարկում գնել: Փոքր գորգ էր, երկու հարյուր եվրո արժեր։ Հեռախոսով բացում ենք Արցախ գորգի, Թուֆենկյանների կայքերն ու ասում, որ մենք էլ լավ գորգեր ունենք, նաև պատմում Շուշիից հայկական գորգերի տարհանման պատմությունը։ Այդ օրը նա թարգմանչով էր մեզ մոտ եկել, Գերմանիայում բնակվող երիտասարդ պարսիկ է։ Հարցնում եմ, թե ինչ են խոսում իրենց մոտ հայ-իրանական հարաբերություններից։ Ասում է, որ իրեն դա այնքան չի հուզում, որքան իր երկրի ներքին վիճակը: Ասում է, որ չի հավատում, թե հիջաբների դեմ է պայքարը:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեսակապով ելույթ ունեցավ՝ խոսքն ուղղելով միջազգային հրատարակիչներին։ Անգամ այս դեպքում Զելենսկին իր խոսքում անաչառ չէր: Նա հիշատակեց, որ Ռուսաստանն ու Իրանը ներկա չեն գրքի փառատոնին, այս երկու երկրները, որ սովորաբար ներկա էին լինում, ավելի քիչ են ներկայացվում մշակութային դաշտում, ավելի շատ ներկա են այնտեղ, որտեղ ամեն ինչ ավերվում է։ Պարոն Զելենսկուն կուզեի հարցնել, իսկ որտե՞ղ էր Ադրբեջանի ներկայությունը: Միգուցե ես չկարողացա գտնել նրանց, իսկ որտե՞ղ էին հարվածում թուրքական դրոնները, թե՞ դրանք մարդ չեն սպանում:
Գրքի տոնին մասնակից էր նաև Ուկրաինայի առաջին տիկինը։ Միջանցքի մարդաշատությունից հասկացանք, որ ինչ-որ կարևոր հանդիպում է։ Ստուգեցինք կայքէջն ու քայլեցինք մեր աչքով տեսնելու Զելենսկային։ Նրա թիկնապահները հարգանքով տեղ են բացում մեզ համար, որպեսզի հեռախոսով առաջին տիկնոջը լուսանկարենք, իսկ գերմանացի ոստիկաններն ավելի հեռվից են հսկում իրադարձությունը։ Չեմ լսում, թե ինչ են խոսում։ Միայն բացահայտում եմ, որ Զելենսկան նստած է նույն դեմքով, որը ես ունենում եմ, երբ իմ երկիրը պատերազմում է։ Չեմ կարող նկարագրել այդ դեմքը։
Զելենսկան ներկայացնում է մի նախագիծ, որը ուկրաինացի փախստական երեխաներին ընթերցարաններ նվիրելու հնարավորություն է ընձեռում։ Պատերազմող Ուկրաինայից հեռանալիս միայն կարևոր մի քանի իր են իրենց հետ վերցրել, գրքերն առաջնային չեն եղել: Երեխաները լքել են իրենց հայրենիքը, ամիսներ շարունակ չեն ընթերցել, ստիպված են եղել նոր լեզու սովորել։ Այսպիսով՝ Նիդերլանդների թագուհի Լաուրենտիե վան Օրանյեն, Գերմանիայի առաջին տիկին Էլքե Բուդենբենդերը, Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերը եւ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան հեղինակել են ուկրաինացի փախստական երեխաների համար հիշյալ նախագիծը։
Երեքշաբթիից ուրբաթ գրքի տոնավաճառ մուտքը միայն արհեստավարժների ու մեդիայի համար է, իսկ շաբաթ-կիրակի արդեն ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ ժամերով կանգնում են գիրք գնելու հերթերում, առաջ շարժվել հնարավոր է միայն քայլ առ քայլ:
Վերջին պահին որոշում եմ բարևել Իտալիայում բնակվող հայազգի հրատարակչին, ում տեսնում եմ տոնավաճառից տոնավաճառ։ Էրիկ Գիզելզը բելգիացի հայ է, ապրում է Իտալիայում, 2002-ին հիմնել է Five continents («Հինգ մայրցամաք») անկախ հրատարակչությունը։ Էրիկը տպագրում է դեկորատիվ արվեստի, նորաձևության, դիզայնի ու լուսանկարչության գրքեր՝ տարբեր լեզուներով։ Էրիկին հրավիրում եմ հայկական տաղավարները տեսնելու։
ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա