Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, «Ազգ»ի հարցին, թե Հայաստանը, Հայաստանի զինված ուժերը պատրա՞ստ են այս պահին դիմագրավելու հնարավոր էսկալացիան, պատասխանեց.
«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել եւ, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:
Նրա հետագա խոսքից հասկացվեց, որ եթե միայն Ադրբեջանը լինի էսկալացիայի հեղինակը, միգուցե եւ պատրաստ ենք, իսկ եթե, ինչպես քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ էր, միացյալ ճակատով մի քանի երկրի ուժեր լինեն մեր դեմ՝ ոչ: Որպես ելք նա նշում էր, որ պրոֆեսիոնալիզմով մենք պետք է մեկ-երկու քայլ առաջ լինենք ուրիշներից, որ մեր սահմանափակ ռեսուրսներով կարողանանք դիմակայել:
Իսկ թե մեկ-երկու քայլ առաջ ընթանալու համար ժամանակ ունե՞նք-չունե՞նք՝ կարծում եմ ամեն ոք էլ տեսնում է: Մանավանդ՝ բանակի հետ կապված այսուայն իրադեպերն ի ցույց են դնում իշխանավորների հայտարարած բարեփոխումների խորքային պատկերը բանակում:
Հիմա գանք ընդհանրապես ժամանակ ունենալուն ոչ միայն զինուժը վերբեռնելու, այլեւ բոլոր մյուս առումներով, որն, ի դեպ, մեծ մասամբ մեզանից կախված բան չէ, այլ ավելի շատ համաշխարհային գործընթացներով է պայմանավորված նաեւ մեր մասով:
Ինչո՞վ ենք զբաղված, ո՞նց ենք օգտագործում մեզ ընձեռված համեմատաբար խաղաղ ժամանակը, չնայած Լաչինի միջանցքում կատարվողը կասկածի տակ է դնում նույնիսկ այդ պայմանական խաղաղությունը: Ուզած մարդուն էլ հարցնեք՝ պատասխանը լինելու է «անարդյունավետ» բառը: Այս պահին ի՞նչ պետք է տեղի ունենար մեր հանրությունում: Ճիշտ է՝ ուժերի հաշվառում, ջանքերի կենտրոնացում, ներքին հակասությունների մեղմացում եւ այլն: Պետք առկա լիներ մի ինչ-որ պլան, ըստ որի ռազմական նոր լարման ժամանակ բոլորը գիտենան իրենց անելիքն ու պարտականությունը: Այդպիսի բան ինչ-որ չի երեւում: Մերոնք առաջվա նման, ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում են ներքին գզվռտոցը, իշխանության գործողությունները նմանվում են դիպվածային-չկանոնակարգվող, հընթացս ըստ ծագած խնդիրները չեզոքացնող միջոցառումների, կառավարության մակարդակով համակարգային լուծումների փոխարեն՝ տեղային խնդիրներ են լուծվում, երբեն թվում է՝ համակարգային անելիքը չիմանալուց: Օրինակ՝ այս պահին, երբ ոչ ոք չգիտե ինչ կլինի առաջիկայում, ի՞նչ կարիք կար հակահրդեհային միջոցառումների պատրվակով «Մալաթիա» տոնավաճառի շուրջ ստեղծված աղմուկն ու լարվածությունը բուծել:
Մեկ-մեկ թվում է, որ մեր կառավարությունում հաճույք են ստանում լարվածության նոր աղբյուրներ ստեղծելով: Հա, հասկանալի է, դա էլ աշխարհում հայտնի եւ բազմիցս կիրառվող տեխնոլոգիա է՝ երկրորդական կարգի իրադարձություններ հրահրել, դրանց մասին լուրերով լցնել լրատվամիջոցները, չթողնելով մարդկանց սպասվելիք կարեւոր իրադարձությունների եւ դրանց հետ կապված վտանգների չեզոքացման վրա կենտրոնանալ: Ընդհանրապես՝ աշխարհում մամուլն այժմ ոչ թե իրական տեղեկատվություն ստանալու միջոց է, այլ մարդկանց մտքերը կառավարողների համար ոչ ցանկալի թեմաներից շեղելու, զբաղեցնելու գործիք: Մերոնք մյուսներից ինչո՞վ են պակաս ՝ այդ տեխնոլոգիայից չօգտվելու համար: Այդպիսով, ուղղորդված, թե պատահականորեն, կհոսի նաեւ այն անգին ժամանակը, որ հայերս պիտի արդյունավետ ծախսեինք՝ մեր պետականությանը սպառնացող մոտակա վտանգները չեզոքացնելու:
Այդ շարքից կարելի է համարել եկող շաբաթ Ազգային ժողովում հնարավոր թեժացումը, քանի որ իշխանությունը մտադիր է քննարկման դնել «Հայաստան» պատգամավորական խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդիրը: Սա է, հա՞, ամենահրատապ խնդիրը մեր պետության պաշտպանունակությունն ամրապնդելու ճանապարհին, կամ այդ մարդիկ ինչո՞վ են խանգարում, որ իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերն օբյեկտիվ քննվեն:
Այս պահին հավանաբար պիտի հրատապ քննարկվեին ԼՂՀ-ի խնդրի համապարփակ լուծման՝ աշխարհին բան ասող ծրագրի, Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ ՝ խիստ տոնով դատապարտման նախագծեր միայն, մինչդեռ իշխանությունը նախընտրում է շոու, մինչեւ հայերիս միջազգային գործընթացներով ընձեռնված փոքրիկ եւ համեմատաբար խաղաղ ժամանակն ավարտվի: Սա ուղղակի անմտություն է՝ էս քանի տարի է այդ գործերը քննում եք, ավելի վաղ անեիք ամեն բան, կամ ավելի ուշ՝ հանդարտ ժամանակի թողեք, ոչ թե հիմա ձեռնածությամբ հանրության ուշադրությունը շեղեք իրենց ճակատագիրը որոշող հարցերի մասին խորհելուց: Ու այսպես, ուշադիր դիտելու դեպքում, շատ մանր-մունր շոուներ կգտնեք, որոնցով լցնում են մեր առօրյան՝ բթացնելով մեր ճակատագրի հանդեպ անհանգստության բնականոն եւ օրինաչափ դրսեւորումը:
Ի վերջո, իրոք, որքա՞ն ժամանակ ունենք: Եթե հետեւում եք միջազգային տարբեր վերլուծաբանների վերլուծություններին, ապա տարբեր շրջանակներ ներկայացնող վերլուծաբանների մոտ մեկ բան, այնուամենայնիվ, համընկնում է՝ նրանցից շատերը կարծում են, որ ռուս- ուկրաինական պատերազմը ապրիլ-մայիսին արդեն կմտնի հանգուցալուծման փուլ, եթե , իհարկե, Կովկասյան տարածաշրջանում նոր լարվածության օջախ չստեղծվի:
Հավաքական արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, որ Ուկրաինայի միջոցով պատերազմելով՝ փորձում է աշխարհը տանել նոր բաժանման, Ռուսաստանը, նրա հետեւում մի շարք պետություններ դեմ են կանգնում դրան՝ սեփական հավակնությունները ներկայացնելով, հենց այս գործընթացն է եզրափակիչ փուլ մտնում: Կողմերի ակնկալիքները պատերազմից, ըստ տարբեր գնահատականների, փաստորեն, երկուստեք չեն արդարացել: Ռուսաստանը, ներքաշվելով տեւական պատերազմական վիճակի մեջ, տնտեսական մեծ հարված է ստացել՝ հասարակության բարոյահոգեբանական վիճակով պայմանավորված ներքին անհաստատությունը գումարած: Ուկրաինայի շատ տարածքներ հավասարեցվել են հողին, եւ արեւմտյան զինական ու դրամական աջակցությունը հազիվ թե ապահովի նրա հաղթանակը, քանի որ Արեւմուտքը նախ թքած ունի Ուկրաինայի քանդվելու վրա, երկրորդ՝ ՆԱՏՕ-ն երբեք ուղղակի չի մասնակցի ռուս -ուկրաինական պատերազմին: Որպես արդյունք՝ արդեն ուրվագծվող ոչ-ոքի արդյունքով պատերազմից հետո երկու տուժած պետությունները, Ռուսաստանը՝ պակաս, Ուկրաինան՝ ամբողջությամբ, Արեւմուտքի համար վարած դաշտ են դառնալու, այս երկրների բնական ռեսուրսները կոնցենսիոն կառավարումներով, էժան գնով հոսելու են Արեւմուտք, երկար ժամանակ թույլ չտալով հատկապես Ուկրաինայի ոտքի կանգնումն ու վերականգնումը: Ու պատերազմն էլ, ի վերջո, նոր տնտեսական գոտիների ախորժակ ունեցող Արեւմուտքի հրահրումով էր: Հիմա Արեւմուտքը հասկանում է, որ միջուկային հարվածների շեմին պիտի կանգ առնել, այլապես ամեն ինչ կտանի ավելի լայնածավալ ու ավելի բազմաթիվ երկրների ներգրավմամբ պատերազմի, սակայն, ցավոք, հիմա դա այնքան էլ միայն Արեւմուտքից կախված չէ: Օրինակ՝ այն պետությունները, որոնք մեր տարածաշրջանում չհագեցած մեծ ախորժակ են դրսեւորում (Թուրքիան, Իսրայելը), նրանց ամբիցիաները դեռ բավարարված չեն: Հունվարի 29-ին Իրանի ռազմական ենթակառուցվածքներին հասցված հարվածը դա է վկայում:
Խնդիր է դառնում Իսրայելի, Թուրքիայի, նրանց հարակից տեղական մենեջերների ախորժակի զսպումը, այ դրա հարյուտոկոսանոց երաշխավորը չի կարող լինել Արեւմուտքը, չնայած հատկապես Իսրայելի հետ դաշնակցության, բացի այդ՝Իրանի դեմ պատերազմը շատերին է ձեռնտու, բոլոր նրանց՝ ովքեր կուզեին միջանցք ունենալ, օրինակ, Հայաստանով: Իրանն էլ, եթե նկատեցիք, առայժմ չի սրում իրավիճակը, հասկանալով, որ Իրանի դեմ պատերազմը տարածաշրջանը կդարձնի անկառավարելի, ու առաջին հերթին Իրանը կտուժի դրանից՝ մենակ մնալով աշխարհի գիշատիչների դեմ:
Մանավանդ՝ ընդհանուր իրարարանցման բոլոր մասնակիցները մի երրորդ, ու գուցե ավելի կարեւոր խնդիր ունեն՝ կանգնեցնել Չինաստանի տնտեսական ծավալումն ու համաշխարհային շուկայի գրավումն այդ պետության կողմից: Այսինքն՝ Հայաստանը հայտնվել է աշխարհը վերաձեւել փորձող պետությունների շահերի կիզակետում, եւ հենց հիմա Լաչինի միջանցքի փակ լինելը դրա արգասիք է: Բոլոր այս երկրների շահերը հակասում են Հայաստանի շահին, դեռ բարեբախտություն է, որ մեր հարեւան Իրանի շահից բխում է տարածաշրջանի սահմանների չփոփոխումը, այդ թվում՝ Հայաստանից պահանջվող միջանցքի չկայացումը:
Կանգ կառնե՞ն մեծ պետությունները՝ առանց էսկալացիան մեր տարածք փոխադրելու, առանց իրենց կոկորդում խրված Իրանին չեզոքացնելու, առանց, լեզուս չի բռնում ասել՝ կեղտոտ զենք (միջուկային բաղադրիչներով) օգտագործելու, այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել: Եթե ոչինչ չպատահի՝ մի երեք ամիս ժամանակ ունենք մինչեւ պարտադրանքները, իսկ եթե Իրանի հանդեպ Էսկալացիա լինի՝ մեր թշնամին եւս կօգտվի առիթից եւ մեր դեմ պատերազմական գործողություններ կծավալի, ու այդ դեպքում մենք անգամ մեկ-մեկուկես ամիս էլ ժամանակ չենք ունենա՝ մինչեւ այդ մի փոքր կարգի բերելու մեզ:
Այս եւս՝ եթե այժմ տեղի ունեցող իրադարձություններում մեր մասով արագացումներ չնկատվեն, որոնք, ցավոք, կան. օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուս մեկնաբան Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, լիովին ադրբեջանակերպ տեսակետներ հայտնելով եւ բողոքելով երեւանյան ՀԱՊԿ գագաթնաժողովում չընդունված փաստաթղթից՝ ասել է.
«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Հիմա ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրել են փաստաթուղթ, որ պատրաստ են խաղաղության համաձայնագիր կնքել՝ ըստ Ալմա-Աթայի փաստաթղթի, որոնց սահմանները անցնելու են ԽՍՀՄ սահմաններով։ Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Որ ՀԱՊԿ-ը պատրաստել է փաստաթուղթ, շատ կարեւոր առաջընթաց է, եւ եթե կողմերը հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 2-3 օրում կյանքի կոչվել»:
Այնպես որ՝ երկրորդական բաներով զբաղվելու եւ տարբեր շոուներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու փոխարեն՝ բոլորի ուշադրությունն անվտանգային խնդիրների վրա կենտրոնացնելը պետք է լինի Հայաստանի բոլոր քաղաքական միավորների, պետական ու հանրային կառույցների խնդիրը: Չնայած՝ մեր կյանքը կազմակերպող վերնախավի մեջ հենց էն գլխից հուսալի եւ կոմպետենտ ֆիգուրները շատ, շատ քիչ են այս բոլորը լավ հասկանալու համար:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ