Բաքուն պատրաստվում է COP 29 միջազգային համաժողովին
«Նավթ եւ գազ արտահանող մի երկիր, որն իր կենցաղային աղբը դեռեւս չի կարողանում զանազանել եւ լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպաններին բանտարկում է, այս տարվա նոյեմբերին հյուրընկալելու է միջազգային կարեւոր մի համաժողով` նվիրված կլիմայի հարցերին, վրդովեցնելով «կանաչ էներգիայի» ջատագովներին եւ միջազգային դիտորդներին, որոնք նշում են, թե Ադրբեջանն օգտագործում է առիթը «սվաղելու» իր հեղինակությունը», նշված է BBC-ի՝ Բաքվից գրված զեկուցագրում: «Լուրը հպարտության ալիք է բարձրացրել երկրում», շարունակում է զեկույցը, օրինակներ բերելով ադրբեջանական կառավարամետ մամուլի վերնագրերից. «COP 29-ի անցկացումը Ադրբեջանում վառ վկայությունն է համաշխարհային թատերաբեմում երկրի վայելած հեղինակության», «Ադրբեջանը աշխարհի կիզակետում է լինելու», «Բաքուն դառնալու է աշխարհի կենտրոնը»:
Ըստ զեկույցի, իշխանությունները արդեն բավական ժամանակ է, ինչ իրենց ձեւով նախապատրաստվում են կարեւոր իրադարձությանը եւ բազմահազարանոց օտարեկրացիների ներհոսքերին, որն Ալիեւի հաշվարկներով հասնելու է 70-80 հազարի:
Օգոստոսի 1-ին վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ ԲՈՒՀ-երի ուսանողները հեռակա պարապմունքների են անցնելու իրադարձության ողջ ընթացքում, իսկ դպրոցական աշակերտները արձակուրդ են ունենալու: Միաժամանակ ռեստորաններն ու մեծ հանդիսասրահները հարսանեկան միջոցառումներ անցկացնելու պատվերներ չեն ընդունելու: Ըստ մամուլի որոշ աղբյուրների, այդ հաստատություններից մի քանիսը կամավոր են այդ որոշումը ընդունել, մյուսները` իշխանության կարգադրման հետեւանքում: Սահմանափակումներ կիրառվելու են նաեւ հյուրանոցներում, որպեսզի համարները տրամադրվեն օտարերկրյա հյուրերին:
Նշված սահմանափակումները ժողովրդին հիշեցրել են թագավարակի (covid) ժամանակները, երբ հարսանիքները արգելված էին, ռեստորանները փակված, կրթական հաստատություններն էլ` հեռակա պարապմունքների անցած: Ժողովրդի շրջանում BBC-ն շշուկներ է լսել, որ համաժողովի օրերին մարդկանց ընդամենը 2 ժամ են թույլատրելու դուրս գալ տնից: Ի դեպ, Ադրբեջանն արդեն չորս տարուց ավելի փակ է պահում իր սահմանները` պայքարելու համար թագավարակի ներթափանցման դեմ:
«Փակ սահմաններով եւ ներքին սահմանափակումներով հավատացած եմ, որ շշուկները իրական են դառնալու, ինչը խոչընդոտելու է իմ փոքր բիզնեսին», մտահոգված նշել է թոշակառու Մալախատը, որ ազգային ճաշատեսակներ պատրաստելու փոքրիկ ճաշարանի տեր է:
Ըստ զեկույցի, մարդիկ սովորել են հրաժարվել ազատություններից եւ որոշակի հանգիստ պայմաններից` հանուն երկրի հեղինակության: «Formula 1-ի» մրցաշարից բավական ժամանակ առաջ քաղաքի կենտրոնը փակ էր, եւ մարդիկ տանջվում էին ամռան երեկոներին հանգստի հարմար վայր հանդիսացող «Պրիմորսկի բուլվարը» հասնել զարտուղի ճանապարհներով:
«Transparency International» կազմակերպությունը կլիմայի այս համաժողովի անցկացումը Ադրբեջանում «շահերի անհանգստացնող բախում» է որակել, նշելով, որ երկիրն ինքը «կլիմայի հանդեպ անբարյացակամ է», քանի որ նավթ է արտադրում եւ ծրագրում է եռապատկել գազի իր արտադրությունը, իսկ կարեւոր իրադարձությունը նախագահելու է մի անձնավորություն, որ 20 տարուց ավելի նավթի պետական ընկերությունում զբաղեցրել է կարեւոր պաշտոններ:
Շատերի կարծիքով Ադրբեջանի շրջակա միջավայրի պահպանությունը խիստ քննադատելի է: Երկիրը դեռ չի կարողացել լուծել կենցաղային աղբի տեղափոխման, զատորոշման եւ վերամշակության լրջագույն խնդիրները: «Կլիմայի պաշտպանության դերն ստանձնելը ավելորդ ժամավաճառություն է», նշել է «Oil Change International» ընկերության ներկայացուցիչը, որ Բաքվի վարքագիծը «երկրի հեղինակութունը «կանաչացնելու» (greening), այսինքն` սվաղելու միջոց» է որակել: Նույն կարծիքին են նաեւ ադրբեջանցի որոշ լրագրողներ եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններ, պատճառաբանելով, որ համաժողովը տեղի է ունենում լրագրողների հանդեպ կիրառվող շարունակական հետապնդումների եւ իշխանության դեմ ծավալված միջազգային քննադատությունների պայմաններում: Մարդու իրավունքների խախտումները բազմաթիվ են Ադրբեջանում: Դրանցից մեկը Ռասուլ Ջաֆարովի պարագան է, որ 2012-ին կազմակերպել էր «Sing for Democracy» (Երգիր հանուն ժողովրդավարության) այլընտրանքային երգի փառատոնը Բաքվում: 2014-ին նա հայտնվեց բանտում` «ֆինանսական չարաշահումներ կատարելու» մեղադրանքով: Մյուս օրինակը 2022-ին որպես բնապահպան ներկայացող ակտիվիստներն էին, որոնք փակել էին մի քանի ամսով Լեռնային Ղարաբաղից Հայաստան միակ ճանապարհը, ինչը հանգեցրեց արցախահայության բռնագաղթմանը: Այդ ժամանակ «ակտիվիստներին» ներկայացրին որպես իշխանությունների կարեւոր պաշտպանների: «Պարզ չէ, թե նման «ակտիվիստներ» հանդես գալո՞ւ են նոր ցույցերով համաժողովի ընթացքում» հարցադրումով ավարտվում է BBC-ի այս ռեպորտաժը:
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)