Հայաստանը, հայց ներկայացնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարան, չի պահանջել միջազգային խաղաղապահ զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ եւ ապահովել վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգությունը: Ռուսական «Կավկազսկի ուզել» լրատվականի հարցմանն ի պատասխան նման միտք է հայտնել հայաստանյան «Լրագիր.ամ»-ի ռուսական տարբերակի խմբագիր, քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը: «Հայաստանի հայցը ձեւական էր եւ կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու գործողությունների նմանակում, այդպես եւ ՄԱԿ-ի դատարանի որոշումն էր նմանակում ու ձեւական ակտ, որը չի կարող ունենալ ոչ մի իրավական հետեւանք»,-նշել է նա:
Հայրումյանը մասնավորապես ավելացրել է, թե հայերի այնտեղ վերադարձի միակ իրական պայմանը կարող է լինել Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսումը եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային զորքեր մտցնելու ՄԱԿ-ի որոշումը՝ կարգավիճակի մասին այդ կազմակերպության կայացրած որոշումների իրականացումն ապահովելու համար, եթե անգամ այդ որոշումները լինեն ժամանակավոր, որպեսզի Ադրբեջանը դրանք չխախտի եւ չխոչընդոտի իրականացմանը: «Մինչեւ այժմ ոչ մի կողմը՝ ո՛չ միջնորդները, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ցույց չեն տվել ոչ մի իրավական փաստաթուղթ՝ որպես հիմք այն բանի, թե Արցախն Ադրբեջան է: Նրանք բոլորը վկայաբերում են Նիկոլ Փաշինյանի միակ բանավոր հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս: Դա ցույց է տալիս այլ իրավական հիմքերի ու փաստարկների լրիվ բացակայությունը: Կլինի՞ արդյոք նույնպիսի վերաբերմունք նույն Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, եթե նա ասի, որ Ղարաբաղը Հայաստան է»,- հարցնում է Հայրումյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է Ղարաբաղի հարցով լուրջ բանակցությունների վերսկսումը:
Ռուսական լրատվամիջոցը արցախահայերի վերադարձի խնդրի վերաբերյալ Հայաստանում հարցումներ է արել քաղաքական մի քանի մեկնաբանների: Նրանցից Անդրիաս Ղուկասյանը ներկայացրել է, ինչպես ասվում է, «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի հինգ կուսակցությունների, ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների եւ «Հայաքվե» շարժման համատեղ հայտարարության մեջ նշված պայմանները, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադարձի համար: Դրանք, ըստ նրա, հինգն են: Նախ՝ Ադրբեջանի կողմից, պետական մակարդակով, ղարաբաղցիների քրեական հետապնդումը բացառող որոշումների կայացում եւ ռազմական հանացագործությունների հարցում այդ երկրի ու Հայաստանի կողմից անկախ միջազգային դատարանի իրավասության ճանաչում, այժմ դատապարտվածների կամ քրեորեն հետապնդվողների ազատ արձակում: Ապա՝ արցախահայերի վերադարձի համար նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքներից ադրբեջանական զորքի, Ադրբեջանի վարչակարգի եւ նրա ոստիկանության հեռացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկության համաձայն Լաչինի (Բերձորի – Գ. Մ.) միջանցքի փոխանցում ՄԱԿ-ի կառավարմանը՝ Ադրբեջանի կողմից նոր շրջափակման բացառման նպատակով: Հայերի վերադարձի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի բազմազգ խաղաղապահ ուժերի կողմից (ներառյալ իրանականը) անվտանգության ապահովում, իսկ հարակից տարածքներում, միջազգային պրակտիկայի համաձայն, սահմանազատման գոտու ստեղծում, այնտեղ ադրբեջանական զորքի ու ռազմական տեխնիկայի մուտքի արգելք: Եվ վերջապես, այդ տարածքի կառավարման անցում ՄԱԿ-ին, որը պետք է ապահովի փախստականների կոլեկտիվ վերադարձը:
«Մինչեւ որոշակի ժամանակ, մինչեւ իրավիճակը կարգավորվի, պետք է գործի ՄԱԿ-ի կառավարումը, որպեսզի արդեն ստեղծված պայմաններում անցկացվի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշող հանրաքվե: Որին կմասնակցեն նախկին ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ նախկին Շահումյանի շրջանի հետ քաղաքական-իրավական կապ ունեցող բոլոր մարդիկ, առանց ազգային սահմանափակումների: Այդ մարդկանց ինքնորոշման իրավունքն անվիճելի է»,- նշել է Ղուկասյանը: Բոլոր մյուս դեպքերում, ասել է նա, պատերազմի սպառնալիքը կմնա:
Հայերի վերադարձն Արցախ՝ միայն այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու պարագայում է հնարավոր համարել նաեւ քաղաքագետ Արմեն Վարդանյանը: «Մենք տեսնում ենք.- նշել է նա,- որ հայերին միշտ գերի են վերցնում եւ չկան երաշխիքներ, որ վերադարձողների իրավունքները չեն խախտվի»: Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը համարելով իր տարածքը, հայտարարում է, որ այնտեղ գործելու են իր օրենքները, եւ համաձայն չէ որեւէ միջազգային մեխանիզմի: Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումն էլ, Վարդանյանի կարծիքով, Բաքուն օգտագործում է իր օգտին, հայտարարելով, որ այսուհետեւ այդ ամենն ադրբեջանական է:
Խոսքը Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինչպես արխիվային, այնպես էլ անձնական փաստաթղթերի մասին է (մարդկանց կարգավիճակը, բժշկական փաստաթղթերը, աշխատանքային գրքույկները եւն), այսինքն այն բոլոր փաստաթղթերի, որոնք կարող են մարդկանց իրավունքների պաշտպանության հիմք դառնալ՝ հակամարտության առկայությունից անկախ, «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին ասել է Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքերով՝ այս տեսակետից Հաագայի դատարանի որոշումը հստակ է՝ Ադրբեջանը չի կարող ոչնչացնել այդ փաստաթղթերը: Ավելին, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ճանաչել դրանք: Թե այդ փաստաթղթերն ինչ կարգավիճակ կունենան Ադրբեջանի կողմից ճանաչվելուց հետո, Արտակ Բեգլարյանը դժվարացել է պատասխանել: Ըստ նրա՝ հարցը բաց է մնում: «Բայց եթե Ադրբեջանը պետք է տիրապետի այդ փաստաթղթերին, արցախցիները ստիպված կլինեն այս կամ այն տեղեկանքի համար դիմել Բաքվին»,- նշել է Բեգլարյանը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ