Մենք արցախյան պատերազմին տվեցինք ամեն ինչ, իսկ փոխարենը ձեռք բերեցինք հպարտություն:
Վազգեն Սարգսյան
Աշխարհաքաղաքական վերափոխումների ներկա ժամանակաշրջանում, երբ բոլորը փորձում են համեղ պատառների տեր դառնալ, երբ հավաքական Արեւմուտքը Բայդեն Ջոյի գլխավորությամբ փորձում է պարտության մատնել Վլադիմիր Պուտինին եւ դեմիլիտարիզացիա պարտադրել, Հայաստանի անվտանգության հարցն օրհասական է դարձել, եւ, ոչ այլ ոք, քան մենք պետք է լուծենք այն: Եվ դա պետք է մտահոգի աշխարհի բոլոր ծայրերում ապրող յուրաքանչյուր հայի: Ամբողջ հայությանն այսօր մեկ հարց պետք է զբաղեցնի՝ ինչպես լուծել Հայաստանի Հանրապետության անվտանգության, Հայոց պետականությունը փրկելու, պահպանելու եւ մեր զավակների համար անվտանգ պետություն թողնելու հարցը: Մնացյալն ածանցյալ է…
Հայաստանի անվտագության վրա անողոք գրոհ սկսեց 2018-ից եւ իր բարձրակետին հասավ 2020-ին ու շարունակվում է մինչ օրս: Երեւի շատերն են հիշում, թե ինչպես էր խելագարի կերպարի մեջ մտած մի արարած օրեր շարունակ Եռաբլուրում պղծում մեր ազատամարտիկների շիրմները`հալած մոմերով դիվային ծեսեր կազմակերպելով: Նույն պատկերը տեսնում էինք նաեւ մարզերի պանթեոններում` հատկապես Արցախյան հերոսամարտում անմահացած մեր մյուս հերոսների շիրիմների հանդեպ (մայիսի 8-ին` հենց Շուշիի ազատագրման օրվա նախաշեմին նույն ձեռագրով պղծվեցին նաեւ Զովունու զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաքարերը, նրանց շիրիմները: Ու թեեւ համայնքի բնակիչներին հաջողվել էր հալված մոմերից մաքրել մեր հերոսների հուշաքարերն ու շիրմները, այդուհանդերձ, հանցախումբը մինչ օրս այդպես էլ չբացահայտվեց եւ անգամ այդ եղկելի արարքը չլուսաբանվեց: Այսպես շարունակում են թաքնված գործել մեր հոգեւոր դաշտի վրա: Հետո էլ ներկայացրեցին մեկ անձի ու նրան հայտարարեցին հոգեկան խնդիր ունեցող: Ո՞վ հավատաց, այսպես կոչված, պաշտոնական վարկածին: Ո՞վ չկասկածեց, որ սա ոչ թե մեկ պիղծ անձի ձեռքի գործ է, որը նույն օրը Երեւանից կարող է հասնել տարբեր մարզերի գյուղեր, այլ` մի ամբողջ խումբ է գործում: Վստահ եմ, որ շատերին էր ամեն ինչ պարզ: Իսկ անձամբ ինձ համար ակնհայտ էր, որ Եռաբլուրի հանդեպ նման վանդալիզմով սկսվել է մեր գոյության դեմ ուղղված մի հոգեւոր պատերազմ:
Օրինական հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր կարող են լինել այդ ստոր արարածները: Հայի համար Եռաբլուրը միշտ սրբավայր է եղել ու այդպիսին լինելու է ընդմիշտ: Հետեւապես ինքնին հասկանալի է, որ բացի թուրքական կամ էլ աղանդավոր տարրերից ՝ ոչ ոք չէր կարող նման վանդալիզմ կատարել: Մանավանդ, որ առանց հաշվի առնելու անվտանգության խնդիրները, վերջին շրջանում մեր երկիրն իր դռները լայնորեն բացել է պակիստանցիների եւ մոլեռանդ այլ տարրերի առաջ: Հետաքրքրական է, սրանց հաջորդ հանգրվա՞նը որն է: Հայոց մեծերի պանթեո՞նը: Է՞լ ինչեր պետք է կատարվեն, որ վերջապես միջոցներ ձեռք առնվեն՝ ամենուր նույն հանցավոր հետքերը թողնող, հոգեխանգարումով տառապող կամ, ավելի ճիշտ՝ Հայ ազգի հոգեւոր դաշտի վրա լուրջ քաղաքականություն ու հատուկ հանձնարարություն կատարող այստեսակ անհատների եւ խմբի նկատմամբ: Խումբ, որը նախ բազմաթիվ բնակավայրերում պղծեց Հայի հայրերի եւ պապերի գերեզմանները, հետո էլ հասավ ազգի գոյության ոգին մարմնավորող հերոսների շիրիմներին: Սա բացահայտ հարձակում է մեր ազգի հոգեւոր դաշտի վրա, այսինքն՝ հոգեւոր պատերազմը շարունակվում է: Եվ միանգամայն տեղին է հիշել Ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի՝ Ռոբերտ Աբաջյանի խոսքերը՝ Եռաբլուրն էլ է մեր մարտական դիրքերից մեկը: Այնտեղից իրենց պատգամներով, մարտական ու հոգեւոր սխրանքներով հայ սերունդների ճանապարհն են հսկում անմահ հերոսները:
Իշխանությանը տեր դարձած մանկուրտոկրատիան` անհայրենիքների իշխանությունը, գիտեր, որ Եռաբլուրը` զոհված անմահ քաջերի հանգստավայրը հենց այն սրբավայրն է, որտեղ գծվում են մեր Հայրենիքի վաղվա սահմանները, կնքվում սերունդների միջեւ պատմական արդարության համար պայքարելու սրբազան ուխտը: Որովհետեւ Արցախյան ազատամարտում անմահացած հերոսները հայրենի հող էին ազատագրել, որով էլ սկսվել էր ազգի վերածնունդը: Իսկ այս մանկուրտաիշխանությունը մեր հաղթանակների ոչնչացումը, մեր հոգեւոր դաշտի վրա գրոհը սկսեց բանակը վարկաբեկելով, Հայոց եկեղեցու, հայագիտության, ապա Եռաբլուրի վրա հարձակումով: Արդյո՞ք ընդհանրություն չկա հիշյալ փաստի, իսկ պատերազմի աղետից հետո Եռաբլուրում զվարճալի պատմություններ հիշող եւ պիղատոսաբար ժպտացող ու ծիծաղող ստոր , ամեն ազգային ու մեզ համար ամեն մի սրբազան արժեքը ժխտող պաշտոնյաների կերպարների միջեւ: Եվ այս համազգային ցավի ու անդառնալի, անվերջանալի կորուստների, հարաճուն ողբերգությունների մեջ դեռ մինչ օրս լսվում է իշխանավոր վերադասի անհասկանալի ու քինախնդիր արտահայտությունը.
-Կեցցեն մեր զոհերը….
Արցախն էլ, ոչ ավել ոչ պակաս, գերտերություն անվանելով` հանձնվեց թշնամուն: Ավելին, խաղաղության դարաշրջան հռչակելով` փաստորեն Արցախը կանգնեցվել է ցեղասպանության շեմին…
Արդյո՞ք ժամանակը չէ, որ պատկան մարմինները, եթե իհարկե ունենք, իրենց խոսքն ասեն: Իսկ եթե չունեն կամ չեն ուզում հստակեցնել հիմնախնդիրը, ապա որպես ազգ պետք է կազմակերպվենք եւ սեփական նախաձեռնությամբ պարզենք այս հույժ կարեւոր հարցը եւ համապատասխան լուծումներ գտնենք, որպեսզի կարողանանք հոգեւոր-գաղափարական պատերազմում հաղթանակ ապահովել: Այս դեպքում այլ ճանապարհ չեմ տեսնում: Բոլորս պետք է հասկանանք, որ իրականում պատերազմն ավարտված չէ: Իսկ քանի որ այն նաեւ հիբիդային է ու բազմակողմ, մենք էլ պիտի բոլոր հնարավոր միջոցներով կարողանանք վերափոխվել ու արժանի հակահարված տալ:
Հատկապես, որ շարունակվում են ամենօրյա հարձակումները մեր հոգեւոր դաշտի վրա, քանի որ լավ ուսումնասիրել են եւ գիտեն, որ հայերը նախ եւ առաջ հոգեւոր, զգացմունքային ժողովուրդ են: Իզուր չի, որ դարերի ընթացքում տարատեսակ քոչվոր ու թերզարգացած ցեղերը ցանկացել են տեր դառնալ մեր հող ու ջրին, մեր ստեղծած բարիքներին, քանի որ նրանց տրված չէր այդպիսիք արարելը: Ցավալի իրողություն է, բայց փաստ, որ մեզ՝ հայերիս եւ Հայաստանը ատել են նաեւ մեր իսկ ղեկավարները, մեր գերագույն գլխավոր հրամանատարները, իշխանավորները: Դա է եղել մեր ազգի ողբերգությունը: Իսկ երբ ազգ ու ժողովուրդ ատողին չենք պատժել, կեղծ մարդասիրություն ու բարեհոգություն ենք դրսեւորել, այդ ատողների ու ազգ ուրացողների թիվը կրկնապատկվել է: Դա մեծագույն սխալ է, երբ բարեգութ ես լինում, դրանից տուժում են Հայաստան երկիրն ու ապագա սերունդները: Դրա ապացույցն է, որ ծովից ծով Հայաստանից մեզ մնացել մի փոքրիկ հողակտոր: Դա հայ դավաճանների ու թշնամների հանդեպ մեր ներողամտության արդյունքն է: Դա է պատճառը, որ հայ նախագահներն ու զորավարները Արցախը խաղաքարտ են դարձրել, ծախում են մեր հողը՝ արհամարհելով երկրի տիրոջը՝ հայ ժողովրդին, ծախում են մեր ազգային հարստությունները՝ հանքերը, ոսկիները ու թանկարժեք քարերը: Սակայն անկախ դավաճան նախագահներից եւ նրանց ցանկություններից՝ հայ ժողովրդի նվիրյալ զավակների կողմից մեր դարի 90-ականներին Արցախն ազատագրվեց: Բայց որքան հզոր կլինեինք մենք, երբ իշխանավորը լիներ իր ժողովրդի եւ զինվորի կողքին: Այնինչ, իրականում որքան դժբախտ ենք, որ հաճախ ղեկավար ենք ընտրում չարյաց մեծագույններին:
Իսկապես, ո՞վ է մեղավոր, որ թշնամիներդ տանդ մեջ են եւ մենք արժանի դատաստանի չենք ենթարկում նրանց: Հիմա եկել է պահը ՝ գործընթացն սկսելու: Նոր իշխանությունը հայտարարել է բոլոր հանցանքների բացահայտում, ուրեմն իսկապես պետք է առաջնորդվի ժողովրդի կամքով՝ պատժի ազգի դավաճաններին՝ հող հայրենին վաճառելու, երկիրը թալանելու եւ կործանելու համար: Էլի՞ լինենք բարեգութ: Ոչ եւ երիցս ոչ. հարկավոր է պատժել ազգուրացներին, որպեսզի մեր արյան միջից հանենք դավաճանությունը: Հարկավոր է բանակը հզորացնելու համար խլել բոլոր ապօրինի ձեռք բերված ունեցվածքները եւ հանձնել պետությանը: Հուր հավիտյան իրենց ընտանիքներով եւ սերունդներով հանդերձ արտաքսել երկրից բոլոր ցեցերին: Օրենք ընդունել, որով սահմանվի՝ դավաճանների եւ նրանց սերունդների առջեւ հավերժ փակվեն երկրի դռները: Այսպես մաքրելով եւ ինքնամաքրվելով միայն մենք կփրկենք մեր երկիրը, որպեսզի երբեք որեւէ մեկի մտքով չանցնի դավաճանել սեփական երկիրն ու ժողովրդին:
Հակառակ դեպքում չենք կարողանա հակազդել այն զենքին, որը կիրառվում է մեր դեմ, ու մեզանից շատերը գլխի չեն էլ ընկնում: Դրա համար որպես բանալի կարող են ծառայել Գնդապետ Դանի (Ազգությամբ` հրեա Դանը ԱՄՆ բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995թ.: Պետական կարեւոր հետախուզական աշխատանքներ է կատարել տարբեր երկրներում: Վարել է զինվորական կարեւոր պաշտոններ եւ՛ շտաբներում, եւ՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր քաղաքական բազմաթիվ հոդվածներով: Ունի իր գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով) իրենց արդիականությունն ու կարեւորությունը բնավ չկորցրած որպես թիրախ ընտրված երկիրը ներսից կործանելու վերաբերյալ նոթերը: Դրանց ծանոթանալով, տեսնում ենք, որ երկիրը ներսից փլուզելու հենց այդ ռազմավարությունն է անցած ավելի քան երկու տասնամյակում կիրառվել ու շարունակվում է կիրառվել Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի դեմ: Յուրաքանչյուր երկրում, ընդգծվում է այդ նոթերում, կան մի քանի կարեւորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձեւավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները եւ կյանքի ընթացքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Պետք հայտնաբերել եւ կենտրոնանալով հարձակվել ընտրված այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնը: Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարեւորագույն էլեմենտն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում դուք առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, որը եւ ձեր վերջնական նպատակին հասնելու կարեւոր գործոնն է: Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձեւավորել եւ վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը: Դուք պետք է ձեւավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժեւորելու նրանց բարոյահոգեւոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը: Ձեւավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել:
Հզոր ազգի հիմքը, շարունակում է պարզաբանել տեսաբանը, իր եզակի մշակույթն է ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարեւոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի նրանք հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ (ինչպես մեզանում դա արվեց գեներալներ Մանվելի, Սեյրանի եւ այլոց օրինակներով):
Պիտի վարկաբեկվեն նաեւ մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները: Հարվածներ հասցնել լեզվին եւ խեղել այն (ինչպես մեզանում տիրապետող է դարձել կիսաժարգոնային, սերիալային-ռաբիսային լեզուն): Գաղտնիք չէ, որ մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին. եթե դուք կարողանաք շահարկել այդ երկու կարեւորագույն տարրերը օրենսդրական գործողությունների եւ սոցիալական ճնշման միջոցով, ապա դուք կարող եք յուրաքանչյուր երկրի հիմքերը թուլացնել: Ի վերջո, ազգայինից հրաժարումը եւ բազմաբնակարան մշակութային հայեցակարգը` հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում (օրինակները շատ շատ են): Ձեւավորել տնտեսությունը որպես ծախսարար` ծախսե՛լ, ծախսե՛լ եւ ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր եւ հարկե՛ր, ինչպես նաեւ ժողովրդին դարձնել տուգանքի օբյեկտ (գործողություններ, որոնք մեզանում կատարվում են հրեշավոր պատրաստակամությամբ)` սա «ներսից փլուզելու» ծրագրի կարեւոր բաղադրիչներից է: Հետո էլ՝ երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ եւ ֆինանսապես անկախ է (մեզանում վաղուց այդպես չէ): Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` իշխանությունը եւ վերահսկողությունը սահմանափակ են: Միաժամանակ Դանը նշում է, որ պետք է հանրային եւ մասնավոր բիզնեսը դրվեն պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո կթելադրվեն նոր պայմաններ, որ երկիրը պետք է դրվի պարտքի տակ եւ խափանվի տնտեսության զարգացումը (սրան ականատես ենք բոլորս եւ ամեն օր):
Ակնհայտ է, որ այս ռազմավարությունը կիրառվել ու կիրառվում է մեր երկրի դեմ, իսկ թե ո՞ր պետությունների, ուժերի կողմից, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Ուղղակի հարկավոր է, որ ազգովին խելքի գանք, մոտ լինենք գրքին ու գրությանը, ըմբռնենք այդ տեսությունների իմաստը, որպեսզի կարողանանք դիմակայել եւ, ինչու չէ, նաեւ հաղթանակներ գրանցել:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր