Երեք օր շարունակ Գլենդելի «Լարք» երաժշտանոցի լեփ լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարում էր պատանի երաժիշտներին եւ նրանց ուսուցիչներին: Ծաղկեփնջերով ողողված էր բեմը: Ծափողջույններից տաքացել էր սրահը: Տոնական տրամադրություն էր տիրում «Լարք»-ի կամարների տակ: «Լարք»-ը տոնում էր իր գոյության երեսունհինգամյակը:
Այդ երեկո, ծափողջույնների տարափի տակ, բեմի վրա համեստորեն կանգնած մարդն ապրում էր իր կյանքի երանելի պահերից մեկը; Բացառիկ մի անձնավորություն, որի մտքի ու հոգու թռիչքով էր ուղեծիր դուրս եկել «Լարք»-ը եւ դարձել նրա կյանքի ամենափայփայած իրականացած երազանքը;

Խոսքս հայ մշակույթի մեծ նվիրյալ, մշակույթի իսկական ջատագով Վաչե Բարսումյանի (Պարսումյան) մասին է: Հուժկու տաղանդի տեր մի մարդու, որ քաջ գիտակցելով իրեն ի վերուստ տրված առաքելությունը՝ տասնամյակների տքնաջան արարումով կերտել է իր՝ երջանիկ մարդու կյանքի բազմահատոր տարեգրությունը;

Անասելի հուզում եւ հպարտություն ապրեցի ինձ հարազատ օջախի համար, որի շռայլ հյուրընկալությունը վայելում եմ ժամանակ առ ժամանակ: Համերգային բազում ծրագրեր եմ պատրաստել այստեղ, անցկացրել վարպետության դասեր ուսանողության եւ ուսուցիչների համար, ըմբոշխնել գործընկերներիս հետ շփման հաճույքը եւ հասկացել օտար ափերում հայրենի հողն իբրեւ հենարան չկորցնելու գինը:


Զարմանահրաշ այս հաստատությունը՝ արվեստի իդեալներին անդուլ ծառայելու խորհրդանիշ է: Մեծատառով կրթօջախ է այն, ուր հիմնական դասավանդվող առարկան մարդասիրությունն է: Սիրո եւ ջերմության գույներով շաղաղված, ունայնություն ունայնությանց ամեն բանից հեռու մթնոլորտում են ձեւավորվում սովորողների արվեստավարժ հմտություններն ու մարդկային նկարագիրը: Հայրենասիրական ոգին նաեւ:
Ամենուր հնչող հայերենից բացի, դա են հաստատում Հայոց պատմության եվ գրաբարի դասընթացները, մայրենիով բեմադրված ներկայացումները… Առանձին տողով կկամենայի հիշատակել «Լարք»-ի փոխտնօրեն Թագուհի Արզումանյանի՝ հայ երաժշտությամբ ու պոեզիայով համեմված սքանչելի հանդեսները, որ իրականացվում են ուսանողների մասնակցությամբ՝ հայ ժողովրդի նշանակալից տարելիցներին ընդառաջ: Ինքնին արդեն արվեստ է եւ հայերենի բարձր դաս այդ տաղանդաշատ հայուհու յուրաքանչյուր խոսքը, որով ուղեկցվում է դպրոցի յուրաքանչյուր միջոցառում: «Լարք» երաժշտանոցում դասարաններն իսկ անվանված են հայ մեծ մտավորականների անուններով…

Այստեղ մեծապես հարգված են Երաժշտությունը եւ երաժշտությամբ զբաղվող յուրաքանչյուր պատանի, մանուկ: Դաշնամուրային, լարային, փողային ու հարվածային գործիքների, նաեւ երգեցողության, կոմպոզիցիայի եւ այլ բաժիններում դասավանդող «Լարք»-ի ուսուցիչներն իրենց պատրաստվածությամբ եւ դասավանդման որակով, պատիվ կբերեին նմանատիպ ամեն մի հաստատությանը:

Այս ամենով հանդերձ, որքան էլ խոսենք «Լարք» երաժշտանոցի մասին, չպիտի մոռանանք, որ այն մեկ ճյուղն է միայն «Լարք» երաժշտական ընկերակցության, որ միավորում է իրենում կրթական, հրատարակչական, համերգային եւ այլեւայլ շատ բնագավառներ:
Այստեղ է, որ ես պիտի դարձյալ անդրադառնամ մեծարգո Վաչե Բարսումյանին:

Մեր ծանոթության առաջին իսկ պահին ինձ մեկնեց նոր հրատարակված, խազերի ժամանակակից ուսումնասիրությանը նվիրված՝ Նիկողայոս Թահմիզյանի գիրքը: Գնահատեցի նուրբ ընտրությունը: Զգացի նաեւ ակնհայտ մտահոգությունը՝ կապված՝ մշակույթի հազվագյուտ գոհարները մոռացությունից փրկելու, եկող սերունդներին անաղարտ փոխանցելու հետ: Այս ազնիվ մղումով էին կյանքի կոչվել բազմաթիվ արժեքավոր հրատարակումներ, նվիրված հայ ժողովրդական երգին, Կոմիտասի, Չուխաջյանի եւ այլոց կյանքի եւ ստեղծագործության նվազ լուսաբանված էջերին: Ն.Թահմիզյանի, Ա. Սահակյանի եւ Ա. Փահլեւանյանի հետաքրքրական ուսումնասիրությունները նույնպես չէին վրիպել Վ. Բարսումյանի ուշադրությունից:
«Լարք»-ն էր, որ բացեց Հայաստանում ճանաչված շատ եւ շատ երաժիշտների ճանապարհը դեպի ամերիկացի ունկնդիրը: «Լարք» -ն էր, որ իրականացրեց Կալիֆորնիայում պատշաճ մակարդակով մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգները, ներկայացրեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան ամերիկյան հանդիսատեսին:
«Լարք»-ի հրավերով են այստեղ ելույթներ ունեցել նշանավոր դիրիժոր Օհան Դուրյանը եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, երգիչներ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը… տողերիս հեղինակը: Հայտնի է, որ «Լարք»-ն առաջինն էր, որ տարիներ առաջ կազմակերպեց Կոմիտասին նվիրված համահայկական սիմպոզիում:
«Լարք»-ն անց է կացրել հայագիտական կոնֆերանսներ, կազմակերպել տարբեր բնույթի բանախոսություններ, նաեւ հայ միջնադարյան եւ արդի երաժշտության շուրջ: «Լարք»-ի «թեթեւ» ձեռքով եւ անմիջական մասնակցությամբ է իրականություն դարձել այժմ լայն համբավ ձեռք բերած «Դիլիջան» միջազգային փառատոնը (հիմնադիր գեղ. ղեկավար Մովսես Պողոսյան):
Իբրեւ նոր գործերի պատվիրատու, «Լարք»-ը մշտապես խթանել է հայ ժամանակակից, հատկապես երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ձգտել է նաեւ հետաքրքրել հայկական թեմաներով օտարազգի կոմպոզիտորների, ինչպես եղավ ամերիկացի կոմպոզիտոր Իան Կրաուսի «Ռեքվիեմ»-ի դեպքում, որի կատարումը արժանացավ բացառիկ ընդունելության: Ես հիշում եմ հիմա «Լարք»-ի նկարահանած՝ «Տիգրան Մանսուրյանի մենախոսությունը», հիշում «Լարք»-ի հրատարակած՝ հայ կոմպոզիտորների գործերի նոտաները, ձայներիզները եւ տեսաերիզները, հիշում այլեւայլ շատ բաներ եւ մտածում, որ անընդգրկելի է «Լարք»-ի գործունեությունը եւ զարմանում, թե ինչպես է հաջողվում մեկ մարդուն այս ամենը կառավարել…
«Լարք»-ի հայտարարած համերգները միշտ էլ Լոս Անջելես քաունթիի համերգային կյանքի անբաժան եւ արժանավոր մասն են կազմել: Առանձին շուքով են դրանց մեջ առանձնանում Վաչե Բարսումյանի անվանն առնչվող համերգները: Ականավոր երաժիշտ, դիրիժոր, խմբավար, Վաչե Բարսումյանի ղեկավարած սիմֆոնիկ եւ բազմաբնույթ այլ համերգները Փասադենայի նշանավոր «Ամբասադոր» համերգասրահում մշտապես երեւութային են որակվել Կալիֆորնիայի համերգային կյանքում: Բարսումյանի ղեկավարությամբ բացառիկ հաջողությամբ են հնչել Մոցարտի Դո մինոր մեսսան եւ Բրամսի «Գերմանական ռեքվիեմ»-ը, Բրիտենի «Պատերազմական ռեքվիեմ»-ը, Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Բոլորը՝ դասական երաժշտության գլուխգործոցներից:

Բարսումյանի՝ իմ ունկնդրած ելույթներից հիշողությանս մեջ անջնջելի հետք են թողել Բախի՝ «Չարչարանքներ ըստ Մաթեւոսի» եւ Նարեկացու խոսքերով գրված՝ Շնիտկեի խմբերգերի փայլուն մեկնաբանությունները: Համերգները, որ կայացան Լոս Անջելեսի հանրահայտ «Զիպեր հոլ»-ում, արժանացան հատուկ գնահատության: Երկու կատարումներում էլ երգչախմբի կազմում ընդգրկված էին եւ «Լարք»-ի ուսանողները:
Նման ելույթները եւ հատկապես դրանց փորձերը, որ անց էին կացվում «Լարք»-ի պատերից ներս, հիրավի անփոխարինելի «երաժշտական համալսարաններ» էին սկսնակ երաժիշտների համար: Ականատես լինել արվեստագետի մոգական կերպարափոխման կարողությանը, նաեւ հնարավորություն ունենալ հետեւելու նրա՝ ստեղծագործության վրա աշխատելու ընթացքին, նրա պահանջկոտությանն ու դիտողություններին, համամասնակիցը լինել երաժշտության արարման… Ի՜նչ հրաշալի մտահղացում… Յուրաքանչյուրս կերազեինք նման առիթ ունենալ:
Երջանկություն է «Լարք»-ում Վաչե Բարսումյանի պես ղեկավար ունենալ: Շփվել մի մարդու հետ, որի կյանքն ու գործը ուսանելի են բոլորիս համար, ըմբոշխնել նրա լույս ճառագող էությունը… Հասկանում ես, որ պատահական չէ «Լարք»-ի սրահում կախված՝ Էմանուել Կանտի խոսքերը ներառող պաստառը. «Երկու բան է ինձ շարունակ զարմացրել կյանքում՝ աստղալից երկինքը մարդու գլխավերեւում եւ բարոյական օրենքը սրտի մեջ»: Սա է նաեւ Վ. Բարսումյանի դավանանքը:
Հոգիս թռչում է ինձնից արագ՝ Վաչե Բարսումյանի ստեղծագործական նորանոր առկայծումներին ընդառաջ… Դրանց համահունչ, վերջին տարիներին իրականացան Վարպետի բաղձալի երազանքներից մի քանիսը եւս: Բացվեց «Լարք»-ի համերգային գեղեցիկ դահլիճը՝ Օննիկ եւ Քրիստին Քեշիշյանների իշխանական նվիրատվությամբ, բացվեց այդչափ սպասված Հայ մշակույթի թանգարանը: Բացվեց Կալիֆորնիայի նահանգի Խորհրդարանի նախկին անդամ, այժմ՝ Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի ջանքերով, շնորհիվ ամերիկյան պետական ներդրման, ինչն ինքնին «Լարք»-ի կենսունակության վկայությունն է: Առջեւում նոր գրադարանի բացումն է, ուրիշ կենսալեցուն ծրագրեր…
Շնորհակալություն բոլոր այս տարիներին «Լարք»-ին սատարող անձանց, մասնավորապես՝ Անդրանիկ եւ Հայկուհի Թորոսյաններին: Հուսանք, որ ժամանակի հետ կավելանա «Լարք»-ի բարերարների քանակը: Բոլոր դեպքերում պիտի հպարտանանք ոչ միայն մեր մշակույթով, այլեւ նրան սատարելու, պահպանելու եւ, որ կարեւոր է, գնահատելու կարողությամբ: Այդպիսին պիտի նաեւ ներկայանանք օտարին եւ իբրեւ այդպիսին լինենք հարգված:
Ամերիկացի գրող, բանաստեղծ Ռալֆ Էմերսոնը ասում էր. «Բարօրության գաղտնիքը Ուրախությունը մեր ձեռքերում պահելու կարողության մեջ է»: Սիրելի Վաչե, թվում է, քո՛ մասին է ասված:
Ի հեճուկս ամեն փորձության, արգելքի ու դժվարության, տանում ես առաջ «Լարք»-ը, երազներիդ նավը եւ շարունակելու ես տանել՝ խիզախորեն, թեւավորված՝ փառահեղ հաղթանակներով հաստատելով Ուրախությունն այս երկրի վրա…
Շնորհավոր պանծալի երեսունհինգամյակդ, «Լարք»…
ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Կալիֆորնիա, ԱՄՆ





