Բեռլինի «Վուլֆ եւ Գալենց պատկերասրահում» մայիսի 8-ին արվեստասեր հասարակությունը հավաքվել է ներկա գտնվելու ճանաչված նկարիչ, հավաքորդ եւ կուրատոր Արչի Գալենցի գերմաներեն լեզվով օրերս հրատարակված ինքնակենսագրական ալբոմի շնորհանդեսին, տեղեկացնում է Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հատորի խորագիրն է «Stellungnahmen 24 allem Unmoglichen», որը հոդվածի հեղինակը թարգմանել է «Կարծիքներ անհնարին ամեն ինչի մասին» եւ հավելել, որ 320 էջանոց ալբոմը նման է նկարչի ստեղծած «Գլոբուս» անվանումով խորանարդին, որի 6 կողմերի վրա քարտեզներ են դրոշմված: Բայց իրականում այն շատ ավելի ընդգրկուն է, բազմակողմ` ներկայացնելով արվեստագետի անցած 50 տարիների թեմատիկ առանձնահատկությունները ե՛ւ որպես նկարիչ, փորագրիչ, ե՛ւ որպես հավաքորդ, կուարտոր եւ արիերգարդիստ: Բացի հեղինակի ինքնակենսագրական նոթերից, գրքում կարծիքներ հայտնել են նաեւ իր գերմանացի դասախոս-արվեստագետ Կլաուս Ֆուսմանը եւ այլ գործընկերներ, որոնք ալբոմի 12 գլուխներում ներկայացրել են հայազգի արվեստագետի բազմաբնույթ ինքնությունը իր անձնական, ազգային եւ պատմական հարթություններում:
Արվեստագետների ընտանիքից սերած Գալենցը (Կալենցը) ծնվել եւ մեծացել է Մոսկվայում, հետո տեղափոխվել է Բեռլին, որտեղ այժմ բնակվում է: Նա սովորել է Արվեստների ակադեմիայում: Որպես արեւելքի եւ արեւմուտքի մշակութային ավանդույթներթը կրող արվեստագետի, նրան հաճախ համարում են Գերմանիայում հայկական մշակույթի դեսպանը: Բացման խոսքում ալբոմի խմբագիր Աննա Ուիլկինսը խոստովանել է, որ երկար ժամանակ հարմար բառ է որոնել բնութագրելու համար արվեստագետին եւ նախ հանգել է «երեւույթ» բառին, հաշվի առնելով նրա բազմակողմանի տաղանդը եւ առանձնահատկությունը դրանցից յուրաքանչյուրիմւ, ապա մտաբերել է «դիմադրություն» բառեզրը, նկատի ունենալով, որ նա դիմադրել է արվեստում ընդունված բոլոր կանոններին եւ անընդհատ որոնելով ստեղծել է իր ինքնուրույն ոճը, հաճախ նույնիսկ դեմ գնալով շուկայի ճնշումներին եւ քաղաքական գաղափարախոսություններին:
Արվեստի նրա ստեղծած նոր ձեւերը, կերպավորումները, իր խոստովանությամբ, պատահական են եղել շատ անգամներ, ինչպես օրինակ` «Պատերից պոկվածները» ոճային նորամուծությունները, որոնցում շրջանակների մեջ առնված արվեստի իրերը ներկայացված են որպես ինքնուրույն «կառուցվածքներ»: Մտահղացումը առաջացել է, երբ Մոսկվա է մեկնել օգնելու մորը, որ վերանորոգի իր 3 սենյականոց բնակարանը: Պատի պաստառների պոկումը նոր ոճ է թելադրել արվեստագետին: Կամ «Գլոբուս» խորանարդիկը, որի տարբեր կողմերում փոփոխվող աշխարհի քարտեզներ են: Մտահղացումը առաջացել է, երբ վիմագրությունների որոնումներում պատահաբար ձեռքն է ընկել 1877-ի մի քարտեզ Վուստերվից (Բրանդերբուրգի մոտակայքում) տեղանքի, որն այժմ գոյություն չունի: Այս փաստը հիշեցրել է նրան մեր պատմական հայրենիքը, որին շատերը ճանաչում են քարտեզների կամ նկարների միջոցով: Արեւմտյան Հայաստանը ներկայացված է որպես «Կորուսյալ դրախտ», նախկին «Բյուզանդիան»` եվրոպական նոր երկրների կերպարանքով:
Գալենցի ստեղծագործություններում ինքնությունը կենտրոնական թեմա է: Տիրապետում է երեք մշակույթների առանձնահատկություններին (հայկական, ռուսական եւ գերմանական) եւ ունի կտավների հարուստ հավաքածու: Առաջին կտավը նա ձեռք է բերել 1995-ին: Կտավները հիմնակնում հետխորհրդային շրջանի ստեղծագործություններ են, շատերը նաեւ սփյուռքի տարբեր անկյուններում կատարված: Բայց հակառակ հազվադեպ շփումների, արվեստագետների մոտ նկատվում է միեւնույն մշակութային բնապատկերը, եւ գեղագիտական ընդհանուր խտացրած վերացականությունը: 2008-ի վերջերին Գալենցն ու Թորստեն Բիլեբը, որի եղբայրը դարձյալ Կլաուս Ֆուսմանի ուսանողն էր եղել, բացել են «Interior DAsein» կոչված հաստատությունը, որն իր մեջ ներառում է ցուցահանդեսային մի դահլիճ եւ շրջանակներ պատրաստելու արվեստանոց: Հաստատությունը, որն ունի ժամանակակից հայ եւ ռուս նկարիչների 40 կտավների մշտական ցուցահանդես, մոտ մեկուկես տասնամյակի ընթացքում կազմակերպել է 25 ցուցահանդես եւ դարձել է «Եվրոպայում հայ մշակույթի եզակի մի կենտրոն»:
Գալենցի փորձարկած արվեստի տարբեր ձեւերից ամենահարազատը իր համար նկարչությունն է, որը նա համարում է «Արվեստների թագուհին»: Նկարչության մեջ էլ հատուկ տեղ է զբաղեցնում դիմանկարչությունը, եւ գիրք-ալբոմը հարուստ է դրանցով:
Բեռլինի «Artbear Books» հրատարակչատան թողարկած հատորում իրենց կարծիքներն են հայտնել (էսսեների կամ հարցազրույցների միջոցով) Աննա Ուիլկինսը, Անդրեաս Վուլֆը, Կլաուս Ֆուսմանը, Լեւ Էվսովիչը, Միկա Հանուլան, Վլադիմիր Սալնիկովը, Վազգեն Պահլավունի-Թադեւոսյանը եւ Փիթեր Միշելը:
Գրության հեղինակ Մուրիել Միրաք-Վայսբախի կարծիքով ողջունելի կլիներ ալբոմը տեսնել նաեւ անգլերեն թարգմանությամբ:
Պատրաստեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)