Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ազատության 26|1 հասցեում է գտնվում ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ը, որի տարածքում՝ հենց մեջտեղում, բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվելու:
2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունը, որպես ներդրումային ծրագիր, քննարկել է Ազատության պողոտայի սկզբնամասում՝ քիմիական կենտրոնի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Փաստորեն, այս ծրագիրը կառավարության գնահատմամբ՝ ներդրումային լուրջ նախագիծ է:
ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը համոզված է, որ այդ ինստիտուտը կորցնելու ենք, որովհետեւ կառավարությունը նախապատվությունը տալիս է բիզնեսին:
Ազատության 26|1-ում նուրբօրգանական քիմիայի 5 մասնաշենք կա, մեջտեղում ջրավազանի տարածքն է, որտեղ էլ հենց բազմաֆունկցիոնալ համալաիրն է կառուցվելու: Շենքերի ու ջրավազանի հեռավորությունը 30 մետր է: Կենտրոնական մասնաշենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Այդ տարածքում կառուցել բազմաբնակարան, բազմահարկ շենք, կնշանակի բնակիչներին ուղղակի կրակը գցել, որովհետեւ դեղերի արտադրությունից արտազատվող հոտը տարածվում է շուրջբոլորը, բարձրանալու է նաեւ բնակարաններ:
«3-4-րդ հարկերից բարձ այդ հոտերն անպայման զգալու են, բնակիչները բողոքելու են, իսկ նրանց չեք կարող բացատրել՝ դրանք անվտա՞նգ են, թե՞ ոչ: Այդ ժամանակ, հետաքրքիր է, ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բազմաբնակարաներն են քանդելու:
Երկու օր է՝ տարածքում արդեն երկրաբանական հետախուզություն, հողային աշխատանք է կատարվում, որպեսզի շենքը նախագծվի. ինստիտուտի առօրյան արդեն իսկ խաթարվել է: Շինարարական աշխատանքների հետեւանքով ցնցումներ են լինելու, դա ինչպե՞ս կարող է չազդել քիմիական պրոցեսների վրա»,- նշում է Ռոբերտ Հակոբյանը:
Քիմիայի ինստիտուտում 1 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքեր են տեղադրված, որոնք շատ նուրբ ու զգայուն են, շինարարության փոշուց, ցնցումներից կարող են փչանալ:
«Դրանցից մեկը 600 հազար եվրո արժողությամբ միջուկամագնիսական ռեզոնանսի գերժամանակակից սարք է, որը տարածաշրջանում միակն է ու առանց որի Հայաստանի քիմիկոսներն աշխատել չեն կարող. ֆիզիկոսներն ու կենսաբանները եւս օգտվում են դրանից:
Գնահատում չի եղել, կվնասվե՞ն այդ սարքերը, թե ոչ: Պետությունն, ի վերջո, ներդրում է արել, ծախս է արել: Մի ձեռքով կառավարությունն աջակցություն է տրամադրում, մյուս ձեռքով բիզնես-նախագծի միջոցով այդ ներդրումները փոշիացնում է»,-իրավիճակն այսպես է գնահատում լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը:
Կառուցապատողին շինթույլտվություն չի տրամադրվել, բայց տարածքում հողային աշխատանքներն արդեն սկսվել են:
Ինստիտուտի աշխատակիցների հետ մեկ անգամ հանդիպում եղել է: Ասել են՝ տարածքի շենքերն ինչների՞դ են պետք: Տվեք վարձակալության, գնացեք տուն: Մեկ է, ցածր աշխատավարձ եք ստանում, տանն աշխատելով՝ ավելի շատ գումար կվաստակեք, քան այստեղ:
«Հիմնական բողոքողները երիտասարդներն են, նրանց էլ ասում են՝ ձեզ բնակարաններ կտանք: Իսկ դա դիտարկվում է կաշառք, ոչ թե համագործակցություն:
Գիշերով ճաղավանդակներ են կտրում՝ ոստիկանների ներկայությամբ: Կառավարության անդամները, քաղաքաշինության կոմիտեն 2021 թվականին տվել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ շինարարության թույլտվություն չի կարող լինել, քանի որ ինստիտուտի շենքերից անգամ 30 մետր հեռավորությունը չի պահպանվում նոր շենքը կառուցելու համար: Այն, որ գլխավոր մասնաշենքը պատմամշակութային արժեք է, այստեղով անցնող 17-18 դարերում կառուցված Աբուհայաթի ջրանցքն էլ է պատմամշակությաին արժեք. քաղաքապետարանը ջրատարի մի հատվածը պատմամշակութային հուշարձանների ցանկից հանել է, որպեսզի շինաշխատանքները թույլատրվեն»,-պատմում է գիտաշխատող Աստղիկ Շախատունին:
Քիմիական ինստիտուտի այդ տարածքը 2007 թվականին 1 միլիոն դրամով վաճառվել է, մեկ տարի հետո վերավաճառվել է 300 միլիոն դրամով, հետո նորից է վերավաճառվել՝ այդպես հասնելով մինչեւ 2021 թվական: 2018 թվականին քրեական գործ է հարուցվել, ու գործարքը ճանաչվել է ապօրինի, բայց հողի սեփականատերն իր հարցերը կարողանում է լուծել:
2006 թվականին կառավարությունը որոշում է կայացրել օրգանական, նուրբօրգանական եւ մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնները միավորել ¨ ամեն ինչ տեղակակայել նուրբօրգանական քիմիայի կառույցում: Վաճառքի են հանվել անգամ Քանաքեռում գտնվող օրգանական քիմիայի ինստիտուտի 6 մասնաշենքերը: 16 հեկտարից այսօր 6 հեկտարն է մնացել, 10 հեկտարը ժամանակի ընթացքում վաճառվել է: Այսօր այս ոլորտում աշխատում է 200 մասնագետ: Իսկ նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը վերջինն է, որտեղ բացառիկ հետազոտություններ են կատարվում:
Արտադրամասերում դեղեր են արտադրվում, որոնցից 4-ը հայկական ու ԱՊՀ շուկայում վաճառվում է: Պատերազմի օրերին ինստիտուտը, արտադրանքի ծավալները մեծացնելով, ռազմաճակատին ապահովել է դեղամիջոցներով: Մինչ այդ՝ ինստիտուտում 14 անուն դեղամիջոց է հայտնաբերվել, հիմա էլ կան նոր նյութեր. ներդրումների դեպքում դրանք եւս արտադրություն կմտնեն:
Հիմա այս չակերտավոր ներդրումային բիզնես- ծրագրի պատճառով վտանգի տակ է դրվելու ինստիտուտի ոչ միայն գոյությունը, այլեւ հետագա գործունեությունը, այն դեպքում, երբ հայրենի կառավարությունը բազմիցս է հայտարարել, թե գիտությունն իր համար գերակա ճյուղ է:
Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը սովետական ժամանակներում է կառուցվել՝ Երեւանից դուրս: Մայրաքաղաքը մեծացել է, ինստիտուտը ներառվել է Երեւանի տարածքում, բայց մասնաշենքերը բնակելի շենքերից հեռու են ամենաքիչը 400-500 մետրով: Արտանետումներ կան, բայց այդ հեռավորության վրա չեզոքանում են: Գիտական հանրության համար ընդունելին այն է, որ կառուցապատողը տարածքից հեռանա ¨ այլ վայրում կառուցի բազմաբնակարանը:
«Հայաստանում նման երկրորդ կառույց ստեղծելու մասին երազել անգամ հնարավոր չէ, գոնե եղածը պահպանվի: Ելքն այն է, որ պետությունը կամք դրսեւորի, կա՛մ տարածքը հետ գնի, կա՛մ կառուցապատողին այլ տարածք առաջարկի: Այն ճարտարապետը, որը կստորագրի շինթույլտվության տակ, անհայրենիք է: Գիտական մասը մի կողմ եմ դնում. ինստիտուտը ճարտարապետական արժեք ունի եւ ընկալվում է որպես ճարտարապետական մեկ ամբողջական համալիր-կառույց:
Պատկան մարմիններին չի ներկայացվել, որ Աբուհայաթի ջրագծի մի հատվածն անցնում է ինստիտուտի բակով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասում եմ՝ պատմամշակութային արժեքը ինստիտուտի տարածքում է, զարմանում է՝ ո՞նց թե: Անգամ տարածքին ծանոթ չեն: Այդ դեպքում Քերոբյանն ինչպե՞ս է ներդրումային նախագիծը ներկայացրել կառավարությանը»,- զարմանում է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:
Մինչեւ գիտաշխատողները հարցեր չեն բարձրացնում, պատկան մարմինները դրանց վրա ուշադրություն չեն դարձնում: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ կառուցապատողը գիտի, որ այդտեղ պատմամշակութային հուշարձաններ կան, փորձում է զգույշ գործն առաջ տանել, իսկ պատկան մարմինները չգիտե՞ն:
«Առքուվաճառքի գործընթացն ապօրինի է. քննչական կոմիտեն էլ այդ փաստաթղթերն ունի: Լավ, եթե մինչեւ հիմա պետական այրերը չգիտեին, որ տարածքում պատմամշակութային հուշարձաններ կան, հիմա արդեն գիտեն, չէ՞: Բիզնես-ծրագի՞ր են ուզում. Խնդրեմ: Թող ջրավազանի տարածքը բարեկարգեն, ներդրումներ անեն ու շահույթ ստանան: Այդ ջրավազանը ժամանակին միտումնավոր է կառուցվել, որովհետեւ բնապահպանական նշանակություն ունի: Անգամ Պետական վերահսկողական ծառայությունից փաստաթուղթ կա, որ պետք է կառուցապատումը բացառել: Քաղաքապետարանում ու այլ կառույցներում այդ թղթին ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- նկատում է ինստիտուտի գիտաշխատող Արփինե Հարությունյանը:
Նշենք, որ Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտը համագործակցում է Շվեյցարիայի, Սաուդյան Արաբիայի ընկերույթունների հետ, լուծում է Հայաստանում առկա փոքր եւ միջին քիմիայի խնդիրները: Այն մասնագետների դարբնոց է, համագործակցում է կենսաբանների, ֆիզիկոսների հետ: Ոլորտը 200 աշխատակից ունի: Ինստիտուտում սինթեզվում են հոգեմետ, հակաուռուցքային, հակամանրէային, հակավիրուսային նյութերը: Հատկապես համավարակի պայմաններում կառույցի աշխատանքն ավելի է կարեւորվում: Ինստիտուտը սերտորեն կապված է նաեւ ռազմարդյունաբերության հետ: Այս ոլորտի հետ համագործակցության աշխատանքները, սակայն, հասկանալի պատճառներով չեն մանրամասնվում: Կոռուպցիա՞, անհեռատեսությո՞ւն, թե՞ օտար գործակալների ձեռքի գործ. ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս երեք հարցերի պատասխանը չունեն, բայց հստակ մտավախություն ունեն, որ բազմաֆունկցիոնալ շենքը կկառուցվի: Տարեկան 15 դրամաշնորհային ծրագիր է շահում ինստիտուտը, լաբորատորիայի աշխատակիցները համագործակցում են օտարազգի գիտնականների հետ, եթե այս կառույցը Հայաստանին պետք չէ, ավելի լավ է հենց հիմա փակվի: Բիզնես-ծրագրով գիտությունը ոչնչացնելու այս մեթոդն անազնիվ է: