Այս սյունակում նախորդ շաբաթ նույն թեմայով ու նույն վերնագրով հոդվածը կիսվել էր ակամա՝ տեղի սղության պատճառով։ Շարունակությունը ներկա համարում զետեղելուց առաջ հարց առաջացավ. մի՞թե քաղաքական կողմնորոշման հարցը շարունակում է մնալ այժմեական կամ հրատապ։ Դժբախտաբար՝ այո։ Որոշ մարդկանց եւ անորոշ շրջանակների հակառուսական տրամադրությունները անցնող շաբաթվա ընթացքում նոր դրսեւորումներ ստացան՝ արդեն հրապարակային ցուցարարությամբ եւ, նույնիսկ, ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ բացահայտ կամ քողարկված հայտարարություններով։
Ակնհայտ է, որ գործող իշխանության որոշ թեւերում քաղաքական կողմնորոշման հարցը հրատապ քննարկման է դրված եւ, նույնիսկ, որոշների մոտ տիրապետող է դարձել ռուսական գործոնի անգործության նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհությունը օգտագործելու միտումը՝ ինչ վերաբերում է մեր երկրի, ներառյալ Արցախը, անվտանգային վիճակի վտանգավորությանը, սկսած 44-օրյա պատերազմում եւ այնուհետեւ մինչեւ օրս շարունակվող մարդկային, տարածքային ու դիրքային կորուստներից, վերջացրած թուրք-ազերիական ռազմաքաղաքական սպառնալիքներով։
Արդարեւ, մեր ժողովուրդը լուրջ պատճառներ ունի դժգոհելու ռազմաքաղաքական մեր դաշնակցի՝ այսպես կոչված կատարումներից ու մանավանդ չկատարումներից, հատկապես երբ մտաբերենք, որ դաշնակցային պայմանագրում ներառված է նաեւ փոխօգնության մասին դրույթը։
Մյուս կողմից՝ հասկանալի են ռուսական կողմի եւ հայկական ռուսամետ շրջանակների առարկությունները դաշնակցային մեր բաժին պարտավորություններում թերանալու, երկդիմի խաղեր տալու մասին իշխանություններին ուղղված մեղադրանքները։ Սակայն դրանք, խոշոր հաշվով, չեն արդարացնում Մոսկվայի վարմունքը անվտանգային հարցերում։
Այսուհանդերձ, ներկա պահին ճակատագրական սխալ է օրակարգի հարց դարձնել կողմնորոշման, կոնկրետ՝ Հայաստան-Ռուսաստան դաշնագրից հրաժարվելու, անգամ՝ ՀԱՊԿ անդամությունից դուրս գալու արկածախնդրությունը։
Գլոբալ առումով պետք է դիտարկել վերջին երեք տասնամյակներին պատահած գլխավոր իրադարձությունները Եվրասիական տարածքում՝ Հարավսլավիայի մասնատումից մինչեւ Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի ու դեռ շարունակվող Դոնբասի ու Լուգանսկի վերատիրացման փորձերը, որոնք հանգեցրին ռուս-ուկրաինական կործանիչ պատերազմի։ Խորքային իմաստով այդ բոլոր իրադարձությունները 30 տարի առաջ կազմաքանդված Խորհրդային Միության, այսինքն՝ Ռուսական կայսրության ազդեցության վերականգնման համար մղվող պայքարի եւ, հակադիր շարժումով, Ռուսաստանը սեղմելու, նրան ազդեցության գոտիներից զրկելու Արեւմուտքի գործողությունների արդյունքն է։
Այս հարթության վրա պետք է դիտարկել նաեւ 44-օրյա պատերազմի ու դրան հետեւած իրադարձությունների շղթան։ Արեւմուտքի համար, ներառյալ Մ.Նահանգները, թուրք-ազերիական տանդեմի հաջողությունը ձախողությունն է Ռուսաստանի, տարածաշրջանում նրա ազդեցության թուլացումը։ Եվ հենց այդ պատճառով արեւմտյան երկրների մեծամասնությունը 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում չպաշտպանեց մեզ։
Ռուս-ուկրաինական պատերազմի ելքից կախված է շատ բան։ Հստակ է, որ այդ պատերազմից Ռուսաստանը դուրս է գալու խիստ տկարացած, իսկ Ուկրաինան՝ կործանված։ Դա այն է, ինչին ձգտում է Արեւմուտքը։ Արդ, ի՞նչ կարող է պատահել Անդրկովկասում։ Տկարացած Ռուսաստանը կմնա՞ մեր տարածաշրջանում, կփակի՞ էջը 300-ամյա իր ներկայության այստեղ, թե՞…
Հարցականներով խճողված այս կացության մեջ արդար եւ անհրաժեշտ է ընտրել հուսալի բարեկամներ, առաջին հերթին՝ շահերի համընկնմամբ մեր հարեւան Իրանը։ Սակայն ո՛չ հայ-ռուսական բարեկամության փոխարեն, առավել եւս՝ հաշվին։
Իսկ զուտ տեղական, ավելի ճիշտ՝ ներքին տնտեսա-սոցիալական հայեցակետից կողմնորոշման հարցը դիտարկելու պարագայում՝ հայ-ռուսական բարեկամությունը, կարեւոր չէ՝ ի՛նչ ենք դնում անունը, դաշնակցային, պատմական, քաղաքակրթական, թե՞ այլ, անփոխարինելի է, պարզապես գոյություն չունի այլընտրանք։
Բացատրելու կարիք կա՞, թե ի՞նչ կլինի մեր երկրի վիճակը առանց ռուսական գազի, այլ էներգակիրների, մեր արդեն ծերացած ատոմակայանի աշխատանքի, առեւտրաարդյունաբերության, աշխատաշուկայի, ներդրումների, ռուսական ռուբլու ներհոսքի եւ տրանսպորտահաղորդակցության ուղիների։
Կարծում եմ տեղին է այստեղ վկայակոչել Զորավար Անդրանիկի արտասանած խոսքը 115 տարի առաջ, Վիեննայում, ՀՅԴ ժողովում, որտեղ քննարկվում էր այսպես կոչված «Կովկասյան նախագիծը» ընդդեմ Ռուսաստանի. «Ըրէք ինչ որ կ’ուզէք։ Բայց Ռուսիոյ դռները մեզի դէմ մի՛ փակէք։ Մենք շատ թշնամի ունինք արդէն։ Ռուսին ալ թշնամի մի՛ ընէք մեզի եւ պատճառ մի՛ տաք, որ Կովկասի հայութիւնն ալ Թրքահայոց վիճակին ենթարկուի»։
Կողմնորոշման փոփոխությունը հակացուցված է, պարզապես։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ