Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը՝ ի հավելումն Ադրբեջանի

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչեւ վերջերս Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված էր միայն Ադրբեջանի կողմից։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020թ․ տեղի ունեցած պատերազմից հետո նախագահ Իլհամ Ալիեւը «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջ ներկայացրեց, ինչը փաստացի նշանակում էր Հայաստանի տարածքի մասնատում՝ հետեւաբար վտանգ երկրի ինքնիշխանությանը։

Այս նախապայմանով էր Ալիեւը 44-օրյա աղետալի պատերազմից հետո հրադադարի համաձայնագիր ստորագրել։

Եվ կարծես դա բավական չէր, պարոն Ալիեւը Հայաստանի տարածքին ամբողջությամբ տիրանալու նոր ծրագիր էր մոգոնել՝ Հայաստանը հայտարարելով «արեւմտյան Ադրբեջան»։ Փաստորեն, խեղաթյուրելով պատմությունը, պարոն Ալիեւը հորինել է կեղծ տեսություն, ըստ որի Հայաստանի ներկա տարածքը իբր նախկինում եղել է այսպես կոչված «պատմական Ադրբեջանի» մաս, ինչն արդարացնում է Բաքվի նկրտումները՝ տիրանալ Հայաստանի ողջ տարածքին։ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է մեծացնել տարածքը՝ իր հավակնությունները տարածելով նաեւ Իրանի ադրբեջանաբնակ հատվածի վրա։

Քանի որ այս սպառնալիքը հնչեցնում է ոչ այլ ոք, քան պետության ղեկավարը, դա փաստացի դառնում է պատերազմի կոչ, ինչը, Ադրբեջանի ածխաջրածնային պաշարներից օգտվելու հնարավորությունը չկորցնելու համար, միջազգային հանրությունը գերադասում է անտեսել։   

Եվ մինչ Հայաստանը փորձում էր դիմագրավել այս մարտահրավերը, շատ հանկարծակի հայտնվեց իր ինքնիշխանությանը սպառնացող մեկ այլ վտանգի առաջ, այս անգամ այսպես կոչված ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից։

Ռուսաստանը փաստացի ձախողում է ռազմավարական դաշնակցին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր գործընկերոջը արտաքին քաղաքականության մեջ որեւէ օգնություն ցուցաբերելու գործընթացը։ Փոխարենը այն չի հապաղում գործարկել իր զինանոցի հիմնական զենքը՝ վախի գործոնը։

Հայաստանի ընդդիմադիր ուժերը եւս, հօգուտ Ռուսաստանի այլեւս որեւէ դրական փաստարկ չունենալով, փորձում են առաջնորդվել վախի գործոնով՝ համոզելով երկրի բնակչությանն ու կառավարությանը, որ Ռուսաստանը կօգտագործի իր հուժկու ռազմական ներուժը՝ պատժելու Հայաստանին, եթե վերջինս համարձակվի շեղվել նրա ուղեծրից։

Վերջին շրջանում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը մի քանի հարցում բախվեցին, Ռուսաստանը չհապաղեց ցուցադրաբար խոսել սպառնալիքների լեզվով։

44-օրյա պատերազմից ի վեր իրար հաջորդած որոշ իրադարձություններ նպաստեցին հայ- ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացմանը։

2022-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ հռչակագիրը՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հռչակագիրը լիարժեքորեն չի դատապարտում Ադրբեջանի գործողությունները, ինչին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքը չափազանց խիստ էր, եւ փաստացի արդարացնում էր Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի։ Իրավիճակն ավելի լարվեց, երբ հունվարին պաշտոնական Երեւանը նպատակահարմար չգտավ Հայաստանում հյուրընկալել ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները։ Այս դեպքում Մոսկվան գնաց փայտիկի եւ գազարի քաղաքականություն բանեցնելու ճանապարհով։

Որպես իր գործողությունների արդարացում Փաշինյանն օգտագործեց Ալիեւի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանի դեմ։ Փաշինյանի արդարացումն իր մեջ իհարկե ցինիկ նոտա էր պարունակում, բայց եւ հիմնազուրկ չէր։ Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը ոչ միայն չի օգնում Հայաստանին պաշտպանվել, այլեւ երկիրը դարձնում է արտաքին ագրեսիայի հարմար թիրախ, ինչի ապացույցը Ալիեւի մեղադրանքներ են։

Դրան ի պատասխան ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր անդամ պետություններին։ Իրականում սակայն ՀԱՊԿ-ն չկարողացավ պաշտպանել անդամ պետությանը, երբ դրա անհրաժեշտությունը իրոք կար։ Սիդորովի հայտարարությանը հաջորդեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի այցը Հայաստան։ Խովաեւը Երեւանին փոխանցեց Կրեմլի նախազգուշացումը, որ «Մոսկվան լրջորեն զայրացած է Փաշինյանի հայտարարությունից, թե Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում, այլեւ ընդհակառակը՝ վտանգում է Հայաստանի ապահովությունը»։

Սա Ռուսաստանը դիտարկեց որպես Հայաստանի կողմից կարմիր գիծը հատել։

Սակայն երկու երկրների հարաբերություններում ամենալուրջ խզվածքը եվրամիության դիտորդներին իր սահմաններին տեղակայելու եւ խրախուսելու Հայաստանի որոշումն էր։

Վերջին պատերազմից հետո Ադրբեջանն անշեղորեն մխրճվում է Հայաստանի տարածք եւ զբաղեցնում է ռազմավարական բարձունքներ։ Անցած սեպտեմբերին Ադրբեջանն ակնհայտորեն փորձեց նոր լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որի արդյունքում ավելի քան 200 հայ զինվոր զոհվեց, նույնքան զոհ ունեցավ նաեւ ադրբեջանական կողմը։ Եվ միայն պաշտոնական Վաշինգտոնի խիստ նախազգուշացումից հետո Ալիեւը հետ կանգնեց իր նպատակից։

Նման միջադեպերը կանխելու նպատակով ԵՄ-ն որոշեց քառասուն քաղաքացիական դիտորդ տեղակայել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Իհարկե, դա չի կարող կանխել նոր ագրեսիան, սակայն հնարավոր է ստիպի Ալիեւին մեկ անգամ եւս լուրջ մտածել նոր արկածախնդրության դիմելուց առաջ։ Սա հաշվի առնելով՝ Հայաստանը ցանկություն հայտնեց ավելի մեծ թվով ԵՄ դիտորդներ տեղակայել ՀՀ սահմաններին եւ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Որոշում կայացվեց Եվրամիության հարյուր դիտորդներ ընդունել Հայաստան, որոնց կազմում նաեւ Ֆրանսիացի 7 ժանդարմ եւ 15 պաշտոնաթող ոստիկան Գերմանիայից։

Պարոն Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն այժմ պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, սակայն Հայաստանը նախընտրում է իր տարածքում ԵՄ ներկայությունը, ինչը բնականաբար դուր չի գալիս պաշտոնական Մոսկվային։

Դիտորդներ ուղարկելու հետ մեկտեղ Եվրախորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը։ ԵԽ բանաձեւը նաեւ դատապարտում էր ռուս խաղաղապահ ուժերի «անգործությունը» Ղարաբաղում եւ կոչ էր անում փոխարինել նրանց ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։

Մոսկվան եւ Բաքուն համոզված էին, որ Իրանը դեմ է արտահայտվելու իր սահմանների մոտ եվրոպական դիտորդների տեղակայմանը, եւ իրոք, Իրանը միշտ խիստ կասկածանքով է վերաբերվել իր սահմաններին ցանկացած արեւմտյան ներկայության։ Լրտեսության եւ կոնտրլրտեսության այս աշխարհում ցանկացած բան հնարավոր է։ Օրինակ, այնպես ինչպես իսրայելական գործակալներն էին Ադրբեջանի տարածքն օգտագործում Իրանը դիտարկելու համար, նույնը կարող էր տեղի ունենալ նաեւ եվրոպացի խաղաղապահների հետ։

Չնայած այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, Թեհրանը չառարկեց եվրոպացի դիտորդների ներկայությանը։ Հնարավոր է՝ դրա պատճառը Բաքու-Թեհրան վերջին առճակատումներն էին։

Որքան էլ զարմանալի է, առաջին բողոքը հնչեց Ադրբեջանից, կարծես թե Բաքուն իրեն իրավունք էր վերապահել վիճարկել Հայաստանի՝ իր ինքնիշխան տարածքում ցանկացած խմբի տեղակայելու իրավունքը։ Սակայն Մոսկվայի արձագանքն էլ ավելի խիստ էր։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը փետրվարի 13-ին Բաքվի մեջ իր գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրեցին։

Պարոն Վոլոդինը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերն ու մտերիմն է, Հայաստանի դեմ հոխորտալու առիթը բաց չթողեց։ Նա զգուշացրեց, որ եվրոպական կառույցները չպետք է ներգրավվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին։ Խոսքն ուղղելով Եվրախորհրդարանին եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին նա հայտարարեց, որ այս կառույցների ներգրավումը գործընթացում կարող է ավելի բորբոքել տարածաշրջանային լարվածությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հավատարիմ մնան 2020թ․ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտարարեց Վյաչեսլավ Վոլոդինը։    

«Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», – ավելացրեց նա։

Սա ակնհայտ գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի ուղղությամբ։ Ռուսաստանի արտգործնախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան իր հրապարակային ելույթներում պարբերաբար թունոտ ակնարկներ է անում Հայաստանում եվրոպական ներկայության վերաբերյալ եւ զգուշացնում, որ Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից։

Մոսկվան անընդհատ փորձում է Հայաստանին ուղղորդել դեպի եռակողմ ձեւաչափ, այս տարբերակով Հայաստանին անկյուն  մղելու եւ երկու երկրների կամքը պարտադրելու համար, քանի որ այս հարցում Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են։ Սակայն բոլոր այդ եռակողմ հանդիպումներից պարզ է դառնում, որ դրանք ոչ այլ ինչ են, քան ուղղակի ջուրծեծոցի։

Ամեն անգամ, երբ բանակցությունները տեղափոխվում են Բրյուսել, Ռուսաստանը նախանձախնդրորեն նույն ձեւաչափով մի հանդիպում է նախաձեռնում Մոսկվայում։ Որպես վերջին զարգացումների հետեւանք Մոսկվան կրկին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրեց անիմաստ բանակցությունների հերթական փուլին։

Թվում է՝ Մոսկվան կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում սեփական տեսակետը՝ այն հարմարեցնելով Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Ինչպես ակնհայտ է դառնում պարոն Վոլոդինի հայտարարություններից, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին բանն է, որ մտահոգում է պաշտոնական Մոսկվային։

Ռուսաստանը Կովկասի հետ կապված մեծապետական նկրտումներ ունի եւ համոզված է, որ Հայաստանը Եվրոպային սիրաշահելով փորձում է խարխլել ռուսական հեգեմոնիան տարածաշրջանում։ Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը էլ ավելի անհանգստացրեց Մոսկվային։ Ֆրանսիայի նախագահն իր ելույթը սկսեց հետեւյալ հայտարարությամբ․ «Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը, որի մասին ես հենց նոր խոսեցի։ Ես սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք շարունակելու ենք սատարել եւ համատեղ գործել»։

Ռուսաստանի անհանգստությունն իրականում հիմնազուրկ չէ։ Բնականաբար Արեւմուտքը  բարի կամքից ելնելով չէ, որ փորձում է ավելացնել իր ներկայությունը Կովկասում, այլ ձգտում է թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում։ Պաշտոնական Մոսկվան ամեն կերպ ստիպում է Հայաստանին իր անվտանգությունը փնտրել Արեւմուտքում։ Ռուսաստանի սպառնալիքներն այս դեպքում դատարկ խոսակցություններ չեն։ Ռուսաստանն իրոք կարող է դիմել գործողությունների եւ վնասել Հայաստանին։ Հետեւաբար Հայաստանը պետք է փորձի մանեւրել մի կողմից Արեւմուտքի պաշտպանությունից չզրկվելու, մյուս կողմից չլարելու համար Մոսկվայի հետ հարաբերություններն այն աստիճան, որ դա իր համար դառնա վտանգավոր։ Հավասարակշռություն պահպանելն այս իրավիճակում չափազանց նուրբ եւ բարդ գործընթաց է։

Չի կարելի մոռանալ, որ երբ Վրաստանը փորձեց հարաբերությունները սերտացնել Արեւմուտքի հետ, Ռուսաստանը 2008-ին հարձակվեց եւ գրավեց որոշ տարածքներ, իսկ այդ ընթացքում Արեւմուտքը բավարարվեց միայն բանավոր նախազգուշացումներով։

Ուկրաինական պատերազմը Ռուսաստանին դարձրել է վիրավոր արջ։ Հայաստանը պետք է փորձի  պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հավասարակշռությունը պահելու եւ չսայթաքելու համար Հայաստանն այս պահին պետք է ծայրահեղ ճկուն եւ խելամիտ դիվանագիտություն վարի։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց`ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator) 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մյունխենից մինչեւ կառավարության շենք

Հաջորդ գրառումը

141 կողմ ՄԱԿ-ում Ուկրաինայի խաղաղության բանաձեւին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

141 կողմ ՄԱԿ-ում Ուկրաինայի խաղաղության բանաձեւին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական