Թեհրանում լույս է տեսել Վոլֆգանգ Գուսթի (կազմող եւ խմբագիր) «Հայոց ցեղասպանությունը. Գերմանիայի արտաքին գործերի նախարարության դիվանատան վավերագրերը, 1915-1916» պարսկերենով աշխատությունը «Աֆքար» հրատարակչության կողմից: Գրքի թարգմանիչն է Փարվին Տանեշվարը:
Հարկ է նշել, որ այսօր Իրանում տուրք տալով Թուրքիայի հետ տնտեսական սերտ կապերի պահպանմանն ու խորացմանը՝ դժվար է պատկերացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որեւէ քայլ Թեհրանի կողմից: Սակայն միաժամանակ նկատելի է, որ գրաքննության չափորոշիչները խստագույնս կիրառող իրանական պետական մարմինն իր գործունեությամբ փաստորեն նպաստում է եւ չի խոչընդոտում ցեղասպանագիտության վերաբերյալ ընդհանրապես եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասնավորապես՝ պարսկալեզու գրականության հրատարակմանն ու հանրահռչակմանը: Ավելին, եթե նախկինում հիմնականում հրատարակվում էին հայ հեղինակների աշխատությունները, ապա այս դեպքում խոսքը վերաբերում է օտար հեղինակին:
Մյուս գիրքը, որի մասին ցանկանում ենք նշել, հրատարակվել է դեռեւս 2021 թվականի վերջին, բայց շնորհանդեսը տեղի է ունեցել օրերս: Խոսքը վերաբերում է Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում տեղի ունեցած Երեւանի Մատենադարանի Արեւելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվետ Թաջարյանի՝ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսին:
Հատկանշական է, որ այս աշխատանքի միջոցով հեղինակն առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադարձել է Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին եւ խեժապատ կազմերին: Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ եւ խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները պատկերում են իրանական մանրանկարչության ինքնատիպությունը: Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռեւս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների եւ միջմշակութային նոր հարաբերությունների համար:
Գրքի հեղինակ Իվետ Թաջարյանի խոսքով՝ հայերենով, անգլերենով եւ պարսկերենով լույս տեսած եռալեզու սույն աշխատանքի մեջ մեկտեղված է Մատենադարանում առկա Իրանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ լավագույն ձեռագրերից մի ծաղկաքաղ:
Գիրքը հրատարակվել է «Վիկտորիա» հիմնադրամի հովանավորությամբ (ՌԴ) եւ Գայանե Գեւորգյանի ջանքերով:
Այսպիսով, գիտամշակութային նոր կամուրջներ են կառուցվում հայ-իրանական հարաբերություններում:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ