Այն, ինչ առողջ տրամաբանությամբ չպետք է լիներ՝ եղավ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին, ապա լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ: Բնականաբար՝ ամենամարդասիրական նկատառումներով, Ուկրաինան օկուպացնելու հարց չկա ըստ նրա ուղերձի, ընդամենը ապառազմականացման խնդիր է լուծվում, քանի որ Ռուսաստանը չի կարող զարգանալ՝ ՆԱՏՕ-ի կողմից իրենով արված Ուկրաինայից մշտական սպառնալիքի առկայությամբ:
Ավելի վաղ Ուկրաինան Պուտինն անվանել էր Լենինի անվան Ուկրաինա՝ նկատի առնելով, որ Ուկրաինան որպես պետություն ստեղծել է Լենինը՝ Ռուսիայից պոկելով: Մնում է Պուտինն ազնիվ լինի ու նույն կերպ կոչի Ադրբեջանը՝ նույն սկզբունքները կիրառելով հայերի հողերը կուլ տված-Լենինի ստեղծած արհեստական պետություն Ադրբեջանի հանդեպ: Բայց մեծ պետւթյունները հենց նրա համար են, որ երկակի շահերով առաջ մղեն հենց իրենց շահերը:
Չի կարելի ասել, որ պատերազմն անսպասելի էր: Այն բուծվում էր Արեւմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ ղեկավարության ակտիվ մասնակցությամբ, որոնք ոչինչ չարեցին այն կանխելու համար: Հավանաբար՝ կառավարման առումով ոչ այնքան գրագետ Զելենսկին էլ հենց պետք էր Արեւմուտքին, որպես խայծ աշխարհի նոր բաժանման սցենարներում. Ուկրիանան քանդվում է, աշխարհը ողջ ուժով կիրառում է պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ եւ խեղճացնում նրան: Սակայն նույն Բայդենը չէր կարող չհասկանալ, որ այդ սցենարը ռիսկային է եւ կարող է տանել Ռուսաստանի վաղեմի պլանի իրականացմանը՝ Ուկրիանային, հետո էլ հետխորհրդային այլ հանրապետությունների ներքաշել մի միության մեջ: Բոլոր դեպքերում՝ Ուկրաինան ամենախոցելի վիճակում է հայտնվել՝ Արեւմուտքի դատապարտող, բայց գործնականում չմիջամտող հայացքի ներքո: Պատերազմի հրահրման առումով մեզ հետ պատահածի հետ զուգահեռ կարող ենք գտնել, մանավանդ՝ պատերազմի հրահրման եւ վատ կառավարման առումով: Բայդենի առաջին արձագանքն էլ վկայում է Արեւմուտքի երկերեսանիության մասին՝ ամեն ինչում մեղքը Ռուսաստանինն է, մարդկային զոհերի եւ աղետի պատասխանատուն նա է, եւ Ռուսաստանի հանդեպ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները: Բայց, իհարկե, Ուկրաինան որպես անկախ պետություն չի լինի: Կարեւորն այն է, որ Բայդենն իր տիկնոջ հետ կաղոթի Ուկրաինայի համար: Ո՞վ է հաջորդը:
Ուկրաինայում սկսված խուճապի ու քաոսի ֆոնին՝ նշենք մեզ համար կարեւոր մի պահի մասին. ինչ-էլ տեղի ունենա աշխարհում՝ գալիս-կպչում է հայերիս. նախ՝ աշխարհաքաղաքական հետեւանքներ մեր տարածաշրջանում էլ կլինեն անշուշտ, Պուտինի ու Ալիեւի ստորագրած դաշնակցության հռչակագիրը վկա: Եւ երկրորդ՝ բուն Ուկրաինայում կես միլիոնի հասնող հայ է ապրում, ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ավելի շատ, պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը: Կիեւում եւ այլ մեծ քաղաքներում խուճապ է, մարդիկ փորձում են լքել բնակության վայրերը, մնացողները վտանգում են իրենց կյանքը: Ռուսաստանում ռուբլին արագ թափով արժեզրկվում է, այնտեղ մեծ թվով գտնվող մեր աշխատանքային միգրանտները, որը պահում էին Հայաստանում իրենց ընտանիքներին, կարող են անելանելի վիճակում հայտնվել:
Իսկ ամենավատը կարող է տեղի ունենալ մեր սահմաններին, մենք պետք է զգուշանանք սադրանքներից: Պահանջվում է բոլորի զգոնությունն ու պատասխանատվությունը, սկսած ընդդիմություն-իշխանությունից, վերջացրած ամենահասարակ հայով: Կենտրոնացեք ոչ թե միմյանց գլխին կեղտ թափելու վրա, այլ այս պահին աչք ու ականջ դարձեք դեպի արտաքին վտանգ: Պատերազմ է՝ ո՞վ ավելի լավ գիտե այդ բառի էությունը, քան հայ մարդը, հատկապես վերջին պատերազմից հետո:
Ինչո՞վ են զբաղված մերոնք
Հայելային ամսաթիվը` 22.02. 2022, հայերիս համար վատ նախանշան ուներ՝ ստորագրվեց Շուշիի այսպես կոչված հռչակագրին համարժեք մի ուրիշ հռչակագիր հայերիս դեմ, այս անգամ Պուտինի եւ Ալիեւի միջեւ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին: Այս երկրու հռչակագրերը, փաստորեն կապում են Հայաստանի ձեռքերն ու բերանն ընդհանրապես, քանի որ ո՞ւմ դեմ են ուղղված Հայաստանի զույգ հարեւանների եւ Հայաստանի ագրեսիվ հարեւանի ու Հայաստանի դաշնակցի՝ համագործակցության, այդ թվում՝ ռազմական ոլորտում, հռչակած նոր, շոկոլադային հարաբերությունները: Հայաստանի եւ Արցախի համար հիմա ամեն բան ավելի է դժվարանում, քան նույնիսկ պատերազմից անմիջապես հետո էր: Եթե այն ժամանակ, օրինակ, Հայաստանը ճանաչած լիներ Արցախի անկախությունը, միգուցե պատերազմի այդ ելքը կանխվեր, կամ պատերազմի ավարտին եթե ճանաչումը տեղի ունենար՝ նշելով Շուշիի ու Հադրութի գրավված մասը ներառյալ, ապա միգուցե հետպատերազմյան ընդհանուր շիլաշփոթի մեջ դա ներվեր կամ մեծ հակադրության չարժանանար:
Իսկ հիմա, եթե Հայաստանը փորձի օգտվել Արցախի ճանաչման դիվանագիտական գործիքից, ապա ի՞նչ երաշխիք, որ եւ Շաշիի այսպես կոչված հռչակագրով եւ պուտինալիեւյան նոր հռչակագրով դա չի համարվելու քայլ այս երկու խումբ պետությունների հռչակած համագործակցության դեմ եւ հակաքայլի չի արժանանա կամ ռազմաքաղաքական համագործակցության եւ փոխօգնության համատեղ հետհարվածին չենք ենթարկվի (հատկապես՝ վերջին զույգի դեպքում): Մանավանդ՝ Պուտինը համաձայն է Ալիեւի հետ, թե հռչակագրի ստորագրումը Ղարաբաղի հարցի լուծման արդյունքում է հնարավոր դարձել:
Այս սեղմված օղակում Հայաստանն ի՞նչ խաղաղ դարաշրջանից է խոսում՝ չգիտենք: Նոր թուղթ ստորագրի-չստորագրի, ճանապարհները բացի-չբացի՝ Հայաստանն իր շահերի գերադասությամբ ո՛չ հնարավորություն է ունենալու տնտեսություն զարգացնել, ո՛չ անվտանգության սեփական ինստիտուտներն արդյուավետ աշխատեցնել, ո՛չ էլ տրանսպորտային իբր բացելիք հաղորդակցության օգուտները տեսնել՝ զույգ հռչակագրերը ստորագրած «զոն նայող» այդ պետությունները դա չեն թույլատրելու: Հայաստանը հայտնվել է աքցանի մեջ, ու միակ բանը, որ բոլոր այս վիճակներում մեզ ամենահարմար տարբերակների հաշվարկմանը կտաներ, միակ զենքը՝ դա հայրենասիրության հետ սերտ շարահյուսված խելքն էր լինելու, որն առանձնապես չի նկատվում որոշող ֆիգուրների մոտ: Նրանցից որեւէ հակադրություն, հայտարարություն ու խելքի դրսեւորում այս առումով չկա, ընդհանրապես Հայաստանում մեզ պարտադրվող սցենարներին հակադրվող ու կշիռ ունեցող, անգամ հակադրվելու ցանկություն ունեցող ուժեր չկան:
Ընդդիմության՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագիծն Ազգային ժողովում քվորում չունեցավ եւ անգամ չքննարկվեց, Շուշիի հռչակագիրն արդեն մինչեւ ԱԺ արտահերթ նիստի օրը պուտինալիեւյան նոր հռչակագրով երկրորդվել էր եւ նոր տողատակեր ձեռքբերել, մերոնք անգամ իրադարձությունների հետեւից չեն հասցնում ֆիզիկապես: Ընդդիմությունը Շուշիի այսպես կոչված հռչակագրի դատապարտման հարց է բերում խորհրդարան՝ շատ լավ իմանալով ելքը: Դե եթե գիտես, որ տապալում է լինելու, բերում ես, որ տապալե՞ն, որ հետո ի՞նչ ասես: Թե բա՝ իշխանությունը հեռանալու է, մենք դուրս ենք գալու փողոց, որ հեռացնենք: Լավ, էլի: Էլի լավ գիտեն, որ հենց փողոց դուրս գան՝ ժողովուրդը չի գա, քանի որ իրենք են կազմակերպիչը: Ու այդ նույն սցենարով ընտրության են մասնակցել, որ ներկա իշխանությունն էլի ընտրվի: Ծամոնի նման ձգվող սցենար՝ համ չես թողնում, որ նոր ընդդիմություններ ձեւավորվեն, համ չես թողնում, որ իշխանությանը որեւէ բան պատահի: Ու էսպես էլ ապրում ենք՝ մինչեւ. սարսափելի է անգամ մտածել, թե մինչեւ ուր: Ախր խիղճ ունեցեք, կա՛մ դուք փոխվեք, կա՛մ դաշտը մաքրեք, երկիր ենք կորցնում:
Թե իրոք իշխանություն եք ուզում փոխել՝ մանդատները դրեք ու հեզ կանգնեք փողոցներում՝ որպես շարքային ընդդիմություն, մինչեւ նոր լիդերներ գոյանան, ովքեր կհամոզեն ժողովրդին, որ պետականությունը չի կարելի կորցնել, չի կարելի սեփական որոշումներն ունենալու փոխարեն՝ ուրիշներից այդ որոշումները սպասել, չի կարելի անգամ միութենական պետություն բառակապակցությունը սովորական խոսույթ որպես գցել ժողովրդին: Երկու հակահայկական հռչակագրերը, որոնք հարյուր տարի առաջվա հակահայ պայմանագրերի նորացումն են, դաս չե՞ն:
Ընդհանրապես հայերս վերատեսության պետք է ենթարկենք ինչ-որ մեկից կառչելու, ինչ որ մեկի թեւի տակ լինելու մեր ամոթալի կողմնորոշումները, ժամանակ ենք կորցնում, մենք բոլորս ենք կորցնում մի բան փոխելու մեզ տրված սուղ ժամանակը: Որ դաշնակիղցդ թշնամուդ դաշնակիցն է նաեւ ու քո ունեցվածքով է նրա հետ առեւտրի ժամանակ վճարելու, ինչ է՝ կասկածու՞մ եք:Հիմա անգամ վախենալու է այն, որ մեր ղեկավարներին Մոսկվա կամ այլ վերպետական կառույցի (ասենք՝ Եվրասիական խորհրդի նիստին, որին վարչապետն էր մասնակցում) նիստի են կանչում, ախր ամեն օր նոր պարտադրանքներ կան, ու դրանց դիմակայող Հայաստանում չի նկատվում:
Երբ Ռուսաստանը ճանաչեց Լուգանսկի եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները, իսկ Ալիեւն ու Պուտինը փոխգործակցության (այդ թվում՝ ռազմական) հռչակագիր էին ստորագրում, հենց այդ պահին մերոնք բռնեին ու ճանաչեին Արցախի հանրապետությունը, այն, ինչ չեն արել հազար ու մի հարմար առիթով: Բա ինչ՝ ռուսներն Ուկրաինայից պոկած մասը ճանաչում են, մենք Ադրբեջանից ինքնորոշված Արցախը չե՞նք կարող նույն կերպ ճանաչել, պիտի չսպասենք ռուս-ուկրաինական կաթսայի սուպը սառի, էլ չասած, որ դա պետք էր անել հենց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, կամ պատերազմից անմիջապես հետո եւ այլն: Իսկ որ Արմեն Աշոտյանն անվերջ խոսում է դրանից՝ հիշեցնելը չի խանգարի, թե որքան անգամ էին (հաշիվը կորցրել եմ՝ դրանք այնքան շատ էին) Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները խորհրդարան բերում Արցախի ճանաչման հարցը, որքան անգամ էին ՀՀԿ կորիֆեյները, իմաստուն դեմք ընդունած՝ ասում, թե դրա ժամանակը չէ, դրա ժամանակը կգա: Ո՞վ ավելի լավ նրանցից կարող էր գլխի ընկնել, իմանալով բանակցային ողջ ընթացքի մասին, որ դրա ժամանակը կորսվում է, եւ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի է մեծանում, միգուցե հենց դրա համար օգնեցին իշխանափոխությանը:
Իսկ այս պահին չկա իմաստուն ու հեղինակավոր մեկը, որ ճիշտ որոշում հուշի, մինչդեռ մերոնք այս օրերին պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գաղափարով են ծածկում դաշտը (թե բա՝ գործ ենք անում): Ի դեպ՝ «Ազգ»ում մենք հանգամանալից արդեն գրել ենք այս պահին այդպիսի հանձնաժողովի աննպատակահարմարության մասին, զարմանալիորեն՝ նույնպիսի տեսակետը հայտնեց նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանը, որն այդ հանձնաժողովի ստեղծումն անվանել է ներքաղաքական լարվածությունն առավել սրող:
Մի՛ տարեք Հայաստանն այնտեղ, որտեղից նա հետ չի գա
Ուշադիր հետեւեք Զելենսկու ճակատագրին՝ նա իր երկիրը տանում էր կործանման՝ Արեւմուտքի վրա հույս դնելով: Արեւմուտքը հազիվ թե լրջորեն խառնվի՝ առայժմ ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելն է սպառնացել Ռուսաստանին աննախադեպ մեկուսացումով, որը կհետեի նրա կողմից ռազմական ագրեսիային: Դեռ նայենք ու հետեւենք, սակայն անկախ ամեն բանից, Ուկրաինան որպես պետություն անէացման շեմին է, նրան սպառնում է հայտնվել նոր՝ միութենական իշխանության տակ: Չգիտենք դեռ՝ Լիտվայում եւ Լեհաստանում կուտակված ՆԱՏՕ-ական զինուժը կխառնվի՞ Ուկրաինային նեղ վիճակից դուրս բերելու գործին (Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել), ՆԱՏՕ-ի տարածած հայտարարությամբ էլ՝ այս ռազմական դաշինքը լրացուցիչ ցամաքային եւ օդային ուժեր է տեղակայել դաշինքի արեւելյան հատվածում, պատրաստ արձագանքելու չնախատեսված դեպքերին: Հավանաբար՝ Ռուսաստանի հարվածներն ուկրաինական օդանավակայաններին կամ ռազմական օբյեկտներին ՆԱՏՕ-ն դիտում է նախատեսվածների մեջ:
Համենայնդեպս՝ Զելենսկին դիմել է Ուկրաինայի բոլոր պաշտպանունակ քաղաքացիների օգնությանը՝ երկիրը պաշտպանելու կոչով, բոլոր ցանկացողներին զենք է բաժանվում, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայում առանձնապես մեծ հույս չկա, որ իրենց կպաշտպանեն արեւմտյանները:
Նմանություններ տեսա՞ք Արցախին ու Հայաստանին պատահածի հետ: Ինչ սպասվում է Զելենսկուն, նույնը կրկրկնվի մեր իշխանության հետ, եթե չկարողանա իրականացնել դեռեւս հնարավոր, բայց շատ դժվար որոշումները, քանի որ Ուկրաինայի հետ պատահածը նախ մեզ հետ պատահեց որոշ առումով:Ավարտելով Ուկրաինայի հետ՝ Պուտինը կվերադառնա մեր տարածաշրջան, ռուս-ադրբեջանական նոր հռչակագրի հանգույն: Ալիեւն էլ երեկ արդեն խոսում էր համագործակցության ռուս-թուրք-ադրբեջանական եռաչափ ձեւաչափի ստեղծման հնարավորությունից: Գումարած դրան, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանին եւս կարող են այլ, մեզ համար ամենաանցանկալի քայլերը պարտադրվել: Մարտահրավերները օրավուր շատանում են, աշխարհի նոր եռքի ֆոնին, Աստված խելք տա Հայաստանը ներկայացնողներին: Իսկ գլխավոր մարտահրավերը, որը գալիս է՝ անկախության կորստի վտանգն է, սրա դեմ եւս իմունիտետ չունենք, առավելեւս՝ դիմակայողներ, ներկա իշխանության եւ ընդդիմության հատկանիշներով, հակումներով եւ ուղղվածությամբ հնարավոր չէ դա, քանի որ նրանք բոլորն էլ ռուսական ազդեցության կրող են: Անձնուրացներ են պետք, որոնք պարզապես չկան: Մի անգամ Խորհրդային երկրում ապրածս այլեւս այնտեղ չեմ ուզում, եւ իմ երկիրն այնտեղ տանողներին ես չեմ ների:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ