Մեր երկրում արտագաղթը սկիզբ է առել 1991 թվականից, ահեղ երկրաշարժի, մութ ու ցուրտ օրերի, սովի ու պատերազմի հետեւանքով:(*) Երբ երկիրը մի փոքր կայունացավ, շատերը վերադարձան, նրանց դժկամությամբ ընդունեցին, ամենուր մերժված էին ու ստիպված կրկին արտագաղթեցին:
Հիմա, երբ նոր ու պարտված պատերազմից հետո այսպիսի իրավիճակ է, իմ զրույցներում ընկերներիս ասել էի, որ շուտով 1991- ի արտագաղթը նույն կերպով թափ կառնի, ամեն ինչ կանեն, որ ծայրահեղ վատ վիճակում գտնվող ու դժգոհող մարդիկ հեռանան:
Այլեւս, դժբախտներն ու դժգույնները մեր երկրում տեղ չունեն:
Շատերն են հիշում, թե ինչպիսի ահռելի թվերի էր հասնում 90- ականների արտագաղթը: Մոսկվայի չվերթներն ի՞նչ գին ունեին, ինչպե՞ս էին մարդկանց տեղափոխում, ինքնաթիռներում ոտք դնելու տեղ չկար: Մարդիկ իրար գիրկ նստած, մյուսներն էլ՝ կանգնած:
Այդպես դուրս նետեցին մարդկանց ու հայրենիքը երբեք չմտահոգվեց նրանց ճակատագրով:
ԱՐՏԱԳԱՂԹ… Այս ցավագին նյութի շուրջ, բոլոր ժամանակներում, իրենց մտորումները, խորհրդածությունները, մտահոգությունները, նաեւ վրդովմունքն են արտահայտել գրողներ, լրագրողներ, արվեստի ու հասարակական-քաղաքական գործիչներ:
1900 թվականին գրված Էդվարդ Ակնունու (Խաչատուր Մալումեան ) «Դէպի երկիր» հուշագրությունը կարծես այս օրերի համար է գրված:
«Դէպի Երկիր» հուշագրության գլխագիրն է.
Ամէն տեղ է որոնում հայը ապաստան
Բացի այն երկրից, որ կոչւում է Հայաստան:
Լիրիկական այս խորունկ երկտողի տակ զգալով հայ շինականի ապրած տառապագին օրերը Ակնունին գրում է.
Գնում է հայը՝ կնճիռը ճակատին, յոյզը սրտում:
– Ո՞ւր, հայ շինական:
– Ղարիբութիւն:
Գնաց:
…Գնում է հայը՝ վէրքը ճակատին, երկիւղը սրտում:
– Ո՞ւր, հայ երիտասարդ:
– Օտար աշխարհ:
Եվ Եգիպտոսն ու Կիպրոսը, Կովկասն ու Բալկան հերիք չեղան հայ հալածական պանդխտին:
Ծովեր անցաւ, Ամերիկա հասաւ: Օտար աշխարհում նրա լեզուն բացվեց, ցույց տվեց իր մարմնի վերքերը, սրտի խոցերը: Անպաճոյճ, բայց հուզիչ լեզւով պատմեց ծերուկ հօր սպանութիւնը, կաթւածահար մոր առաջ մատաղ քրոջ փախցնելը. նկարագրեց հարեւանի թալանը, ամբողջ գիւղի ավերումը եւ իր հուսահատ փախուստը»:
Կարդալով «Դէպի Երկիր» 32 էջից բաղկացած այս գրքույկը, բազմիցս հանդիպեցի տարագիր, անտուն, վիրավոր, թափառական, օտար, ծվարած, խեղճ, կարոտ, արցունք, տառապանք, անօթեւան, աղերսագին, մուրացկան, եւ նմանատիպ շատ-շատ հոգեցունց բառերի, որոնք, ցավոք, վերագրված են հայ մարդուն, այսինքն՝ մեզ, յուրաքանչյուրիս:
Այսօր էլ հայ մարդու ճակատագիրը նկարագրելիս, ցավոք, կրկին բնութագրում ենք այդպիսի բառերով…
Ի՞նչ պատմություն ենք թողնում մեր ապագա սերունդներին: Դարեր շարունակ մեզ հալածել են, կոտորել են, տեղահան են արել, բնաջնջել են, թալանել են, բռնաբարել են: Կնշանակի, որ հայ ժողովուրդն առանց պաշտպանվելու դառնությամբ կուլ է տվել այդ ամենը՝ հետնորդներին փոխանցելով հայրենադավություն, փոքրամասնություն, մի բուռ հող եւ բազում չլուծված հիմնահարցեր…
Այստեղ տեղին է նշել Մուշեղ Գալշոյանի խոսքերը: «Սխալների համար, եղածի համար, մենք կարող ենք միմյանցից հաշիվ չպահանջել, բայց գալիք սերունդների հարցապնդումներից խուսափել չենք կարող»:
Փորձենք բաց աչքերով երեւույթներին նայել իրական պատկերներով: Ոչ թե մտածենք հետեւանքների, այլեւ պատճառների մասին, ոչ թե հայրենիքը դատարկվելու, այլեւ հայրենքիում ծնված ու մեծացած մարդու իրավունքների ոտնահարման մասին :
Դարեր շարունակ վարժվել ենք ասելով՝ օտար ազգերը մեզ հալածել են, դրանից էլ դարձել ենք տարագիր… Իսկ ինչպե՞ս որակել հայրենիքում, սեփական հողի վրա հայի կողմից հայի հալածված լինելը, հայի կողմից հայի սպանվելը, այն էլ՝ դաժանաբար:
Ինչպե՞ս հասկանալ, երկրում՝ գիտնականի տիտղոսն արհամարհելը, պատմական արժեքները փոշիացնելը, ուսումնական համակարգը քանդելը, մտավորականին, աշխատավորին տարիներով աշխատավարձ չտալը, հողի մշակին սեփական հողից զրկելը:
Այսպես սկիզբ առավ 90- ականների արտագաղթը՝ ովքեր վստահ էին, որ օտար երկրներում կարող էին մի կերպ «գլուխ հանել»՝ գնացին: Մյուսները հույսով ու հավատով մնացին, ովքեր աշախատանք եւ ապրուստի միջոց չունեին, տան իրերից մի բան վաճառեցին, գոյություն պահպանեցին: Ու երբ վաճառելու այլեւս ոչինչ չմնաց, արժանապատվորեն ապրած հայը, երկյուղով ու ամոթով, որ հանկարծ որեւէ մեկը չտեսնի, սկսեց փորփրել աղբարկղները, նրան ընդօրինակեցին մյուսները:
Ամենուր մանուկները ձեռքերը պարզեցին, հաց մուրացին: Աղջիկները դուրս ելան փողոց՝ մարմնավաճառության: Եվ այս ամենը տեսանելի աչքի համար դարձան սովորական երեւույթներ:
Տարիների վաստակ ունեցող թոշակառուն սովից մահանում էր իր տան չորս պատերի ներսում:
Ծանր հիվանդությամբ տառապող երիտասարդը մեռնում էր՝ գամված մահճակալին, որովհետեւ վիրահատության փող չուներ: Մայրն իր երեխային դպրոց չէր կարող ուղարկել, որովհետեւ ոչ միայն գրքի եւ տետրի փող չուներ, նաեւ՝ կոշիկի: Բնական գազից ու էլեկտրականությունից զրկված լինելու հանգամանքով, իրենց սառը պատերը տաքացնելու համար, բնակարաններում վառարաններ տեղադրեցին, ու երբ ցախ կամ փայտ չէր լինում, մարդիկ ստիպված տան գրքերն էին վառում:
Ո՞ւմ համար պարզ չէր, թե այն ժամանակ (1991-1996թթ.) ովքեր էին մնացել Հայաստանում: Պաշտոնյաները՝ իրենց հարազատներով ու ազգականներով եւ նրանք, ովքեր այլեւս վաճառելու ոչինչ չունեին, հետեւաբար, ոչ մի հնարավորություն չունեին երկրից դուրս գալու: Ցավը կոկորդներում սեղմած, ցասումը համարելով անիմաստ, մի կերպ գոյություն պահպանեցին երանի՜ տալով նրանց, ովքեր փրկվել էին այդ կացությունից:
Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում կարդում ենք. «Արտագաղթ կամ Էմիգրացիա (ծագել է լատ.՝ emigro – «վտարվում եմ» բառից), հայրենիքից հարկադիր կամ կամավոր հեռանալը մեկ ուրիշ երկրի մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով՝ քաղաքական, տնտեսական կամ այլ շարժառիթներով»:
«Վտարվում եմ…», համոզված եմ, որ ոչ մեկը (անկախ ազգի պատկանելիության) կամովին իրեն չի վտարի իր ծննդավայրից, ընտանիքից, հայրենիքից՝ ուրիշ երկրում հաստատվելու, աշխատանք փնտրելու, լեզու սովորելու, մի կերպ գոյություն պահպանելու, հայրենիքի, հարազատների կարոտը սրտում :
44-օրյա պատերազմից առաջ՝ գրել էի.
Մեր երկիրն աժմ կոչ է անում աշխարհասփյուռ հայերիս վերադառնալու հայրենիք, համոզված, որ այլեւս՝ Թավշյա հեղափոխությունից հետո, ամեն ինչ փոխվել է…
Եթե այս կոչը կրկին անգամ համընկներ 1946 – 1948թթ. Մեծ հայրենադարձության տարիներին, երբ խորհրդային երկաթե վարագույրը փակ էր պահում աշխարհում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական բախումներն ու իրադարձությունները, թերեւս նորից տեղի ունենար ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ :
Սակայն, ցավ ի սիրտ, համաշխարհային ԱՂԵՏ կոչված համացանցը, ԱՅՈ՛, ԱՂԵ՛Տ , օրվա իրադարձություններով, ապատեղեկատվությամբ, ահ ու սարսափ է առաջացնում, մարդու մոտ ջլատում վստահություն, վաղվա հանդեպ անորոշություն ու որ ավելի վտանգավոր՝ ՎԱԽ:
Բազմիցս անդրադարձել եմ, որ ավելի քան այսօր պետք է զանգվածային լրատվամիջոցները նախքան շտապելու որեւէ նյութ հրապարակել, լինեն տեղեկացված, խոսքը հիմնավորել փաստերով, առանց զգացական երանգների ու հետեւողական լինել իրադարձությունների հետագա զարգացումներին…
2002 թվականից, Փարիզի AYP FM ձայնասփյուռով «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշար ունեի, 2018 թ. դադարեցրել եմ, որովհետեւ չէի կարող լուսաբանել այն նյութերը, ուր մեր երկրում ներկայացվում էր, թե օրը քանի հանցագործություն է կատարվել Հայաստանում, ԱԱԾ-ն քանի բացահայտումներ է արել, քանի երիտասարդ տղաներ ու աղջիկներ փորձել են կամրջից իրենց ցած գցել, ինչպես են մեր կանայք ամեն օր ենթարկվում բռնության, ինչպես են խարդախությամբ, դրամաշորթությամբ քայքայվում ընտանիքներ, ինչպես են խեղաթյուրվում ազգային արժեքները : Այս ամենն ինձ համար շատ ցավալի էր եւ նման երեւույթների համար ավելի մեծ ցավ են ապրում Սփյուռքի մեր հայրենակիցները:
Անշուշտ, մի հաղորդաշար կամովին փակելն ամենեւին էլ սպեղանի չէ:
Սփյուռքի բոլոր լրատվամիջոցները (հեռուստատեսություն, ռադիո, թերթ) անդրադադառնում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ցավոք՝ սեւեռվելով «ցնցող» նյութերին:
Օրվա լուրերը կարելի է անվանել քրեական տեղեկատվություն :
Համայն աշխարհով սփռվող Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունների լուրերով՝ բառիս բուն իմաստով բռնաբարվում են մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, ավելին՝ բոլոր հեռուստաընկերություններից ամեն օր հեռարձակվող հեռուստանովելներով ներկայացվում են այնպիսի թեմաներ, որոնք իրենց անբարո, հանցագործ կերպարներով տարակարծություն ու հիասթափություն են առաջացնում:
Ես ամբողջովին համամիտ եմ քննադատությանը, եթե այն հիմնավորված է եւ ունի ուսուցողական, դեպի դրական ելքեր ուղղորդող հարցադրումներ ու լուծումներ:
Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի հզոր ու ներգործող ուժ են հեռուստատեսությունը, ռադիոն ու տպագիր մամուլը:
Ամենօրյա լուրերը մեկը մյուսից անցնում են հիմնավորելով՝ «հեռուստատեսությամբ՝ իմ աչքով տեսա», «ռադիոյով՝ իմ ականջով լսեցի», «թերթում՝ կարդացի», հիմա էլ «ֆեյսբուքում՝ գրված էր»:
Մեր երկրում, որպեսզի, ինչպես ասում են՝ ամեն ինչ լինի պարզ ու թափանցիկ, առաջին հերթին պետք է զտել տեղեկատվական դաշտը : Ավելին՝ փակել ֆեյսբուքը, որտեղ մոլախոտի պես ծիլ են տվել ատելությունն ու դավադրությունը, լցվել կիսագրագետ տարրերով ու անդեմ հանցագործներով:
Ազատ խոսքը պետք է վեր լինի էժանագին բամբասանքից ու գռեհիկ պիտակներից :
Այո՛, պետք է պատժի ենթարկվի այն լրագրողը կամ անհատը, որը կփորձի անհիմն կերպով, այսպես ասած՝ բարոյազրկել որեւէ մեկին ու մնալ անպատիժ:
Մենք քանակով քիչ ենք, կարելի է ասել, միմյանց ճանաչում ենք, չի կարելի նախանձի հողի վրա հիմնահատակ վարկաբեկել միմյանց :
Նման մթնոլորտն էլ է նպաստում է արտագաղթին:
Այս օրերին տարբեր պատճառաբանություններով հազարավոր մարդիկ են ապաստան խնդրել եվրոպական երկրներից: Հիմնականում՝ երկրում տիրող անարդարությունն է եւ բռնությունը:
Դժվար չէ, որ յուրաքանչյուրն իր դժգոհությունն արտահայտի փաստերով եւ հիմնավորի իր փախուստը: Համացանցը հեղեղված է ոստիկանության բիրտ, անմարդկային արարքների նկարագրությամբ:
Ի ԴԵՊ…
Արտագաղթով չի կարելի հայրենադավության ու հայրենիքը չսիրելու որակումներով բնութագրել մարդուն:
Այնուամենայնիվ, մանավանդ հիմա՝ Ակնունու դեռեւս 1900թ. կոչը թող բոլորիս խորհելու տեղիք տա:
– ԴԷՊԻ ԵՐԿԻ՜Ր…
*) Արտագաղթը Հայաստանից սկսվել է ավելի վաղ, 1968-70-ական թթ.ից: Առաջին արտագաղթողները եղել են 1946-47 թթ.ին Ֆրանսիայից ներգաղթողները, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժորժ Պոմպիդուի Մոսկվա կատարած այցից հետո, երբ նա Կրեմլի շեֆերին խնդրել կամ առաջարկել է նախկին ֆրանսահպատակներին ազատ թողնել իրենց բնակության երկիր վերադառնալու որոշման համար: Այդ արտագաղթին նպաստել է այն, որ Ֆրանսիան կենսաթոշակ էր վճարում իր նախկին քաղաքացիներին, առաջին հերթին՝ ֆրանսիական բանակում ծառայածներին: Այնուհետեւ, արտագաղթի ալիքը ուղղվել է դեպի Մ. Նահանգներ: Ըստ որոշ տվյալների, մինչեւ 1990 թ.ը 40-50 հազար մարդ Հայաստանից հեռացել է դեպի Ամերիկա: Արտագաղթի ալիքը, սակայն, ամենամեծն է եղել ու տեւական՝ դեպի Ռուսաստան ու խորհրդային այլ երկրներ: Ծ.Խ.:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ