Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նա տեսել է էրգիրն իր հոր աչքերով

ԱԶԳ
13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Գրողների միության կլոր սրահում օրերս կայացած հանդիսությունը նվիրված էր բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանի 90-ամյա հոբելյանին: Նա մեկուկես տասնյակ գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Ծաղկած աղոթք», «Այգեպսակ», «Խնկաբույր աղոթքներ», «Ծիրանավոր աղոթարան», «Իրիկնային տաղարան» բանաստեղծական ժողովածուները, «Էրգիրը տեսա հորս աչքերով» ուղեգրությունը, «Արմավիր» 1700 էջանոց տարեգրություն-հանրագիտարանը: Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող «Գիրք վշտի եւ հպարտության» գիրքն արժանացել է ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ՀԳՄ մրցանակին, «Այգեպսակ» ժողովածուն՝ ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» միության եւ «Հայաստան» թերթի մրցանակին, «Էրգիրը տեսա հորս աչքերով» գիրքը՝ «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակին: 2006-ին Ռ. Սահակյանին շնորհվել են ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալը եւ ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Վաստակաշատ գրողն Արմավիրի մարզում երկար տարիներ եղել է կրթության ոլորտի պատասխանատուներից, մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիրն է:

«Կարոտի գրականությունը» հատկապես հայ մշակութաբանական եզրույթ է: Այդ գրականության ակունքները, թերեւս, պետք է փնտրել դեռեւս միջնադարյան հայ պանդխտության երգերում, սակայն դրա գրականագիտական ձեւակերպումը տրվեց 20-րդ դարում, իսկ վերջինիս նմուշներ համարվեցին դարասկզբի հայոց Նախճիրից հետո ստեղծված գրական երկերը, որոնցում կորուսյալ հայրենիքի ցավն էր, կարոտը վաղեմի կյանքի, եւ որոնցում առանձին գուրգուրանքով մտովի վերստեղծվում էր կորսվածը: Քանի տրոփում է հայի արյան հիշողությունը, քանի կարմիր գնդիկների հետ ժառանգվում է ցավի զգացողությունը, կորստի հետ անհաշտությունը, ետվերադարձի հավատը եւ պահանջատեր լինելու անկասելի վճիռը, կստեղծվեն կարոտի կանչի արձագանքով թաթախված տողեր, եւ ադ տողերը գերակշում են նաեւ Ռաֆայել Սահակյանի ստեղծագործություններում: Նրա ստեղծած գրականության, մեր կարծիքով, «թագը» հանդիսացող «Էրգիրը տեսա հորս աչքերով» վեպ-հուշագրությունում գեղանկարչի վրձնին հանգույն հարուստ բառապնակով, բազում գունախաղերով տրված են կարոտի բոլոր երանգախաղերը՝ ափսոսանքից մինչեւ կորստի ցավը: Երբ ձեռքս առա այդ գիրքը, մի քանի էջ թերթելուց հետո սկսեցի մատիտով ընդգծումներ անել բազում հատվածներում՝ յուրահատուկ նկարագրություններ՝ աչքերի միջոցով հոգու մաղով անցկացված, բառահայտնություններով լեցուն: Ասես հայերենի հարուստ բառապաշարը չէր բավարարարել հեղինակին՝ հաղորդելու ապրումների այն ամբողջ աշխարհը, որ կրել էր իր կորուսյալ երկիրն այցելելիս: Ահա այդ ապրումները, որ վեպ-հուշագրությունում իրենց արձանագրությունն են գտել, փոխադրված են իր բանաստեղծական գրքերը: Դրանք՝ կարոտի, ափսոսանքի, սիրո կանչերի, տեղ-տեղ օրորոցայինների երգեցողության հնչերանգներով, պատանության ջինջ երազների նկարագրերով, վերընձյուղման հավատով, լուսե՛ղ են, ո՛չ անկումային տրամադրությամբ: Բանաստեղծի համար կարոտն այն ոգեղեն բնակարանն է, որում ապագա արարումներին նախորդող աղոթքներ են հնչում:

Իր «ոսկեման» երգերի մի փունջ ամփոփված է վաղեմի սերերի, մանկության հուշերի, մայրության առաջ իր բառեղեն ծնրադրումներով հյուսված բաժիններում: Դրանցում «ծիածանվող շշուկներ» կան, սիրո պատկերների «անձրեւաշաղ է», բանաստեղծական պատկերների «ծաղկաքաղ»: Որպես օրինակ, մորը նվիրված բազում երգերից մեկը մեջբերեմ.

«Այնքան մոտիկից շունչդ զգացի՝ բուրվառ էր գոցված,

Ծիածանածամ շշուկը շուրթիդ տիրամոր տաղ էր,

Սիրո պատկերը քո աչքերով էր իմ առջեւ բացված,

Ամպը հրեղեն իր ձին էր թամբել՝ անձրեւաշաղ էր:

Դեռ քնած էին աստեղադարձի մակույկներն անգին,

Հեռվից ինձ կանչող մանկության լույսը տխուր ու պաղ էր,

Ինձ ու՞ր էր տանում մորս աչքերում շվարած արփին,

Ես չգիտեի՝ մեր հին ձորափում ի՞նչ ծաղկաքաղ էր…»:

Նրա քերթվածքներից շատերը հիացման ծնրադրում-տաղեր են՝ բնության հասունության այն պահին, երբ ծառերը «ծոցվոր են ու ամոթխած», իսկ բանաստեղծի «երակներում գինու ծփուն կարոտն» է ելել.

«…Ի՜նչ արար է բացել աշունն ավետաբեր՝

Խումար օրվա հյուսքը թելիկ-մելիկ նարոտ,

Վազն է արբունքահոտ՝ խանդոտ ու անհամբեր,

Նրա երակներում գինու ծփուն կարոտ,

Ինքը՝ սեր ու սարսուռ, շուրթին՝ շոգ ու շանթեր»:

Բնության պատկերներում քնքշանում, նույնանում է իր գծած պատկերներին. դրանք, ասես, նույն սիրո խոստովանություններն են, խոսում է բնության հետ՝ կարծես սիրելի կնոջը սիրո խոստովանություն շշնջա.

«Դուք ինձ ներե՜ք, ներե՜ք, լուռ ծաղիկներ դաշտի,

Ձեր ծնրադիր վերջին՝ հուղարկավոր չեղա,

Այնտեղ ձյուն է հիմա ու քամին է վշտի,

Ես ուշացած, շատ ու՜շ, շշնջում եմ՝ մեղա»:

Ռ. Սահակյանի բնանկարները մարդու շնչառություն ունեն, իսկ մարդկային հարաբերությունները բնության շարժով ու գույնով են նկարագրված, եւ այդ ներդաշնակությունն ամենուր է: Բնության օրհներգ-բանաստեղծական պատկերները սահունորեն տանում են դեպի իր հայրենակարոտ երգերը:

«Ես ու՞ր հեռանամ,

Երբ այս կապույտը սարերի վրա

Իմ օրորոցի ծածկոցն է եղել…»:

Իր պատրանքներն իր ծնողների պատկերին հյուսված հայրենի եզերքի հետ են կապված.

«Հորս պատկերով մեր ձորն էր ծաղկել,

Աստվածություն կար այդ բարիլույսին,

Մայրս երկնքից օրհնանք էր բերել

Հրեշտակների ճերմակ ուսերին…»:

Իր մանկության «վտարանդի կապույտ օրերի» պատումները տանում հասցնում են դեպի պապերի էրգիր, դեպի Ծովասար, դեպի կորուստների բերած ցավերի անամոք ակունքներ: Եվ այստեղ է, որ այն, ինչ հանդիպել է ընթերցողին նրա վեպ-հուշագրությունում, իր չափածո արտահայտությունն է ստանում «Ծովասարից  ծուխ էր բարձրանում» բանաստեղծությունների շարքում: Հայրերի երկիր այցը ցավ, հպարտություն, վերադարձի հույս, կոչ ու կանչ է. ճամփին ամեն հանգրվան, ամեն մի մասունք բանաստեղծական նկարագիր է ստանում, իր արձանագրությունը՝ գրողի հոգեաշխարհի արձանքներով: Սրանք զուտ նկարագրություններ չեն, տվայտանքնե՛ր են. Առաքելոց վանքում, Նեմրութի գագաթին, Անդոկ սարի փեշերին, Բայազետում, Էրզրումում, Կարսում, այլուր իր պապերի ու հայրերի կարոտն ու ցավը կրող անհատն է, հայը, որ անհաշտ է ու հավատով լեցուն, որ վերադարձի ճանապարհները բացվելու են… Այս երգերը նաեւ ծնրադրումներ են սուրբ հիշատակների առաջ՝ դարձյալ բնության պատկերներով լեցուն:

Բազմանշանակ է հնչում իր պոեմներից մեկի ավարտին հնչող հարցադրումը, որ հռետորական է ու արձագանքում է այդ կարոտը կրող յուրաքանչյուր հայի սրտում, որ ունի արյան հիշողություն եւ իր արմատների զգացողություն.

«Սասնա ծռերի կեծակն ո՞ւր գնաց,

Արծիվներ թռա՞ն Անդոկա սարից,

Մըր խաս փեթակի մեղրն ո՞ւր մնա՜ց,

Մհե՛ր, դու՛րս արի Ագռավու քարից»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ռազմիկ Մարուքյան. Մշտապես փնտրելով նոր մարտահրավերներ

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Ռազմիկ Մարուքյան. Մշտապես փնտրելով նոր մարտահրավերներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական