Մեր զրույցի հենց առաջին րոպեներից պարզ դարձավ, որ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի ժուռնալիստների միության եւ Ժուռնալիստների միջազգային համադաշնության անդամ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հենանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Վիկտոր Վլադիմիրի Բարաբաշը չափազանց հետաքրքրական եւ յուրօրինակ մարդ է։ Ավելի քան երկու ժամ՝ մայրենի ռուսերենի նրբերանգներին եւ պատկերային համակարգին փայլուն տիրապետող այս մարդը, ասես վերլուծելիս լիներ Տոլստոյի կամ Դոստոեւսկու վեպերից մեկը, ինձ պատմում էր իրենց համալսարանի, ֆակուլտետի, ուսման առանձնահատկությունների եւ ուսանող-դասախոս փոխհարաբերությունների մասին։ Համալսարանի ավելի քան 60-ամյա գոյության ընթացքում միջազգային ճանաչում ունեցող այս կրթօջախի տարբեր ֆակուլտետներում ուսանել են հազարավոր հայ ուսանողներ, եւ ինձ համար հետաքրքրական էր լսելը, օրինակ, որ Արցախյան առաջին, երկրորդ եւ երրորդ պատերազմների ընթացքում համալսարանում ուսանող հայ եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ լուրջ բախումներ չեն եղել։ Կոնֆլիկտներ չեն գրանցվել նաեւ համալսարանում ուսանող արաբ, իսրայելցի, պակիստանցի եւ հնդիկ ուսանողների միջեւ՝ Արաբա-իսրայելական եւ Պակիստանա-հնդկական հակամարտությունների տարիներին, քանի որ, զրուցակցիս բնութագրմամբ, մեծ ուշադրության է դարձվում ուսանող մարդուն, հարգանքով են վերաբերվում յուրաքանչյուրի ազգային պատկանելությանը, նրանց հետ հաճախակի անցկացվում են անհատական եւ ճանաչողական զրույցներ, իսկ կրթօջախի անունն էլ հուշում է, որ սա ժողովուրդների բարեկամության համալսարան է։
– Սա մեր համալսարանի մեծագույն ձեռքբերումներից է, քանի որ այստեղ աշխատել եւ աշխատում են մեծ ճանաչում եւ հարգանք վայելող դասախոսներ,-հավելում է կրթօջախին շուրջ 4 տասամյակ հարազատ տան պես վերաբերվող Վիկտոր Բարաբաշը։
Համառոտակի ներկայացնեմ զրուցակցիս։ Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 8-ին, ՌԴ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում։ 1986-ին ավարտել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ միջազգային ժուռնալիստիկա մասնագիտությամբ, 1989-ին՝ ասպիրանտուրան՝ ռուս եւ արտասահմանյան գրականության բաժնում։ 1989 թվականից առայսօր համալսարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օգնական, ավագ դասախոս, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության եւ տպագիր մամուլի ամբիոնի դոցենտ, իսկ 2003-ից՝ բանասիրական ֆակուլտետի դեկանն է։ 1991-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2006 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Մշակույթի թեման հետխորհրդային Ռուսաստանի պետական ռադիոյի եթերում» թեմայով։ Հեղինակ է բանասիրությանը եւ ժուռնալիստիկային նվիրված հարյուրավոր հոդվածների, բազմաթիվ աշխատությունների եւ գրքերի։ Հրապարակումների թեմաները տարբեր են՝ ռուսական տպագիր մամուլ, Ժամանակակից ԶԼՄ-ներ, միջազգային եւ ռուսական ռադիո եւ հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման ու զարգացման միտումները եւ այլն։ Երկար տարիների բարեխիղճ եւ նվիրված աշխատանքի համար Բարաբաշն արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ խրախուսանքների, ինչպես ՌԴ կրթության նախարարության, այնպես էլ համալսարանի ղեկավարության կողմից։ Նրան շնորհվել է նաեւ Հենանի համալսարանի (ՉԺՀ) պատվավոր պրոֆեսորի կոչում։
Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը հիմնվել է 1960 թվականին (1961-1992 թվականներին համալսարանը կրել է Աֆրիկայի ժողովուրդների անկախության համար պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ազատագրական շարժման առաջամարտիկ, հայտնի լրագրող եւ խմբագիր Պատրիս Լումումբայի անունը)։ Համալսարանը կադրեր է պատրաստում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ մի շարք այլ երկրների համար, աշխարհի բազմաթիվ երկրների ուսումնական հաստատությունների հետ վաղուց գործում է ուսանողների փոխանակման պրակտիկան։ Մեծ համբավ եւ հեղինակություն վայելող այս հաստատությունում ԽՍՀՄ տարիներին սովորում էր մոտ յոթ հազար ուսանող՝ աշխարհի շուրջ 100 երկրներից։ 90-ական թվականներին, ինչպես եւ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների բուհերում, այստեղ նույնպես գործերը վատացան, անհամեմատ կրճատվեց դիմորդների թիվը։ Բայց հետո լավ օրեր եկան եւ միջազգային հայտնի համալսարանը շարունակելով անցյալի ավանդույթները՝ այսօր աշխարհին ներկայանում է իր ուրույն դիմագծով, թարմությամբ, ուսուցման ծրագրերի բարձր մակարդակով եւ կայուն գիտելիքներով։ Բավական է միայն նշել, որ նախկին տարիների 6,5-7000-ի փոխարեն այսօր այստեղ ուսանում է 30 000 ուսանող՝ ինչպես ՌԴ-ից, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։
– Մարդու կյանքում անչափ կարեւոր է մասնագիտության ճիշտ ընտրության հարցը,- շարունակում է Բարաբաշը։- Լինում են դեպքեր, երբ պատանիներն ու աղջիկները ծնողների պահանջով ու պարտադրանքով են գնում տվյալ բուհում սովորելու, հետո շատ են տանջվում, լինում են դեպքեր, երբ ուսման կեսից փոխում են մասնագիտությունն ու բուհը։ Կարեւոր է նաեւ, որ մարդը հասուն լինի ուսման համար։ Ես օրինակ, դպրոցն ավարտելուց հետո առաջին տարին բուհ չընդունվեցի, աշխատեցի, մասնակցել եմ Մոսկվայի պետական համալսարանի 2-րդ մասնաշենքի շինարարությանը, այնտեղ հիմա փիլիսոփայության ֆակուլտետի մասնաշենքն է։ Հետո զորակոչվեցի բանակ եւ միայն բանակից հետո հասկացա, որ արդեն հասուն եմ, կարող եմ սովորել։ Շինարարությունն ու բանակն ինձ համար կյանքի դպրոց էին, որպեսզի հետո ես ճիշտ ընտրություն կատարեի մնացած ամբողջ կյանքիս համար։ Իմ կայացրած ճիշտ որոշման հանգամանքն այսօր ինձ օգնում է հասկանալու ուսանողների հոգեբանությունը եւ ճիշտ խորհուրդներ տալու նրանց։
– Մեր ֆակուլտետն ունի հետեւյալ ուղղությունները,-ասում է Վիկտոր Բարաբաշը.- Լեզվաբանություն, Հոգեբանություն, Գովազդ եւ հասարակայնության հետ կապեր, Բանասիրություն, Լրագրություն։ Բացի այն, որ մեր ուսանողներն իրենց պրակտիկան անց են կացնում ռուսաստանյան ճանաչված թերթերի եւ հեռուստաընկերությունների խմբագրություններում, մենք ունենք նաեւ սեփական հեռուստատեսային եւ ռադիո ստուդիա։ Մեր ուսանողներն այստեղ սովորում են տեսահոլովակների ստեղծման հիմունքները, ձեռք են բերում կադրում աշխատելու, լրատվական ռեպորտաժներ պատրաստելու եւ ձայնագրելու հմտություններ, աշխատում են ուղիղ եթերում։ Բանասիրական ֆակուլտետի տարբեր մասնագիտացումների շրջանավարտները հետո հաջողությամբ աշխատում են իրենց երկրների կրթական ու մշակութային կենտրոններում, ներդրում ունեն գիտական կյանքի աշխուժացման ու զարգացման գործում։ Վիկտոր Բարաբաշը ուրախությամբ նշում է, որ բուհը եւ ուսուցման համակարգը տարեցտարի կատարելագործվում են, նոր մասնագիտացումներ են ավելանում, տարեցտարի աճում է դիմորդների հետաքրքրությունը համալսարանի նկատմամբ։ Բանասիրական ֆակուլտետի ամենապահանջված մասնագիտությունը, որի համար տարեկան շատ ուսանողներ են դիմում, ժուռնալիստիկան է, հետո լեզվաբանությունը, հասարակայնության հետ կապերն ու նաեւ հոգեբանությունը։ Ֆակուլտետ ընդունվելու համար միշտ մրցույթներ են լինում, իսկ պետական անվճար տեղերը տրվում են հիմնականում օլիմպիադաների հաղթողներին, այսպես ասած՝100 բալանոցներին։ – Տեւական ժամանակով աշխահին պատուհասած աղետը՝ կորոնավիրուսային համավարակը, իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ մեր բուհի գործերի վրա եւ խառնեց բոլոր պլանները,-ասում է պարոն Բարաբաշը։ Եթե մինչեւ համավարակը մենք ուսանողների փոխանակումներ էինք կատարում եւ, ասենք, չինարեն եւ ճապոներեն լեզուներ սովորողները մեկնում էին Չինաստան ու Ճապոնիա, ապա արդեն երեք տարի է այդ ուղիները սառեցված են ուսանողների համար։ Սակայն մենք նրանց հետ երբեք չենք կտրել մեր կապը, այս ամբողջ ընթացքում դասացուցակների կայուն ռեժիմով անց են կացվում հեռավար դասեր, զրույցներ, պարապմունքներ, քննություններ։ Բայց ես դասական ուսուցման կողմնակից եմ, այնքան էլ սրտովս չէ հեռավարը, կարծում եմ, որ կենդանի շփումը շատ կարեւոր է, մանավանդ, որ ուսանողն ու դասախոսը նայեն միմյանց աչքերի մեջ եւ բռնկվի միմյանց փոխըմբռնելու, հասկանալու, գիտելիքների հանդեպ տածած աստվածային կայծը։ Հիմա, երբ արդեն կորանովիրուսի արգելքները նոր նոր վերանում են, ես տեսնում եմ, որ ե՛ւ ուսանողները, ե՛ւ դասախոսները ուզում են ներկա լինել դասերին, երկուստեք կարոտել են։
Բայց այս անգամ էլ մի նոր փորձության առաջ կանգնեցինք։ Հիմա բարդ ժամանակներ է ապրում մեր երկիրը, աշխարհն, ասես, ձեռնոց է նետել Ռուսաստանին, տասնյակ հազարների հասնող պատժամիջոցներ են կիրառում մեր պետության նկատմամբ։ Այդ պատժամիջոցները մեր բուհին նույնպես բաժին հասան, փակվեցին մեր ուսանողների, ինչպես նաեւ դիմորդների օդային ուղիները, Պրագան հայտարարեց, որ դադարեցնում է ուսանողների փոխանակումները մեր երկրի հետ, իսկ մյուս պետություններն էլ իրենց քաղաքացիներին կոչ արեցին չուսանել ռուսաստանյան բուհերում։
Մենք շատ դժվարություններ ենք տեսել՝ ԽՍՀՄ կործանումը, 90-ականները եւ այլն, սա էլ կանցնի։ Ես գտնում եմ, որ խելամիտ չեն այս պատժամիջոցները, հումանիտար գիտությունները չպետք է տուժեն քաղաքականության պատճառով։ Մենք այսօր 87 երկրից ուսանողներ ունենք, դժվարացել է նրանց տեղաշարժը, ով չի կարողանում գալ իր երկրից, շարունակում ենք հեռավար կապը բոլորի հետ, եթե բանկերից գումար հանելը չի ստացվում, ուսանողներին հնարավորություն ենք տվել ուշ վճարելու ուսման վարձերը, դրա համար ոչ մի պատիժ չի լինի։ Ուսումը երկու տարի հեռավար էր, հիմա այն երկրների ուսանողները, մեր ապագա դիմորդները, ովքեր չեն կարող գալ, նույնիսկ ընդունելությունն ու ուսումը հեռավար կանցկացնենք։ Մենք արդեն ստեղծել ենք թվային ուսուցման կատարյալ ծրագիր, իսկ վերջերս նաեւ՝ թվային մագիստրատուրա, որը նորություն է. ուսանողները ինտերակտիվ եղանակով կնայեն դասերը, կանցկացնենք սեմինար պարապմունքներ։
Վիկտոր Բարաբաշը նշում է, որ ուսանողներին փորձում է լավ խորհուրդներ տալ, անգամ, թե ինչպես կարելի է նպատակասլաց եւ բովանդակալից անցկացնել ազատ ժամանակը։ Ինքը՝ հիանալի կիթառ նվագող եւ երգող, բանաստեղծություններ գրող եւ ասմունքող դեկանը, սիրում է ազատ ժամանակը լավ անցկացնել, ճամփորդել։
Բանասիրականի դեկանը կրկին շեշտում է, որ ուսումից եւ գիտելիքից առավել՝ իր համար մեծ կարեւորություն ունի ուսանողի մեջ ամփոփված մարդը, մարդկային գործոնի հայտնաբերումը, եւ ինձ խնդրում է, որ գլխատառ գրեմ այս բառը՝ ՊԱՐՏԱՎՈՐ Է անհատապես զրուցել ֆակուլտետի շուրջ երեք հազար ուսանողների հետ։
«Ես մի ողբերգական դեպք եմ հիշում, որը ինձ համար դաս է ամբողջ կյանքի համար։ Երբ նոր էի ավարտել համալսարանն ու աշխատանքի անցել բանասիրականում՝ լսեցի, որ մեր մի ուսանողը մոտակա անտառում ինքնասպան էր եղել եւ թողած երկտողում գրել, որ ինքը ոչ ոքի չի մեղադրում իր մահվան մեջ, ինքը շատ պրոբլեմներ ունի, բայց ինքը չունի մեկը, որ կիսվի նրա հետ, անգամ սրտամոտ դասախոս, դեկան կամ դեկանի տեղակալ չկա… Այս դեպքը ես միշտ պատմում եմ մեր երիտասարդ դասախոսներին եւ զգուշացնում, որ ուշադիր լինեն բոլոր ուսանողների նկատմամբ, մարդկային վերաբերմունք եւ մոտեցում ցուցաբերեն բոլորին։ Մինչեւ բանասիրականի դեկանի հետ ծանոթությունս նրա հետ առնչվող մի պատմություն էին պատմել ինձ։ Ամիսներ առաջ ուսանողներից մեկը՝ ապագա լրագրող, հավանաբար շատ նեղսրտելով կորոնավիրուսային սահմանափակումներից, համալսարանի ռեկտորի հետ անմիջական կապի առցանց հարթակում հանիրավի դժգոհություն էր հայտնել եւ բողոքել ֆակուլտետի աշխատանքներից, այդ թվում նաեւ՝ դեկանից։ Բողոքին հետեւել էր ռեկտորի կոշտ արձագանքը, որի արդյունքում խիստ նկատողություն էին ստացել դեկանն ու նրա տեղակալը։ Կատարվածը սովորականներից չէր եւ թվում էր, թե տեղի ունեցածից հետո դեպքերը պետք է զարգանային այլ սցենարով, հանդուգն ուսանողին պատժելու համար բանասիրական ֆակուլտետում պետք է գործի դրվեին չինովնիկական այլեւայլ մեթոդներ, ընդհուպ՝ համալսարանից վտարում։ Սակայն մոսկովյան այս բուհում տեղի ունեցավ հակառակը։ Բարաբաշը, բարի կամք դրսեւորելով, հանդիպել եւ զրուցել էր այդ ուսանողի հետ, նրան օգտակար խորհուրդներ տվել, թոթափել տղայի հոգում կուտակված բացասական լիցքերը։ Այսօր այդ տղան ֆակուլտետի առաջատար ուսանողներից է։ Երբ պարոն Բարաբաշին հիշեցրի այդ պատմությունը՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ վրեժը շատ փոքրոգի եւ ցածր արարք է, որը կարող է մարդը թույլ տալ, իսկ ավագի կողմից կրտսերի նկատմամբ վրեժը՝ դա կրկնակի ցածրոգություն է։ Իմ կյանքի փորձից ես գիտեմ, որ այդ տարիքի տղաները երբեմն խորը չեն մտածում իրենց արածի հետեւանքների մասին, նրանք պայքարող են, ըմբոստ ու համառ, մտածում են, որ իրենց այդ քայլը ճիշտ է, օգուտ կբերի մյուսներին։ Ավագները պետք է խելամիտ մոտեցում ցուցաբերեն նրանց նկատմամբ, ճիշտ ուղու վրա դնեն, օգտակար խորհուրդներ տան»։
Վերջում Վիկտոր Բարաբաշը ջերմ բարեւներ հղեց մեր թերթի ընթերցողներին եւ Հայաստանի ժողովրդին։ «Համբերություն բոլորիս եւ լավ օրերի սպասում։ Ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից