Արցախի Աղավնո գյուղի բնակիչներից մեկը գյուղը լքելուց հետո գետով լողալով ու գաղտագողի հետ է գնացել ու այրել իր տունը: Մեկ ուրիշ բնակիչ էլ, չկարողանալով այրել տունը, խոզի արյուն է ցողել տան պատերին, հատակին, առաստաղին: 1994-ի հաղթանակից հետո Բերձորի տարածաշրջանում հաստատված մեր հայրենակիցներն Ադրբեջանից վրեժխնդիր լինելու սեփական բանաձեւն են մշակել՝ տուն են այրում: 44-օրյա պատերազմից հետո տուն այրելու «պրակտիկան» Քարվաճառի բանկիչները դրեցին, այժմ դա նաեւ Բերձորի բնակիչներն են իրականացնում: Չնայած Արցախի իշխանությունների՝ տները չայրելու ցուցումին՝ իրենց տունը մի քիչ ավելի շատ սիրող մեր հայրենակիցներն գերադասում են այն հրո ճարակ դարձնել: Եթե հիշողությունս չի դավաճանում, մեր պատմավեպերում տուն այրելու դրվագները բացառապես թշնամու ու հակառակորդի հետ են կապված, որ հրո ճարակի են վերածել մեր մեծ ու փոքր գյուղերը, քաղաքները: Ամեն բան մոխրացել, գնացել, բացի հիշողությունը, որ մի քանի հազարամյակ ուղեկցել ու դեռ քանի հազարամյակ էլ ուղեկցելու է, որեւէ կերպ այրել չենք կարող:
Պատմական անցքերից հայտնի է նաեւ, որ սեփական տունը, ընտանիքը, շենն ու գյուղը պահպանելու, պաշտպանելու համար մեր նախնիները նետ ու աղեղ, թնդանոթ ու հրացան են արտադրել, ձեռք բերել ու անձնազոհ կերպով կռիվ տվել: Ժամանակները փոխվել են, ու այժմ, փաստորեն, անձնազոհություն է համարվում մյուսներից հետ չմնալն ու որպես տղամարդկության ապացույց՝ խոզի արյմաբ տան պատերը ներկելը:
Իշխանությունն ու ընդդիմությունը, խոսքները մեկ արած, այս օրերին ձայն-ծպտուն չհանեցին, էլ ուր մնաց՝ ինչ-որ գործողություն (թեկուզ գաղտնի) իրականացնեն Աղավնոյում: Նրանց արած առավելագույն արարքը միմյանց վրա ցեխ շպրտելն ու իրար սեւացնելն է դեռեւս: Ու մինչեւ ադրբեջանական սուր մկրատն ընկած վերաձեւում է հայկական երկու պետությունների քարտեզը, հայը մտածում է, թե իր տունն այրելիս ինչպե՞ս գրավի հասարակության ուշադրությունն ու ինքն ի՞նչ յուրօրինակություն դրսեւորի:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ