Այս օրերին Հայաստանում (իրականում՝ միայն Երեւանում) արհեստածին շուքով տոնվում է Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա հոբելյանը։ Երեւան են ժամանել որեւէ երկրում որեւէ փաստաթղթով չարձանագրված ՌԱԿ ինքնահռչակ «կենտրոնական վարչության» անդամները, ներկայանում են որպես այդ կուսակցության միակ ներկայացուցիչներ եւ տոնում կուսակցության 100-ամյա հոբելյանը։ Այս իրադարձությունները հատկապես մտավորականության շրջանում խորը տարակարծությունների տեղիք են տալիս։ Գործընկերներիցս շատերը, որոնք դեռեւս համալսարանում ուսանելու տարիներից ինձ ճանաչում են որպես համոզված արմենական-ռամկավար, գիտեն նաեւ իմ վերաբերմունքը իշխող վարչախմբի նկատմամբ, զարմացած հարցնում են, թե ինչ է կատարվում իրականում։ Թեեւ երբեք չեմ համակրել որեւէ կառույցի ներքին խոհանոցում կատարվողը դուրս հանողներին, սակայն այս դեպքում, հետագա թյուրիմացություններից խուսափելու նկատառումով, անհրաժեշտ եմ համարում մի քանի պարզաբանումներ անել։
Այո, ցավով պիտի ասեմ, որ հայ ավանդական կուսակցություններից ՌԱԿ-ը, մեղմ ասած, այսօր լավ վիճակում չէ։ Նախապատմությունն այն է, որ դեռեւս անկախության առաջին տարիներին, երբ Ազգային ժողովում ՌԱԿ-ի պառլամենտական խմբակցության թվաքանակը հասավ 24-ի, օրվա ՀՀՇ-ական իշխանությունները նրա հետագա ավելի մեծացումից վախենալով՝ չհայտարարված արշավ սկսեցին կուսակցության դեմ։ Շատ արագ գտնվեցին նաեւ ինքնավաճառվողներ, եւ կուսակցությունն սկսեց աստիճանաբար ճաքեր տալ։ Նախ կուսակցության կենտրոնական, ապա նաեւ տեղական կառույցներում առաջացան հիմնականում անձնական հողի վրա միմյանց չհանդուրժող խմբեր։ Հեռավոր 1885 թ. սկիզբ առած, իսկ 1908 թ. Հայ Սահմանադրական ռամկավար դարձած եւ վերջապես 1921 թ. հոկտեմբերին Ռամկավար Ազատական անունը որդեգրած կուսակցությունը հայտնվեց տարափեղկման եղկելի գործընթացների շրջապտույտում, որը շարունակվում է ցայսօր։
Գործնականում մասնատման եւ կազմալուծման ճանապարհի սկիզբը դրվեց 1995 թ. Կիպրոսում, երբ տեղի ունեցած կուսակցության հերթական համագումարում հին սերունդը հայտնվեց խաղից դուրս վիճակում եւ ներկուսակցական իշխանության եկան նոր սերնդի ներկայացուցիչները։ Իհարկե, ինչպես արդեն նշեցինք, այդ ամենի հետեւում թաքնված էին նաեւ միջանձնային եւ միջխմբային հարաբերությունները։ Ի դեպ, հայ ավանդական աշխարհատարած կուսակցությունների պատմության մեջ դա նորություն չէր։ Տարբեր երկրներում գործող ավանդական կուսակցությունների տեղական կառույցները հաճախ էին փորձում իշխող դիրք գրավել կենտրոնական մարմիններում։ Այդ նույն գործընթացը տեղի ունեցավ նաեւ ՌԱԿ-ում ու տարածվեց իր «դուստր ձեռնակություն» Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունում (ՀՌԱԿ)։
Իրականության դեմ չմեղանչելու համար նշենք, որ նախկինում էլ էին եղել նմանատեսակ ներքին բախումներ, սակայն 1990-ականների նման կտրուկ եւ անհանդուրժող գործելաոճ չէր եղել նույնիսկ սառը պատերազմի դժվարին ժամանակներում։ Բանը հասավ այնտեղ, որ 1995 թ. փորձ արվեց «Ազգ» օրաթեթը սեփականաշնորհել, որին փորձեցին օժանդակել նույնիսկ ՀՀՇ-ի որոշ ղեկավարներ, սակայն ոչինչ չստացվեց, քանի որ ողջ լրագրողական դաշտը եւ ստեղծագործական մի շարք միություններ աջակցեցին թերթի խմբագրակազմին։ Լավ էր, որ վերջնարդյունքում դատարանի որոշմամբ թերթը շարունակեց իր ազգանպաստ գործունեությունը։ Հետագայում երբ ՀՌԱԿ-ն իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք որդեգրեց, օրվա իշխանությունները տեսանելի եւ չերեւացող միջոցներով եւս նպաստում էին ներկուսակցական առճակատումներին, որը փոխանցվեց նաեւ Սփյուռքի կուսակցական կառույցներին ու շարունակվում է մինչ օրս։
Ստացվել է տխուր եւ ոչ ցանկալի իրավիճակ։ Այսօր, ըստ էության աշխարհում գոյություն ունեն ՌԱԿ-ի մի քանի կառույցներ։ Դրանք են`
1. Իրեն նախկինում սփյուռքում գործած ՌԱԿ-ի կենտրոնական վարչությանը հաջորդած եւ իներցիայի ուժով գոյությունը շարունակող «կենտրոնական վարչություն» համարող անհատների խումբը։ Սա որդեգրել է կուսակցության վերամիավորմանը խոչընդոտող գործելաոճ, գոյություն ունի հանուն գոյության եւ Արցախյան պատերազմի ու դրան հաջորդած դժվարագույն ժամանակներում ոչ մի բանով չհիշեցրեց իր գոյության մասին։ Հենց այս խումբը մեկ տարի ուշացումով օրերս նշեց կուսակցության 100-ամյակը, ՀՀ օրվա իշխանություններին հպատակության երդում տվեց եւ դրա համար արժանացավ ՀՀ ղեկավարության ուշադրությանը։ Մեծ ցավով պիտի նշեմ, որ «կենտրոնական վարչությունից» բացի այլ անդամներ այնտեղ գրեթե չկան, իսկ եղածների միջին տարիքն էլ չնչին բացառությամբ 70-ից բարձր է։ Ասել է թե նրանցից որեւէ նոր բան կամ փոփոխություն սպասելն առնվազն իմաստ չունի։
2. ՀՀ Արդարադատության կողմից գրանցված ՌԱԿ կենտրոնական վարչություն, որը իրականում շատ հեռու է բավարարելու Կուսակցությունների մասին ՀՀ-ում գործող օրենքի պահանջներին թե՝ առնվազն 2000 կուսակցականներ ունենալու, թե՛ ՀՀ բոլոր մարզերում կառույցներ ունենալու եւ թե՛ յուրաքանչյուր երկու տարին մեկ համագումար կազմակերպելու եւ, որ ամենակարեւորն է՝ երկրի քաղաքական կյանքին որեւէ կերպ մասնակցություն կամ գոնե վերաբերմունք ունենալու եւ այլ էական հարցերի տեսակետից։
3. ՌԱԿ Գերագույն խորհուրդ, որի մեջ ընդգրկված են ՌԱԿ-ի նախորդ տարիների շատ ղեկավար գործիչներ եւ կուսակցության շահն ու վարկը ամեն ինչից բարձր դասող ռամկավար երախտավոր անդամներ։
4. Մի քանի գաղթօջախներում շարունակում են իրենց գոյությունը պահպանել նաեւ կենտրոններից ոչ մեկին չընդունող անջատ վարչություններ, որոնք ավելի շատ կրթամշակութային, քան թե քաղաքական որեւէ գործառույթ են իրականացնում։
Նկատենք, որ վերը նշված կառույցներից յուրաքանչյուրն ունի իր փոքրաթիվ հետեւորդները, որոնք ավելի շատ ոչ թե քաղաքական, հավատամքի եւ գաղափարական հենքով են համակրում իրենց խմբերին, այլ կապված են ծանոթ-ընկեր-բարեկամական կապերով, իսկ երբեմն էլ` որոշակի ֆինանսական ակնկալիքով։
Ցավով պիտի արձանագրենք, որ այս ամենի հետեւանքով անկախության 30 տարիների ընթացքում Հայրենիքում եւ Սփյուռքում կուսակցության գործունեության հետագիծը շարունակական նվազող կորագծի տեսք ունի եւ մոտակա հեռանկարում դեպի վեր թեքվելու հակում առայժմ չի էլ երեւում։ Իհարկե, որոշակի հույս է ներշնչում 2021-ի տարավերջին, կուսակցության 100-ամյակի առիթով, ՌԱԿ տարբեր տարիների ղեկավարների եւ անվանի ութ գործիչների միասնականության կոչով հանդես գալը։ Դրանում մասնավորապես նշելով անցյալի դառը փորձառությունը եւ միմյանց նկատմամբ ցեխարձակումները, դրա հեղինակներն այնուամենայնիվ կոչ արեցին միասնական հարթակ ստեղծել բոլոր ռամկավարների համար։ Լավատեսական հանգրվանի հույս է ներշնչում այն, որ սկսված գործընթացը որոշակի զարգացում է ապրում եւ գնալով միացման գործընթացի կողմնակիցների թիվը օրեցօր ավելանում է։
Ասելիք շատ կա, սակայն բավարարվենք այսքանով։ Ավելացնենք միայն, որ երբ 1991 թ. հունիսի 2-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կուսակցությունների մասին օրենքը, ՀՀ-ում գրանցված չորրորդ կուսակցությունը եւ Անկախության հանրաքվե նախաձեռնող հինգ կուսակցություններից մեկը հենց ՌԱԿ-ը եղավ։ Ի դեպ, մինչ այդ էլ` 80-ականների կեսերից ոչ պաշտոնապես ի դեմս ուսանողական «Արշակ Չոբանյան», ապա «Արմենակ Եկարյան» ակումբների, ՌԱԿ-ն արդեն ՀՀ-ում գոյություն ուներ։ Ի դեպ, հպարտությամբ պետք է նշեմ, որ ինքս էլ առաջին ակումբակիցներից եմ եղել եւ ՀՀ Արդարադատության նախարարի ձեռամբ կուսակցության առաջին վկայագիրն ստացող չորս կուսակցականներից մեկը։ Իսկ այսօր քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունս բերելու փոխարեն ստիպված ներկայացնում եմ կուսակցությանս ցավալի վիճակը, որն իմ կարծիքով մեկ հիմնական պատճառ է ունեցել եւ ունի`
1. Բոլոր այն ժամանակներում, երբ ՌԱԿ-ի շարքերում մեծամասնություն եւ ուժեղ են եղել մտավորական աշխարհի ներկայացուցիչները, կուսակցությունը միշտ գործել է համախմբված, ունեցել է իր ծանրակշիռ ներդրումը համահայկական հարթակում եւ վայելել է իր արժանապատիվ հարգանքը ողջ հայության մեջ,
2. Երբ կուսակցության շարքերում ավելի գերակա դիրք է ձեռք բերել գործարար-փողասեր հատվածը, կուսակցության ներսում սկսվել են տարատեսակ, ոչ ցանկալի խմորումներ, պայքար է ծավալվել կուսակցության ունեցած ֆինանսական լծակներին (Թեքեյան մշակութային միության, տիրելու եւ դրանք սեփական դիրքերը ամրապնդելուն ծառայեցնելու համար, կուսակցությունն սկսել է ներսից ճաքեր տալ, որոնք հետագայում խորացել եւ հասցրել են ներկա տխուր հանգրվանին։ Ինքնին հասկանալի է, որ արտակուսակցական ուժերն էլ օգտվել են այդ պատեհ իրավիճակից եւ իրենց հերթին են նպաստել այդ պառակտումներին։
Ավելացնեմ, որ արդեն 35 տարվա կուսակցական փորձ ունեմ եւ մեծ հույս, որ բոլոր կողմերն ի վերջո խելքի կգան ու կհասկանան, որ իրենք կգոյատեւեն, ուժեղ կլինեն միմիայն մեկ դեպքում` երբ ուժեղ եւ համախումբ կլինի ՌԱԿ-ը։ Այլ ճանապարհ ուղղակի չկա եւ չի կարող լինել։ Հետեւաբար կոչ եմ անում ՌԱԿ աշխարհասփյուռ բոլոր կառույցներին ու անհատներին քով-քովի գալ, հանուն կուսակցության ապագայի, մոռանալ նախկինում եղած լավ ու վատ իրողությունները եւ, քանի որ գաղափարական ներհակություններ չեն եղել եւ այժմ էլ չկան, համախմբվել կուսակցության դրոշի ներքո, արժանապատիվ ծածանել այդ դրոշն ի փառս հայության, ի փառս Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության եւ ի փառս մեր ապագա անխուսափելի հաղթանակների։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր