Երուսաղեմի հայոց պատրիարքությունը 638 թվականից Սիոն լեռան վրա ամուր հաստատված է ու գրեթե 1400 տարի ամեն գնով փորձում է պահպանել իր դիրքը, հեղինակությունն ու ներկայությունն այնտեղ:
Պարբերական ու արդեն սովորական դարձած վիճաբանությունները, ծեծկռտուքները, բոլորը գիտեն, որ հայերի ձեռքից իրենց դարավոր իրավուքնները խլելու համար են: Հայերն այնտեղ փաստացի միայնակ են: Միաբանները միայնակ են պայքարում իրենց կալվածքներն ու իրավունքները պաշտպանելու եւ պահպանելու համար:
«Կովերու պարտեզ» կոչված վայրը՝ պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարեւմտյան անկյունում գտնվող մի հողակտոր է, որը Պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Հողակտորը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների և Մատենադարանի հարևանությամբ: Այս գործարքը չհանդարտվող դժգոհության, վեճերի տեղիք է տվել:
«Կովերու պարտեզն» իրականում հայերի դեմ պայքարի երեւացող շերտն է, իսկ չերեւացող շերտերի տակ «վառոդ» կա, որ ամեն վայրկյան կարող է պայթել: Իրականությունն այն է, որ նպատակ կա հայերին պատկանող տարածքները կամաց-կամաց նրանց ձեռքից վերցնել, օրինակ՝ մաս-մաս գնելով հողակտորները: Ամբողջ տարածքը պատկանում է Հայոց պատրիարքարանին:
Հայկական պետությունը պետք է կանգնած լինի եկեղեցու կողքին, եթե այդ միությունը քանդվում է, քանդվում է նաեւ ազգը, պետականությունը: Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը միշտ եղել է, ու նրա գոյությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի կյանքում առանցքային դեր է ունեցել: Եկեղեցին ուժեղացնելով՝ պետությունն իրեն է ուժեղացնում: Երուսաղեմի պատրիարքարանի շուրջ վերջ չունեցող դարավոր վեճերը պետք է մեծապես հետաքրքրեն ոչ միայն Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին, այլեւ Հայաստանի կառավարությանը, որովհետեւ սա նաեւ պատվախնդրության, ազգային արժանապատվության հարց է: Թույլ տալ, որ 14 դար հայերին պատկանող կալվածքը նրանց ձեռքից վերցնե՞ն: Սիոն լեռան վրա Պատրիարքարան ունենալը նաեւ դիրքի, հեղինակության հարց է, իսկ դիրքն ու հեղինակությունը կարողանալ պահպանելը ուժի ու պատվի հարց է:
Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում եկեղեցու դեմ երբեք էլ միանշանակ դրական տրամադրվածություն չի եղել: Անգամ արմատացած անհեթեթ ու վտանգավոր համոզմունք կա, թե որքան եկեղեցին հզորանա, այնքան պետությունը կթուլանա, իշխանություններն իրենց դիրքերը կզիջեն: Հենց այսօր Հայ եկեղեցու նկատմամբ մերժողական, անգամ չափազանցրած չենք լինի եթե ասենք՝ թշնամական վերաբերմունքը, որ հորդում է իշխանություններից, դրա վառ ապացույցն է:
Զուգահեռ իրականությունում տեսնում ենք, որ փորձելով թուլացնել եկեղեցին՝ իշխանություններն իրենք են թուլանում ու դրսի ուժերի համար դառնում հեշտ նվաճելի ու զիջող:
Երուսաղեմի պատրիարքարանի նկատմամբ իրականացվող «անջատիր, որ տիրես» գործելաոճի, հայկական կալվածքները մաս-մաս գնելու եւ յուրացնելու իսրայելական քաղաքականության դեմ միայն տեղի եկեղեցական ուժերը չպետք է պայքարեն: Պայքարը պետք է լինի միասնական, իսկ պայքարի արմատները լինեն Հայաստանում:
Հայ հոգեւորականներից ոչ ոք չի կարող հակառակը պնդել, որ պետք է ուժեղացնել Երուսաղեմի պատրիարքարանը, ուժեղացնել երիտասարդ հոգեւորականներով, ծառայողներով, եկեղեցու սպասավորներով, որոնք կդառնան ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական հզոր ուժ: Երուսաղեմի պատրիարքարանը պետք է իրեն պաշտպանված զգա, ուժերն անընդհատ համալրված լինեն, մինչդեռ ճեմարանը քիչ թվով սաներ է ունենում, հետեւաբար՝ սերնդափոխության հարցը լրջանում է: Հասկանալի է, որ հոգեւորական դառնալը, ինչը պահանջում է դեռ պատանեկությունից հրաժարվել աշխարհիկ հաճույքներից ու առօրյայից, դժվար է:
Ամեն ծնող չէ, որ կհամաձայնի իր որդուն նվիրել եկեղեցուն՝ թեկուզեւ այդկերպ նպաստելով Երուսաղեմում հայկականությունը պահպանելու, սերնդափոխությունն ապահովելու ու հրեական միջավայրում հայկական բաղադրիչն ուժեղացնելու նվիրական նպատակին:
Հրեաները, հանուն հրեականության տարածման ու դիրքերի ամրապնդման, այդպես կանեին ու անընդհատ նոր սերնդին կնվիրեին այդ նպատակին: Հայերիս դեպքում, ինչպես պատմությունն է ցույց տալիս, ավելի առաջնային է անձնական, քան պետական ու ազգային շահը, թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ հայ հոգեւորականները 14 դար բառացիորեն ատամներով են պահում իրենց դիրքը, հեղինակությունն ու կալվածքները:
Միայն պատկերացնելը, որ հրեաների համար սրբազան Սիոն լեռան վրա հայերն իրավունքներ ունեն, հիրավի, անհավանական է թվում: Հետեւաբար, նրանք միշտ պայքարելու են այդ իրավունքները մեզնից խլելու, իսկ մենք պայքարելու ենք մեր իրավունքները չկորցնելու համար: Իսրայելը միշտ խոչընդոտներ է ստեղծելու Հայոց պատրիարքարանի, հոգեւորականների համար, իսկ նրանք էլ միշտ հաղթահարելու են այդ բարդությունները:
Մոտ 10 տարի առաջ Սուրբ երկրում հայկական կալվածքները գնահատվել են 40 միլիարդ դոլար: Սա ընդամենը թիվ է, իսկ իրականում մեր հարստությունը Երուսաղեմում ուղղակի անգին է, գին չունի:
Հայաստանն Իսրայելում արդեն դեսպանատուն ունի, որի առաքելությունը պետք է լինի Երուսաղեմի պատրիարքարանը պաշտպանելը: «Ազգ»ի աղբյուրների մի մասը հավաստիացնում է, որ Երուսաղեմի հայ հոգեւորականները, ի դեմս Հայաստանի դեսպանատան, իրենց ավելի ամուր են զգում, իսկ մյուսներն էլ պնդում են, թե Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները ոչ ավելացրել, ոչ էլ պակասեցրել են Պատրիարքարանի՝ հնուց եկած խնդիրները:
Երուսաղեմի Պատրիարքը հաստատվում է Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինի կառավարությունների կողմից, եւ նրա իշխանությունը տարածվում է այս երեք երկրում: Պատրիարքարանի կանոնադրության մեջ ամրագրված է, որ նա հաշվետու չէ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի առաջ: Դարերով եկած այս արտոնությունը հաճախ շահարկումներ է առաջ բերում, ու ստիպում հույսներս դնել այն բանի վրա, թե տվյալ ժամանակահատվածում Պատրիարքը բարեխի՞ղճ կգտնվի, թե ոչ, կչարաշահի՞ հաշվետու չլինելու իր ազատությունը:
Երուսաղեմի պատրիարքարանն աշխատում է խիստ ռեժիմով եւ գտնվում է ամենժամյա մշտադիտարկման տակ:
Վաղ առավոտից, իսկ որոշ դեպքերում՝ գիշերվանից եկեղեցին սկսում է իր արարողությունները կատարել:
Սովորաբար ժամը 6-ից սկսվում են եկեղեցական արարողությունները: Որոշ ծեսեր մի քանի ժամ են տեւում: Արարողությունները կատարվում են ըստ ժամանակացույցի եւ խստորեն: Եթե գրված է՝ այս ժամին պետք է պատարագ արվի, ուրեմն պետք է արվի, այլապես այդ իրավունքը հայերի ձեռքից կվերցնեն մրցակից հույն եւ լատին եկեղեցիները:
Երուսաղեմը պետք է ուժեղանա Էջմիածնով. էջմիածնի միաբանների պարբերական այցերը, նրանց դասախոսությունները ավելի կամրացնեն կապը Մայր Հայաստանի, Մայր աթոռի հետ:
Երուսաղեմի պատրիարքարանի ուժեղ լինելը համայն հայության, Էջմիածնի, Հայաստանի հզոր լինելն է նշանակում: Իր տարածքով, իր պատմությամբ պատկառանք ու հպարտություն է ներշնչում: Երսուսաղեմը մեր քրիստոնեական ինքնության գլխավոր վկայություններից է:
Միլիոնավոր մարդիկ են այցելում Հիսուս Քրիստոսի գերեզմանին, ինչպես նրա ծննդավայր Բեթղեհեմի տաճար, նորոգում իրենց ուխտը, ու տեղում իմանում են, որ այդ տարածքում իրավունքներ ունի նաեւ Հայ եկեղեցին:
Հայ ժողովուրդն այսքան փոքր լինելով՝ կարեւոր դերակատարում ունի Երուսաղեմում արդեն 14 դար:
ՆԱԻՐ ՅԱՆ