Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու որոշումից հետո, որը Ադրբեջանը եւ նրան հարակից Թուրքիան ու Ռուսաստանը օգտագործուն են որպես կոշիկ փայլեցնելու շոր, ինչ-որ բան սպասել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի խնդրանքով եւ Հայաստանի դիմումով Լաչինի միջանցքը բացելու քննարկումից (քննարկումներն օգոստոսի 16-ին էին), առնվազն իրատեսական չէ: Ավելի՞ն էիք սպասում այդ քննարկումից , քան կոչը, թե Լաչինի միջանցքը պետք է բացել եւ որ՝ մարդկանց հումանիտար իրավունքները չի կարելի արհամարհել: Անգամ եթե բանաձեւ ընդունվի, կամ՝ հնարավոր է՝ հորդոր-առաջարկ, խորհուրդ, անգամ՝ վետոյի կիրառմամբ ոչ մի բան էլ չընդունվի, մեկ է, բանաձեւի դեպքում դա հերթական չկատարվող բանաձեւը կլինի:
Իսկ ի՞նչ է՝ այդպիսի բովանդակությամբ միջազգային ամենօրյա կոչերի պակաս կա՞ր, որ հիմա էլ բազմազանության համար ՄԱԿ-ի մակարդակով էի՞ք այդպիսի կոչ սպասում: Մի կազմակերպությունից, որ քաղաքական մարմին է, ու այնտեղ հարկ էր, թեկուզ հումանիտար բովանդակությամբ հայցի մեջ քաղաքական, խնդրի պատմաիրավական հիշեցման կետ ունենալ: Չեք արել՝ մտածված, թե ակամա, այդ դեպքում ի՞նչ պետք էր սպասել հարցի այդ դրվածքով: Ինչպիսին հարցն է լինում, այնպիսին էլ նրան տրվող պատասխանը կլինի: Իսկ թե բանաձեւ կստանա՞նք, վետո, խորհուրդ , թե՞ առաջարկ՝ այնքան էլ էական չէ: Մանավանդ՝ քննարման համարյա ընդհանրական մոտեցումը նկատի առնելով, որ դրված էր համարյա բոլոր ելույթներում. այն է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է, եւ բոլոր ելույթները ելնում էին հենց դրանից կամ ուղղված էին նրան, որ Ադրբեջանն իր տարածքում գտնվող Լաչինի միջանցքը բացի իր քաղաքացի արցախցիների համար, կամ Լաչինի ու Աղդամի ճանապարհները միաժամանակ բացի, կամ՝ այսուայն հերթականութամբ: Մեծ հաշվով սա էր քննարկումը, նայած ո՞ր շահերի կրող երկրի ներկայացուցիչն էր խոսում, ոգեւորո՞ւմ էր հայերին Ֆրանսիայի կամ Մալթայի ներկայացուցիչների պես, թե՞ ընդհակառակը՝ հիասթափեցնում, ինչպես Ռուսաստանի, Ալբանիայի եւ այլ երկրների դեպքում էր: Մի տեսակ՝ ես այդ քննարկումից զգում էի հայերիս ուղղված քաղաքական ենթատեքստը, ասես հատուկ կազմակերպված՝ մի տեսակ լեգիտիմացնելու ոչ մի ատյանի կողմից դեֆակտո չընդունված, չստորագրված փաստը, թե Արցախն այլեւս Ադրբեջանի կազմում է, ու հայերս, փաստորեն, այդ կանխավարկածից պիտի ելնենք:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում մեծ հաշվով քննարկվում էր հետեւանքի մասին՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հումանիտար հետեւանքի վերացման: Հարցի բուն պատճառի՝ քաղաքական լուծման մասին քար լռություն պահպանելով խոսել դրա հետեւանքով ստեղծված հումանիտար խնդրից՝ սա կա՛մ արտաքին քաղաքականությունից բան չհասկանալ է, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանալով՝ դիտավորյալ հարցը փակուղի տանել է, երբ մեր օրերի Ազգերի լիգա ՄԱԿ-ում ոչ մեկին չի հետաքրքրում հայերի քաղաքական իրավունքները, այլ խոսք է գնում միայն հումանիտար իրավունքից, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտությունից, առանց խորանալու, որ հայերին սովամահ անող Բաքվի հետ երկխոսությունից խոսելը երեսպաշտություն է, սովածն ու կուշտն ինչի՞ շուրջ պետք է երկխոսեն:
Այդպես անիմաստ օգտագործել ՄԱԿ-ի ամբիոնը, որի հնարավորությունը մոտակա ժամանակում հայերը հազիվ թե ունենան, նշանակում է պարզապես՝ իմիտացիա անել, որ բարձրացնում ես խնդիրը, միջազգայիններից ստանալ այն, ինչ նախապես հենց նույն միջազգայինների գծած քարտեզով իրականացվում է եւ հայտնվել ճագարի՝ նույն շրջագծով անիմաստ պտտվելու օղակում: Թե բա՝ վերջակետ, Լաչինի միջանցքը պետք է բացվի (ԱՄՆ), խաղաղության օրակարգի ստեղծարար ոգու պահպանմամբ, ու Աղդամով ճանապարհն անգամ դիտարկում էր ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչը, ճիշտ է հիմնական դիտարկելով Լաչինի ճանապարհը: Իսկ Ռուսաստանի ներկայացուցչին, եթե նրան չճանաչեինք, մի պահ կարելի էր ընդունել որպես Ադրբեջանի ներկայացուցչի:
Վարչապետն էլ այդ քննարկումից հետո ասում է՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը. տնաշեն, արտերկրում նույնիսկ դպրոցականները գիտեն, որ ադրբեջանցին, թուրքն ու ռուսը ձեռք-ձեռքի փակ են պահում Լաչինի միջանցքը, ու ասենք թե այն բացելու առանձին- առանձին կոչերը հիմա միասնաբար արեցին, դրանից արցախցիների բերանը բա՞ն մտավ: Դրա փոխարեն՝ Արարատ Միրզոյանն էլ, երկրի վարչապետն էլ թող հակառակ կողմից գան՝ չի բացվում Լաչինի միջանցքը, խաղաղության օրակարգի մասին ոչինչ չի քննարկվում, ու վե՛րջ: Ասեիք, որ չի կարող երկխոսություն լինել դահճի ու զոհի միջեւ, դադարեք հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, երբ Արցախի ղեկավարությունն այս պահին էլ ինքնորոշման իրավունքից է խոսում: Ընդունեք, որ սխալ արտաքին քաղաքականություն եք վարել, ինչը հանգեցրել է այս վիճակին, փոխե՛ք մոտեցումները, սխալի կեսից հետ դառնալը ամոթ չէ: Մինչդեռ՝ վարչապետ Փաշինյանն ասում է.
«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ պաշտոնական Բաքվին կոչ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»:
Չենք հոգնի հարցնել՝ ո՞ր խաղաղության օրակարգը, էն որ քո հայրենիքի մի մասը դիտարկվում է որպես Ադրբեջա՞ն, թե այն, երբ առեւանգվում է Հայաստան վիրահատության եկող արցախցին, ու նրան Բաքվի կողմից ներկայացվող մեղադրանքը մեղադրանք է լինելու Արցախի ու Հայաստանի՝ ղարաբաղյան շարժմանը, ազատագրմանը, վերջին 44-օրյա պատերազմին մասնակցած բոլոր հայ տղամարդկանց: Կամ միգուցե այն, երբ ամեն օր համարյա կրակոցներ կան Արցախի ու Հայաստանի այս ու այն բնակավայրի ուղղությամբ, գերիներին չեն վերադարձնում ու տանջում են Բաքվի բանտում, նոր գերիներ վերցնում, պահեստազորային առեւանգում: Ես մինչեւ հիմա չգիտեմ որեւէ ազգության ներկաացուցչի, որն ինքնակամ, գոյութենական վախից դրդված՝ հայրենիքը հանձնի ուրիշի, մտածում ես՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնել պատրաստվողները հայ չե՞ն, ազգի ներկայացուցիչ չե՞ն, չե՞ն պատկերացնում վտանգի աստիճանը, որը հաջորդելու է Արցախն Ադրբեջանին բարեհաջող հանձնելուց հետո: Եթե չեն պատկերացնում, թող միանան Բաքվի հեռուստաալիքներ, որոնցով ողջ Հայաստանի քարտեզն են ամեն օր ցուցադրում՝ ադրբեջանական անուններով, Բաքվի ախորժակն արդեն ողջ Հայաստանն է ուզում, ու ոչ թե նրա այսուայն կտորը:
Խաղաղության օրակարգից խոսողներին մի վերջին անգամ հարցնենք՝ համոզվա՞ծ եք գործում, թե պարզ մոլորության մեջ ե՞ք: Եթե մոլորության մեջ եք՝ ապա սխալն ուղղելի է, ուղղակի պետք է նորմալ մարդկանցով, իրական մասնագետներով փոխարինել համապատասխան պատասխանատուներին: Ախր զարմանալի է, որ չեք տեսնում, մինչդեռ անզեն աչքով էլ այժմ երեւում է, որ Էրդողանն ու Պուտինը որոշել են նորովի կիսել Հարավային Կովկասը, այդ թվում Հայաստանն ու Արցախը, իսկ նրանց իբր դիմակայող ԱՄՆ-ը, մյուս պետությունները, պարզապես իրենց փայն են ուզում, կամ արդեն անթաքույց Նոր Խազարիա ծրագիրն են իրականացնում, ու այդ պատճառով նույնպես խոսում են նույն այդ բանից, որը հնարավոր չէ՝ խաղաղությունից:
Խաղաղությունն, այո, լավ բան է, ու կենսական անհրաժեշտություն մեզ համար, ու ոչ թե՝ հանքային, տնտեսական, էներգետիկ շահ, ինչպես մեծ խաղացողների արտասանած բառակույտերի տակ թաքնված բուն իմաստն է: Սական մեր դեպքում ուրիշների ձեւած խաղաղությունը պարտադրելը հայրենիքի կորուստ է նշանակելու, որին հաջորդելու է պետության կորուստը:
Եթե որեւէ մեկը պատրանքներ ունի, որ այդպես չէ, կա՛մ տեսողության խնդիր ունի, կա՛մ կրկնակի մուգ ակնոց է հագել ու չի տեսնում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում, այդ թվում Հայաստանի եւ Արցախի շուրջ, այդ եւս ուղղելի է՝ պատրանքազերծումը: Երբեմն պետք է սեփական ձայնն անջատել ու լսել ուրիշներին: Եթե անգամ միայն հիշենք, որ Աղդամում ռուս -թուրքական կենտրոն է գործում, այնտեղ միասին են գծում պլանները, այդ թվում՝ Արցախի շրջափակման, դա թույլ կտա որոշողներին միշտ սթափվել ամենաթունդ պատրանքների պահին:Այդ պլաններում Արցախի մասով կոնկրետ հեռահար ծրագիր կա՝ հայաթափում: Միայն պատկերացրեք, որ արդեն սովամահության դեպք գրանցած Արցախում, որի տարբեր դիրքերը Ադրբեջանը միշտ էլ գնդակոծում է, եթե մի քանի անգամ այսպես տեւաբար շրջափակի ու ամեն անգամ մի շաբաթով բացի սոված, հոգնած, ձմռանը մրսած արցախցիներին Հայաստանի հետ կապող ճանապարհը: Բնականաբար՝ Արցախը կդատարկվի, քանի որ Բաքվի պայմաններով երկխոսելու առաջարկը նրանց համար հույսի տեղ չի թողնում: Իսկ Արցախում տեղի ունեցող ներքաղաքական ենթատեքստեր ուեցող քայլերը ոչ մի լավ բան չեն հուշում…
Եթե պատրանքազերծումն իշխանությունն ինքնուրույն չի կարող անել, ներկա ընդդիմությունն էլ թաթախված է նույն աշխարհաքաղաքական խաղերի մեջ, ապա ի վերջո կգտնվեն մարդիկ, որոնք իշխանությանը իրականության դաշտ կբերեն, Մաշտոցի պուրակում ժամանակին ներկա իշխանավորներից շատերի կողքին աշխուժակ եղած Սամվել Սարգսյանը վկա, որը հայտարարել է, որ մարդկանց համախմբելու քննարկումներ է սկսել, իսկ նրա նմաններին բերման ենթարկելը չի կարող կասեցնել այդպիսի քննարկումները: Նորերը գալու են:
Այնպես որ մեր խնդիրների լուծումը նախ մեզնից է կախված՝ նախ մարդկանցից (ոչ արկածախնդիր, ազգային խմդիրներին նվիրված), օրակարգի ճիշտ դրվածքով, համահայկական կոնսենսուսով ձեւավորված մոտեցումներով, բանակը պատրաստելով…
Իսկ թե ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ինչ բանաձեւ կընդունի, որքանով դա ծռմռված կլինի ՄԱԿ մշտական եւ ժամանակավոր անդամ երկրների նավթագազազային եւ նյութական այլ շահերի դիպչելով, շատ փոքր նշանակություն ունի, մանավանդ՝ Ադրբեջանն իրեն դուրս է դրել միջազգային օրենսդրությունից ու հերթական անգամ շան տեղ չի դնելու այդ բանաձեւը, խորհուրդը կամ հորդորը՝ ինչ էլ ընդունվի, իսկ դուք փորձում եք ա՛յդ օրենսդրությամբ նրա վրա ազդե՞լ:
Սնուփ Դոգի վրա ծախսելիք 6 մլն դոլարով առնեիք ՄԱԿ անդամներից եւ հրավիրյալ անդամներից նրանց , ում հնարավոր էր առնել. աշխարհն է այդպիսին, ոչ թե՝ դժբախտութունը դռանը՝ լոճվեիք համերգներով եւ փառատոներով…
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ