Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները գտել են «ժողջան»-ի թույլ կողմը. մեկը «նախկինների» թեման միշտ թեժ պահելն է, մյուսը՝ Մետրոյի նոր կայարան կառուցելու՝ մեկը մյուսից հավակնոտ խոստումներ տալը: Երբեմն թվում է՝ լույսը բացվում է՝ մետրոյում են, քնելիս մետրոյում են՝ շինաշխատանքներն արագացնելու հարցով: Իրականությունն այն է սակայն, որ 2018-ին մետրոյով աշխատանքի գնացող պաշտոնյաներն այսօր առանց «պադավատի» ընդմիջման էլ չեն գնում, իսկ «Աջափնյակի» կայարանի միայն անունը կա:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ մետրոյի հանդեպ ունեցած բուռն սերն արտահայտվում է չինովնիկների՝ մեկը մյուսին գերազանցող սիրատոչոր հայտարարություններով: Քայլելով իշխանության եկածներն այնքան են խոսում մետրոյի նոր կայարանների մասին, որ կարող են գլուխ ջարդել աշխարհի ամենաբանիմաց մետրոագետի հետ, վարպետության դաս տալ ու սովորեցնել՝ ինչպես ասել ու չանել:
Փաշինյանի թիմում մետրոյի հավակնոտ ծրագրերից առաջինը խոսեց այժմ, իբրեւ թե, հակառակ ճամբարում հայտնված նախկին քաղաքապետը: Կատակերգուի թիկնոցը քաղաքական աթոռով փոխարինած Հայկ Մարությանը նախ բարձագոչեց, թե նոր կայարանն օտարերկրյա անհայտ մի ընկերություն կկառուցի, այնուհետեւ հետողորմյա անելով՝ գլուխ գովեց, թե իրե՛նք դա կանեն: Բայց իր՝ եփած հավի ծիծաղն անգամ առաջացնող հայտարարությունները հօդս ցնդեցին, թիմակիցների թեթեւ ձեռքով էլ ստիպված եղավ հրաժեշտ տալ պաշտոնին:
Մարությանի «սուրբ» գործն այժմ շարունակող կա՝ Տիգրան Ավինյանը, որ օրերս հայտարարել է, թե «Աջափնյակ» կայարանի նախագիծը փորձնական փուլում է, «Սուրմալու» կայարանի նախագծի մրցույթն էլ շուտով կհայտարարվի: Մոտ երկու ամսվա քաղաքապետի խոսքերին հավատալ իսկապես ուզում եմ, բայց Երեւանի «Մետրոպոլիտենի» «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության Հրապարակ» կայարանների չաշխատող ու չնորոգվող «տուրնիկետները» (պտտաարգելափակոց) ամեն օր տեսնելով՝ ակամա մտածում եմ՝ 2018-ից հետո Երեւանի կառավարումը ստանձնածները լուրջ եւ անբուժելի սինդրոմով են «տառապում», անունը՝ «մետրոյացավ»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ