1923 թվականին Ստեփանակերտի Արմենավան թաղամասում տեղադրված 35կՎտ հզորության դիզելային գեներատորը էլեկտրական լամպը վառեց Արցախի մայրաքաղաքում: 1930 թվականին թողարկվեց Կար-Կառ գետի վրա կառուցված 480կՎտ հզորության հիդրոէլեկտրակայանը: Նրանց հաջորդեցին փոքր հզորության դիզելային էլեկտրակայանների կառուցումը Ստեփանակերտում (այժմյան Քաղցանցին հարակից շուկայի շենքում) եւ շրջկենտրոններում:
1940 թվականին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) շինարարություն սկսվեց Թար-Թառ գետի վրա` Մատաղիս գյուղին հարակից, որը գործարկվեց 1947 թվականին` էլեկտրական էներգիա մատակարարելով նաեւ հարեւան հանրապետության Միր-բաշիր քաղաքին:1954 թվականին շահագործման հանձնվեց Աղդամ-Ստեփանակերտ 35կՎ օդային գիծը եւ 35/6կՎ 2×1800 կՎԱ հզորության տրանսֆորմատորային ենթակայանը, որը ապահովեց Ստեփանակերտի եւ իր արվարձանների էլեկտրամատակարարումը, ինչպես նաեւ Շուշի քաղաքը: Կառուցվեց Ասկերանի 35/10կՎ ենթակայանը` ապահովելով էլեկտրամատակարարում Ասկերանին, քիչ անց նաեւ շրջակա գյուղերին` 10 կՎ օդային գծերով:
Հադրութի շրջանի Իշխանագետի վրա 1955 թվականին սկսվեց կառուցվել միանգամից երեք փոքր ՀԷԿ: 1957-ին գործարկվեց Տումի եւ Մեծ Թաղլար ՓՀԷԿ-երը 55 եւ 50կՎտ հզորությամբ, 1958-ին 80կՎտ հզորությամբ Տողի ՓՀԷԿ-ը:
Արցախում խորհրդային խշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն է, որը գործում էր 1930-ական թվականներից: Այն ուներ փոքր հզորություն եւ երկար ժամանակ բավարարում էր միայն Ստեփանակերտի պահանջները: 1940-ական թվականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարդակերտի շրջանի Մադաղիս բնակավայրի մոտ: Համեմատաբար հզորը Սարսանգի ՀԷԿ-ն է, որը կառուցվել է Մարտակերտի շրջանում Թարթառ գետի վրա, շահագործման է հանձնվել 1970-ական թվականներին: Հզորությունը կազմում է 50 հազար կՎտ: 1988-1993թթ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Սարսանգի ՀԷԿ-ը նույնպես չէր գործում: Այժմ այն շահագործվում է: 1940թ. Արցախում արտադրվել է 1.51 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, իսկ 1988թ.` 57.8 միլիոն կՎտժ:
Այժմ Արցախի տնտեսության կարեւոր ոլորտ է հանդիսանում էներգետիկան: Դա իրականացվում է Թարթառ գետի վրա գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով: Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին եւ տարեկան արտադրում էր 65 մլն կՎտժ էլեկտրական էներգիա:
Ձմռան դժվարին պայմաններում կարեւոր նշանակություն ունի Արցախի բնակչության հուսալի եւ կայուն էներգամատակարման խնդիրը:
2023 թվականի հունվարի 9-ին` ժամը 14:35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կիլոմետրում արձանագրվել էր վթար: Վթարը գտնվում էր Աղավնո-Բերձոր հատվածում: Ադրբեջանական կողմի թշնամական դիրքորոշման պատճառով նշված հատվածում հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել արտադրող տեղական կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:
Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են էլեկտրական էներգիայի հովհարային անջատումներ:
«Արցախէներգո» ընկերությունը ստեղծվել է 1998թ-ի դեկտեմբերի 29-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ԱՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով:
Ներկայում Արցախի տարածքում մնացել է վեց ՀԷԿ` Սարսանգի, Գետավանի եւ Թրղիի կասկադի չորս ՀԷԿ-երը: Մեր տարածքում առկա է 75 ՄՎտ գումարային հզորություն: էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, որոնք Արցախը կապում են Մայր Հայաստանի հետ, անցնում են Բերձորի տարածքով:Անհրաժեշտ է մշակել Արցախի էներգետիկայի զարգացման ծրագիր եւ փուլ առ փուլ այն դարձնել իրականություն:Արցախի էներգետիկան պետք է դառնա ինքնաբավ: Արցախի էներգետիկ շրջափակումը դատապարտելի երեւույթ է եւ պետք է արդարացի գնահատանքի արժանանա միջազգային մակարդակով:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր