Հավակնորդներն ու հավակնությունները մեծ են մայրաքաղաքի ավագանու համար մղվող ընտրապայքարում: 2021 թ.ի հապճեպ, ես կասեի՝ մեղսակցային ընտրություններից հետո, առաջիկա ընտրությունները լինելու են նույնքան ճակատագրական, որքան կապիտուլյացիայից հետո կայացած համապետական ընտրությունները, այն էլ՝ մի քանի պատճառներով.
ա) Եթե խորհրդարանական վերջին ընտրությունները ամոթալի պարտությունից հետո իր զավթած գահի վրա վերահաստատեցին, ի զարմանս արտաքին թշնամիների ու բարեկամների, Նիկոլ Փաշինյանին, ապա առաջիկա քաղաքային ընտրությունները, իշխանության հաջողության դեպքում, փաստորեն կլինեն ընտրողների համաձայնությունը նրա վարած կործանարար քաղաքականությանը:
բ) Նկատի ունենալով, որ, դժբախտաբար, մայրաքաղաքը գրեթե ամբողջությունն է քաղաքական Հայաստանի, որտեղ կան ե՛ւ ընդդիմադիրներ, ե՛ւ իշխանամետներ, նաեւ՝ բավականին քաղաքականացված հասարակություն՝ ի տարբերություն երկրի այլ քաղաքների ու շրջանների, ուրեմն առաջիկա ընտրությունները կլինեն շատ բուռն եւ երկրի ապագայի համար՝ շատ վճռական: Ի հավելումն՝ Երեւանում է կենտրոնացած, դարձյալ դժբախտաբար, լրատվամիջոցների մեծամասնությունը, որը թեեւ նույնպես հակոտնյա դիրքերում է գործում կամ գործածվում, սակայն, մյուս կողմից, ընտրական զեղծարարությունները, խարդախություններն ու վարչական միջոցների օգտագործումը լինելու են ԶԼՄ-ների «ափի» մեջ եւ օտարերկրյա դեսպանատների տեսադաշտում, ու, հետեւաբար, ընտրապայքարը կլինի շատ աղմկահարույց:
գ) Ընդդիմադիրներն իրենց ջանքերն ու իրենց մարդկանց ակնկալությունները յումպէտս վատնելուց հետո այժմ քաջ գիտակցում են, որ իրենց համար «սա՛ է վերջին կռիվը եւ պայքարը մեծ», քանի որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը նրա իշխանության երկարաձգումն է մինչեւ… առնվազն եւս մեկ շրջան, որի դեպքում ստիպված են լինելու դիմել պայքարի հուսահատական եւ բոլոր պարագաներում վտանգավոր միջոցներին:
դ) Առաջիկա ընտրությունները վճռական են լինելու նաեւ սովորաբար ստվերը նախընտրող շրջանակների՝ կոռումպացված ու կոռումպացնող տնտեսվարողների, առեւտրականների, գործարարների ու կալվածատերերի, մի խոսքով՝ «խավարի ասպետների» համար, որոնց շահը ուղիղ համեմատական է քաղաքային իշխանությունների շահերի հետ: Այլ խոսքով՝ նրանց միջեւ կռիվը լինելու է շահի եւ առավել շահի համար:
ե) Բնավ չի բացառվում, որ բուռն մրցակցություն լինելու է նաեւ մի քանի դեսպանատների միջեւ, որոնց ներքին ազդեցության գոտիները, գործակալներով հանդերձ, կարող են հակընդդեմ դիրքերում հայտնվել:
Մինչ այդ, իր հին կամ նոր տերերին սպասելիս, մեր մայրաքաղաքը, որ վերջին 10 տարիներին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի ստացել իր հոգսերը թեթեւացնող,- նկատի ունեմ՝ նոր մայրուղիներ, շրջանցիկ ճանապարհներ, կամուրջներ, հանգստի գոտիներ եւ այլն,- ստիպված է համբերել եւ հուսալ, որ ընտրությունների արդյունքում ինչ-որ մեկը կգա քաղաքատնտեսական ու քաղաքաշինական՝ եթե ոչ փորձառությամբ, ապա գեթ կրթությամբ ու գիտելիքներով, որպեսզի կարգի բերի տրանսպորտը, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, վերջ տա վայրագ շինարարություններին, նվազեցնի օդի անտանելի կեղտոտումը, ահռելի աղմուկը, տարբեր ձեւերով լուծի ավտոմեքենաների կայանատեղիների եւ մյուս հիմնախնդիրները:
Ավա՜ղ, դատելով քաղաքագլխի պաշտոնի համար մինչեւ այժմ անվանապես շրջանառվող հավակնորդների կենսագրությունից ու մասնագիտական պատրաստությունից, մեր սիրելի մայրաքաղաքը դեռ երկար է սպասելու հոգատար, երեւանասեր, արդիական բաց մտածողությամբ օժտված քաղաքապետ ունենալուն: Այդ պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ հավակնոտ են եւ անհարմար շնչահեղձության մատնված մեր մայրաքաղաքը փրկելու:
Նրանք, բոլորն էլ, պատրաստվում են զուտ քաղաքական կամ նեղ անձնական խնդիրներ լուծելու:
Նրանց համար Երեւանը համեղ տորթ է, ընդամենը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ