Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մելինե Մեսրոպյան. Հայկական հետքեր ճապոնական արխիվներում եւ նոր բացահայտումներ Դիանա Աբգարի մասին

Արծվի Բախչինյան
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբը՝ նախորդ համարում

-Վերջին տասնամյակում Դիանա Աբգարը կարծես դարձավ մի տեսակ նորաձեւ անուն, պատեհ թե անպատեհ առիթներով հոլովում են նրա անունը՝ առանց համակողմանի ուսումնասիրելու: Մասնավորապես շահարկվում է նրա՝ աշխարհում առաջին կին դեսպան լինելու իրողությունը: Սակայն հայտնի է, որ տակավին 17-րդ դարում եղել են կին դեսպաններ՝ ի դեմս հոլանդուհի Բարտոլդա վան Սվիտենի եւ շվեդուհի Կատարինա Ստոպիանի: Բայց մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Դիանա Աբգարը եղել է դիվանագիտական գործունեությամբ զբաղված առաջին հայուհին:

-Դիանային հաճախ բնութագրում են որպես «աշխարհի առաջին կին դիվանագետ» կամ «առաջին կին դեսպան». պնդումներ, որոնք գիտական քննությանը չեն դիմանում:
Լավ եմ հիշում իմ առաջին հետազոտական ծրագրի ներկայացումը, երբ ես նույնպես օգտագործեցի այդ հանրահայտ ձեւակերպումները: Արձագանքն անմիջական էր. զարմացած հայացքներ, ապա՝ դասախոսներիս սուր եւ լիովին հիմնավորված հարցերը: Շուտով պարզ դարձավ, որ նման եզրերը չեն կարող հեշտորեն օգտագործվել: Այդ հարցերն ինձ ստիպեցին վերադառնալու աղբյուրներին՝ ոչ միայն պատմական արխիվներին, այլեւ Դիանայի ժամանակաշրջանի միջազգային իրավունքին: Այդ պահը դարձավ շրջադարձային իմ հետազոտության համար եւ պարտադրեց հստակեցնել սահմանումները, իրավական շրջանակները եւ պատմական համատեքստը՝ նախքան դիվանագիտական կարգավիճակի վերաբերյալ որեւէ պնդում անելը:

Քսաներորդ դարի սկզբի միջազգային իրավունքի տեսանկյունից Դիանային չի կարելի բնութագրել որպես դիվանագետ պաշտոնական իմաստով: Մինչեւ 1961 եւ 1963 թվականների Վիեննայի կոնվենցիաները դիվանագիտական եւ հյուպատոսական դերերը կարգավորվում էին սովորութային իրավունքով: Թեեւ սահմանումներն այն ժամանակ այնքան հստակ ձեւակերպված չէին, որքան այժմ, այնուամենայնիվ, գոյություն ուներ հստակ տարբերակում դեսպանների եւ հյուպատոսների միջեւ, եւ դիվանագիտական կարգավիճակը կախված էր ընդունող պետության ճանաչումից:

Դիանան նշանակվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս՝ նորանկախ եւ քաղաքականապես խոցելի պետության առաքմամբ: Ժամանակաշրջանի միջազգային իրավունքի համաձայն, պատվավոր հյուպատոսները, հատկապես նրանք, ովքեր ապրում էին ընդունող երկրում եւ չէին վարձատրվում նշանակող կառավարության բյուջեից, չէին համարվում դիվանագետներ, նույնիսկ այն դեպքերում, երբ իրականացնում էին դիվանագիտական գործառույթներ: Աբգարի նշանակումը պաշտոնապես չէր ճանաչել ճապոնական կառավարությունը, հետեւաբար նրան պաշտոնական կարգավիճակ չեն շնորհել:

Միեւնույն ժամանակ անժխտելի է, որ Դիանան գործնականում իրականացրել է դիվանագիտական աշխատանք: Մոտավորապես 1910-ից մինչեւ 1920-ականների վերջը նա բանակցել է կառավարությունների հետ, նամակագրություն է վարել միջազգային կազմակերպությունների հետ, պաշտպանել է փախստականների շահերը եւ հանդես է եկել որպես հայերի ներկայացուցիչ ձայն՝ հաճախ առանց ինքնիշխան պետության հովանու: Հենց այդ պատճառով էլ նրա ծոռնուհի Միմի Մալայանը հետագայում իր վավերագրական ֆիլմը վերնագրեց «Պետություն չունեցող դիվանագետը»՝ ներկայացնելու համար մի կնոջ, որը դիվանագիտական գործունեություն էր իրականացնում առանց պետական պաշտպանության՝ պաշտոնական նշանակումից առաջ եւ հետո:

Արդեն Դիանայի կենդանության օրոք տարբեր երկրների կանայք սկսել էին ամբողջապես կամ մասամբ հայտնվել դիվանագիտական կամ կիսադիվանագիտական դերերում: Առանց շատ հեռու գնալու՝ 1910-ականների վերջին եւ 1920-ականների սկզբին ժամանակի մամուլում գրում էին այնպիսի գործիչների մասին, ինչպիսիք էին Ադելաիդ Լիվինգսթոնը, Ռոզիկե Շվիմմերը, Նադեժդա Ստանչովան եւ Լյուսիլ Աչերսոնը, որոնք կատարել են դիվանագիտական գործառույթներ: Այս համատեքստը հստակ ցույց է տալիս, որ Դիանա Աբգարին որպես «առաջին կին դիվանագետ» կամ «առաջին կին դեսպան» ներկայացնող պնդումները չեն համապատասխանում ժամանակաշրջանի իրավական եւ քաղաքական իրողություններին:

Այն, ինչ կարելի է վստահությամբ եւ հպարտությամբ արձանագրել, այն է, որ Դիանա Աբգարը եղել է առաջին հայ կինը, որը զբաղվել է շարունակական դիվանագիտական գործունեությամբ: Նրա աշխատանքը ներկայացնում է հայերի վաղ եւ նշանակալի մասնակցության օրինակ միջազգային մարդասիրական եւ դիվանագիտական ցանցերում: Ժամանակի իրավական, քաղաքական եւ պատմական պայմաններում նրան հասկանալը ոչ միայն չի նվազեցնում նրա նշանակությունը, այլեւ, հակառակը, թույլ է տալիս գնահատել նրա գործողությունների ինքնատիպությունն ու խիզախությունը՝ առանց հենվելու առասպելականացված կոչումների վրա:

–Անդրադառնանք մեկ այլ վիճելի հարցի: Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ 1920 թվականի հուլիսի 22ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ՝ պատվավոր հյուպատոս: Պատմական իրադարձությունների բերումով այս նշանակումը եղել է միակողմանի, 1920-ի վերջին Հայաստանի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ, եւ Դիանա Աբգարը Ճապոնիայի կառավարության կողմից այդպես էլ պաշտոնապես չի ճանաչվել իբրեւ Հայաստանի հյուպատոս: Սակայն, կարծում եմ, այս դրվագը չի նսեմացնում Դիանա Աբգարի՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս նշանակվելու իրողությունը:

-Լիովին համաձայն եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից պաշտոնական ճանաչման բացակայությունը ոչ մի կերպ չի նվազեցնում Դիանա Աբգարի՝ Հայաստանի պատվավոր հյուպատոս նշանակման պատմական նշանակությունը: Ընդհակառակը, հենց այդ նշանակումն ինքնին ուշագրավ է, քանի որ այն փաստացիորեն հաստատում է ավելի քան մեկ տասնամյակ շարունակ իրականացված մարդասիրական եւ քաղաքական գործունեությունը, որը նա արդեն ծավալել էր հայ ժողովրդի անունից:

Միեւնույն ժամանակ այս դրվագը պահանջում է զգույշ մեկնաբանություն: Քսաներորդ դարի սկզբին դիվանագիտական եւ հյուպատոսական նշանակումները գործում էին բարդ իրավական եւ քաղաքական շրջանակում, հատկապես նորաստեղծ պետությունների համար, ինչպիսին էր Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Աբգարի նշանակումը միակողմանի քայլ էր քաղաքականապես խոցելի եւ միջազգային առումով անապահով մի հանրապետության կողմից, որի գոյությունը մշտապես վտանգի տակ էր: 1920 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, ինչի արդյունքում այլ պետությունների կողմից ճանաչումը դարձավ առավել եւս անհավանական: Ինչպես նշել է Ռիչարդ Հովհաննիսյանը, այդ ժամանակաշրջանում հայկական կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներից ոչ մեկին չճանաչեցին ընդունող պետությունները: Այս ավելի լայն համատեքստում դիտարկելիս՝ Աբգարի դեպքը բացառիկ չէր, այլ մաս էր կազմում այն ընդհանուր օրինաչափության, ինչը բնորոշ էր հայկական դիվանագիտական ներկայացուցիչներին: Սա հնարավորություն է տալիս համեմատական ուսումնասիրությունների՝ պարզելու, թե տարբեր կառավարություններ ինչպես են արձագանքել նման նշանակումներին կամ ինչու են հրաժարվել արձագանքելուց:

Այս չճանաչումը պատմականորեն հասկանալի է: Այն արտացոլում է աշխարհաքաղաքական անկայունությունը, անորոշ սահմանները, հարեւան պետությունների կողմից ռազմական միջամտության վտանգը, ինչպես նաեւ կոնկրետ իրավիճակային գործոններ՝ կապված առանձին նշանակված անձանց հետ, ներառյալ նրանց բնակության վայրը եւ նախորդ գործունեությունը: Այս դրվագն իր պատշաճ պատմական եւ իրավական շրջանակում տեղադրելը թույլ է տալիս Դիանա Աբգարի դերը գնահատել ճշգրիտ՝ առանց չափազանցման եւ միաժամանակ առանց դրա նշանակությունը նսեմացնելու:

–Քչերը գիտեն, որ Դիանա Աբգարը նաեւ գեղարվեստական գործեր է գրել՝ արձակ եւ չափածո: Ժամանակին կարդացել եմ նրա «Սյուզան» վեպը, որն ինքնակենսագրական բնույթ ունի եւ հնդկահայերի մասին եղած սակավաթիվ գեղարվեստական գործերից է:  Անդրադարձե՞լ ես նաեւ նրա գեղարվեստական ժառանգությանը:

-Այո՛, Դիանայի գրական ստեղծագործություններն ուսումնասիրել եմ նրա քաղաքական եւ մարդասիրական գրությունների հետ համատեղ: Էսսեների եւ հրապարակային գործունեության կողքին նա ստեղծել է նաեւ արձակ եւ չափածո գեղարվեստական գործեր, որոնք կազմում են նրա մտավոր ժառանգության կարեւոր, սակայն հաճախ անտեսված մասը:

Նա գրել է գեղարվեստական երկու արձակ գործ: Գրական ձեւով ներկայացված՝ դրանք հաստատորեն հիմնված են այն սոցիալական միջավայրերի վրա, որոնք Աբգարը լավ էր ճանաչում՝ արտացոլելով հայ համայնքների եւ գաղութային ժամանակաշրջանի հասարակությունների  իրականությունը: Դրանք թեեւ խիստ իմաստով ինքնակենսագրական չեն, խորապես ձեւավորված են նրա անձնական փորձով եւ դիտարկումներով:

Ձեր հիշատակած «Սյուզանն» առանձնանում է իր ուժեղ ինքնակենսագրական երանգով եւ, ինչպես նշեցիք, այն սակավաթիվ գեղարվեստական գործերից է, որ ներկայացնում են հնդկահայ փորձառությունը «ներսից»: Հերոսուհին՝ Սյուզանը, բազմաթիվ ընդհանրություններ ունի հենց Դիանայի հետ: Սակայն պետք է նշել, որ, ամենայն հավանականությամբ, Դիանայի հարաբերությունները մոր հետ շատ լավ են եղել՝ ի տարբերություն Սյուզանի: Այս ստեղծագործությունը, պատմական փաստագրում լինելու փոխարեն, արժեքավոր պատկերացում է տալիս հուզական կյանքի, սոցիալական նորմերի եւ գենդերային փորձառության մասին, որոնք բացակայում են պաշտոնական աղբյուրներում:

Ես ուսումնասիրել եմ նաեւ Աբգարի «Պատերազմի տնային պատմություններ» ժողովածուն, որը գտնվում է գեղարվեստական գրականության, վկայության եւ բարոյական խորհրդածության սահմանագծին: Այս պատմողական ուրվանկարները, գրված ընթերցող լայն հանրության համար, ներկայացնում են պատերազմի մարդկային գինը՝ առօրյա կյանքի միջոցով, կենտրոնանալով հատկապես կանանց ու երեխաների ճակատագրերի վրա: Երկու դեպքում էլ պատմությունները վկայում են իրենց ժամանակի եւ միջավայրի իրականությունների հետ սերտ ու գիտակցված առնչության մասին:

–Մելինե՛, եւ վերջում նշեմ, որ այս տարվա աշնանը կլրանա 15 տարի, ինչ բնակվում ես Ճապոնիայում, որտեղ կազմել ես ընտանիք: Հաջողվո՞ւմ է հայկականության դասեր տալ զավակիդ:

-Հայ ինքնությունը որդուս փոխանցելը մի բան է, որը փորձում եմ անել դպրոցական կյանքի եւ բազմալեզու միջավայրի իրականության մեջ: Ամուսինս՝ Ջերեմի Սեպտեմբերը, Հարավային Աֆրիկայից է. տնտեսագետ է, դասավանդում է Հյոգոյի համալսարանում: Նա մեր որդու հետ անգլերեն է խոսում, ճապոներենն էլ, բնականաբար, գերիշխում է նրա առօրյա կյանքում, ուստիեւ որդուս ծնունդից ի վեր ես գիտակցված որոշում եմ կայացրել նրա հետ միայն հայերեն խոսել: Ես փորձում եմ հետեւողականորեն օգտագործել հայերեն բառեր, նույնիսկ ռուսական ազդեցության տակ գտնվող արտահայտությունները փոխարինել համապատասխան հայերեն համարժեքներով, երբեմն փնտրելով բառեր, որոնք հազվադեպ ենք օգտագործում առօրյա խոսքում: Որդուս հայերենը, բնականաբար, զիջում է ճապոներենին եւ անգլերենին, հատկապես հաշվի առնելով հայերեն մանկական բովանդակության սահմանափակ լինելը, բայց ընթերցանությունն ու պատմությունները մեզ համար կենտրոնական են մնում: Նա սիրում է Անահիտի եւ Հայկ Նահապետի պատմությունը, գուցե ոչ պատահականորեն, քանի որ իր անունը Հայկ է: Ես չեմ սպասում, որ հայկական ինքնությունը հեշտությամբ ի հայտ կգա նրա մեջ. կարեւորը սերմը ցանելն է, որպեսզի մի օր նա իմանա, թե որտեղից է գալիս եւ ազատ զգա՝ վերադառնալու դրան իր ձեւով…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

Հաջորդ գրառումը

Վենետիկը կը մեծարէ Տ. Լեւոն Արք. Զէքիեանը

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Վենետիկը կը մեծարէ Տ. Լեւոն Արք. Զէքիեանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական