Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանի Նկարիչների Միությունում կայացավ Մարտիրոս Բադալյանի՝ «Իմ միջավայրն իմ ներկապնակն է» կոլաժների ցուցահանդեսը: Բադալյանի շատ յուրահատուկ մտածելակերպը կյանքի տարբեր երեւույթների շուրջ՝ ակնհայտորեն ի հայտ է գալիս նրա ստեղծագործություններում: Օրինակ, ազգային ողբերգությունները նա արտահայտում է համամարդկայնորեն, բայց եւ զգացվում է, որ արվեստագետին ավելի հատուկ է իր արվեստով կյանքի առավել ուրախ եւ հաճելի պահերը (բարություն, մեղեդի, կարոտ, զավեշտ) փոխանցելը: Նկարչի մոտ առկա է նաեւ ազգային տարրը: Իրար վրա կառուցված շենքեր, հայկական տարազով կերպարներ, Բանանց գյուղի մայրական կերպարանավորումը, հին մոռացված խաղեր ու ավանդույթներ: Զգացվում է նաեւ նկարչի սերը երաժշտության հանդեպ («Մեղեդի» շարքը), նաեւ իսպանական իրականության նկատմամբ: Իսկ Միության երկրորդ հարկն ամբողջովին զբաղեցնող նկարչի բազմաթիվ ինքնադիմանկարներն այս ցուցադրության սիրտն են: Տարբեր տրամադրություններով, տարբեր նյութերով (մեխեր, եգիպտացորենի կողրեր, մկրատներ, վրձիններ, դանակներ, ձկան գլխիկներ, փայտե հաշվիչ) ու արտասովոր, հաճախ՝ արտառոց հորինվածքներով այդ կտավները ակամայից դեմքիդ ժպիտ (իսկ որոշ դիտողների մոտ՝ անզուսպ քրքիջ) են բերում:
Ցավոք, արվեստասերին շատ կարճ ժամանակ տրվեց նկարչի ստեղծագործություններով հիանալու համար, բայց հոգ չէ, քանզի արդեն հաջորդ տարվա սկզբին, հնարավոր է, արվեստագետը հանդես գա եւս մի ցուցադրությամբ, ինչին եւ սիրով կսպասենք:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ