Այն պահին, երբ սոցցանցերը լայնորեն տարածում էին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քյարիմ Վալիեւի՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ֆոնին Անկարա կատարած աշխատանքային այցելության ժամանակ Աթաթուրքի դամբարանում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ խորհրդանշական լուսանկարը, երբ ամենուրեք խոսվում էր մեր սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի ահռելի քանակությամբ զորքի, զինտեխնիկայի ու ռազմամթերքի կուտակումներից, եւ երբ ՀՀ վարչապետն իր միջազգային գործընկերներին (բացառությամբ Ռուսաստանի) զգուշացնում էր նոր պատերազմի վտանգի մասին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, կրկնելով Արցախի ադրբեջանական պատկանելության մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը, խոսեց պատերազմ չհրահրելու ադրբեջանական կողմի հավաստիացումների մասին: Քանանին նույնիսկ, վկայաբերելով իր ադրբեջանցի գործընկերների խոսքերն, ասաց՝ «սահմանային տեղաշարժերն ընդամենը ձմռան ամիսների համար նախատեսված սովորական միջոցառումներ են»: Իսկ Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին էլ հնարավոր պատերազմի վտանգի մասին բարձրացված աղմուկը համեմատեց «մի բաժակ ջրի մեջ փոթորկի» հետ:
Դրանով հանդերձ, Իրանում գործող «Եվրասիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, միջազգային իրավունքի դոկտոր Ահմադ Քազեմին պատերազմի վտանգն իրատեսական է համարել եւ ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցված irdiplomacy կայքում հրապարակել «Սյունիքի հնարավոր պատերազմն ու Իրանի պատմական առաքելությունը» խորագրով իր ծավալուն հոդվածը:
Ահմադ Քազեմին իր հոդվածում մասնավորապես անդրադարձել է ադրբեջանական զորամիավումների կուտակումներին ու հայկական Սյունիքի մարզում հայտնված ադրբեջանական բանակի հանդերձանքով վարձկան ուժերին, որի պատճառով էլ Հայաստանում հնչում է արցախյան երրորդ պատերազմի տագնապը:
Ըստ հոդվածագրի, Ադրբեջանի ագրեսիվ մտադրություններն ավելի տեսանելի են դառնում հատկապես Բաքվի ու Թել Ավիվի միջեւ անցնող ամիսներին տեղի ունեցած խորհրդապահական ու բացահայտ բանակցություններից հետո: Իսրայելի կողմից Բաքվին նոր զինտեխնիկայի տրամադրումը, նշված է հրապարակման մեջ, տեղի է ունենում Բաքու-Թել Ավիվ պայմանավորվածության շրջանակներում, համաձայն որի, Բաքուն Իսրայելին թույլ է տալիս Ադրբեջանի տարածքում տեղակայել ավելի մեծ քանակությամբ զինտեխնիկա, քան անհրաժեշտ է Հայաստանի հետ պատերազմի համար:
Հեղինակի համոզմամբ, կովկասյան իրադարձությունների արագ տեմպերը, տարածաշրջանում տարբեր խաղացողների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քայլերը, ինչպես նաեւ Կովկասում Ռուսաստանի սխալ հաշվարկների վրա հիմնված քաղաքականությունն ու Իրանում խուճապ առաջացնելու նպատակով «գորշ գայլերի» ակտիվացումը, ավելի է բարդացնում խնդրի էությունը:
Կովկասում տիրող իրավիճակը նկարագրելու եւ Իրանի անելիքները հստակեցնելու նպատակով, Ահմադ Քազեմին անհրաժեշտ է համարում հաշվի առնել ներքոգրյալ հանգամանքները.
Ալիեւյան կլանն Ադրբեջանն ամբողջովին հանձնել է Իսրայելի տնօրինությանը՝ իր ճակատագիրը շաղկապելով՝ երեւակայական «Զանգեզուրի», նույն ինքը՝ ՆԱՏՕ-ի «թուրանական» միջանցքի հետ: Սակայն, հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ որեւէ իրավական հիմք չի նախատեսվել նման միջանցքի համար: Բացի այդ, Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հնարավորությունը բացառում է նման միջանցքի անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ի «թուրանական» միջանցքը Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի դավադրության մաս է կազմում, որը նպատակ ունի կասեցնելու Իրան, Ռուսաստան, Չինաստան առանցքով նոր աշխարհակարգի ձեւավորումը: Այդ պատճառով էլ նրանք աշխատում են, օգտվելով ուկրաինական պատերազմի հետեւանքով Կովկասում Ռուսաստանի դիրքերի հարաբերական թուլացումից, կյանքի կոչել անգլիացիների 200-ամյա թուրանական գաղափարը:
ՆԱՏՕ-ական միջանցքի գործարկման հարցում գլխավոր արգելքն Իրանի դիրքորոշումն է: Բաքվի, Թել Ավիվի ու Լոնդոնի հաշվարկն այն է, որ քանի դեռ Իրանում ներքաղաքական իրավիճակը ճգնաժամային որոշումներ կայացնելու աստիճանի չի սրվել, հնարավոր չէ ուժի գործադրմամբ լուծել միջանցքի հարցը: Եվ բնավ էլ պատահական չէ, որ վերջին ամիսներին եւ նախորդ տարվա ընթացքում Բաքուն, Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի հետ համագործակցելով, ամենաակտիվ դերակատարությունն է ստանձնել Իրանի ներքաղաքական կյանքը սրելու հարցում: Ամենավերջին սադրանքներից մեկը Ուրմիա լճի չորացման պատրվակով Բաքվում իսրայելական կիբեր կենտրոնի ու ալիեւյան կլանի համագործակցությամբ Իրանում դժգոհություններ հրահրելու փորձն էր: Անշուշտ, Թել Ավիվն ու Բաքուն այդ հարցում ռազմավարական սխալ էին թույլ տվել, քանի որ 2021 թ. սեպտեմբերին «Խեյբարի նվաճողներ» նշանաբանով զորավարժություններն ի ցույց դրենցին Իրանի կարողություններն ու հաստատակամությունը՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խարդավանքները չեզոքացնելու ուղղությամբ:
Բաքվի ու Անկարայի լոբբիստական կազմակերպությունները, որոնք հիմնականում հանդես են գալիս «գորշ գայլերի» հանդերձանքով, եւ շատ հաճախ երկրի որոշում կայացնող ատյաններում պատասխատանու դիրքեր են զբաղեցնում, հավատացած են, որ հաշվի առնելով 2020 թվականի արցախյան պատերազմի փորձը, նոր պատերազմի դեպքում կլուծեն Սյունիքից միջանցք բացելու հարցը: Իրենց նպատակին հասնելու համար նրանք վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի ներքաղաքական կյանքը ճգնաժամի վերածելու ուղղությամբ ջանքեր են գործադրում:
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը, որի մասին երկրում ակտիվացած «գորշ գայլերն» են բարձրաձայնում, ծանոթ սցենար է: Հայաստանը, 1994 թվականից ի վեր, Ադրբեջանի ու Վրաստանի նման, մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Այդ համագործակցությունը տեղի էր ունենում անգամ այն տարիներին, երբ Հայաստանը ղեկավարվում էր ռուսամետ նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի կողմից: Ուշագրավն այն է, որ աշխարհի ամենամեծ ԱՄՆ դեսպանությունը (բացառությամբ Իրաքի) Հայաստանում կառուցվել է հենց ռուսամետ Քոչարյանի նախագահության օրոք:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն թաքցրել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ համաժամանակյա համագործակցության մասին իրենց մտադրությունը: Ճիշտ է, Իրանը թե՛ նախկինում, եւ թե՛ այսօր դեմ է արտահայտվում Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի ու արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, սակայն հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների խնդրի վրա «գորշ գայլերի» ընդգծված սեւեռումը ո՛չ թե պայմանավորված է Կովկասում ԱՄՆ-ի ներկայության մտահոգությամբ, այլ բխում է այն մտայնությունից, որ Ալիեւի ռազմական ագրեսիային հակադարձելու հարցում Իրանի իշխանությունների մոտ կասկածներ առաջանան: Չնայած, որ նրանք Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ Կասպից ծովում անցկացված համատեղ զորավարժությունների նկատմամբ ոչ մի հակազդեցություն չեն ցուցաբերել: Այս երեսպաշտ քաղաքական հոսանքի ներկայացուցիչներն այն անձինք են, ովքեր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցելելան օրերին պնդում էին, թե այցի արդյունքներով Երեւանն իր համաձայնությունը կտա Բաքվի ու Անկարայի պահնաջած միջանցքի գործարկման հարցում, ուստի Իրանը չպետք է հանդես գա Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին: Իրականում, Հայաստանն այդ ընթացքում հրաժարվեց Արցախից, սակայն միջանցքի հարցում զիջումների չգնաց:
Փաստորեն Ռուսաստանը Կովկասում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում թույլ տված մեկը մյուսին հաջորդող սխալների պատճառով, հայերի հիասթափության համար հող է նախապատրաստել: Հայաստանի տարածքի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի գործադրած ռազմական ագրեսիայի ժամանակ Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի գործառույթներից հրաժարվելը, Լաչինի միջանցքի շրջափակումը կանխելու հարցում ռուս խաղաղապահների անգործությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված Բաքվի ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ Մոսկվայի կրավորական կեցվածքը, բավարար հիմք էին Հայաստանի արեւմտամետ վարչապտ Փաշինյանին՝ Ռուսաստանի հետ համագործակցությունից բացի, կենտրոնանալ նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ անվտանգային հարցերում համագործակցության վրա:
Այնուամենայնիվ, Ահմադ Քազեմին իր հրապարակման վերջում համոզմունք է հայտնում, որ Կովկասում Իրանի աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկության ու կայունության հաստատման հարցում պատմականորեն Իրանին վերապահված առաքելության շնորհիվ, կարելի է բացառել «թուրանական միջանցքի» գործարկման հավանականությունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Լուսանկարում՝ Քյարիմ Վալիեւն ու Յաշար Գյուլերը