Պարուհի, պարադիր եւ պարագետ Մարալ Եսայանի գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են պարի, մարմնականության եւ մարմնավորման վրա՝ հիմք ունենալով կատարողականության տեսությունն ու ազգագրական մեթոդները, որոնք կիրառվում են մշակութային, սոցիալական եւ ազգային բրենդավորման գործնական աշխատանքներում:
Ծնվել է Հորդանանում: Յոթ տարեկանից սովորել է բալետ, ժամանակակից պար, ջազ, իմպրովիզացիոն տեխնիկա, Հորդանանի ազգային եւ լատինամերիկյան պարեր (սալսա, մերենգե): Ամմանի կատարողական արվեստների կենտրոնում ուսանել է պարուսույց Ռանիա Կամհավիի դասարանում, 1999 թվականին ավարտել է Պարի թագավորական ակադեմիայի ծրագիրը, ապա սովորել ռուսական բալետ՝ Մոսկվայի Մեծ թատրոնի երբեմնի արտիստ Ալեքսանդր Պետուխովի եւ ֆրանսիական բալետ՝ Ֆրանսուա Պերենի հետ: 2003-ին ավարտել է Հորդանանի համալսարանը՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ: Ղեկավարել է սեմինարներ Հորդանանի ազգային պարի պետական համույթի հետ, որպես մենապարուհի եւ դերասանուհի հանդես եկել սիրիական «Էնանա» պարախմբում եւ «Նուր ալ-Հուսեյն» հիմնադրամի կատարողական արվեստի կենտրոնում: Ղեկավարել է «Հայա» մշակութային կենտրոնների պարային կրթական ծրագրերը, բեմադրություններ կատարել Հորդանանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպվող Մանկական պարերի փառատոնում: Ակտիվորեն մասնակցել է Հորդանանի եւ միջազգային պարի փառատոներին, ելույթներ ունեցել Մեքսիկայում, Թուրքիայում, Սիրիայում եւ ԱՄՆ-ում:
Տեղափոխվելով ԱՄՆ՝ Մարալ Եսայանը ստացել է պարարվեստի մագիստրոսի կոչում, ուսանել ամերիկյան բալետ եւ ժամանակակից պարային տեխնիկա: 2007-ին նկարահանվել է Ռոզի Թրամփի կարճամետրաժ պարային ֆիլմում: «Քեյսբոլթ էնդ Սմիթ» պարախմբում հանդես է եկել «Այժմ: Այստեղ: Սա» բեմադրության մեջ որպես գլխավոր պարուհի:
Զարգացնելով իր հետաքրքրությունները՝ ուսումնասիրելով պարը զվարճանքի միջոց լինելուց անդին, Մարալը շարունակել է իր հետազոտությունները եւ 2010-ին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն Քալիֆորնիայի համալսարանում (թեման՝ «Հորդանանի կատարողական արվեստները համաշխարհայնացման փոխակերպման դարաշրջանում. աշխատանքի այլընտրանքային շուկաների ի հայտ գալը եւ աշխատող նոր պարուհին»): Այն վերաբերում է Հորդանանի ազգային պարի քաղաքականությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կնոջ մարմնին եւ պարուհիների կյանքին՝ պարի վերաբերյալ իսլամական եւ ցեղախմբային հայացքների համատեքստում եւ լույս սփռելով արաբական եւ մահմեդական աշխարհում պարուհիների կյանքի անտեսված հմտությունների վրա: Մարալը հեղինակ է նաեւ «Երկարաձգված մանկություն. պարելով նահապետականության հետ Հորդանանում» (2015) եւ «Ինքնակալական ազգի բրենդավորումը. Ռանիա թագուհու արդիականության ներկայացումը յութուբում» (2015) անգլերեն աշխատությունների: Նա եղել է Դարթմութի քոլեջի (Նյու Հեմփշիր) հրավիրյալ դասախոս, «Էնդրյու Մելոն» հիմնադրամի դոկտորանտ (2012-2014) եւ Դարթմութի Գենդերային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող (2013-15): Արժանացել է «Մելոնի պարագիտական հետազոտությունների կրթաթոշակի Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Բրաուն համալսարանում: Իր միջառարկայական աշխատանքի շնորհիվ Եսայանը դարձել է կենտրոնական դեմք Դարթմութի կանանց եւ գենդերային հետազոտությունների, թատրոնի եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ոլորտներում: Նրա գիտական եւ գեղարվեստական ձեռքբերումները նշանավորվել են տասնյակ կրթաթոշակներով, մրցանակներով եւ հրավերներով՝ ելույթներ ունենալու եւ ղեկավարելու սեմինարներ համալսարաններում եւ համաժողովներում ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մակարդակում:
Այժմ Մարալը բնակվում է Արիզոնայի Թեմփի քաղաքում՝ ամուսնու՝ Չարլզ Ռադիբոուի եւ դստրիկի՝ Չարլիի հետ: Երկար տարիներ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելուց հետո մենք հանդիպեցինք անցյալ օգոստոսին Երեւանում, այնուհետ ծնունդ առավ հետեւյալ զրույցը.
–Մարա՛լ, դու կարծես սովորել ու զբաղվել ես բոլոր տեսակի պարերով՝ դասականից մինչեւ ժամանակակից եւ ժողովրդական: Ի՞նչ ես սովորել դրանցից յուրաքանչյուրից:
-Մեր մարմինները զարմանալի կարողություններ ունեն: Հասկանալով մեր մարմինը՝ մենք ունենք երկու ընտրություն՝ կենտրոնանալ կա՛մ նրա սահմանափակումների, կա՛մ ներուժի վրա: Ես միշտ նախընտրել եմ կենտրոնանալ մարմնիս հնարավորությունների, ոչ թե անկարողությունների վրա: Երիտասարդ տարիքում փորձում էի շարժվել տարբեր ձեւերով, ոճերով եւ ժանրերով՝ ընդլայնելով մարմնիս հնարավորությունների սահմանները: Ես սիրահարվեցի բալետին՝ իր անաղարտ ձեւի, ժամանակակից պարին՝ իր վերացական արտահայտչության, հորդանանյան պարին՝ իր «հում» հողեղենության, սալսային՝ իր զգայականության, փորձարարական շարժումներին՝ իրենց պարզության համար: Ես հայտնաբերեցի, որ յուրաքանչյուր պարաձեւ եզակի է: Այսպիսով, կարող եմ ասել, որ իմ «ուղեւորությունը դեպի տարբեր պարեր» պայմանավորված էր մարմինս իր ողջ ներուժին հասցնելու իմ հետաքրքրվածությամբ: Դա զարգացող գործընթաց է: Նաեւ բախտս է բերել՝ աշակերտելու լավագույն ուսուցիչների, որոնց մեծապես շնորհակալ եմ:
–Դու ուսումնասիրել ես Հորդանանի պարերը՝ մասնավորապես վերլուծելով դաբկե պարի հորդանանյան տարբերակը: Քեզնից առաջ հորդանանյան պարը բավականաչափ ուսումնասիրվե՞լ էր:
-Հորդանանյան դաբկեի՝ որպես պարային ձեւի մասին գիտական գրություն գտնելը բավական դժվար էր: Այդ ժամանակ ինձ հաջողվեց գտնել էթնոերաժշտական նյութ Հորդանանի պարերի երաժշտական ավանդույթների վերաբերյալ, բայց բուն պարի վերաբերյալ տեղեկությունները մակերեսային էին եւ սակավ: Ես հասկացա, որ Հորդանանի պարերը լիարժեք ընկալելու համար իմ հետազոտությունը պետք է կատարել թե՛ ազգագրական, թե՛ «ինքնազգագրական» մեթոդով: Այսպիսով, ես ճանապարհորդեցի գյուղեր՝ տեսնելու պարերն իրենց «գյուղական» տեսքով, նաեւ օգտվելով բեմականացված պարի իմ սեփական գիտելիքներից: Հարցազրույցներ եմ վարել կարեւոր անձանց՝ պետական պաշտոնյաների, իսլամ հոգեւորականների, մշակութային գործիչների, պարուսույցների եւ պարարվեստի մասնագետների հետ: Հորդանանի մշակույթի նախարար Ջերյես Սամաուին (Աստված նրա հոգին լուսավորի) հավանություն տվեց իմ հետազոտություններին, ինձ տրամադրեց նոր կապեր եւ նպաստեց ազգային արխիվներից տվյալների հավաքագրման գործընթացին: Առանց այս բոլոր մարդկանց իմ թեզն ու ատենախոսությունն իրականություն չէր դառնա: Նրանց ես միշտ պարտական կմնամ:
–Ենթադրվում է, որ դաբկեն ծագել է հին փյունիկյան պարերից: Լիբանանի հայերն ունեն նաեւ դաբկեի մի տարբերակ, որը երբեմն կատարվում է Հայաստանում:
-Դաբկեն կամ դաբկան ավանդաբար կապված է ժողովրդական կամ գյուղական այն համայնքների հետ, որոնք ապրել են մի տարածաշրջանում, որը պատմականորեն հայտնի է որպես Մեծ Սիրիա: Այսօր այն ներառում է Հորդանանը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Պաղեստինի գրավված տարածքները եւ Իսրայելը: Զարմանալի չէ, որ լիբանանահայերն ընդունել են այդ պարատեսակը եւ բերել են Հայաստան: Պարերի ընդունումը եւ դրանց տարածումը տվյալ դեպքում նորություն կամ եզակի բան չէ: Պատմականորեն պարերն անցել են մի համայնքից մյուսը: Պարի փոխանցման ընթացքում փոխվում են նաեւ դրա իմաստները: Այսպիսով, լիբանանահայերի համար դաբկեն բոլորովին նոր իմաստ է ստացել: Շարժման միջոցով լիբանանահայերը կարոտով հիշում են իրենց անցյալը եւ կապը Լիբանանի հետ եւ Հայաստանում նոր հողի վրա համայնքի զգացում են ունենում: Միեւնույն ժամանակ նրանք շեշտում են իրենց տարբերությունն այլ հայրենադարձներից եւ տեղի հայերից: Այդպիսով, դաբկեն Հայաստանում լիբանանահայերի համար դառնում է իրենց պատկանելությունն ու տարբերությունը նշելու միջոց:
–Քո «Այստեղ եւ Այնտեղ» պարային ներկայացման մեջ դու ուսումնասիրել ես միջմշակութային երկխոսությունը իմպրովիզացիոն արվեստի միջոցով: Ինչպե՞ս է հնարավոր այդ երկխոսությունը:
-«Այստեղ եւ Այնտեղ»-ը Արեւելք-Արեւմուտք պարարվեստի մոտեցումները միավորելու փորձ է: Որոշ գիտնականներ այն կանվանեն «հիբրիդություն», ուրիշները՝ «ֆյուժըն արթ»: Այս գործը ստեղծելիս իմ նպատակն էր միավորել տարբեր պատմություն եւ աշխարհագրություն ունեցող շարժման ձեւեր ու դրանց հետեւել իմ մարմնի միջոցով: Երբեմն ես տարուբերվում էի զանազան պարային ժանրերի մեջ, բայց հիմնականում իմ հետաքրքրությունը տարբեր ձեւերի միջեւ եղած սահմանները ջնջելն էր: Իմ նպատակն էր ցույց տալ, թե որքան բազմալեզու, բազմամշակութային եւ բազմագործառույթ են մեր մարմինները՝ գնալով ավելի պահանջկոտ եւ փոխկապակցված համաշխարհայնացող աշխարհում, որտեղ մենք կարող ենք միաժամանակ լինել «այստեղ» եւ «այնտեղ»:
–Հիմա պատմի՛ր խնդրեմ Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրածների հիշատակին քո ստեղծած խորեոգրաֆիկ հարգանքի տուրքի մասին:
-Իմ «Լսելով մահացածներին» ներկայացումը հարգանքի տուրք եւ ոգեկոչում է Ցեղասպանության անհամար զոհերին եւ վերապրածներին: Ես այն ստեղծել եմ 2007 թվականին, Լոս Անջելեսում՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը խորացնելու նպատակով: Դա մուլտիմեդիա բեմադրություն էր՝ շարժման, խոսքի եւ էկրանի համադրմամբ, որն ուսումնասիրում է մարմնի հիշողության եւ բանավոր պատմության միջեւ եղած կապը՝ լույս սփռելով «հիշող» մարմնի տառապանքների վրա: Այդ ստեղծագործության միջոցով ես ցանկացել եմ խոսել նաեւ Մեծ եղեռնի՝ վերապրածներին բաժին ընկած եւ հաճախ չասված ու չուսումնասիրված հետեւանքների մասին: Վիշտը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, տագնապը եւ ընկճախտը ողջ մնալու արտահայտված եւ մարմնավորված ձեւեր են, որոնք ապրվել եւ իրագործվել են այս ստեղծագործության միջոցով:
–Մերձավոր Արեւելքի հայ գաղթավայրերի մեջ Հորդանանի համայնքը կարծես թե քիչ է հայտնի: Ինչպիսի՞ն էր Հորդանանում համայնքային կյանքը եւ ինչպիսի՞ն է այժմ:
-Ես հասակ եմ առել 1980-ականներին, երբ հորդանանահայությունը մեծ մասամբ կենտրոնացած էր մայրաքաղաք Ամմանի հին հատվածում: Հայ համայնքը կենսունակ էր ու աշխույժ, նրա հանրային կյանքը դառնում էր Հայ առաքելական եկեղեցու, Յուզբաշյան-Կյուլպենկյան հայկական դպրոցի եւ երկու կուսակցական ակումբների (դաշնակ եւ ռամկավար) շուրջը: Բոլորն էլ գտնվում էին Աշրաֆիեի բլրալանջի թաղամասում: 1990-ականներին Սիլվա Հայրապետյանը զբաղվում էր հայ թատրոնով եւ արվեստով: Նա բեմադրեց, արտադրեց եւ գրեց մի գեղեցիկ թատերախաղ, որին ես նույնպես դերով մասնակցեցի: 2010-ականներին արտասահմանում սովորող ուսանողների եւ Հորդանանից հեռացող ընտանիքների մեծ թվաքանակը նոսրացրեց Հորդանանի հայ համայնքը: Աշակերտների սակավ թիվը եւ ցածր ֆինանսավորումը, առավել՝ համավարակի հավելյալ սթրեսը, հանգեցրին միակ հայկական դպրոցի ցավալի փակմանը 2020 թվականին:
–Իսկ ինչպե՞ս էր ձեր ընտանիքը հայտնվել Հորդանանում:
-Իմ Իսկենտեր պապը 1915 թվականին երեք տարեկան է եղել՝ երկվորյակ եղբոր հետ միասին: Նրա ընտանիքն ապրել է այսօրվա Թուրքիայի հարավում գտնվող Դյորթ-Յոլ քաղաքում: Երբ օսմանյան հայերի տեղահանության ծրագիրը գործի է դրվել, նրանք բռնի տեղահանվել են եւ քշվել են հարավ՝ մեռնելու սիրիական անապատներում: Մահվան այս երթերի ժամանակ տղամարդկանց առանձնացնում էին կանանցից ու երեխաներից, որոնք քայլում էին առջեւից, իսկ մնացյալը՝ հետեւից: Մեծ մայրս՝ Սրբուհին, քայլել է՝ ութ ամսական երեխային, երկվորյակներ Իսկենտերին ու Միսաքին գրկում պահած եւ վեց եւ ութ տարեկան աղջկան ու որդուն՝ շրջազգեստի փեշերին սեղմած: Քաղցած ու ծարավ՝ նա այլեւս չի դիմացել իր երեք փոքր երեխաների ծանրությանը եւ կանգնել է ընտրության առաջ: Տառապանքի եւ արցունքների մեջ նա կատարել է իր կյանքի ամենադժվար որոշումը. Միսաքին դրել է քարի ստվերի տակ եւ հեռացել: Այս պատմությունն անսպասելի զարգացում է ունեցել: Իմ նախապապ Թադեւոսը խելացի մարդ է եղել: Նա կորցրել է իր ողջ հարստությունը՝ բացի մի առարկայից: Նա ունեցել է մի փորագրազարդ ձեռնափայտ: Բայց դա սովորական ձեռնափայտ չի եղել, այն լցված է եղել ոսկեդրամներով: Երբ իմ նախապապ Թադեւոսն իմացել է Սրբուհու արարքը, իր բոլոր դրամները տվել է մի օսմանցի զինվորի, փոխարենը վերցրել է նրա ձին եւ չորս ժամ հետդարձի ճանապարհ է կտրել՝ գտնելու երեխային: Եվ ո՜վ հրաշք. Միսաքին գտել է անվնաս, ողջ-առողջ: Երկվորյակ եղբայրները միավորվել են, ընտանիքը հասել է Հորդանան, որտեղ բեդվինները նրանց ապաստան են տվել եւ պաշտպանել:
Հայրս՝ Թադեւոս Եսայանը, ծնվել է 1941-ին, Ամմանում, մայրս՝ Լենա Ենիգոմշույանը, հալեպահայ է, նախնիները գաղթել են Ակնից: Հայրս գրող է եւ ճարտարագետ: Մասնագիտական կրթությունն ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում եւ Անգլիայի Սաութհեմփթոն համալսարանում, մոտ քառորդ դար աշխատել է Աթենքում: Հայրս հեղինակ է անգլերեն վեց պատկերազարդ դասագրքերի եւ հայերեն հինգ գեղարվեստական գրքերի՝ բանաստեղծություններ եւ թատերախաղեր, հրատարակված Աթենքում եւ Լոս Անջելեսում:
–Մարա՛լ, այժմ դու ապրում ես Արիզոնայում: Մերձավորարեւելյան կամ հայկական գործունեություն կա՞ այդ նահանգում:
-Ի տարբերություն Գլենդեյլի, որտեղ հայերը մեծամասնություն են, Արիզոնայի հայ համայնքը համեմատաբար փոքր է եւ սփռված: Գործում է Սուրբ Աբգար առաքելական եկեղեցին, որտեղ կատարեցինք դստերս մկրտության արարողությունը: Եկեղեցին այն հիմնական հաստատությունն է, որը ծառայում է հայկական ծագում ունեցող ընտանիքներին՝ պահպանելու լեզուն, մշակույթը եւ ավանդույթները: Ես մեծ ներուժ եմ տեսնում հետհամավարակային շրջանում Արիզոնայի հայ համայնքի մեջ՝ աճի եւ համախմբվելու առումով:
Արիզոնայում, իմ առաջնահերթությունն ընտանիքս է: Ես մեծացնում եմ իմ դստերը, որը հաճախում է բալետի դպրոց: Նա ինձ շատ է հիշեցնում: Ես մարզվում եմ, զբաղվում եմ յոգայով եւ շարունակում եմ մարմինս զարգացնել ֆիզիկական ավելի բարձր մակարդակի հասնելու համար: Երկարատեւ դադարից հետո այժմ, երբ դստրիկս մեծացել է, մտադիր եմ շատ ավելի ներգրավվել Ֆենիքսի գեղարվեստական կյանքին, գուցե նույնիսկ ճամփորդել որպես հյուր բանախոս կամ արվեստագետ: Նոր նախագիծ դեռ չեմ ձեռնարկել, բայց կյանքն առջեւում է, այնպես որ հաջողությո՛ւն մաղթեք ինձ:
–Հաջողությո՛ւն քեզ, Մարա՛լ: Եվ կրկին բարո՛վ գաս Հայաստան…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ