Գիտակցական կյանքիս բոլոր տարիների ընթացքում, որպես Հայրենական մեծ պատերազմում հերասաբար մարտնչած գերդաստանի (հայրս, նրա վեց եղբայրները եւ հորեղբորս որդին) անդամ, միշտ առանձնահատուկ խանդաղատանքով եմ վերաբերվել եւ սպասել մայիսի 9-ին: Սկզբում այնքան էլ չէի գիտակցում տոնի խորհուրդը, իսկ տարիների հետ սկսեցի ավելի ու ավելի խորությամբ այն հասկանալ, գնահատել ու հպարտության անչափելի զգացում ունենալ: 1994-ից սկսած այդ տոնը դարձավ եռատոն եւ, առհասարակ, մայիսը դարձավ հաղթանակների ամիս, իսկ հպարտությունն՝ ավելի ամբողջական ու իրական դարձավ: Այնքան իրական, որ գրեթե ամեն տարի յուրակերպ ու անբացատրելի զգացումով հոդված էի հրապարակում (միայն «Ազգ»-ում՝ հինգը):
Այսօր կրկին մայիսի 9-ն է, բայց տոնի ու տոնականի ոչ մի տրամադրություն չի մնացել: Ընդհակառակը, ամեն ինչ այնպես է խճճվել, որ ավելի շատ վախի, տագնապի ու անորոշության զգացողություններն են գերակշռում: Այդ անորոշությունից մարդիկ շփոթված են, մտամոլոր ու անհանգիստ, որովհետեւ այսօր մեր իշխանությունների վարած «փայլուն» ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանքով երկրում դիտմամբ մտքի ու գաղափարախոսության քաոս է ստեղծվել: Իսկ դա արվել է, որ հասարակ մարդը, հանրապետության «հպարտ քաղաքացին», հանկարծ չկարողանա այդ քաոսում կողմնորոշվել ու… ամլանա, դառնա անտարբեր քաղաքական իմպոտենտ: Այնինչ, այսօր մեր երկրին լիարժեք ու բառի իսկական իմաստով քաղաքացի է անհրաժեշտ, որ պետություն լինի: Մեր քաղաքացին այսօր այդ քաղաքացին չէ, իսկ հասարակությունն էլ դարձել է ընդամենը իրենից տարբեր հիմքերով իրարից զատված մարդկանց խմբեր:
Այս տխուր իրավիճակն այն ցավալի իրողության հետեւանքը եղավ, որ պարտված իշխանությունը մնաց իր տեղում: Ի դեպ, այդպիսի նախադեպ, որ որեւէ իշխանություն պարտվի ու կրկին իշխանության տերը մնա, աֆրիկաներում էլ չի եղել: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք ու չենք հասկանում մի պարզ բան, որ երբ պարտվածը կրկին պահպանում է իր իշխանությունը, ապա դրա հետ մնում են նաեւ այնպիսի վտանգավոր երեւույթներ, ինչպիսիք են պարտվածի հոգեկերտվածքը եւ, որ ամենավտանգավորն է, կրկին պարտվելուն պատրաստ իրավիճակն ու իրողությունը: Նման դեպքերում սովորաբար կորսվում է նույնիսկ դիմադրելու հակումը: Ցավալի է, բայց այսօր այլեւս չկա նաեւ ընդդիմության նախկին մարտական կեցվածքը եւ աստիճանաբար նրա մոտ էլ փոխարինելու է գալիս հարմարվողականությունը:
Սա կարծես բավարար չէ, հիմա էլ քաղաքացու տոն ենք նշում: Հետաքրքրական է, այդ ո՞ր քաղաքացու մասին է խոսքը՝ պարտվա՞ծ, հիասթափվա՞ծ, որդեկորու՞յս, թե՞ ամեն ինչի նկատմամբ անտարբեր եւ հուսալքված: Այդ ամենը կարծես հասարակ մահկանացուներին հասցեագրված հեգնանք ու անթաքույց արհամարհանք լինի եւ որդեկորույս ծնողներին ուղղված անխիղճ սարկազմ: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու եւ ինչպես է, որ մեր արտագաղթածներն օտար երկրում լիարժեք քաղաքացի դառնում: Պատասխանը պարզ է. որովհետեւ նա հայտնվում է ավելի զարգացած ու արդարացի իրականություն եւ, որպեսզի կարողանա գոյատեւել, սովորում ու ենթարկվում է նրա կանոններին: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ յուրաքանչյուր մարդ իրեն ավելի հարմարավետ է զգում իր տանը, իսկ դրսում ստիպված է հարմարվել նոր միջավայրին: Այդ ամենը լավ իմանալով հանդերձ, բայց բախվելով մեզանում առկա մեծաքանակ անարդարություններին, շատերը դարձյալ հեռանում են եւ ստիպված օտար ափերում մեծ ջանքերի գնով նոր կյանք ստեղծում: Ավելին, նրանք դառնում են օրինավոր հարկատու քաղաքացիներ, որովհետեւ հասարակության պահանջն է այդպիսին: Իսկ մեզանում երբ շրջապատում որեւէ մեկն ասում է, թե ոնց է կարողացել օրենքը շրջանցել եւ հարկերը չվճարել, ոչ մեկը ոչ միայն կողքից չի ասում, որ դրանով դու ոչ թե պետությանը, այլ հենց մեզ ես վնաս հասցրել, այլեւ խրախուսում ու նախանձում է նրա ճարպկությանը:
Այսպիսի պայմաններում հասարակության համար ամենավտանգավորը հարմարվող մտավորականությունն է (Վահրամ Սահակյանն ասում է մոտավարականություն), որը լավ գիտակցելով այդ ամենը, ժամանակին ժողովրդին չի հուշում, չի բացատրում-հասկացնում խնդրի բուն էությունը: Հակառակ դեպքում քաղաքացին կսթափվի-կփոխվի, հատկապես երբ այս ամեն ցավն ու դժվարությունը գան հասնեն իր տան դռանը, իսկ քանի չի եկել, ինքն իր համար հանգիստ գնում է օրվա հացի հետեւից: Շատ անգամ էլ չգիտակցելով, որ հայրենասիրություն ասվածը պատասխանատվությունն է Հայրենիքի, ընտանիքի, ընկերների եւ մյուսների նկատմամբ, մեծ-մեծ բաներից կճամարտակի ու իրեն բավարարված կզգա: Իսկապես, աշխարհի հզորների կամոք եւ մեր «էլիտայի» ջանքերով հիմա խոսելն է մոդա դարձել:
Մի կարեւոր հանգամանք էլ կա. Այսօր քաղաքացին իր երկրում անտեսված է, արհամարհված, դրա համար էլ նա իր երկրից, որտեղ ապահով է, որտեղ երեխաները մինչեւ կեսգիշեր դրսում խաղում են, իսկ օտար երկրներում դա հնարավոր չէ, ուղղակի թողնում փախչում է: Կարծում ենք, որ այս դեպքում էլ մտավորականությունն իր մեղքի մեծ բաժինն ունի, քանի որ իսկական մտավորականը, անկախ համակարգից, չի կարող չեզոք ու անտարբեր լինել: Իսկական մտավորականը նա է, ով ասելիք ունի իր ժողովրդին, բայց մերոնք, վախենալով տիտղոսներն ու աղքատավարձը կորցնելուց, հիմնականում լռում են կամ կիսագաղտնի տեղերում երբեմն-երբեմն կիսաբերան են արտահայտվում:
Հայտնի խոսք է, եթե ուզում ես երեխայիդ լավ դաստիարակել՝ նախ եւ առաջ դաստիարակիր ինքդ քեզ: Իսկ մեր երկրում ինչ է կատարվում. օրինակ՝ երբ ինչ-որ պաշտոնյա ինչ-որ տեղ է գնում, ապա փողոցներն անմիջապես փակում են, շչակներով ու բարձրախոսներով ազդարարում, որ բոլորն իրենց տեղերում քարանան, չհասկանալով, որ դրանով վիրավորում, նվաստացնում են իր գործին գնացող հասարակ քաղաքացուն: Մեկ անգամ, երկու եւ վիրավորված ու իրեն ցածր տեսակի համարած քաղաքացին ինքնօտարվում է երկրից: Կամ, երբ երեխային վախեցնում ես աղբը գետին գցելուց տուգանվելու սպառնալիքով, նա դրանից մաքրասեր չի դառնում: Ուղղակի սեփական օրինակով պետք է ընդամենը ցույց տալ երեխային, որ դու չես կեղտոտում քո քաղաքը, որովհետեւ սիրում ես այն եւ ոչ թե վախենում պատժվելուց: Հատկապես մեր օրերում, երբ լիակատար իշխում են սոցցանցերը, մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու համար աննախադեպ կարեւոր է դառնում մեդիա հարթակը, որ պետք է կարողանա այնքան ու այնպիսի թեմաներ շոշափել եւ ընկալելի բաներ ասել, որ հասարակ մարդիկ ու երիտասարդությունը հեռանա tik-tok-ներից եւ իրեն ունկնդրի:
Սովորաբար, երբ ասում ենք քաղաքացի, մենք ընկալում ենք անձնագիր եւ ընտրելու իրավունք ունեցող մեկին: Սակայն իրականում դա լիարժեք չէ: Իրական քաղաքացին նա է, որը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ եթե մարդը դրանք չգիտի, ապա հնարավոր չի լինի նույնիսկ պաշտպանել նրան: Մեզանում երբ հարցնում են, թե ինչ մասնագիտություն ունես, չհասկանալով, որ դա մասնագիտություն չէ, ասում է՝ քաղաքական գործիչ: Անկախության տարիներին այնպես արեցին, որ մեզանում նույնիսկ ընտրություններն ընդգծված սուբյեկտիվ բնույթ ունեն: Այնինչ, ընտրողը որեւէ մեկին նախ եւ առաջ պետք է ընտրի նրա կառավարիչ լինելու իմացության համար, որպեսզի երկիրն առաջ ընթանա: Ավելին, անկախության երեսուն տարիների ընթացքում շարունակ արվել է այնպես, որ անձնական շահը ստորադասվել է հանրային շահին: Ըստ էության մեզանում հանրային շահի գիտակցություն բոլորովին չկա: Այդ պատճառով էլ 1990 թ. բացի բոլոր ընտրություններում հաղթել է նա, ով ավելի շատ փող է ունեցել: Մեր երկրում քաղաքացու ընտրություն չի եղել, այլ եղել է ընդամենը բնակիչների ընտրություն: Այս տեսակետից հատկանշական է Ճապոնիայի օրինակը, որտեղ ոչ ոք առանձին՝ ասենք իր 16-ամյակը չի նշում, այլ, որպեսզի միասնական մտածողությունը գերակշռի, բոլոր 16 տարեկանների տարեդարձը նշում են միասին:
Վերջին ժամանակներում շատ է խոսվում 680 հազարի ընտրության մասին, բայց հարկավոր է հասկանալ վերջապես, որ դա դատավճիռ չէ, այլ պետք է ըմբռնել եւ պարզել, թե ինչու դա եղավ եւ հետո մտածել ինչպես փոխել այն, որ նույնը չկրկնվի: Ես կոնկրետ չգիտեմ ինչ պետք է անել. միայն գիտեմ, թե ինքս ինչ կարող եմ եւ ինչ եմ ընդունակ անելու: Եվ եթե բոլորը կարողանան մինչեւ վերջ անկեղծ լինել իրենք իրենց եւ հետո նաեւ հասարակության հետ, մի բան հաստատ կստացվի: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր բնագավառում պիտի կատարի քայլեր, որոնք կնպաստեն համախմբվելուն եւ այս քաոսից դուրս գալուն:
Վերջապես նաեւ հարկավոր է հստակ գիտակցել, որ պարտված ղեկավարի հետ նորից պատերազմը՝ անխուսափելի պարտություն է եւ հարկավոր է բոլոր հնարավոր միջոցներով խուսափել դրանից: Իսկ ինչ է հարկավոր անել այս տխուր վիճակը շտկելու համար: Վերջնական ճշմարտություն ասելու հավակնություն չունենալով հանդերձ, կարծում եմ նախ՝ հարկավոր է.
1. Ստեղծել ազգային գաղափարախոսություն եւ համախմբվել դրա շուրջ:
2. Մի կողմ դնել պատրանքները, ճիշտ գնահատել իրականությունը,
3. Դուրս գալ այս խելահեղության բովից եւ համախմբվել:
4. Ովքեր լրիվ հիասթափված են, թող գնան Եռաբլուր եւ կսթափվեն:
5. Հեռու մնալ եւ տուրք չտալ այնպիսի մանիպուլյացիաների, ինչպիսին է, օրինակ, որ կարմիր գծերը եթե հանենք, մանկապարտեզները կդառնան վճարովի, եթե երկրի այս ու այն հատվածները չզիջենք, հազարավոր նոր զոհեր կունենանք, որ մենք ոչ մի դաշնակից չունենք եւ նման բաներ:
6. Չկրկնենք ամենավաղ անցյալում թույլ տված սխալները, ինչպիսին էր, օրինակ, երբ ընդդիմադիրներն ընտրությունների ժամանակ հանդես չեկան նոր դեմքերով, որի դեպքում հաղթելու հնարավորությունն անկասկած ավելի մեծ կլիներ:
7. Վերջապես զգացմունքայնությանը տրվելու փոխարեն գնանք փոխզիջումների, համախմբվենք, գոնե մեկ անգամ գիտակցենք համազգային շահը եւ պայքարենք հանուն դրա եւ ոչ թե աթոռի կամ կուշտ փորի: Դեն նետենք պարտվածի, թույլի ու զոհի հոգեկերտվածքը, ձեռնպահ մնանք աջ ու ձախ խաբելու սովորույթից, հարգենք ինքներս մեզ եւ ստիպենք ուրիշներն էլ հարգեն, միակամվենք եւ աստիճանաբար հասնենք մեր վաղեմի երազանքների իրականացմանը: Սա՛ է միակ ճանապարհը:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր
9-10.05.2023